Jump to content

ՏՏՀ/Ցեցեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՑԵՑԵՐ, Ց-ի որոշ տեսակներ (հագուստի, մուշտակի, գորգի ևն) փչացնում են բրդեղենը, մորթեղենը, գորգերը և այլ իրեր։ Թիթեռները ձվադրում են բրդե գործվածքների, գորգերի, մորթու և այլ իրերի վրա, հատակին, պահարանների մեջ և այլուր։ Հասուն թրթուրները հարսնեկավորման համար պատյանավորվում են և ամրանում սենյակի անկյուններում, պահարանների պատերին, առաստաղին կամ անմիջապես իրերի վրա։ Հարսնեկավորումից որոշ ժամանակ անց պատյանից թռչում է նոր թիթեռը։ Թիթեռները ցերեկը թաքնվում են կահույքի, հագուստի մութ, փակ տեղերում և գորգերի ծալքերում։ Ձվադրման համար Ց. թաքստոցներից թռչում են երեկոյան, իսկ եթե շատ են, թռչում են նաև ցերեկը։

Ց-ի դեմ պայքարելիս հիմնականում պետք է ոչնչացնել թրթուրները, որոնք փչացնում են իրերը։ Իրերը պետք է մշտապես մաքրել, օդափոխել և չորացնել, հատկապես մարտին՝ Ց-ի ձվադրման շրջանում։ Փակ պահարաններում և հագուստի մյուս պահոցներում Ց-ի թիթեռի և թրթուրի, կաշեկերի թրթուրի դեմ պայքարի միջոց է «Մոլեմորը», որը փաթեթավորված թիթեղ է (նախապես փաթեթի վրա պետք է անցք բացել). կախել պահարանի վերին մասում, 6 ամսից թիթեղը դեն նետել։ Մեկ սենյակում կարելի է օգտագործել 1-2 թիթեղ։

Արդյունավետ պատրաստուկ է «Անտիմոլը», ոչնչացնում է Ց-ին զարգացման բոլոր փուլերում։ Պետք է 3-4 հաբ փաթաթել (մեկական) մեկ շերտ թանզիֆի մեջ և տեղադրել զգեստապահարանի տարբեր մասերում։ 15 օրից հաբերը հանել և պահարանը լավ օդափոխել։ Հաբերը երկար պահելուց պատրաստուկի խտությունը նվազում է և Ց-ի համար հաբը ոչ միայն անվտանգ չի դառնում, այլև ընդհակառակը՝ ուրիշ տեղերից նրանց հրապուրում է։ Պատրաստուկը թունավոր է, անհրաժեշտ է պահել երեխաների և տնային կենդանիների համար անմատչելի տեղերում։

«Դեզմոլը» Ց-ի, թրթուրի և թիթեռի ոչնչացման արդյունավետ միջոց է։ 3-4 հաբ պետք է փաթաթել թանզիֆի մեջ և տեղադրել պահարանի տարբեր մասերում։

«Սուպրոմիտը» հաճելի հոտով հեղուկ պատրաստուկ է։ Հեղուկացիրով պետք է մշակել պահարանի պատերը, ինչպես նաև վերնազգեստները և գորգերը։ Այն իրերը պահպանում է Ց-ից մի քանի ամիս, ոչնչացնում է Ց-ի ձուն, թրթուրը, թիթեռը և գորգի բզեզի թրթուրը։

«Սուպրոզոլը» նույնպես Ց-ի դեմ պայքարի արդյունավետ միջոց է (աերոզոլային փաթեթ)։

«Աերոանտիմոլը» Ց-ի ձվի, թրթուրի, թիթեռի, գորգի բզեզի թրթուրի ոչնչացման հեղուկ միջոց է, որով պետք է մշակել գորգերը, փափուկ կահույքի պաստառները, տաք կոշիկները։ Պատրաստուկը թողարկվում է պոլիմերային սրվակով՝ ձեռքի փոշեցիրով։