Jump to content

Տենչանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Տենչանք


Ա՜խ, երանի այս միգապատ
Խոր անդունդից ահռելի
Դուրս թռչելու ես մի ազատ
Ինձ ճանապարհ գտնեի։
Մշտականաչ սիրուն զգեստով
Ահա այնտեղ բըլուրներ.
Ա՜խ, թե հուժկու ես թևերով
Սըլանայի դեպի վեր։

Մի երկնային անդորրության
Լսում եմ այդ նըվագներ,
Քաղցր բուրմունք անուշ գարնան
Բերում են ինձ մեղմ հովեր։
Սաղարթի մեջ գեղաժպիտ
Ոսկի պտուղներ շողշողուն,
Եվ ծաղիկներ մշտափթիթ
Իմ հոգին են կախարդում։

Ո՜հ, ի՜նչ չքնաղ պիտի լինի
Անվերջ լուսո այն աշխարհ,
Եվ ինչ անուշ ու սքանչելի
Այնտեղ օդը կենարար։
Բայց հեղեղատն իմ առաջին
Մռնչում է զայրույթով.
Նորա ալիքը մոլեգին
Պատում են ինձ սարսափով։

Ահա՛ նավակն այստեղ կանգնած,
Բայց, ա՜խ չըկա նավավար…
Հառա՜ջ անահ ու անկասկած —
Նա շունչ կառնե քեզ համար։
Լոկ հավատա դու աներկմիտ,
Քա՛ջ դու, սիրտ առ ու հոգի —
Հրաշքո՜վ կբացվի քո առաջիդ
Սիրուն աշխարհն հրաշալի։

Թարգմանության տարի՝ 1895