Jump to content

ՏՏՀ/Օսլայում սպիտակեղենի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օսլայում սպիտակեղենի
Հագուստ և կոշիկ

ՕՍԼԱՅՈՒՄ ՍՊԻՏԱԿԵՂԵՆԻ, օսլայած սպիտակեղենն ուշ է կեղտոտվում, քիչ է ճմրթվում, ունենում է գեղեցիկ տեսք։ Խորհուրդ չի տրվում օսլայել ներքին սպիտակեղենը, քանի որ այն վատացնում է օդանցիկությունը։

Օգտագործում են բնական օսլաներ (կարտոֆիլի, բրնձի, եգիպտացորենի) կամ հատուկ քիմիական պատրաստուկներ։ Սպիտակեղենն օսլայում են 3 եղանակով՝ փափուկ, կիսակոշտ և կոշտ։

Փափուկ օսլայում են անկողնու սպիտակեղենը, սրբիչները, վարագույրները, բլուզները (1 լ ջրում լուծել 1/2-1 թեյի գդալ օսլա)։

Կիսակոշտ օսլայում են սփռոցները, ծածկոցները, տղամարդու վերնաշապիկները ևն (1 լ ջրում լուծել 1 ճաշի գդալ օսլա)։

Փափուկ և կիսակոշտ օսլայման համար ցանկալի է օգտագործել կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլա։ Շրեշ պատրաստելու համար օսլան պետք է լուծել ոչ մեծ քանակության սառը ջրի մեջ։ Ստացված զանգվածն աստիճանաբար լցնում են եռացող ջրի մեջ և խնամքով խառնում, որպեսզի թանձրուկներ չգոյանան։ Շրեշը պետք է լինի թափանցիկ և մածուցիկ։ Եթե շրեշն ստացվել է պղտոր և ոչ մածուցիկ, այն պետք է եռացնել ևս 3 րոպե (եգիպտացորենի օսլայի շրեշը եռացնում են 5-6 րոպե)։ Պատրաստի շրեշը լցնում են սառը լեղակաջրի մեջ, այնուհետև սպիտակեղենն ընկղմում լուծույթի մեջ, շուռումուռ տալիս, որպեսզի այն հավասարաչափ տոգորվի օսլայով։ Դրանից հետո սպիտակեղենը քամում են, ուղղում և չորացնում։ Խորհուրդ է տրվում շղարշե իրերը չորացնել հատուկ շրջանակների վրա ձգած։ Չորացած իրերը թեթևակի խոնավացնում են, թողնում միաժամանակ և արդուկում ոչ շատ տաք արդուկով։

Կոշտ օսլայում են օձիքները, թեզանիքները, տղամարդու վերնաշապիկների լանջերը ևն։ Շրեշի փոխարեն օգտագործում են սովորական հում օսլա (օսլայի կաթ)։ 40-50 գ կարտոֆիլի կամ, ավելի լավ է, եգիպտացորենի օսլային ավելացնում են ոչ մեծ քանակության սառը ջուր, տրորելով վերացնում թանձրուկները, լուծում 1 լ ջրում մինչև օսլայի կաթի ստանալը։ Այնուհետև, 15 գ ոսկեբորակը լուծում են 1 բաժակ գոլ ջրում, լուծույթը սառեցնում, աստիճանաբար լցնում օսլայի կաթի մեջ, լավ խառնում, թողնում 1-2 ժամ և կրկին խառնում։ Օձիքներն օսլայով լավ տոգորելու համար պետք է ձեռքով դրանք խնամքով տրորել, քամել, փաթաթել սպիտակ մաքուր շորով և թողնել 30-40 րոպե։ Այնուհետև, օսլայի ավելցուկները հեռացնելու համար, խորհուրդ է տրվում օսլայած օձիքը մաքրել խոնավ շորով և անմիջապես արդուկել։ Տղամարդու վերնաշապիկները սկզբում օսլայում են փափուկ կամ կիսակոշտ եղանակով, իսկ օձիքը, թեզանիքները և լանջերը՝ կոշտ եղանակով։

Սպիտակեղենի օսլայման հատուկ քիմիական պատրաստուկները թողարկվում են բնական օսլաների կամ պոլիվինիլացետատային դիսպերսիայի հիմքով։ Դրանց մի մասը ոչ միայն օսլայում, այլև պայծառացնում է սպիտակեղենի գույնը և բուրումնավորում։

Աերոզոլային պատրաստուկներ օգտագործելու դեպքում սպիտակեղենը նախապես չեն խոնավացնում, պատրաստուկը ցնցղնում են չոր սպիտակեղենի վրա մինչև խոնավանալը, այնուհետև արդուկում 150 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանի արդուկով։

Բամբակե մուգ գործվածքները չի կարելի օսլայել կարտոֆիլի օսլայով, քանի որ արդուկելուց հետո դրանց վրա առաջանում են զոլեր կամ բծեր։ Օսլայած սպիտակեղենը չի կարելի չորացնել ուժեղ սառնամանիքին, որովհետև սպիտակեղենը կորցնում է կոշտությունը և առաջանում են կպչուն բծեր։ Խորհուրդ չի տրվում օսլայած սպիտակեղենն արդուկելուց անմիջապես հետո տեղավորել պահարանում։

Օսլայիչ պատրաստի միջոցների օգտագործման եղանակները նշված են պիտակների կամ փաթեթների վրա։