Jump to content

ՏՏՀ/Տաքդեղ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՏԱՔԴԵՂ, պղպեղ, սորտից կախված հասուն պտուղները պարունակում են շաքար, սպիտակուցներ, մինչև 13,9 մգ % կարոտին (A նախավիտամին), ինչպես նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, B1, B2 վիտամիններ։ C վիտամինի պարունակությամբ Տ. բանջարային բույսերի մեջ գրավում է առաջին տեղը (մինչև 250 մգ %): Տ-ի կանաչ (նաև կարմիր) հյութալի պտուղները հավաքում են 6-10 անգամ և բերքահավաքն ավարտում մինչև աշնանային ցրտահարությունները։

Քաղցր Տ. ունի յուրահատուկ համ և հոտ։ Տ-ի կանաչ և կարմիր պտուղներն օգտագործում են թարմ և պահածոյած, լցոնելու, ապուրների, շոգեխաշած մսով կերակրատեսակների, ազգային կերակրատեսակների, բանջարային սալաթների, սոուսների համար որպես համեմունք։ Տ. կարելի է նաև թթու դնել (տես Թթու):

Տ. բանջարեղենով լցոնած. Տ. լվանալ, հեռացնել պտղակոթն ու սերմերը, 2-3 րոպե ընկղմել եռացող աղաջրի մեջ, հանել և դնել քամիչի կամ մաղի վրա, թողնել հովանա, ապա լցոնել բանջարեղենի խճողակով։ Լցոնած Տ. 1-2 շերտով շարել ոչ շատ խոր ամանի մեջ, վրան թթվասեր և տոմատի խյուս կամ սխտորով տոմատի մածուկ ու համեմունքներ լցնել, ապա շոգեխաշել ջեռոցում (կամ թույլ կրակի վրա) 30-40 րոպե։ Մատուցելիս վրան լցնել մանր կտրտած մաղադանոս կամ սամիթ։ Կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը։

Բանջարեղենի լցոնի պատրաստումը. մաքրել և լվանալ տարբեր արմտիք, կտրտել ձողիկաձև կամ ոչ մեծ խորանարդիկներով և անընդհատ խառնելով տապակել թույլ կրակի վրա։ Մանր կտրտած կաղամբը շոգեխաշել և խառնել արմտիքին։ Ստացված զանգվածին ավելացնել աղ, նախօրոք եփած բրինձ, մանր կտրտած մաղադանոս կամ սամիթ։

10 հատ Տ-ին՝ 200 գ գազար, 60 գ մաղադանոս կամ նեխուր, 200 գ կաղամբ, 2-3 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ բրինձ, 4 ճաշի գդալ յուղ, 1 1/2 բաժակ տոմատի խյուսով կամ թարմ լոլիկով թթվասեր։

Տ-ով տոլմա. Տ. նախապատրաստել այնպես, ինչպես նկարագրված է նախորդ բաղադրատոմսում։

Լցոնի պատրաստումը. հում միսն աղալ (կամ մանր կտրտել), ավելացնել բրինձ, մանր կտրտած (կամ աղացած) սոխ, համեմ, աղ, պղպեղ։

10 հատ Տ-ին՝ 250 գ միս (փափուկ), 1/3 բաժակ բրինձ, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ, աղը, պղպեղը, կանաչին՝ ըստ ճաշակի։

Տ-ի աճեցման մասին տես Այգեգործական հողամաս հոդվածում։