Տեր արդար լույս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ալրենին Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Տեր արդար լույս)

Վարդան Հակոբյան

Ճերմակ կռունկը

Բերդաքաղաքի վրա աչք ուներ Քոչվոր խանը։ Քանի-քանի անգամ զենք ու զորքով եկավ, որ գրավի այն, բայց իր ջարդուփշուր եղած զորքի ետեւից մի կերպ կարողացավ չոր գլուխը փախցնել ու ապաստանել հեռու որջերում։ Մի օր տեսնելով, որ մելիքները այնքան էլ միաբան չեն, խառնակության հոտ կա, իսկ խաները որսորդական շան հոտառություն ունեն նման հարցերում, քիթը տնկեց երկնքում, դես փռշտաց, դեն փռշտաց, թե. «Էս գիշեր Մելիք Շահնազարին երազում տեսել եմ»։ Վեզիրներից մեկն ասաց՝ դա շատ վատ նշան է, մեկն ասաց՝ հարստանալու ենք, մեկն էլ թե՝ խնամի եք դառնալու մելիքի հետ։ Այս վերջին գաղափարը շատ դուր եկավ խանին. «Արցախը գրավելու ամենալավ ճանապարհը դա է»։ Ինչեւէ, ձեր գլուխը չտանեմ։ Քոչվոր խանը վեզիրներից մեկին ուղարկեց Մելիք Շահնազարի քիմքը տնտղեց, ետ եկավ նվերներով։ Քանի օր անցավ, քանի անգամ արեւը դուրս եկավ, մայր մտավ, ոչ ոք չի կարող ասել։ Մելիք Շահնազարն ու խանը խնամի դառան։ Բերդաքաղաքը ծախվեց։

-Մելիք Շահնազարը գյոռբագյոռ տեռնա, մեր աղեգյ-ծաղեգյ քաղաքը ծախեց։

Քաղաքն էլ հո քաղաք չէր։ Քարի վրա Աստծո ձեռքով բուսած շոշ։ Եթե հայոց մյուս բերդաքաղաքները կառուցվել էին տուփով, մարմարով, Շուշին շինվեց երկնքից քաղված աստղաքարերով, գոհար ու զարդով, զմրուխտ քարերով ու սուտակներով, ադամանդով։ Եվ քանի որ դիրքն էլ բարձր էր, որ կողմից նայում էիր աշխարհի, շողշողում էր։ Քոչվոր խանի բաժին դառավ։ Խանը իր ցեղակիցներին մեկը մեկի ետեւից քաշում-բերում էր այստեղ, բնիկներին ցաքուցրիվ անում աշխարհով մեկ։ Մելիք Շահնազարը տեսավ, որ Աստծո, իր ժողովրդի առաջ մեղք է գործել, վազեց Ամարասի վանք, չոքելով աղերսներ հղեց Աստծուն, մոմեր վառեց, փորձեց քավարանվել, բայց... իզուր։ Վանքը նրա բարեգործությունը չընդունեց, որովհետեւ ավելի վտանգավոր բան աշխարհում չկա, քան չարի բարեգործական քայլը։

Տարիներ անցան։ Բերդաքաղաքը կամաց-կամաց կորցրեց բնիկներին, իսկ նրանք, ովքեր որոշել էին նախնյաց օրրանը չլքել, խանի հրամանով կենդանի-կենդանի հորեր լցվեցին, նետվեցին անդունդ։ Հարստացել էր խանը, դղյակներ կառուցեց, վիլլաներ կառուցեց... Բայց վիշտն այնպիսի ուղտ է, որ բոլորի դռանն էլ չոքում է մի օր, հարուստ ու աղքատ չի հարցնում, խան ու ռամիկ չի ասում։ Խանի յոթերորդ որդին էլ նշանվեց եւ, ուր-որ է, պիտի պսակվեր։ Վեց տղաները նրա, մեկիկ-մեկիկ, հենց որ նշանվում էին, հարսանիքին մի քանի օր մնացած, գնում-ընկնում էին քարն ի վար, կոտորվում։ Սիրած աղջիկներն էլ դառնում էին թռչուններ, թռչում ուրիշ աշխարհներ։ Հիմա ես սա ասացի, որ ընթերցողը պատկերացնի, թե խանի սիրտը ինչ վախ էր ընկել, երբ հերթը հասել էր վերջին զավակին՝ Ահադին, մանավանդ հարսնացուն՝ մի չոբանի աղջիկ, չէր համաձայնում իր հարսը դառնալ։ Աղքատ տեղով տեսեք ինչ հերս է ուզում բանեցնել։ Ասում էր՝ հա, ուրախ եմ, որ դուք հարուստ եք, բայց որ ձեր տղան ծույլ, անբան ու շնորքից զուրկ մարդ է, ո՞ւմ է հարկավոր։ Բայց խանը ե՞րբ է դիմացինին փորձել հասկանալ՝ տղիս աչքը բռնել է, վերջ։ Ու զոռով նշանել են։ Իսկ երբ Ահադը մի օր զբոսնելիս հարցրել է՝ Շաֆիգա, ինձ սիրո՞ւմ ես, նա, փոքր-ինչ մտածելուց հետո, բազմանշանակ պատասխան է տվել.

-Երբ սիրում, հասկանում են իրար, խոսքերն ավելորդ են, երբ չեն սիրում ու չեն հասկանում իրար, առավել եւս՝ խոսքերն ավելորդ են կրկնակի։

Հարսնացուի պատասխանը իսկապես խուսափողական էր։ Բայց տղան հակված էր ենթադրելու, թե ուզում է ասել, որ սիրում է։ Այդ պահին նրանք անցնում էին եկեղեցու մոտով, որի գմբեթին դրված խաչի վրա մի փոքրիկ թռչուն էր իջել, անունը՝ Հույս-հույս, երգում էր իր համար.

Տեր արդար լույս,
Տեր արդար լույս,
Չարին տար դուրս,
Չարին տար դուրս,
Բարուն տուր հույս,
Արեւ ու լույս,
Տեր արդար լույս...

-Չե՞մ կարող քարով միանգամից խփել այն հավքին,- նշանառուի շնորհքը փորձեց ցուցադրել Ահադը։ Ու դեռ խոսքը չավարտած, մի պարսատիկի քարով վար է բերում հավքին։ Հավքը թպրտում է, թպրտում, հանգչում։ Շաֆիգան շատ է տխրում դրա համար, մանավանդ՝ խաչի վրա իջած հավքին խփելը նա դիտում էր որպես սրբապղծություն։ Նախատում է Ահադին, բայց արդեն ուշ էր։

Ինչեւէ։ Ահադը ծնողների միակ տղան էր մնացել եւ ծնողների ուշքը գնում էր որդու համար։ «Աչքիս սեւն ու սպիտակը սա է մնացել, գոնե սա ապրի, որ հարստությանս տեր կանգնի». այսպես էր մտածում Քոչվոր խանը։ Եվ ահա մի օր Ահադը տուն եկավ անասելի տխուր, դեմքին գույն չկար։

-Ի՞նչէ պատահել, օղուլ,- միանգամից խանի սիրտը պողին ընկավ։

-Չգիտեմ, այ հեր, չգիտեմ։

-Էլի՛։ Մի բան ասա, ոչինչ մի թաքցրու։

-Չգիտեմ, ա հեր, չգիտեմ։

Խանինը իրեն էր հասել։ Տեսավ, որ տղան իմանում է, բան չի ասում, կանչեց կնոջը, դես խորհուրդ արին, դեն խորհուրդ արին, որոշեցին, որ մայրը հարսնացուին հանդիպի, գուցե նրանից մի խոսք պոկեն։ Այդպես ինչքա՞ն կարելի է համբերել։ Ահադը օր-օրի, կանգնած տեղը, ոտքի վրա չորանում էր, ոչ հաց էր դնում բերանը, ոչ ջուր։ Դեմքից էլ էն առաջվա աշխուժությունը չքացել էր, ասես չէր եղել։

Ահադի մայր Զառնիշանը գնաց հարսնացուի մոտ։ Շաֆիգան եւս տխուր էր, ինչքան ուզում էր ապագա սկսեսրոջ մոտ աշխույժ երեւալ, բան չէր ստացվում։ Հենց որ ուզում էր արեւի շող երեւալ երեսին, ամպն էլ ետեւից գալիս, ծածկում էր։ Զառնիշանը չհամբերեց.

-Շաֆիգա, աղջիկ ջան, ինչ է պատահել Ահադի հետ։ Սրտովը սեւ արյուն է հոսում։

Հարսնացուն տեսավ, որ էլ իմացածը թաքցնելն իմաստ չունի, որոշեց բոխչան բացել լրիվությամբ.

-Զառնիշան մայրիկ, ես վախենում եմ Ահադից։ Ոնց որ քաշկուտ է ընկնում, խաղլացավոտ է ասես, աչքին չարքեր են երեւում։ Ձեռքս հենց ուզում է բռնել, մեկ էլ, կաթվածահար եղածի նման, պոկվում է, մի կողմ կանգնում հանկարծ։ Մի օր էլ ասի՝ Ահադ, գուցե դու էլ ինձ չե՞ս սիրում, ճիշտն ասա, քանի ուշ չէ՝ բաժանվենք, քեզ հետ ի՞նչ է կատարվում։

Աղջիկը լռեց, ձենը հուզմունքից դարձավ կերկերուն, չէր կարողանում խոսել։ Խանի կինը անհամբերությունից ու լսածների զարհուրելիությունից չգիտեր ինչ խոսեր։ Մենակ ասում էր.

-Հետո՞... Հետո՞...

-Մի օր էլ, երբ շատ ստիպեցի,- շարունակեց աղջիկն իրեն հավաքելով,- Ահադը խոստովանեց։

-Ի՞նչ խոստովանեց։

-Ասաց՝ Շաֆիգա, հենց որ ձեռքդ բռնում եմ, ականջներս երեխայի լացի ձայնից քիչ է մնում պատառոտվեն... Էդ ձայնը բա դու չե՞ս լսում։ Լացուկոծ, աղմուկ, աղաղակ... Մի աղջիկ էլ՝ բնիկների լեզվով, ինչպես որ էն եկեղեցու գմբեթին հավքը երգում էր, օխտը քարի տակից ասես կանչում է՝ օգնեցեք, բռնեցեք ձեռքս, ինձ հանեք այստեղից...

Այսքանը որ լսեց Քոչվոր խանի կինը, իրեն կորցրեց, ուշաթափվեց։ Հարսնացուն վազեց, ջուր բերեց, երեսով տվին ջուրը, ճղճղացին-գոռացին, ետ բերին մի կերպ։ Ախր նրա մյուս վեց տղաների հետ էլ էր նույնը պատահել։ Զառնիշանը հավաքեց իրեն, հրաժեշտ տվեց հարսնացուին։

-Գուցե ուղեկցեմ, մայրիկ, ախր երեսիդ գույն չի մնացել...,- ասաց Շաֆիգան։

-Չէ, աղջիկ ջան, շնորհակալ եմ, որ ոչինչ չթաքցրիր։ Երեխայիս վիճակը լուրջ է... Պիտի շուտ մոլլայի մոտ տանենք։

Ահադի հայրը երբ կնոջից լսեց այս ամենի մասին, սրտաճաք եղավ։

-Կա-չկա, էլի նույն ցավն է։ Ահադն էլ կգնա ձեռքիցս... Էս խաղլացավը դարձել է մեզ համար տոհմական։

-Խանը ապրած կենա,- ասաց նրա վեզիրներից մեկը,- ինչո՞ւ պիտի նեղություն քաշեք դուք, ամոթ չէ՞ քեզ նման գովված խանի կինը գնա մոլլայի մոտ՝ սարի նման տղադ էլ հետը... Կգնամ եւ Ջեննեթստանի ամենալավ մոլլային կբերեմ այստեղ։ Խանը կարգադրեց, որ քառսուն ջորի՝ ուտելեղեններով, նվերներով, ոսկի ու արծաթ զարդեղենով, հավաքեն եւ ուղարկեն մոլլային բերելու նպատակով։ Այդպես էլ արեցին։ Ջեննեթստանի ճամփան բռնած՝ վեզիրը ձիով գնում է, գնում, ցերեկը գիշերվան կցած, գիշերը՝ ցերեկվան, այնքան է գնում, որ ձին «հոգնում» է ու մտածում.

-Ինչ անեմ, որ վեզիրը էլ հեռուն չգնա։

Ու ելքը գտնում է։ Ձին թեպետ բնիկներից է խլված, բայց քոչվորների լեզուն հասկանում էր։ Եվ մի քոչվորական շենով անցկենալիս ձին մտքում վճիռ կայացրեց՝ ոնց լինի, չլինի՝ շոշեցի Եփրեմին այս կողմերն են գերեվարել, գյուղերից մեկում կլինի։ Եվ չէր սխալվում։ Եփրեմը բնիկներից էր, գերել էին, բայց որովհետեւ քոչվորների լեզուն իրենցից լավ էր իմանում, համոզվելով, որ ուր-որ է իր գլուխն էլ են կտրելու, ասել էր. «Ես քոչվորների հին մոլլաներից եմ»։ Սկզբում չէին ուզում հավատալ, տարան իրենց փեյղամբարներից մեկի մոտ ու ասացին. «Այս մարդուն բնիկների մոտից ենք բերել, բայց ասում է, որ մոլլա է, ստուգիր, եթե ստում է՝ տեղնուտեղը գլուխը կկտրենք»։ Փեյղամբարը խոսեցնում է տակից-գլխից, տեսնում, որ չէ, այս մարդը գիր անելը, ջնջել-մնջելը իրենից պակաս չի իմանում։

-Դեհ, լավ,- ասում է նա ,- մի հարց էլ տամ, որ պատասխանեցիր, գնա քո մոլլայությունը շարունակիր։

-Փեյղամբարը ապրած կենա,- ասում է մոլլայի շորեր հագած Եփրեմը,- վճռողը դու ես, ինչ ուզում ես՝ ասա...

-Ալլահի սուրբ գրքից ի՞նչ գիտես։

-Ինչ հարցնես...

-Ղուրանից մի հատված, երկու, երեք խոսք կարո՞ղ ես ասել։

Եփրեմը աչքերը կկոցում է, մի պահ խորհում։ Այդպես նա անում էր պապին հիշելիս։ Իսկ պապը միշտ ասում էր. «Լեզուներ իմանալը փրկություն է, որդիս, թշնամու լեզուն էլ պիտի իրենից լավ իմանաս, որ հաղթես»։ Վայրկենական հիշողություններից կտրվում է Եփրեմը։ Փեյղամբարը իր պատասխանին էր սպասում։ Եվ իմանալով, որ դիմացինը ղուրանից բան չի հասկանում, իսկ ինքը բոլոր կրոնների հանդեպ հարգանք ուներ, Եփրեմը սկսում է ղուրանից տողեր արտասանել, ամեն տողի վերջում էլ «Ալլահ» կանչել։ Փեյղամբարը վերջապես հուզվելով նրա ճարտասանությունից, բացականչում է.

-Այսպիսի իմաստուն մոլլա առաջին անգամ եմ տեսնում։

Այդ պահից էլ Եփրեմը սկսում է քոչվորների մոտ մոլլայություն անել՝ սպասելով, իհարկե, մի հարմար առիթի, որ ազատվի, վերադառնա բնիկների իր հայրենիքը, իր սուրբ գործին կենա։

Ուրեմն, դառնանք վեզիրին ու ձիուն։ Ձին ասում է. «Էս կողմերում ես էլի եմ եղել, ամենալավ մոլլան պիտի որ մոտիկ շեներից մեկում լինի»։ Վեզիրը, ձիուն լսելուց հետո, առաջին իսկ պատահած շենում հարցնում է, թե՝ այս կողմերում մի գովված մոլլա կա, տեղը չգիտե՞ք... Եվ բոլորը մատնացույց են անում այն «մոլլային», որի մասին մենք պատմեցինք։ Վեզիրը հենց նրան էլ բերում է բերդաքաղաք, Քոչվոր խանի ապարանքը։

Մոլլայի դեր ստանձնած Եփրեմը աչքի տակով նայում էր հայրենի բերդաքաղաքին ու սիրտը կտոր-կտոր էր լինում. «Այս շեյթանները ի՞նչ են դրել քաղաքի գլխին, ավերել-ավարել են, բնիկներին կոտորել...»։ Եվ հանկարծ, իբրեւ թե անզգուշաբար, ոտքը մի քարի խփեց ու կռացավ հողի վրա՝ ընկնելու նման, բայց իրականում արտասուքն աչքերին խոնարհվել է ու համբուրել պապերի հողը. դա միայն բնիկներից խլված ձին նկատեց, որի սանձը բռնած՝ ուզում էր դեպի գոմը տանել վեզիրը։ Եվ ձին հուզմունքից երկար-երկար խրխնջաց։ Եփրեմը, որ դեռ Ջեննեթստանում էր ճանաչել իր մշակ եղբոր՝ Հովսեփի Թռչկան ձիուն, նրան մի շարժումով հասկացնել տվեց հեռվից-հեռու, որ չվշտանա, համբերի եւ հույսը չկորցնի։ Ամեն ինչ լավ կլինի։ Մոլլայի խորհրդով հարսնացուին էլ կանչեցին ու փեսայի հետ նստեցրին կողք-կողքի։ Սկսվեց մոլլայի գիր անելու օզան։

-Եթե տղայիս գլխից չարքերը հանեցիր,- մոլլային դիմեց խանը,- իմ ապարանքի չափ ու կշռով ոսկի եմ տալու... Թե չէ, կհրամայեմ գլուխդ կտրեն...

Եփրեմը ուշադրությամբ լսեց տղայի ու աղջկա պատմածները, գլուխը բացասաբար տմբտմբացրեց.

-Էս խմորը շատ ջուր է տանելու...

Ապա նա արագ-արագ, անտառ, անբառ իր գիրը գրեց, իսկ երբ գրածը բացեց, ինչ գիր, ինչ խոսք, ասես հազար ու մի թռչուն միանգամից քուջուջ էին արել տողերի վրա։ Բայց «մոլլան» իր գրածից ինքը գլուխ է հանում։ Ուշադիր նայեց, նայեց, թե.

-Ալլահն ասում է, որ դա մարդու ձեռքով դրստվելու գործ չէ։ Քարին տակ շենի ճամփին, քերծի ճեղքերից մեկում մի փոքրիկ թռչուն կա, անունը՝ Հույս-հույս, պիտի գնաք, այդ թռչունը գտնեք, միայն նա գիտե Ահադի փրկության ելքը։

Եփրեմը, խոսքը վերջացնելուց հետո, բոլորից թաքուն նայեց դեպի երկինք, խաչակնքեց ու անլսելի ձայնով շշնջաց. «Տեր արդար լույս»...

Իսկ տղայի ծնողները գլուխ-գլխի են տալիս՝ ո՞ւմ ուղարկեն հավքի ոտքը, ո՞ւմ չուղարկեն, հենց այդ պահին Եփրեմը՝ իր «սրտացավությունը» կրկին ապացուցելու համար, միջամտում է.

-Պիտի ուղարկեք փորձված մարդու։

Քոչվոր խանը հրամայում է իր նազիր-վեզիրներից մեկին՝ կռիվներով անցած, փորձված Ղոչի Մահմեդին, խիստ պատվիրում, որ գնա, հողի տակից էլ լինի, գտնի հավքին, տեսնի ինչ դեղ է առաջարկում թռչունն իր մինուճար մնացած տղային փրկելու համար։ Եվ այդ պահին տղան մոտենում է հորը, թե.

-Հայրիկ, ես էլ եմ ուզում գնալ։

Հոր դեմքը բացվում է, ուրախանում է, լավ է՝ տղան կգնա, ճամփին որս կանեն, կուրախանան, միտքն ու սիրտը մի քիչ կբացվեն։ Այդպես է մտածում հայրը եւ հավանություն տալիս որդու որոշմանը.

-Գնա, օղուլ,- ապա դառնում է Ղոչի Մահմեդին,- ամենալավ հրացաններից մեկն էլ տուր Ահադին...

Չնայած մի քանի րոպե էլ չէր անցել, բայց «մոլլայի» խիստ պատվիրանը՝ ճամփին չպիտի մեղք գործել, արյուն թափել, խանը արդեն մոռացել էր։

Ճանապարհ են ընկնում, գնում, գնում Ահադն ու Մահմեդը, այնքան էլ շատ չեն գնում, հասնում են Քարին տակի քերծի սահմանին։ Հանկարծ Ահադի աչքով է ընկնում բնիկների ավերված ու հին հանգստարանում, գերեզմանաքարի վրա կանգնած մի հավք՝ էլի նույն լեզվով, լացելու պես, երգում է.

Տեր արդար լույս,
Տեր արդար լույս,
Չարին տար դուրս,
Չարին տար դուրս,
Բարուն տուր հույս,
Արեւ ու լույս,
Տեր արդար լույս...

-Էլի էն երգն են երգում, որ ինձ գժվեցնում է,- մտածեց Ահադը,- սրան էլ սպանեմ, որ այլեւս այդ ձայնը հավիտենապես կորչի իմ ականջներից։

-Որսն իր ոտքով եկել, ձեռքներս է ընկել,- հորդորում է Ղոչի Մահմեդը։

Տրա՜ք...

Ծուխումուրով լցվում է օդը։ Հավքը արնաշաղաղ ընկնում է, թպրտում, թպրտում ու հանգչում։ Մի քիչ էլ որ Ահադն ու Մահմեդը գնում են, տեսնում են «մոլլայի» ասած քերծն իրենց դիմաց արեւի տակ ադամանդի նման պսպղում է, փայլ է տալիս երկնքին, փայլ առնում։ Տեսարանն այնքան գեղեցիկ է լինում, որ օձն անգամ հմայվել կարող էր՝ անբառ, անխոսք։ Թե որքան են իրենք իրենց մոռացած նայում ճամփորդները, դա իրենք կիմանան, մեկ էլ տեսնում են արծվի թեւերի մի հզոր շառաչյուն կամաց-կամաց մոտենում է իրենց։ Ահադը ձեռքն իսկույն հրացանին է տանում, բայց ընկերը նրան հասկացնել է տալիս, որ համբերի դեռ։ Ու հանկարծ լսվում է թռչունների արքա արծվի ձայնը.

-Ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք փնտրում...

Ահադն ու Ղոչի Մահմեդը մի պահ կարկամում են, հետո լեզու առնում.

-Մենք Հույս-հույս անունով թռչունին ենք ուզում։ Կարո՞ղ ես մեզ օգնել...

-Կօգնեմ՝ մի պայմանով,- խրոխտությամբ ասում է արծիվը,- պիտի աչքիս առաջ ջարդեք ձեր հրացանները, ձորը նետեք, նոր միայն ձեզ կառաջնորդեմ Հույս-հույսի մոտ։

Սկզբում դժվարանում են երկուսն էլ ջարդեն հրացանները, իրար երեսի նայում են, Ղոչի Մահմեդը հիշում է Քոչվոր խանի ապսպարանքը՝ ինչ գնով էլ լինի, հանդիպեք Հույս-հույս թռչունին, որոշում, որ ուրիշ ելք չկա։ Եվ արծվի առաջ երկուսն էլ ջարդում են իրենց հրացանները, նետում անդունդ։

-Հիմա կարող եք ինձ հետեւել,- ասում է արծիվն ու ճանապարհ ընկնում։

Մի հինգ-տասը րոպե գնում են, կանգնում քերծի դիմաց։ Արծիվը անհետանում է։

-Ոնց որ խաբվեցինք,- ասում է Ղոչի Մահմեդը,- ոչ ոք էլ այստեղ չկա, իզուր էլ ջարդեցինք մեր հրացանները։

Նա դեռ խոսքը չէր ավարտել, երբ քերծի ամենաբարձր ճեղքից դուրս եկավ Հույս-հույս թռչունը ու կանգնեց անդունդի վրա գլխիվայր կախված մի թփի։ Այդպիսի գեղեցիկ թռչուն ով էր տեսել կյանքում, աշխարհի բոլոր գույները փետուրների վրա ծիծաղում են, կտուցը կեռ, աչքերն էլ աստղերի նման փայլում են, ասես լույսի արծաթ ու ոսկի են թափում ձորի վրա։ Ահադն ու Մահմեդը իրենց մոռացած, տարված նայում էին, երբ Հույս-հույսը խոսեց.

-Այդ ի՞նչ արյուն է ձեր ձեռքերի վրա։

Մահմեդը Ահադի ձեռքերին նայեց, Ահադը՝ Մահմեդի։ Ոչինչ չտեսան, մանավանդ, քիչ առաջ աղբյուրի մոտ լվացել էին իրենց ձեռքերը՝ որս անելուց հետո։ Զարմացած նայեցին հավքին։ Հավքը շարունակեց.

-Էդ արյունը, որ ձեր ձեռքերին երեւում է, հասարակ աչքով չի տեսնվում, ջրով էլ չի մաքրվում...

Ահադին ու Մահմեդին թողենք այստեղ, վերադառնանք բերդաքաղաք։ Ուրեմն, «մոլլայի» խորհրդով որոշում են գնալ ու հարսնացուին բերել խանի տուն, որ երբ իրենց տղան գա, ամուսնացնեն, էդ չարքեր-մարքերն էլ մեջտեղից գնան-կորչեն։ Բայց երբ գնացին հարսնացուին բերելու, վերջինս կանգնեց, թե՝ չեմ գա ու չեմ գա, առանց Ահադի ոտքս ոտքիս առաջ դնողը չեմ։ Աղջկա ծնողներն էլ լսելով-տեսնելով իրենց մինուճար աղջկա աղաչանք-պաղատանքը, լացնուկոծը, կանչեցին, թե՝ մենք էլ չենք ուզում հիմա, թող Ահադը գա, հետո հեշտ է։ Խանի խոսքին խոսք բերել ու անպատիժ մնա՞լ, դա տեսնվա՞ծ բան է։ Քոչվոր խանը հրամայեց.

-Գլխատել հարսնացուի հորն ու մորը՝ աղջկանից թաքուն, հարսնացուին էլ զոռով տանել ապարանք...

Այդպես էլ արեցին։

Հիմա նորից դառնանք Ահադին ու Մահմեդին, տեսնենք ինչ եղավ նրանց հետ։

Հույս-հույսը թույլ տվեց, որ եկվորներն իրենց խոսքը ասեն։ Ու պատմեց Ահադն իր գլխով եկածը։ Պատմեց մանրամասնորեն, առանց քաշվելու։ Հույս-հույսը երբ լսեց, թե որ «մոլլա» է եկվորներին ուղարկել իր մոտ, ամեն ինչ հասկացավ։ Ուրեմն, մտածեց նա, գործելու ամենահարմար պահը եկել է։ Ու սկսեց ավելի խորանալ դեպքերի մեջ։ Իսկ Մահմեդն էլ կեղծ, շինծու, ծառայամտական իր հայացքով հավանության նշաններ էր անում անընդհատ։

-Իսկ հարսնացուդ քեզ սիրո՞ւմ է,- Ահադին հանկարծ հարցրեց Հույս-հույսը։

-Սիրո՞ւմ...,- կմկմաց Ահադը ու հիշեց Շաֆիգայի խոսքը. «Երբ սիրում, հասկանում են իրար, խոսքերն ավելորդ են, երբ չեն սիրում ու չեն հասկանում իրար, առավել եւս՝ խոսքերն ավելորդ են կրկնակի»։ Հիշեց, դարձյալ չկարողացավ այս բառերում ճշգրիտ պատասխանը գտնել, բայց քանի որ շատ էր ուզում, որ աղջիկն իրեն սիրի, ինքն իրեն կեղծեց,- հա, սիրում է... շատ է սիրում...

Հույս-հույսն իմաստուն հավք է, իսկ երբ ծլվլում է, ասես ծիվ-ծիվ անելու փոխարեն, մարդկային ձայնով, կիսատ-պռատ ասում է՝ հույս, հույս, հույս։ Դրա համար էլ անունը մնացել է Հույս-հույս։ Հույս-հույս հավքերը ժամանակով բերդաքաղաքում ապրող բնիկներն էին, բայց երբ խանի մարդիկ նրանց նետեցին անդունդները, միանգամից թռչուններ դարձան եւ իրար հույս տալով, թե բարին մի օր կհաղթանակի, պատսպարվեցին քերծերի ճեղքերում, ձորերում, ուր պատահի։ Ահադը եւ լսում էր, եւ ականջի ծայրով որսում քերծի ու ծմակի բոլոր այն ձայները, որ իրեն այն տխուր, ցնորեցնող երգն էին հիշեցնում՝ Տեր արդար լույս... Նկատելով Ահադի մտքում խորտակվելը, Մահմեդը հրեց նրան.

-Քեզ հետ են խոսում...

Տղան իրեն հավաքեց։ Հույս-հույսը շարունակեց.

-Հիմա կարող եք գնալ... Իսկ քո ցավի դեղը,- դիմեց երիտասարդին,- մեկն է՝ երբ էլի նման ձայն լսես՝ օգնեցեք, ձեռքս բռնեցեք, մի զլանա, աջդ մեկնիր ձայնի ուղղությամբ ու վազիր, երբ հասնես ձայնատիրոջը, ամեն ինչ կանցնի...

Ահադն ու Մահմեդը ուրախացած գալիս, վազեվազ տուն են հասնում եւ տեսնում՝ ի՞նչ... Հարսնացուն տանը, հարսանիքի պատրաստությունը քաշված, իրենց են սպասում։ Ամեն ինչ՝ մազը մազին պատմում են Ահադն ու Մահմեդը, Քոչվոր խանն ու կինը աշխարհով մեկ են դառնում, որ վերջապես տղայի խաղլացավի դեղը գտնված է։ Ահադը մոտենում է հարսնացուին ու, հիշելով Հույս-հույս թռչունի հարցը, նորից է դիմում հարսնացուին.

-Շաֆիգա, ինձ սիրո՞ւմ ես... Ասա՛, ասա՛, որ սիրում ես... Արդեն մեր տանն ես, մեր...

-Երբ սիրում, հասկանում են իրար, խոսքերն ավելորդ են,երբ չեն սիրում ու չեն հասկանում իրար, առավել եւս՝ խոսքերն ավելորդ են կրկնակի...

Ահադը հորից եկող սովորույթ ուներ՝ ցանկացած խոսք ընդունել իր օգտին։ Եվ այդպես էլ հարսնացուի բառերն ընկալեց որպես սիրո բուռն ու իմաստնացած խոստովանություն։ Փորձեց բռնել հարսնացուի ձեռքը եւ հանկարծ... նույն ձայները, նույն աղաղակը, լաց ու կոծը... նույն «օգնեցեք, ձեռքս բռնեցեք»-ը... Եվ ձայնի կողմը մեկնելով իր աջը, սկսեց ձեռքի ուղղությամբ վազել... Բանին անտեղյակ հարսնացուն ու խանի կինը, նազիր-վեզիրներն էլ՝ մի կողմից, հետեւեցին Ահադին... Տղան վազում էր սրտակոտոր, ականջում իր սպանած թռչունների երգը՝ չարին տար դուրս, չարին տար դուրս... բարուն տուր հույս, արեւ ու լույս...Հասան մի հարթ տարածք, որը խորը կտրվածքով երկու մասի է բաժանում մի գետ։ Իսկ ճեղքված քերծի պռնկին, անդունդի վրա կախված թփի վրա, ես հազար ու մեկ ասեմ, դուք հարյուր հազար ու մեկ հասկացեք, նստած հավքեր են, միասին երգում են՝ լացելու պես.

Տեր արդար լույս,
Տեր արդար լույս,
Չարին տար դուրս,
Չարին տար դուրս,
Բարուն տուր հույս,
Արեւ ու լույս,
Տեր արդար լույս...

Հավքերի միջից էլ մեկը կանչում է՝ օգնեցեք, ձեռքս բռնեցեք...

Ահադը հենց ձեռքը մեկնում է թե չէ, քերծը ճեղքվում է ու Ահադին էլ, նրա հետ եկածներին էլ միանգամից առնում իր մեջ, բոլորը գնում-կորչում, անհետանում են մի վայրկյանում։ Շաֆիգան դառնում է մի թռչուն, թեւին տալով, վերադառնում հայրական տուն։ Բայց երբ կանգնում է իրենց բակի ծառին, ինչ է տեսնում՝ ծնողները սպանված, արյուն հեղեղի մեջ, տունը ավերված... Ոնց որ բնիկների թաղամասում էր միշտ տեսնում՝ ծխաթակ, ավերակված պատեր եւ ուրիշ ոչինչ... Աղջիկը հասկանում է, որ դա Քոչվոր խանի արածն է։ Ու թողնելով բերդաքաղաքը, թռչում, գնում է հեռու, շատ հեռու, ուր ապրում են իր ցեղակիցները։

Տեսնելով այս ամենը Քոչվոր խանը, որ պատահմամբ յուրայինների հետ չէր ու ազատվել էր Աստծո այդ դատաստանից, հրամայում է.

-Կտրել մոլլայի գլուխը...

Այդպես էլ անում են։

Լսելով կատարվածի մասին, Մելիք Շահնազարը գալիս է ցավակցության։ Թեեւ խնամիներն իրարից շատ էին նեղացած ու համարյա խռով, վիշտը ներողամտություն է պարգեւում երկուսին էլ, բայց՝ ապարդյուն։ Վեր են կենում, շտապում այնտեղ, ուր Ահադն ու յուրայիններն անդունդին կուլ են գնացել... Տեղ են հասնում թե չէ, քերծը կրկին ճեղքվում է ու երկուսի համար էլ գերեզման դառնում։ Իսկ թռչնակներից մեկը կանգնել մի թփի, երգում էր Հույս-հույսի երգը, միայն թե «Չարին տար դուրս» բառերը ավելի շեշտված ու բարձր... Չարին տար դուրս... Մի քանի հեռավոր ազգակիցներ Քոչվոր խանից մնացել էին ու քանի որ բնիկների լեզուն այդպես երբեք էլ չկարողացան սովորել, «Չարին տար դուրս» բառերը ծռմռեցին ու դարձրին Ջըդըռ դուզ... Հենց այդ օրերին էլ բնիկներից կազմված արցախյան մի զորագունդ՝ Աշոտ անունով սպարապետի գլխավորությամբ, մտնում է բերդաքաղաք ու այն ազատում մնացյալ քոչվորներից։

Այսպես՝ չարը դուրս տարվեց բերդաքաղաքից։ Քարին տակի քերծում ապրող թռչունների թագուհի Հույս-հույսը եկավ անմիջապես՝ արծիվների ուղեկցությամբ, թեւերով շոյեց բերդաքաղաքի անդունդները, հորերը, ուր իր քույր ու եղբայր բնիկներին կենդանի-կենդանի նետել էին Քոչվոր խանն ու նրա մարդիկ... Եվ միանգամից հավքերը նորից կերպարանափոխվեցին, դարձան իրար սիրող տղաներ ու աղջիկներ, իսկ հարություն առած Եփրեմը եկեղեցու զանգահարի իր գործին անցավ, կրկին հնչեցրին եկեղեցու զանգերը։

-Բա՞, այսպես է,- իմաստնախոսեց արծվաքիթ մարգարեներից մեկը, - Քոչվոր խանը կոտորեց բնիկներին, անմեղ արյունով ողողեց իր ձեռքերը եւ... ամբողջ գերդաստանով արածի համար հատուցեց։ Աստված կա վերեւ։

Որտեղից նայում ես՝ Շուշի քաղաքի երկնամերձ եկեղեցիների խաչերն ու աստղաքարերով կառուցված շենքերը փայլում են։ Շուշին։ Քաղաք չէ, այլ՝ բերդաքաղաք։ Բերդաքաղաք չէ, այլ ալպիական լեռների վրա բարձրացած աստվածների նստավայր ու ոստան։ Ադամանդ։ Եվ երբ հեքիաթների վերջում երկնքից անմահական խնձորներ են ընկնում, մարդիկ մտածում են՝ հիրավի, երկնքի՞ց են ընկնում սրանք, թե՞ երկինք հասած հայոց բերդաքաղաքի խնձորենիներից են գլորվում գետնին...