Եվ մի տեսիլ իմ աչքերից չի հեռանում,
Եվ մի տեսիլ իմ աչքերին ձյուն է մանում.
Ճերմակ-ճերմակ երազներն են գալիս այցի,
Հին հուշերից բերած լույս են խառնում լացիս։
Ամենօրյա իմ կրակով գարունը քո
Կրկնակի էր դարձել շքեղ, անզուգական,
Եվ երկնքի, աստղի, լույսի, սիրո ներքո
Չկար ուրիշ երկրի դուստր՝ չքնաղ այդքան։
Բայց ի՞նչ եղավ... Իմ կարոտը՝ մերկ, անտերունչ,
Էլ խոսք չունի, խոսք չի փնտրում քեզ ասելու,
Փակ դռների առաջ մրսած, անտեր մի շուն
Ոռնում է դեռ եւ տեղ չունի վռազելու։
Օրվա աչքում գունատվել է պահը անցած,
Ինչքան վատ ես, ինչքան վատ ես դու ինձ տեսնում,
Հոգուս խորքում լերդացել է բառը չասված,
Եվ Աստծուց ճամփան լույս է դեռ աղերսում։
Ու պատկերս, որ քեզ հիմա թվում է Սեւ,
Չարաոգի... Մեղա, մեղա... Ջարդիր, խնդրեմ,
Ու հաշվիր, որ աշխարհում այս չի եղել սեր,
Չի եղել խինդ ու չեն եղել կարոտ, վարդեր...
Մութ, մեղքաշատ մի քարայր է կանչում հեռվից,
Ճգնավոր եմ ուզում դառնալ, քաշվել անհետ.
Ես մենակ եմ, մենակ, մենակ... Եվ ոչ ոք ինձ
Թող չնայի այսուհետեւ խոժոռ ու խեթ։
Ես կգնամ անկշռելի, մեծ ցավիս հետ,
Ես կսուզվեմ մոռացության մուժ-մշուշում...
Բայց մի տեսիլ դեռ խայտում է աչքերիս դեմ,
Ճերմակ-ճերմակ երազներ է սրտիս հուշում։