ՏՏՀ/Տեառնընդառաջ
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ, այս տոնը ժողովրդի մեջ հայտնի է Տերընդեզ, Տըրընդեզ, Տերինտազ, Տերընտաս, Դառդառանջ, Տանտառեջ, Դոռոնջ, Դոնտառունչ, Տոռոնչ-Տոռոնչ, Տենդառաջ, Դրնդեզ անուններով։
Տոնի պաշտոնական՝ Տեառնընդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի կենսագրության այն իրողությամբ, ըստ որի, երբ Փրկչի ծնողները նրա ծննդյան 40-րդ օրը նրան տաճար տարան, այստեղ ընդառաջ եկավ Տիրոջ գալստյանն սպասող և խոր ծերության հասած Սիմոն ծերունին, որտեղից էլ առաջացավ Տեառնընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ անունը։ Տոնական հանդիսությունները, սակայն, ունեն հնագույն ավանդույթներ և առնչվում են կրակի մաքրագործող զորության հանդեպ վաղնջական պատկերացումների հետ։ Նշվում է փետրվարի 14-ին։
Տոնակատարությունը հիմնականում ուղեկցվում էր խարույկներ վառելով և նրա շուրջ ծիսակատարումներով։ Խարույկի համար անհրաժեշտ փայտը (անտառազուրկ վայրերում՝ ծղոտը) կուտակելը նշանված կամ նորապսակ երիտասարդների պարտքն էր։ Ամենամեծ խարույկը համայնքի ընդհանուր բարեկեցությունը ապահովելու և տարվա առատ բերքի հնարավոր ուղղությունը գուշակելա նպատակն ուներ։ Ենթադրվում էր, որ այդ խարույկի ծուխը ուղղվում էր դեպի բերքառատություն խոստացող դաշտերը։ Առհասարակ տարածված էր այն պատկերացումը, որ «Տերընդեզի կրակն իր հետ բերում է օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն», ինչ վկայվում է նաև խարույկի շուրջ երգվող երգերով։
Օրինակ ՝
Տերընդեզ՝ դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես,
Տերընդեզ, մխի (ծխի) դին (կողմը) տես,
Մէ փութ ցանես՝ հարյուր քաղես։
Կամ՝
Տերընդեզ, դարման ու կես,
Առնիմ մանգաղ՝ էլնիմ խոտի դեզ,
Տերընդեզ՝ ուչխուր վառէ,
Օր ազատվեն օձէ, չարէ։
Համայնքային խնդիրներից հետո գալիս էր ընտանեկան և անձնական հարցերը լուծելու ժամանակը։ Խարույկներ էին վառվում բակերում, հատկապես նորապսակներ ունեցող ընտանիքների բակերում։ Խարույկի շուրջ մի-մի հավ գրկած կանգնում էին երեխաները, որպեսզի կրակի ուժով զորացած հավերը մեծ պասի ընթացքում շատ ձու ածեն։ Խարույկի շուրջ պտտվում էին նորապսակները, իսկ երիտասարդները, ամուլ և նոր ծննդաբերած կանայք, թռչում էին կրակի վրայով։ Ենթադրվում էր, որ կրակը կպտղավորի ամուլներին, իսկ մյուսներին կազատի հնարավոր չարիքներից, մասնավորապես օձի, կարիճի խայթոցից, կայծակնահարության հնարավորությունից։ Այդ խարույկի կրակով նորոգում էին օջախը, կրակից մնացած փայտիկները գցում գոմն ու հավաբունը, մոխիրը հավաքում և գործածում հիվանդությունների դեմ, ապականված ամանեղեն մաքրելու նպատակով և այլն։
Տոնահանդեսի շարունակությունն էին կազմում մարող խարույկների շուրջ կատարվող խմբապարերն ու տոնական ընթրիքը։