Jump to content

ՏՏՀ/Տհալ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՏՀԱԼ, ղավուրմա, ոչխարի մսեղիքը կտրտել, խոշոր ոսկորները հեռացնել, միսը բաժանել 200-250 գ-անոց կտորների, առատ աղ ցանել, խառնել, թողնել 7-8 ժամ, ապա լվանալ, կիսաեփ անել և հեռացնել մնացած ոսկորները։ Միսը տապակել դմակով, ապա խիտ դասավորել կավե ամանի մեջ, վրան լցնել այնքան հալած դմակ, որ միսն ամբողջովին ծածկվի։ Պատրաստի Տ. պահել սառը տեղում։ Տ. գործածելիս ամանի մեջ մնացած մսի վրա հալած դմակ ավելացնել, որպեսզի Տ. ծածկված լինի դմակի շերտով։ Եթե պահելու ընթացքում դմակի երեսը ճաքում է՝ դա նշանակում է, որ միսը սկսում է փչանալ։

Տ. պատրաստում են աշնան վերջին, որպես ձմեռվա պաշար, օգտագործում են թե՛ տաք, թե՛ սառը։ Տ. պատրաստում են նաև տավարի մսից՝ դմակը փոխարինելով հալած յուղով։

Տ. կարտոֆիլով. կարտոֆիլը լվանալ և առանց կեղևելու խաշել։ Գլուխ սոխը խոշոր կտրտել և տապակել Տ-ի յուղով։ Մանր կտրտած Տ. կաթսայում տաքացնել, ավելացնել տապակած սոխը, կեղևած և կտրտած կարտոֆիլը, աղ, պղպեղ, մի քիչ ջուր և խաշել մարմանդ կրակի վրա 10-15 րոպե։

1 կգ Տ-ին՝ 2,5 կգ կարտոֆիլ, միջին չափի 4 գլուխ սոխ. աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

Տ. բամիայով. չորացրած բամիայի կոթերը կտրել, բամիան լվանալ, 1/2 ժամ պահել ջրի մեջ, ապա տապակել Տ-ի յուղով։ Մանր կտրտած Տ. տաքացնել կաթսայում։ Առանձին տապակել խոշոր կտրտած գլուխ սոխ, ավելացնել տոմատախյուս, լցնել տաքացրած Տ-ի վրա, ավելացնել մզած բամիան, աղ և պղպեղ ցանել։ Ջուրը լցնել այնքան, որ կաթսայի պարունակությունը ծածկվի, կափարիչը դնել և խաշել մարմանդ կրակի վրա մինչև բամիան եփվի։

Մատուցելիս վրան ցանել կտրտած մաղադանոս։

1 կգ Տ-ին՝ 0,5 կգ բամիա, միջին չափի 5 գլուխ սոխ, 7 ճաշի գդալ տոմատախյուս. աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։