Jump to content

ՏՏՀ/Վառարան միկրոալիքային

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՎԱՌԱՐԱՆ ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ, օգտագործում են կերակուրն արագ եփելու, պատրաստի ուտեստը տաքացնելու և սառած մթերքը հալեցնելու համար։ Ի տարբերություն գազօջախի, էլեկտրական սալօջախի և ջեռոցի, միկրոալիքային վառարանում մթերքը ջերմամշակվում է վառարանում տեղակայված մագնետրոնի առաջացրած գերբարձր հաճախության էլեկտրամագնիսական տատանումների (ԳԲՀ ալիքների) էներգիայով։ Միկրոալիքային վառարանում եփած կերակուրը համեղ է, լիովին պահպանում է վիտամինները, չի այրվում, մթերքն ավելի քիչ է ջրազրկվում։

Միկրոալիքային վառարանում կերակուրը 4-8 անգամ ավելի արագ է եփվում քան, օրինակ, գազօջախի վրա։ Ըստ որում, ո՛չ վառարանը, ո՛չ շրջակայքը չեն տաքանում, հոտ և այրման արգասիքներ չեն առաջանում, խոհանոցի օդը մաքուր է մնում։ Վառարանի աշխատանքային խցիկի կառուցվածքը այնպիսին է, որ մագնետրոնի առաջացրած ԳԲՀ ալիքները, բազմակիորեն անդրադառնալով պատերից և հատակից, տարածվում են խցիկի ողջ ծավալով և կերակուրը հավասարաչափ տաքացնում բոլոր կողմերից։ Թափանցելով մթերքի մեջ՝ ԳԲՀ ալիքները թուլանում են, այդ պատճառով մշակվող մթերքի արտաքին շերտերը տաքանում են փոքր-ինչ ավելի արագ։ Դա հնարավորություն է ընձեռում, օրինակ, միսը տապակել ցանկացած չափով։

Միկրոալիքային վառարանում կերակուր եփելու համար պիտանի է ցանկացած տեսակի ամանեղեն (ապակե, ճենապակե, հախճապակե, պլաստմասսայե և նույնիսկ թղթե), բացի մետաղականից: Արգելվում է գործածել նույնիսկ մետաղե նախշերով ամանեղեն (օրինակ, մետաղով երիզված ափսեներ կամ գավաթներ)։ Ուտելիքը կարելի է տաքացնել հենց ափսեի մեջ մատուցելուց առաջ։ Մթերքի որոշ տեսակներ եփում են ապակե փակ ամանների մեջ գոլորշիացումը կանխելու և վառարանի պատերը չաղտոտելու համար։ Միկրոալիքային վառարանի առանձնահատկությունը թույլ է տալիս զգալիորեն կրճատել ճարպերի օգտագործումը, ինչը չափազանց կարևոր է դիետիկ կերակուրներ եփելիս։

Արտադրվող միկրոալիքային վառարանները նախատեսված են 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից աշխատելու համար։ Սպառվող հզորությունը չի անցնում 1,65 կՎտ-ից։ Առավելագույն չափերն են 600x470x380 մմ։

Վառարանը տեղադրելիս անհրաժեշտ է հետևել, որ նրա հատակի և որպես պատվանդան ծառայող սեղանի մակերևույթի միջև մետաղե իրեր չլինեն։ Վառարանի աշխատանքի համար պետք է պատյանի դիմացի, ներքևի և հետևի պատերի մոտ ազատ տարածություն թողնել (հետևի պատի և մոտակա առարկայի հեռավորությունը պետք է լինի առնվազն 2,5 սմ)։

Հարկավոր է խստորեն պահպանել միկրոալիքային վառարանի շահագործման կանոնները։ Չի կարելի, օրինակ, միացնել դատարկ վառարանը, նվազագույն բեռնվածությունը մի բաժակ հեղուկն է (թեյ, կաթ ևն)։ Արգելվում է գործածել խախտված մեկուսացումով և չհողակցված վառարանը։ Վառարանի պատյանի հետևի պատին հողակցման համար նախատեսված է հատուկ սեղմակ։