ՏՏՀ/Քաջվարդ
ՔԱՋՎԱՐԴ, պիոն, քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 30 տեսակ։ ՀՀ Զանգեզուրի կաղնու լուսավոր անտառներում, թփային մացառուտներում աճում են նեղատերև Ք-ի բնական բուսուտներ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ըստ ծաղկի կազմության Ք-երը միավորված են 5 խմբում, բոլորն էլ կարելի է աճեցնել բաց գրունտում։
Ոչ լիաթերթ Ք-երն ունեն մեկ շարքով դասավորված 5 և ավելի պսակաթերթիկներ, բազմաթիվ առէջքներ և վարսանդներ։ Լայնորեն հայտնի Բրայդ սորտի պսակաթերթիկները սպիտակ են, թույլ վարդագույն երանգով, հիմքում՝ դեղնավուն, հոտավետ։
Ճապոնական Ք-երի պսակը բաղկացած է 5 և ավելի 1-2 շարքով դասավորված խոշոր, լայն պսակաթերթիկներից, կենտրոնում կան բազմաթիվ առէջքներ։ Ծաղիկները վառ են, ցայտերանգ։
Հողմածաղկանման Ք-երի պսակը կազմված է 5 և ավելի, մեկ շարքով դասավորված պսակաթերթիկներից, կենտրոնում կան բազմաթիվ ստամինոդիումներ, որոնք թերթիկների գույնի են, կարճ և լայն։
Կիսալիաթերթ Ք-երի պսակաթերթիկները դասավորված են 2-3 շարքով։ Տարբեր մեծության ստամինոդիումները հաջորդափոխվում են բնականոն առէջքների հետ, որոնք օղակով տեղավորված են պսակաթերթիկների մեջ կամ խմբված են կենտրոնում։
Լիաթերթ Ք-երի սորտերը ըստ ծաղկի ձևի և լիաթերթության բաժանվում են 3 ենթախմբի՝ վարդանման, պսակավոր և կիսագնդաձև։
Վարդանման Ք-երի ծաղիկները կազմված են բազմաթիվ, լայն, խոշոր պսակաթերթիկներից և նման են խոշոր վարդի՝։
Պսակաձև Ք. ունի լիաթերթ ծաղիկներ և լայն, միասեռ եզրային պսակաթերթիկներ։
Կիսագնդաձև Ք-ի ծաղիկներն ունեն խոշոր եզրային պսակաթերթիկներ, որոնք կենտրոնում խմբված են կիսագնդի ձևով։ Ծաղիկների ձևն անկայուն է։
Տեղի ընտրությանը. Ք. լավ է աճում արևոտ և ընդարձակ վայրերում։ Բույսերը պետք է հեռու լինեն ծառերից և թփերից, ինչպես նաև միմյանցից, որպեսզի ապահովվի լավ սնուցումն ու օդի շրջանառությունը։
Հողը. պիտանի են ցանկացած պարտեզային հողերը։ Ավազահողը նպաստում է տերևների, կավահողը՝ լավագույն ծաղիկների առաջացմանը, չնայած վերջին դեպքում բույսերը դանդաղ են զարգանում, բայց փոքր է նեմատոդներով ախտահարվելու հավանականությունը։ Եթե հողը բերրի չէ, այն պետք է ամբողջովին հեռացնել առնվազն 90 սմ խորությամբ և փոխարինել բերրի հողով։ Բույսերը վատ են դիմանում ջրի կանգին, ուստի պետք է ցամաքուրդացնել։ Փոսիկների (60x60x60 սմ) հատակին լցնել մանրախիճ կամ խոշոր ավազ (10-15 սմ շերտով), որից հետո հող (20-25 սմ), դրա վրա՝ գոմաղբի շերտ կամ սուպերֆոսֆատ (մի բոտ՝ փոսիկի մեջ)։ Պարարտանյութը պետք է խառնել փոսիկի հատակի հողի հետ և վրան լցնել դարձյալ հողի շերտ (20-25 սմ), որպեսզի արմատները չշփվեն պարարտանյութի հետ։ Ք. վատ է աճում թթվային հողերում, ուստի տնկելուց մեկ տարի առաջ դրանք պետք է կրացնել։ Թեթև, ուժեղ թթվային հողերին պետք է ավելացնել կիր՝ 1 մ²–ին մինչև 400 գ, թույլ թթվայինին՝ 200-250 գ, ծանրին համապատասխանաբար՝ 600 և 350-400 գ։
Տնկման լավագույն ժամանակը օգոստոսն է։ Խորհուրդ չի տրվում գարնանը տնկել, քանի որ մանր, սնուցող արմատները չեն հասցնում մինչև շոգ եղանակների սկսվելը զարգանալ, և բույսերը հաճախ ոչնչանում են խոնավության և սնուցման անբավարարությունից։ Պետք է տնկել այնպես, որ «աչքերը» 3-5 սմ ծածկվեն հողով, միջբուսային հեռավորությանը լինի 90 սմ-ից ոչ պակաս, ցողունը՝ ուղղահայաց դիրքով։ Այնուհետև արմատների վրա հող լցնել, մատներով զգուշորեն պնդացնել, որ օդային բացակներ չմնան և արմատներն ու «աչքերը» չվնասվեն։ Առատ ջրել և թողնել, որ հողը նստի, իսկ տնկելուց հետո մնացած հողով մոտ 10 սմ բարձրության թմբիկ սարքել, որպեսզի արմատները դուրս չգան և ձմռանը պաշտպանված լինեն։
Խնամքը. հողը պետք է հաճախակի փխրեցնել, առանձնապես հորդ անձրևից հետո։ Արմատների շուրջը փխրեցնել 5-8 սմ-ից ոչ խորը, որպեսզի նոր ընձյուղները չկոտրվեն։ Խորհուրդ է տրվում հողի մշակումը սկսել գարնանը, հենց որ եղանակը նպաստավոր լինի, և շարունակել, քանի դեռ մոլախոտերը աճում են։ Այդ աշխատանքը ինչ-որ չափով կթեթևանա, եթե բուսակները ծածկվեն հողով, թեփով, տորֆով, որոնք բույսերը պաշտպանում են արևից, պահպանում հողի սառնությունը, խոնավությունը, կանխում էրոզիան։ Ք. պահանջկոտ է ջրի նկատմամբ, ուստի չոր ամռանը պետք է առատ ջրել (շաբաթը առնվազն մեկ անգամ), մեկ բույսին՝ 12-15 լ ջուր։ Կարելի է ջրին ավելացնել (կոկոնակալման փուլում) միկրոպարարտանյութեր. բոր՝ բորաթթվի ձևով (մի պտղունցը՝ մեկ դույլ ջրում) և մանգան կալիումի պերմանգանատի ձևով (լուծույթը պետք է լինի վարդագույն)։ Չինական Ք-երի շատ սորտերի ցողունի վրա զարգանում է մեկ կենտրոնական և երկու կողմնային բողբոջ։ Եթե կողմնային բողբոջները սիսեռի հատիկի մեծության հասնելուց հետո հեռացվեն, ապա կենտրոնական ծաղիկը կմեծանա։ Տնկման 1-ին տարում սովորաբար ծաղիկներ չեն առաջանում, իսկ հայտնվելու դեպքում (ոչ խոշոր և սորտին ոչ բնորոշ) բացվելուց առաջ դրանք պետք է կտրել (առանց ցողունի)։ Առավել գեղեցիկ ծաղիկներ առաջանում են 5-րդ տարում։
Պարարտանյութերը. Ք. տնկելիս հողը բավարար չափով պարարտացնելու դեպքում մի քանի տարի դրա կարիքը չի զգացվում։ Պարարտացնելու հաճախությունը որոշվում է հողի տեսակով։ Ծակոտկեն հողերն ավելի արագ են կորցնում սննդարար նյութերը, կավավազային և ավազակավային հոդերը ավելի քիչ քանակությամբ պարարտանյութեր են պահանջում։ Պահանջվում է մեծ քանակությամբ ազոտ և կալիում։ Աճման սկզբում և վեգետատիվ զանգվածի զարգացման հետ մեծանում է ազոտի պահանջը, ուստի երբ ընձյուղներն ունենան 8-10 սմ երկարություն, բույսին պետք է տալ ազոտային սնուցում։ Կոկոնակալման սկզբում կիրառել 2-րդ սնուցումը (ազոտ, ֆոսֆոր, կալիում), ծաղկման սկզբում՝ 3-րդը (ազոտ, ֆոսֆոր, կալիում), ծաղկումից հետո՝ 4րդը (կալիում, ֆոսֆոր)։ Սնուցումները տրվում են 10 մ²-ին՝ 1-2 տարեկանում՝ 40-ական գ ազդող նյութեր, 3-5 տարեկան և բարձր՝ 60-ական գ փայտի մոխիր (կալիում-ֆոսֆոր-կրային պարարտանյութ), 1 մ²–ին՝ 250-500 գ։ Հասուն բույսերի վրա լավ ներգործություն են ունենում փտած գոմաղբով (1:10 հարաբերությամբ) և չոր բուսահողով սնուցումները։ Պետք է հիշել, որ պարարտանյութերի ավելցուկն ավելի մեծ վնաս է հասցնում, քան անբավարարությունը։ Այսպես օրինակ, ազոտական պարարտանյութերի չափից ավելի քանակությունը նպաստում է վեգետատիվ զանգվածի մեծացմանը, նվազեցնում է ծաղկումը և բույսի կայունությունը հիվանդությունների նկատմամբ։
Բազմացումը. Ք. բազմացնում են թփերի բաժանմամբ։ Յուրաքանչյուր բաժանված մաս պետք է ունենա լավ կոճղարմատ՝ արմատներով և 2-3 ուժեղ բողբոջ։ Բազմացումը կատարվում է նաև կանաչ կտրոններով ու անդալիսներով։ Կտրոնների համար պետք է վերցնել ընձյուղները՝ կոճղարմատի հյուսվածքի մի փոքր մասի հետ։ Կտրոնավորման պահին ընձյուղի հիմքի մոտ պետք է ձևավորվեն վերականգնման բողբոջները՝ 0,2-0,5 սմ չափերով։ Սովորաբար դա տեղի է ունենում ծաղկման ավարտից հետո։ Կտրոնավորման ընձյուղը պետք է զգուշորեն կոտրել մայրական հյուսվածքի մի հատվածի և բողբոջի հետ։ Առանց բողբոջների ընձյուղները չեն արմատակալում։
Տնկելուց առաջ ցողունի վերին մասը պետք է կարճացնել 1/3-ով և 12-16 ժամ պահել հետերոաուքսինի 0,01 %-անոց լուծույթի մեջ։ Տնկել 7-10 սմ խորությամբ, ստվերոտ տեղում, ձմռանը ծածկել տերևներով։ Լավ խնամքի դեպքում 2 տարի հետո կտրոններից զարգանում է թուփ, որը պիտանի է հիմնական տեղում վերատնկման համար։ Բաժանման հետևանքով մնացած արմատների կտրոնները կարելի է օգտագործել որպես արմատային կտրոններ։ Դրանք կարող են ունենալ հավելյալ բողբոջներ կամ վերականգնման մանր բողբոջներ։ Պետք է տնկել սննդարար հողով ստվերածածկ մարգերում։ Լավ խնամքի դեպքում կտրոնների մինչև 10 %-ը ծլում է։ Մեկ տարի հետո դրանք տնկում են վերջնական աճելու համար։
Անդալիսներով բազմացնելիս բողբոջների աճը սկսվելուց հետո դրանք պետք է լրիվ մերկացնել։ Հողից ազատված տեղում լցնել բուսահող կամ տորֆակոմպոստ և թուփը ծածկել 50x50x35 սմ շրջանակով։ Առաջացած ծավալի կեսը լցնել սննդարար հողի և պարարտանյութերի խառնուրդ, ջրել (յուրաքանչյուր թփին՝ 1-2 դույլ ջուր)։ Խոնավության պահպանման համար շրջանակը մինչև վերջ ծածկել հողով, բողբոջների զարգացումից հետո այն ամբողջովին լցնել բուսահողով կամ տորֆով։ Սեպտեմբերի կեսերին շրջանակը հանել, թուփն ազատել հողից։ Ցողունները, որոնց վրա առաջացել են բողբոջները և արմատիկները, պետք է կտրել որքան հնարավոր է ցածրից և տնկել սննդարար հողով մարգերում։ Ձմռանն անդալիսները ծածկել տերևներով։ Սերմերով բազմացումն օգտագործվում է հիմնականում հիբրիդացման ժամանակ։
Հիվանդությունները. մոխրագույն փտումը (մոխրագույն բորբոս) առավել հաճախ բույսերն ախտահարում է ամռան 2-րդ կեսին։ Ախտահարված հյուսվածքները գորշանում են, դառնում դարչնագույն, այնուհետև փափկում են և փտում, մակերևույթի վրա առաջանում է մոխրագույն, խիտ փառ։ Հիվանդությունն աստիճանաբար կարող է ընդգրկել ամբողջ բույսը, որից այն ոչնչանում է։
Պայքարի միջոցները. լավ օդափոխություն նոսր տնկումների միջոցով։ Բույսերի ախտահարված մասերը կտրել և բուսական մնացորդների հետ ոչնչացնել։ Պղնձի պատրաստուկների (պղնձի քլորօքսիդի 5 %-անոց կախույթ) կանխարգելիչ սրսկումներ։ Վերատնկման շրջանում թույլ չտալ, որ կոճղարմատներն ախտահարվեն, կասկածելիները հեռացնել։
Ժանգից ախտահարված բույսերի վրա հայտնվում են ցցված ոչ մեծ բարձիկներ կամ սնկերի սպորակրությամբ թփիկներ։ Գարնանը դրանք հաճախ լինում են նարնջադեղին, ամռանը՝ բաց դարչնագույն կամ ժանգագույն, աշնանը՝ մուգ դարչնագույն կամ սև։ Բույսերը թորշոմում են, տերևները չորանում, ցողունները, ընձյուղները, ծաղիկներն ու պտուղները ձևափոխվում են։
Պայքարի միջոցները. ախտահարված ընձյուղների ու ցողունների կտրում, թափված տերևների և բուսական մնացորդների հավաքում և այրում։ Հողի վերափոր կամ կրկնավար (հողի շերտը շրջելով)։ Բույսերի աճի առաջին օրերին սրսկել պղնձի քլորօքսիդի 0,5 %-անոց կախույթ։ Ամառային սպորների վերացման համար բույսերը մշակել ծծմբի պատրաստուկներով։
Արմատների փտումը բնորոշվում է արմատային համակարգի գորշացումով, փափկացմամբ և փտումով։ Ախտահարված արմատների մակերևույթի վրա առաջանում է վարդագույն, մոխրագույն կամ գորշ, բորբոսանման փառ։ Վերգետնյա մասերը թառամում են։ Առավել հաճախ ախտահարվում են թփերի բաժանմամբ և կտրոններով բազմացված Ք-երը։ Հիվանդությունը զարգանում է խոր տնկման, վատ խնամքի ու վնասվածքների առկայության դեպքում, նպաստում է նաև բարձր խոնավությունը և հողի թթու ռեակցիան։
Բծավորության դեպքում բույսերի վրա առաջանում են մեռուկային բծեր, որոնք աճելով ձուլվում են։ Հիվանդությունը հարուցող սնկերն ու բակտերիաները պահպանվում են ախտահարված բույսերի մնացորդների վրա և կարող են տարածվել հիվանդ սերմերով և տնկանյութով։
Պայքարի միջոցները. ախտահարված ընձյուղների կտրում և ոչնչացում։ Ագրոտեխնիկայի պահպանում։ Պղնձի քլորօքսիդի 0,5 %-անոց կախույթի սրսկում։ Վեգետացիայի շրջանում մոլախոտերը քաղհանել և տնկանյութը խնամքով ստուգել։
Խայտաբղետությունը դրսևորվում է տերևների վրա մուգ և բաց կանաչավուն բծերի առաջացմամբ։ Տերևները երբեմն դառնում են կնճռոտված կամ խուճուճ։
Պայքարի միջոցները. վեգետացիայի շրջանում հիվանդ բույսերը հեռացնել, մոլախոտերը քաղհանել։
Վնասատուներից Ք-ին վնասում է բրոնզաբզեզը (երկարությունը՝ 14-20 մմ), ոսկեգույն-կանաչավուն, ներքևից՝ պղնձակարմրավուն։ Թևերի վրա ունի նեղ, սպիտակ լայնակի գծեր և մանր բծեր։ Բզեզները կրծոտում են կոկոնները, առէջքները, վարսանդները, պսակաթերթիկները։ Էգերը ձվադրում են հողում։
Պայքարի միջոցները. միջատները հավաքել և ոչնչացնել։
Մկներն ուտում են կոճղարմատները, կրծոտում արմատներն ու ցողունները։
Պայքարի միջոցները. քաղհանել մոլախոտերը, որոնց տակ կրծողները թաքնվում են անբարենպաստ պայմաններից և թշնամիներից։ Տարածել մկնդեղ պարունակող պատրաստուկներով կամ կրիսիդով թունավորած խայծեր։