Տխրությամբ ու դառնապատիր ցավո՛վ ենք ձեզ դնում ճանապարհը,
Ո՜վ անդարձ հեռացողներ, ո՜վ մեռյալներ,
Դո՛ւք, որ չեք վերադառնալու այլևս և մնալու եք հար
Տիեզերքի զարկին անհաղորդ, և չեք ճաշակելու բույրեր, և չեք լսելու ձայներ…
5
Դուք գնում եք մոխրանալու և դառնալու տարերք,
Խառնըվելու հողին ու ջրին,—
Էլ ի՞նչ ասեմ ես ձեզ.— անիմաստ են բառերը,
Գուցե ա՛յն միայն, որ վախճանվելը վիճակված է, ավա՜ղ, յուրաքանչյուրի՛ս…
Բայց եթե միևնույնն է վախճանը բոլորիս գերեզմանից անդին,
10
Եթե նո՛ւյնն է մեր բախտը հեռանալուց հետո,—
Ապա տարբեր է հուշը, հիշատակը, այն զրույցը անգին,
Որ մնում է սրտերում մարդկանց և լցնում է սրտերը կարոտով…
Բայց ի՞նչն է, ի՞նչն է արդյոք, որ մոխիրից հետո
Լուսազարդ ու շքեղ վե՜ր է հառնում,
15
Լցնում է օրերն ապագա անմարելի բույրով
Եվ դառնում է երգ ու զրույց, և հիշատակ է դառնում…
Ա՜խ, մոխրանում են օրե՛րը, մոխրանում են աստղե՛րը, արևնե՜րն են
Կապույտ երկնքներում հանգչում հավերժաբար և մոխրանում,—
Մոխրանում է գարո՛ւնը, մոխրանում են կանաչ տերևնե՛րը,
20
Մոխրանում են ծիլե՛րը չծլած, և վարդե՛րը վառման, և ծաղիկնե՛րն անգամ տխրանուն…
Բայց չի մոխրանում հիշատակը… Հիշատակը արդյոք լույսերի՞ց է,
Լույսերի՞ց է արդյոք նա սերում, թե հուրերից անշեջ․—
Հիշատակը սերում է գործերից․— հիշատակը մշուշ է,
Որ բարձրանում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը — անմեռ։
25
Հիշատակը ձեր անցած օրերի արձագանքն է ու ցոլքը, ո՛վ հեռացողներ,
Նա ծլում է հաճախ ձեր անցած ճանապարհի փոշոտ եզրերին,
Ելնելով ձեր շոգ կեսօրին՝ նա իջնում է հետո, ինչպես ցողը,
Բայց ուրի՜շ վարդերի վրա, իբրև պարգև վերին…
Ելնելով ձեզանից, ձեր սրտից, ձեր խոհերից անդուլ,
30
Ելնելով արյունի՛ց անգամ ձեր և ձեր շնչից վերջին —
Հիշատակը ձեզ չի՛ պատկանում, ինչպես որ տողերն իմ հանդուգն
Օ՜, ինձ չեն պատկանում, թեև ելնում են ահա իմ գրչից…
Այդպես էլ շողն է արևի ու ցոլքը մեռած աստղերի.—
Հասնում է լույսը նրանց մեզ, բայց վաղու՜ց մոխրացած են նրանք։—
35
Մոռացությո՛ւն ուրեմն բո՛լոր մեռյալներին,
Եվ փա՜ռք նրանց ընդմիշտ ու հավիտյան, որ թողել են կյանքում հիշատակի կրակ…
1933. II 27