ՏՏՀ/Տուբերկուլոզ
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ, վարակիչ հիվանդություն. հարուցիչները միկոբակտերիաներն են («տուբերկուլոզի ցուպիկ», «Կոխի ցուպիկ»), որոնք տարբեր օրգաններում առաջացնում են առանձնահատուկ բորբոքային փոփոխություններ։ Վարակի տարածման հիմնական աղբյուրը Տ-ով հիվանդն է, որի խորխի մեջ կան մանրէներ։ Վարակվում են հիմնականում հիվանդի խորխի (հեղուկ կամ չորացած) մանրագույն կաթիլները, մասնիկները շնչելիս, հազվադեպ Տ-ով հիվանդ տնային կենդանիների հում կաթը, կիսաեփ միսն օգտագործելիս և այլ միջոցներով։
Հիվանդության զարգացման համար Տ-ի ցուպիկները մարդու օրգանիզմ թափանցելն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։ Որպես կանոն, Տ-ով հիվանդանում են այն մարդիկ, որոնց օրգանիզմը թուլացել է դիմադրողականությունն իջեցնող նախորդող հիվանդություններից, անբավարար սննդից (հատկապես կենդանական սպիտակուցների, վիտամինների անբավարարության դեպքում), սանիտարահիգիենային վատ պայմաններից, ինչպես նաև վարակիչ հիվանդի հետ երկարատև շփման ընթացքում կրկնավարակումից։ Հաճախ Տ-ով հիվանդանում են մինչև 3 տարեկան երեխաները (քանի որ նրանց մոտ դեռևս թույլ է զարգացած Տ-ի հանդեպ անընկալությունը) և պատանիները՝ սեռական հասունացման շրջանում։
Տ-ով ախտահարվում են տարբեր օրգաններ, հատկապես՝ թոքերը։ Հիվանդության դրսևորումները պայմանավորված են Տ-ի ձևերով, հիվանդի տարիքով, օրգանիզմի վիճակով։ Հիվանդության բոլոր ձևերի համար ընդհանուր ախտանշաններ են մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, գիշերային քրտնարտադրությունը, ախորժակի և քնի վատացումը, նիհարումը, գրգռվածությունը, աշխատունակության իջեցումը։ Թոքերի Տ-ի ժամանակ, դրանցից բացի, նկատվում է չոր կամ խորխարտադրությամբ ուղեկցվող հազ, երբեմն՝ արյունախխում։ Տ. որքան վաղ է հայտնաբերվում, այնքան հեշտանում է բուժումը։ Ուստի կարևոր է հիվանդության հենց առաջին նշանների ի հայտ գալուն պես դիմել բժշկի։ Մանկական տարիքում, Տ-ի հայտնաբերման նպատակով, զանգվածային հետազոտման համար կիրառում են ներմաշկային փորձ (Մանթուի ռեակցիա)։ Տ-ի վաղ ախտորոշման համար կարևոր է բնակչության ֆլուորագրաֆիական (ռենտգենաբանական) հետազոտությունը։
Տ-ի բոլոր ձևերի ժամանակ համալիր բուժումն անցկացվում է հակատուբերկուլոզային դիսպանսերում։ Հիվանդը պետք է պահպանի հիգիենային ռեժիմ, լիարժեք սնվի, տարվա ցանկացած եղանակին երկար լինի մաքուր օդում։ Սնունդը պետք է պարունակի բավարար քանակությամբ կենդանական սպիտակուցներ (միս, ձուկ, կաթնաշոռ, պանիր, կաթ, ձու)։ Մրգերը և բանջարեղենը (լոլիկ, գազար, սև հաղարջ, կիտրոն, խաղող և այլն) ավելի լավ է օգտագործել հում կամ հյութի ձևով։ Հարկավոր է ընդունել նաև վիտամիններ A, B1, B2, B6, իսկ մաշկի Տ-ի ժամանակ՝ նաև D2։ Հիվանդության սրացման դեպքում անհրաժեշտ է պահպանել հանգստի ռեժիմ, իսկ ապաքինման ժամանակ օգտակար են ֆիզկուլտուրան, զբոսանքները, աշխատանքը, կոփումը։ Հակատուբերկուլոզային պատրաստուկները նշանակում է բժիշկը։
Բուժման ընթացքում հիվանդը չպետք է ինքնուրույն ընդմիջումներ կատարի, չարաշահի ալկոհոլը և ծխի։
Տ-ով վարակումը կարելի է կանխարգելել Տ-ային մանրէների տարածումը կանխող միջոցառումներով։ Եթե Տ-ով հիվանդն արտազատում է միկոբակտերիաներ և չունի առանձին սենյակ, ապա նրա մահճակալը պետք է դրվի ընտանիքի մյուս անդամների մահճակալից 1,5-2 մ հեռավորության վրա։ Ցանկալի է այն մեկուսացնել վարագույրով։ Հիվանդի համար առանձնացրած անկողինը, սպիտակեղենը, ամանեղենը պետք է պահել և լվանալ առանձին։ Սենյակն անհրաժեշտ է մաքրել խոնավ եղանակով (տաք օճառասոդային լուծույթով)։ Սպիտակեղենը, ամանեղենը հարկավոր է վարակազերծել սոդայի 2 %-անոց լուծույթում եռացնելով կամ քլորամինի 5 %-անոց լուծույթով։ Հիվանդի սենյակից հարկավոր է վերցնել գորգը, ավելորդ առարկաները, թողնել միայն հեշտ լվացվող և մաքրվող իրեր, փափուկ կահույքին ծածկոց փռել։ Հիվանդը պետք է ունենա թքաման, որի մեկ երրորդ մասը նախօրոք հարկավոր է լցնել քլորամինի 5 %-անոց լուծույթով։ Անհրաժեշտ է խուսափել հիվանդի հետ երեխաների սերտ շփումից, հիվանդը չպետք է երեխային գրկի, համբուրի։
Տ-ով հիվանդի ընտանիքի անդամները պարբերաբար հակատուբերկուլոզային դիսպանսերում պետք է ենթարկվեն զննման։ Երեխաների և դեռահասների հիվանդությունը կանխարգելում են հակատուբերկուլոզային պատրաստուկներով։ Զննման ենթակա են նաև մանկական հիմնարկների, հասարակական սննդի, քաղաքային տրանսպորտի աշխատողները, վարսավիրները։ Տ-ի վաղ հայտնաբերման համար հետազոտում են դպրոցներում, ուսումնարաններում, տեխնիկումներում սովորողներին, զինակոչիկներին և այլոց։
Կարևոր են հակատուբերկուլոզային պատվաստումները. դրանք անցկացնում են երեխայի կյանքի 5-7-րդ օրը, կրկնապատվաստումները՝ 1-ին, 5-րդ և 10-րդ դասարաններում (Մանթուի ներմաշկային փորձի բացասական արդյունքի դեպքում), այնուհետև՝ 22-23 և 27-30 տարեկանում։ Սակայն այնտեղ, ուր Տ-ով հիվանդությունը գործնականորեն վերացվել է, կրկնապատվաստումները կատարում են 1-ին, 3-րդ դասարաններում, այնուհետև 5-7 տարվա ընդմիջումներով՝ մինչև 30 տարեկանը։ Պատվաստված անձինք հիվանդանում են հազվադեպ, իսկ նրանց հիվանդությունն ընթանում է բավականին թեթև։