ՏՏՀ/Ցանափոշի
ՑԱՆԱՓՈՇԻ, հակաբորբոքային, վարակազերծիչ, մաշկը չորացնող միջոց, կիրառվում է մաշկի բորբոքումների, ինչպես նաև բարձր քրտնարտադրության և ճարպարտադրության դեպքում։ Ըստ բաղադրության տարբերում են հանքային (ցինկի օքսիդ կամ տալկ պարունակող) և բուսական (օսլա պարունակող) Ց-ներ։ Երբեմն կիրառվում են խառը բաղադրության Ց-ներ։ Բուժիչ Ց-ների կազմի մեջ կարող են լինել զանազան դեղանյութեր՝ անեսթեզին, ֆորմալին, բորաթթու, ուրոտրոպին, դերմատոլ ևն։
Ց. կարելի է օգտագործել շփաբորբի, քրտնոտության, քրտնախաշի կանխարգելման և բուժման նպատակով։ Կրծքի երեխաների և շաքարախտով հիվանդների համար, մաշկի թարախային և սնկիկային (կանդիդոզ) ախտահարումից խուսափելու նպատակով, ցանկալի է օգտագործել առանց օսլայի կամ քիչ օսլա պարունակող Ց.։ Մաշկի մակերևույթի խոնավացմամբ ուղեկցվող սուր բորբոքումների ժամանակ Ց. հակացուցված է։