Jump to content

ՏՏՀ/Վարագույր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՎԱՐԱԳՈՒՅՐ, օգտագործում են լուսամուտները, դռները, սենեկախորշերը վարագուրելու, սենյակի մի մասը մյուսից անջատելու նպատակով։ Վ-ների տարբեր տեսակների համար ընտրում են տարբեր գործվածքներ. վարագուրակտավ, բամբակե գործվածք, ռեպս, մետաքս, բուրդ, թավիշ, ապակեգործվածք, ինչպես նաև էլաստիկ սինթետիկ թաղանթներ, հատուկ մշակված ծղոտ, փայտե, մետաղական կամ պլաստմասսայե շերտաձողեր, սինթետիկ կտավ ևն։ Վ-ի կտորը, գույնը, նախշը, կախելու ձևը պետք է համապատասխանեն ոչ միայն սենյակի դերին, այլև չափերին, համամասնություններին և կահավորանքին։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև սենյակի կողմնորոշումը և բնական լուսավորությունը։

Վ-ի տեսակներ։ Թեթև Վ-ները լինում են թափանցիկ կամ դաջովի գործվածքից, շղարշից, ցանցից, ժանյակից (հիմնականում սպիտակ կամ թաց գույների հարթ կամ նախշավոր գործվածքից, ասեղնագործ կամ դրվագազարդ)։ Որպես կանոն, թեթև Վ. չեն բացում։

Լուսամուտները կարելի է վարագուրել նաև կիսաթափանցիկ կարճ Վ-ով (լուսամուտագոգից 70-80 սմ բարձրությամբ), որի համար օգտագործում են բարակ գործվածք, շղարշ, ժանյակակտավ։

Ծանր Վ-ների համար օգտագործում են անթափանց գործվածք։ Տարբերում են բարձրացնովի և քաշովի Վ-ներ։ Վերջիններս ծալքավորում են ուղիղ հավասար ծալքերով։ Բարձր առաստաղով սենյակում ծանր Վ-ի վերին մասը կարելի է գեղազարդել կարճ (հարթ կամ ձևավոր) կրկնավարագույրով (լամբրեկեն)։ Դրա բարձրությունը պետք է կազմի լուսամուտի կամ դռան բարձրության 1/5 մասը։ Ծանր Վ-ները ծառայում են սենյակը արևի ճառագայթներից, դրսի աղմուկից պաշտպանելու համար։

Դռան Վ-ները (սենյակի կողմից) պատրաստում են անթափանց խիտ գործվածքից։ Դրանք օգտագործում են սենյակը լույսից և աղմուկից պաշտպանելու, ինչպես նաև գեղազարդման նպատակով։

Ընդհանուր սենյակում (ամենամեծը՝ բնակարանում) խորհուրդ է տրվում կախել թեթև և ծանր Վ-ներ՝ ծալքավորելով ազատ, ուղղաձիգ ծալքերով։ Ամրակման համար կարելի է օգտագործել զարդագեղ բարձակներին ամրացված փայտե կամ մետաղական ձողեր, կահույքի գույնի կամ սպիտակ ներկած փայտե քիվեր։

Ննջասենյակում նախընտրելի են հանգիստ գույների, միագույն կամ ծածկոցների նախշերին և գույնին ներդաշնակող նախշերով լուսամուտի Վ-ներ։ Ննջարանի համար պետք է ընտրել անթափանց խիտ գործվածք՝ սենյակը լույսից պաշտպանելու համար։

Մանկական սենյակում ցանկալի է օգտագործել հեշտ լվացվող բամբակե Վ-ներ։ Նախընտրելի են տաք գույների, վանդակավոր, զոլավոր, երկրաչափական կամ բուսական նախշերով գործվածքներ։ Վ. խորհուրդ է տրվում կախել ձողին հագցված օղակներից։ Հարմար է մինչև լուսամուտագոգը հասնող կամ փոքր-ինչ (10-15 սմ) երկար Վ.։

Վ. կարևոր դեր է խաղում խոհանոցի ինտերիերում։ Վ-ի տեսակը և ձևավորման եղանակն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել խոհանոցի յուրօրինակ պայմանները և միկրոկլիման (բարձր ջերմաստիճան, խոնավություն, գոլորշի)։ Վ-ի կտորը պետք է լինի հեշտ լվացվող։ Այն կարելի է կախել լուսամուտի խորքում՝ շրջնանակին ամրացված հանովի մետաղական ձողիկից։ Վ-ի երկարությունը կարող է համապատասխանել լուսամուտի բարձրությանը կամ ծածկել դրա միայն մի մասը։ Լուսամուտի ներքևի մասում Վ. կարելի է ամրացնել ձողիկի միջոցով, իսկ միջնամասում հավաքել ժապավենով կամ տրեզով։ Այսպիսի Վ-ները, բացվելով փեղկի հետ, հնարավորություն են տալիս կարգավորելու լուսային հոսքը, օդափոխելու խոհանոցը։

Հմտորեն օգտագործելով Վ-ների ձևավորման տարբերակները՝ կարելի է քողարկել լուսամուտի դիրքի, ձևի և չափերի թերությունները։ Ժամանակակից ինտերիերին բնորոշ է միասնական մեծ լուսամուտատեղը, հետևաբար, եթե լուսամուտը շեղված է սենյակի առանցքից կամ կա երկու նեղ լուսամուտ, դրանք կարելի է ծածկել սենյակի ամբողջ բարձրությամբ և լայնությամբ կախվող ընդհանուր Վ-ով։

Վ. կարելի է բացել բարձրացնելով կամ կողմ քաշելով։ Բարձրացվող Վ. կարում են բամբակե կամ մետաքսե սպիտակ կամ բաց դեղնավուն գործվածքներից։ Բամբակե գործվածքից կարում են հիմնականում հարթ, իսկ մետաքսե բարակ գործվածքից՝ ալիքաձև ծալքավորված Վ-ներ (այսպես կոչված, «ֆրանսիական» Վ.)։ Այդ Վ-ների համար անհրաժեշտ է լուսամատի մեկուկես լայնության և կրկնակի երկարության (լուսամուտագոգից մինչև վերևի եզրը հաշված) կտոր։ Վ-ի առանձին հատվածները բարձրացնող քուղն անցկացվում է ուղղաձիգ կարերի երկայնքով ամրացված օղակների միջով։ Բարձրացվող ալիքավոր Վ-ները գեղեցիկ են, սակայն աշխատատար, դրանք հիմնականում կարում են մասնագետները։ Այդ տեսակի Վ-ները կախում են լուսամուտի խորքում (փայտե ձողից կամ էլ լուսամուտի վերևում քիվից)։ Եթե բարձրացվող Վ-ի հետ լրացուցիչ, ավելի խիտ գործվածքից Վ. չի օգտագործվում, ապա քիվից կարելի է կախել ոչ լայն լամբրեկեն։ Ավելի տարածված են անթափանց խիտ գործվածքներից (բրդե կտորներից, թավշից, ձևավոր ռեպսից ևն) կարված քաշովի Վ-ները, որոնք ծալքավորվում են ուղիղ, հանդիպական և խողովակաձև ծալքերով։ Որպեսզի ծալքերն ավելի փարթամ ու ձիգ լինեն, Վ-ի հակառակ երեսին համապատասխան գույնի աստառ են կարում։ Խիտ անթափանց Վ-ի լայնքը պետք է լինի լուսամուտի կամ միջնորմվող սենյակի լայնությունից 1,5 կամ 2 անգամ լայն և հատակից 5-10 սմ բարձր։ Վ. ձևելիս անհրաժեշտ է նախատեսել ծալաբաժիններ. ներքևից 10 սմ՝ աստառը կարելու, վերևից 5-10 սմ՝ եզրը խծպելու համար։ Այդպիսի Վ. կարելի է քաշել ձեռքով կամ Վ-ի եզրին ամրացված հատուկ փոկով։ Առավել հարմար է Վ. բացել քաշող քուղերով։ Ծանր Վ-ներն ամրացնում են փայտե քիվին կամ բարձակներին հենվող մետաղական ձողերին։