ՏՏՀ/Տանձ
ՏԱՆՁ, պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, հանքային աղեր, սպիտակուցներ, թաղանթանյութ, աղաղանյութեր, մոտ 5 մգ % C վիտամին։ Ի տարբերություն խնձորի, Տ. պարունակում է ամուր (քարանման, կոշտ) գոյացություններ, ավելի շատ թաղանթանյութ, այդ պատճառով օրգանիզմում դժվար է յուրացվում։ Ըստ հասունացման ժամկետի Հայաստանում տարածված են ամառային, աշնանային և ձմեռային սորտերը։ Ամառային սորտերը հասունանում են հուլիս-օգոստոսին։ Դրանցից լավագույններն են՝ Վիլյամս (այլ անվանմամբ՝ Բոն Կրետեն Վիլյամս, ամառային Վիլյամս, ամառային Դյուշես), Կարմրատանձ, Մալաչա ևն։ Աշնանային սորտերը հասունանում են սեպտեմբերին (Բյորե բոսկ, Ելենա, Անտառային գեղեցկուհի, Լեռնային գեղեցկուհի, Սինի ևն)։ Ձմեռային սորտերը (Բերե Արդանպոն, Օլիվյե դը Սերր, Ձմեռնուկ ևն), Հայաստանում դրանք կոչվում են պահունի, հավաքում են սեպտեմբեր-հոկտեմբերին, սակայն հասունանում են հավաքելուց հետո, պահելու ընթացքում։ Ձմեռային սորտերը լավ են պահպանվում և պարունակում են մինչև 13 % շաքար։ Դրանք լավագույն աղանդերային սորտերն են։ Պտղի զանգվածը կախված սորտից 25-300 գ է (երբեմն՝ ավելի)։
Տ-ի սորտերն իրենց համով և նշանակությամբ լինում են աղանդերային՝ փայլուն քաղցր պտղամսով և քիչ թթվաշ, հայտնի են Բերե, Դյուշես անուններով (ձմեռային Դեկանկա, Բերե Բոսկ, Բերե Արդանպոն), սեղանի մանրահատիկ հյութալի, հաճելի համ ունեցող պտղամսով, արդյունաբերական՝ կոպիտ և միջին համի պտղամսով, թարմ վիճակում օգտագործելու համար քիչ են պիտանի, գործածվում է խոհարարության մեջ և վերամշակման համար։
Երկար պահելու համար պիտանի են միայն ձմեռային սորտերը։ Տ. ամենից լավ պահպանվում է ծխախոտի թղթի մեջ փաթաթված 0°C–ում։
Տ. օգտագործում են թարմ և պահածոյած, կարելի է նաև չորացնել (տես Բանջարեղենի և մրգերի չորացում), մուրաբա, կոմպոտ, ջեմ պատրաստել ևն։ Տանձենու մշակության մասին տես Այգեգործական հողամաս հոդվածում։