Ճերմակ կռունկը
Ժամանակով հայոց հինավուրց շեներից մեկում մի կին էր ապրում մենակ, անունը՝ Սաթենիկ։ Մենակ էլ որ ասում եմ՝ այդպես չէ, որովհետեւ սպանված ամուսինը՝ Սիմոնը, շարունակում էր ընկերակցել նրան իր ոգեղեն ներկայությամբ։ Այդպես նրանք իրենց երկրային ու երկնային օրերն էին շարունակում անցկացնել միասին՝ որպես թագավոր ու թագուհի։ Շրջակա շենից, մոտիկ ու հեռու թագավորություններից գալիս, հյուրընկալվում էին, հետաքրքիր պատմություններ էին լսում աշխարհի սկզբի ու վերջի մասին ու գնում էին գոհ։ Սաթենիկը ոչ միայն գեղեցիկ էր ու անզուգական, այլեւ սերունդները գալիս, ծերանում, գնում էին, նա դեռ այնպես, ինչպես կար, ասես տարիքը կողքով էր անցնում։ Նրա թագավորությունը նրա սերն էր, որ ուներ հայրենի օջախի եւ իր թագվոր Սիմոնի հանդեպ։ Եվ ապրում էր իր, շատ-շատերին անհասանելի, արքայության մեջ։ Բայց այս էլ ասեմ՝ նա միանգամայն նման չէր աշխարհում եղած ոչ մի թագուհու. գիշեր-ցերեկ աշխատում էր, սար էր գնում, բոստան էր անում, հավ ու ճիվ էր պահում, ինչ ասես՝ որ չէր անում։
-Սաթենիկ, այդքան հարստություն ունես, հերիք է, էլի, քիչ աշխատիր։
-Քե մատաղ,- պատասխանում էր,- Աստված մարդուն մի ուտող բերան է տվել, երկու աշխատող ձեռք, պիտի աշխատեմ, որ ապրեմ, ուտելու համար չեմ աշխատում։
Սա նրա փիլիսոփայությունն էր։ Երբ արդեն ծեր էր, հագնում էր արցախյան խլեղ՝ դրսից սիրուն-սիրուն վարշամակներով, ներսից կարմիրով ծածկված, վարդոտ կտորներով գործված մի զգեստ, որի վրա հարյուր ու մեկ արծաթե զարդ ու թալիսման կային, ասես այդ շորը զարդարելու համար արեւի տակ եղած բոլոր դերձակներն ու նախշագործները մրցույթ էին անցկացրել։ Դեռ չեմ խոսում նրա գլուխը ծածկող քոփիի մասին, որի շրջանակից կախված՝ զրնգում էին սպիտակ սուրմաները եւ այայի կայտառ շարժումների ռիթմի տակ անդրադարձնում արեւի բոլոր գույները։
Այս ամենի մասին դուք լսելով, երեւի թե, պատկերացնում եք ձեր մտքում՝ ինչպիսին է եղել Սաթենիկը, երբ անհիշելի ժամանակներում եղել է տասնութ տարեկան։ Հենց այդ մասին էլ սկզբից՝ մի երկու խոսք։ Բա չե՞ք ասում, թե ոնց եղավ, որ մենակ Սաթենիկը մնաց, ով սպանեց նրա ամուսնուն։ Սիմոնը առյուծ տղա էր, բոլոր թագավորություններից գալիս, կանչում ու տանում էին, որ թշնամիներին հետ մղի, յոթ փահլեւանի ու, փահլեւանս որն է, յոթ բանակի դեմ մեն-մենակ դուրս էր գալիս ու հաղթում՝ Առանի նման։ Չէ՞ որ նրա սերնդից էր։ Մենակ էլ որ ասում եմ՝ այդպես չէ, սիրած աղջիկը՝ Սաթենիկը սրտումն էր լինում միշտ։ Եվ ուժին ուժ էր գալիս, միշտ հաղթում էր։ Բայց քանի որ հողի ու ջրի մարդ է լինում Սիմոնը, բոլորից հարուստ էր ապրում։ Տունն էլ հո տուն չէր, մի այնպիսի դղյակ էր, որ շարժում էր հարեւան թագավորությունների նախանձը։ Հարեւան թագավորներն ասում էին.
-Սիմոն, մեր երկրներում հազարավոր մարդիկ մեզ համար գիշեր-ցերեկ աշխատում են՝ էլ ստրուկ ու գերի, հազար ու մի ձի ու ուղտ, իսկ դու մենակ՝ քո կնոջ հետ, երկուսով եք աշխատում։ Գաղտնիքն ասա մեզ՝ ոնց ես անում, որ մեզանից էլի հարուստ ես։
-Գաղտնիք չկա,- քահ-քահ ծիծաղում էր Սիմոնը, Սիմոն մի ասա՝ մի հսկա ասա,- պարզապես ես ինձ համար իմ ձեռքերով եմ աշխատում, դուք ձեզ համար «աշխատում» եք ուրիշի ձեռքերով։
-Չէ,- մաղձից ֆշշացնում էին ժպտադեմ թագավորները,- այդտեղ մի գաղտնիք կա, մեզ չես ուզում ասել։
Մի տարի էլ այնպիսի մի երաշտ է սկսվում, որ հարեւան թագավորություններում ոչ մի ծառի վրա, ոչ մի բոստանում ու այգում մի հատիկ միրգ անգամ չի մնում։ Ուրիշ աշխարհներից եկած չարքաճպուռները վրա էին գալիս ու մի վայրկյան հետո ոչինչ չէր մնում։ Սիմոնը մի փայտե մարդ է սարքում իր ձեռքով՝ տորքանգեղյան մի հսկա, բեղ-միրուքը տեղը, ոտուձեռը տեղը, աշխարհի ամենաթանկարժեք զգեստները հագցնում, որ Սաթենիկն էր հյուսում, կանգնեցնում շենի ամենաբարձր ծառի վրա, անունն էլ այդ մարդու դնում է Բալի։ Փաստորեն դա խրտվիլակ էր։ Ձեռքերն էլ այնպես էր պատրաստել խրտվիլակի, որ հենց մի փոքր հով, ասենք՝ թռչնի թեւերի քամին դիպչում էր թե չէ, սկսում էր ծափ զարկել։ Ու այդպես բերքը մնում էր ծառերի վրա անվնաս։ Ոչ միայն այս մասին էլ են լսում հարեւան թագավորները, այլեւ իմանում եմ, որ խրտվիլակի անունը Բալի է դրել։ Բալին էլ հարեւան թագավորներից մեկի անունն է լինում, նրան, ով խոսքի տակին-գլխին սիրում էր ծափ զարկել՝ էս բանը բերեք, էս բանը տարեք... Սա եւս առիթ է դառնում, որ նախանձ հարեւանների համբերությունը հասնի սահմանին։ Կազմակերպում են իրենց նազիր-վեզիրների միջոցով, որ խրտվիլակը ջարդեն, չի ստացվում, գողերը միայն կարողանում են նրա թանկարժեք զգեստները հանել-տանել։ Բայց մեկ է, հաջորդ օրը խրտվիլակն ավելի լավ էր լինում հագնված։ Քանի-քանի անգամ էր Սիմոնը տեսել խրտվիլակի շորերը այս կամ այն վեզիրի հագին... Միայն ժպտացել է ու վեզիրի ուսը թմփթմփացրել. «Սազում է»։ Մեկ, երկու, մեկ, երկու, մեկ... Քինոտ թագավորները չեն դիմացել։ Եվ ահա մի օր էլ, խոսքները մեկ արած, որոշում են վերացնել մեջտեղից Սիմոնի բնակավայրը՝ Սպիտակաշենը, որը հին է այնքան, որքան ձյունի եւ կռունկների սպիտակությունը։ «Բա թագավորներին սազակա՞ն է,- ասում էին նրանք,- որ Սիմոն թագավորը մեր պատիվը գցում է ոչխար պահելով, ամեն գործ կատարելով... Էլ ի՞նչ թագավոր»։ Ոնց անեն իրենց սեւ գործը, ոնց չանեն, շատ են մտածում, թե քիչ, չարի համար չար գործ անելուց էլ հեշտ բա՞ն, ելքը գտնում են։ Իմանալով, որ Սիմոնը ամեն օր ինքն է իր ոչխարների հոտը արոտի տանում եւ կեսօրին միշտ նստում է Եխծուն տակի աղբյուրի մոտ ու նրա ջրով երեսը լվանում ու ծարավը կոտրում, տանում են մի վիշապ օձ ջրի ակունքում նստեցնում ու պատվիրում. «Հենց որ Սիմոնը խոնարհվի ջուր խմելու, աղբյուրի ակում թույն ես կաթեցնում»։
Ոչխարի հոտը կեսօրին գետում ջրելուց հետո Սիմոնը գալիս, աղբյուրի սառը ջրով երեսը ողողում է ու դեմքը հառում Աստծուն, որ օրհնանք տա, հետո ծարավը կոտրի, այդ պահին վիշապը իր սեւ գործը տեսնում է։ Դե, վիշապինն էլ ի՞նչն է շատ՝ թույնը։ Իրիկունը հոտը գյուղ է գնում՝ առանց թագվոր Սիմոնի։ Շենացիք Սաթենիկի հետ դես ու դեն են ընկնում, ի վերջո, գալիս, տեսնում են ի՞նչ՝ Սիմոնը ժայռի պես ժայռին թիկն տված, բայց բերանումը շունչ չկա, մարմինն էլ սեւ-սեւ։ Աղբյուրի ակունքի մոտ էլ ընկած էր սրով խողխողված հազար գլխանի մի հրեշավիշապ։
Սիմոնի թաղումը կազմակերպում է Սաթենիկը՝ թագավորական պատվով, հարեւան երկրներից բերած օգնություններն ու ոսկիներն էլ, իբրեւ ցավակցելու նշան, ետ տերերին է ուղարկում։ Հիմա էլ ուրիշ մրցույթ է սկսվում հայկական թագավորների մեջ՝ ով կկարողանա տիրանալ գեղեցկուհի Սաթենիկին, իր կինը դարձնել։ Ոսկիով ու ադամանդով բեռնված քարավաններից մեկը գալիս է, մեկը գնում՝ ինչպես եկել էին։ Սաթենիկը անդրդվելի էր։ Եվ մի օր էլ հազար ու մի բանակով գալիս, ավերում են Սպիտակաշենը, քար-քարի վրա չեն թողնում։ Ճիշտ է, Սաթենիկը Սիմոնի զենքն ու զրահը առած, Թռչկան ձին հեծած կռվում է շենացիների գլուխն անցած, բայց, ի վերջո, թշնամուն հաջողվում է շենը ավերել։ Իսկ Սաթենիկ թագուհին պահվում է Նախշուն քարի ծմակներում։ Չէր ուզում հեռու գնալ, որովհետեւ Սիմոնը ամփոփված էր շենից ներքեւ գտնվող Թեղուն տակ կոչվող հանգստարանում, եւ ամեն գիշեր այցելում էր Սիմոնի շիրմին, զրուցում հետը։ Այցելության գնալիս հագնում էր սպիտակ-սպիտակ, ծմակի ճերմակ ծաղիկներից ու վարդերից հյուսած իր զգեստները, ինչպես ամուսնության առաջին գիշերը։ Ու մի օր էլ, երբ զրուցում էր Սիմոնի հետ, թեքված նրա շիրմաքարին, հանկարծ նինջը վրա է գալիս ու աչք է փակում։ Երազի մեջ հայտնվում է մի ճերմակ-ճերմակ կռունկ։
-Վեր կաց,- ասում է կռունկը,- կմրսես, վեր կաց ու գնա տուն։
-Տո՞ւն... Դու ո՞վ ես...
-Ես Ձյունիկն եմ...
-Ձյունի՜կ... Գեղեցիկ անուն է։
-Ինձ Ձյունիկ են կոչել ճերմակ լինելուս համար։ Աշխարհի ամենաճերմակ կռունկն եմ։ Ինչո՞ւ մենակ ես։
-Մենակ չեմ։ Սիմոնը ինձ հետ է։ Իսկ, այ, դու...,- ուզում էր ասել «մենակ ես», չասաց, նայեց կռունկին։
Կռունկը կես խոսքից հասկացավ.
-Ես էլ մենակ չեմ... Լսո՞ւմ ես երկնքից ինչ ձայներ են գալիս...
Սաթենիկը ուշք դարձրեց։ Իսկապես, երկնքում կռունկների մի մեծ երամ էր պտտվում եւ աղիողորմ կանչում, թվաց Սաթենիկին, թե հետը ողբում են սիրեցյալի մահը։
-Քո երա՞մն է։
-Այո՛։ Ինձ են կանչում։
-Բայց դու այստեղ ի՞նչ ես անում։
-Երբ հարեւան երկրների թագավորները կռվում էին իրար դեմ, ավերում-վառում քաղաքներ, մի երեխա մնացել էր օրորոցում կապկպված, հուր ու ծխի մեջ... Թռա ու կտուցով հանեցի ծուխ ու կրակի միջից, հասցրի ծնողերին։ Այդ ժամանակ էլ թեւս վիրավորվեց։ Սկզբում ուշք չդարձրի, բայց երբ երամով ճամփա ընկանք, թուլացավ թեւս եւ ընկա այստեղ... Երբ դու եկար, ես այստեղ էի, չնկատեցիր ուղղակի... Ես էլ չուզեցի անհանգստացնել։ Աչքերդ բացիր, տես, ես քո կողքին եմ։
Սաթենիկը զգաց, որ երազի մեջ է։ Այդպես լինում է, չէ՞, մի կերպ աչքերը բացեց եւ տեսավ, որ, իրոք, կողքին մի ճերմակ կռունկ կա։ Տեսնելով կռունկի վիրավոր թեւը, սկսեց շոյել։
-Ես մեռնում եմ,- հառաչեց կռունկը,- իսկ իմ ընկերները երկնքում են, ոչ կարողանում են թողնել ինձ՝ գնալ, ոչ կարողանում են բուժել։
-Ես քեզ կբուժեմ,- միանգամից վճռեց Սաթենիկը եւ վիրավոր կռունկին տաք կրծքին սեղմելով, գնաց նորից, մխրճվեց ծմակի մեջ։ Իսկ կռունկների երամը երկնքով թռչում ու հետեւում էր Սաթենիկին, չիմանալով, թե նա ինչ պիտի անի իրենց ընկերոջը։ Սաթենիկը կռունկին տարավ այնտեղ, ուր գիշերում էր ինքը։ Դա անսովոր մի դղյակ էր, ավելի ճիշտ՝ ընկուզենու փչակ, որ դեռ Սիմոնի կենդանության ժամանակվանից էր մնացել։ Ծառի բարձր ճյուղերի արանքում, բնի վրա վայրի մեղուներն են բույն դրել։ Մեղուները սիրում էին Սաթենիկին եւ նրան կարճ Սաթիկ էին անվանում։ Սաթիկը քանի-քանի անգամ է վայրի մեղուներին փրկել մեղրասեր արջի ու նրա քոթոթների ոտնձգություններից։ Եվ մեղուներն ուզում էին ամեն կերպ երախտապարտ լինել։ Առաջին անգամ, երբ նրանք մեղրով հյուրասիրել են Սաթիկին, վերջինս հրաժարվել է.
-Ես չեմ աշխատել, ոնց ուտեմ...
-Չէ, Սաթիկ քույրիկ,- ասել են մեղուները,- վաստակել ես դու այդ մեղրը, չէ՞ որ այն օրից, ինչ բնակվում ես ծառի փչակում, ոչ մի թշնամի մեզ մոտ չի գալիս։
Ու ծիծաղել են մեղուներն ու Սաթենիկը, իրար հասկացել։ Այնպես որ, երբ կռունկի հետ Սաթենիկը հայտնվեց ընկուզենու մոտ, մեղուները մեծ ուրախությամբ դիմավորեցին նրան ու Ձյունիկին։
-Ես պիտի իմ տանը պահեմ, խոտերով բուժեմ Ձյունիկին,- վճռորեն ասաց Սաթենիկը։
-Մենք բուժելու ամենադյուրին ու ամենաարագ ձեւը գիտենք,- ժիր վրա բերեցին մեղուները, թեպետ գիշեր էր արդեն եւ իրենք քնած էին լինում այդ ժամերին, պարզապես արթուն էին մնացել՝ քանի դեռ Սաթենիկը չէր եկել...
-Ինչպե՞ս...,- իր իմացածը մտքում պահած, նրանց նայեց Սաթենիկը։
-Մեղրով... Մի քանի կաթիլ մեր մեղրից կաթեցնում ենք վերքին, ծաղկաթերթով կապում եւ, վայրկյան չի տեւում, բուժվում է։
Այդպես էլ արեցին։ Ձյունիկն ինքն էլ չիմացավ, թե ինչպես վերքը փակվեց, թե ինչպես իրեն լքած ուժը եկավ նորից։ Ու թեւերով համբուրելով Սաթենիկին, շնորհակալություն ասաց նրան ու մեղուներին, թռավ, միացավ իր երամին։ Թեկուզ գիշեր էր, բայց Սաթենիկը երկար-երկար կանգնած ծառի տակ՝ նայում էր նրա ետեւից, թվում էր՝ կռունկը պատանեկության ու սիրո հուշն էր, ձեռքից թռավ ու այլեւս ետ չի գա։ Ուրախության եւ տխրության զգացումները պարուրեցին սիրտը։
Հաջորդ օրը քնից արթնացավ ու ի՞նչ... աչքին չէր հավատում։ Իր շենը վերականգնված, իր տունը վերականգնված, հարստություն, ամեն-ամեն ինչ իրենց տեղը, միայն... Ո՞ւր էր թե Սիմոնն էլ կենդանի լիներ։
-Սա ի՞նչ հրաշք է,- զարմանում էր Սաթենիկը։
-Դա մեր երամի երախտագիտությունն է,- հեռվից, շատ հեռվից մի կռունկի ձայն հասավ Սաթենիկի ականջին,- ապրիր, հարյուր տարվա կյանք էլ գումարում ենք քո ապրած տարիներին...
Հուզմունքից արտասվում էր Սաթենիկը, երբ մի երեխա՝ Ավետիք անունով, քաշեց նրա թեւից։
-Ո՞վ ես դու, բալիկ ջան...
-Ինձ Ձյունիկ մորաքույրն է բերել, որ մենակ չլինես։
Իսկապես, առանց նրա Սաթենիկը մենակ կլիներ։ Եվ որդեգրեց Ավետիքին։ Ոչ միայն։ Շենում որբեր շատ կային, նրանց եւս որդեգրեց։ Ասաց.
-Ես մեղուների մեջ ապրել եմ նույն ծառի մեջ եւ հիացել եմ նրանց համերաշխությամբ, ուզում եմ իմ տունն էլ մեղվափեթակի նման լիքը լինի աշխույժ ձայներով։
Ժիր մեղուների պես աշխատում էին գիշեր-ցերեկ, եւ Սաթենիկը մայր մեղուն էր, նրանց պահեց, մեծացրեց, ամուսնացրեց, տուն ու տեղ դառան, Սպիտակաշենն ավելի շենացրին։ Եվ արդեն բավականին տարիք էր առել Սաթենիկը, երբ մի օր էլ գնաց Սիմոնի շիրմին այցի՝ Թեղուն ծառի տակ, Սիմոնն ասաց.
-Քո պահած-պահպանած զավակներից մեկը պահիր կողքիդ, որ նեղ օրիդ հասնի...
Սաթենիկն այս մասին խոհրդակցեց զավակների հետ։ Եվ նրանց մեջ մեկը կար, որ ծուլություն էր անում միշտ, ասաց.
-Սաթենիկ մայրիկ, ինձ պահիր կողքիդ...
Սաթենիկը չուզեց նրա քեֆը կոտրել, ասաց.
-Թող քո ասածը լինի, մենակ թե՝ պիտի լավ աշխատես։
-Եղավ,- ուրախացավ ծույլ Սուրոն, իսկական անունը Սուրեն էր։
Տարիները մեկը մեկին հաջորդեցին, Սաթենիկը տատիկ դարձավ, բայց արդեն ամուսնացած, երեխատեր Սուրոն չփոխվեց։ Սաթենիկ մոր ունեցվածքը լրիվ վերջացնելուց հետո գրեթե աղքատության դուռը հասավ։
-Սուրո, վառարանի փայտը վերջացել է, գնա ծմակը, փայտ բեր ձիով...
-Ա մեր, ծմակ գնալը ինչ կապ ունի, մարդուն պիտի Աստված տա։ Իմը պիտի, ա՜յ,- ցույց էր տալիս տան երդիկը,- այնտեղով Աստված բերի, լցնի տուն։
-Այդպես չի լինում, քե մատաղ,- ասում էր մայրը,- Աստված աշխատողին է ձեռ հասցնում, չաշխատողին ձեռ չի հասցնում։
Սուրոն անդրդվելի էր։ Եվ տեսնելով, որ չի կարողանում ապրել, կնոջը, երեխաներին լցրեց մի ձիասայլակի մեջ, քշեց, գնաց հարեւան թագավորություն.
-Ա մեր, դե որ դու չես գալիս, ես գնում եմ, էս շենը իմ սրտովը չէ։
Քանի-քանի թագավորություն գնաց՝ ինքը գիտե, մեկ էլ Աստված։ Իսկ Սաթենիկ մայրն ասում էր.
-Մեր Սուրոյի պորտը շուն տարած է, մի տեղ տիտիկ չի անում։
Սաթենիկ տատիկն էլ դեռեւս երեսուն տարեկան էր, երբ կռունկների երամը նրա կյանքին հարյուր տարի եւս ավելացրեց։ Երբ այդ հարյուրն էլ անցավ, ապսպրեց.
-Մեր Սուրոյին գտեք, որ գա... Ես մեռնում եմ... Թող ինձ ամփոփի Սիմոնի կողքին...
Սուրոն, որ արդեն վեց թագավորություն էր փոխել եւ հյուծվել, հալից ընկել էր, գալիս է Սպիտակաշեն, հողին հանձնում Սաթենիկ մայրիկին՝ ոնց որ նա կտակել էր, հարստությունն էլ վերցնում ու նորից չվում հեռու, շատ հեռու մի երկիր, օվկիանոսից այն կողմ։ Նրա գնալուց երեք օր հետո, ասում են, մի այնպիսի հրաշք է տեղի ունենում շենում՝ չտեսնված, չլսված։ Սաթենիկ մայրիկի շիրմի վրա հողից բարձրանում է մի անձեռակերտ, ադամանդե քարերից շինված եկեղեցի՝ սպիտա՜կ-սպիտա՜կ։ Որ եկեղեցու զանգերը հնչում են, աշխարհն ասես լցվում է Աստծո խորհուրդներով ու երկնքից մանանա է իջնում։ Քանի անգամ են թշնամիները հարձակվել շենի վրա, բայց եկեղեցուց անընդհատ բարձրացող լուսե ցոլքերը սրերի նման նրանց գլխատել ու դեն են գցել։
Բայց դրանով չի ավարտվում Սաթենիկի կյանքը։ Սուրոն իր հետ օտար թագավորություն մեկնելիս վերցնում է Սաթենիկ մոր նկարը եւ տանում ծոցի մեջ՝ որպես երջանկութան ու հաջողության, լույսի ու հարստության թալիսման, մեծացնում, պահում իր տանը։
Ահա հենց այս տանն էլ Սաթենիկի կյանքի մի ուրիշ շրջան է սկսվում։ Բայց ամեն ինչ պատմենք հերթականությամբ, այնպես որ՝ ոչ մի մանրուք դուրս չմնա, քանի որ Սաթենիկ տատիկը արդեն դարձել է սրբություն։ Ասացինք, որ Սուրոն շատ երկրներում է եղել տնով-տեղով, այնքան էր տեղից տեղ գնացել իր ձիասայլակին նստած, ունեցած-չունեցածը խեղճ ձիուն բեռ դարձրած, որ ձին հալվել-մաշվել, գնացել էր էն աշխարհը, ինքն էլ մնացել էր աղքատ-աղքատ մի օրում, մարդ ասում է՝ թշնամիդ էլ այդ վիճակը չտեսնի։ Ու մի անգամ, երբ տանը մենակ է մնում Սուրոն, մոտենում է Սաթենիկ մոր Նկարին ու, արցունքը աչքին, հարցնում.
-Ի՞նչ անենք, որ այս վիճակից դուրս գանք...
Փաստորեն Նկարին նայելով՝ ինքն իր հետ խոսում էր Սուրոն։ Բայց հրաշք եղավ։ Նկարը լեզու առավ եւ սկսեց խոսել.
-Որդի ջան, քե մատաղ, Աստված մարդուն մի բերան է տվել, երկու ձեռք... Աշխատել է հարկավոր...
Սուրոն միանգամից այնքան է փոխվում, որ բոլորը մնում են զարմացած։ Գիշեր-ցերեկ աշխատում է ու չի հոգնում, աշխարհը այնպես է գեղեցկանում աչքին, մարդիկ այնպես են բարիանում, հողն այնպես է քաղցրանում։ Նույնիսկ աշխատանքից դուրս ուրիշ մի զբաղմունք է գտնում իր համար Սուրոն. քաղաքամերձ այգիներում խաղողի այգիներ է գցում, այնտեղ մի փոքրիկ հյուղակ կառուցում իր ձեռքով եւ երբ աշխատանքից տուն էր վերադառնում իրիկունները, մոր Նկարի հետ մի երկու խոսք էր փոխանակում ու մեկնում այգի։ Թեեւ առանց նրա Նկարը մենակ էր մնում, թոռնիկները, ծոռնիկները, մանավանդ հարս ու փեսա տանն ուրիշ լեզվով էին խոսում հիմնականում, բայց Սուրոյի այգում աշխատելն ու հողին ամուր կապվելը Սաթենիկ մայրիկի սրտովն էր։ Եվ այդպես, ամեն օր, երբ տուն էր մտնում Սուրոն, առաջինը մոտենում էր Նկարին.
-Բարեւ, մայրիկ...
-Աստծո բարին, որդիս...
Առանց այս «բարեւ»-ի ու «Աստծո բարին»-ի աշխարհը այլեւս աշխարհ չէր։ Իհարկե, լինում էին դեպքեր, երբ Սուրոն ավելի երկար էր զրուցում մոր հետ, հիշում էին Սպիտակաշենը, գլուխներով անցած կռիվներն ու դեպքերը։ Մեկ-մեկ էլ Նկարն ասում էր.
-Քե մատաղ, ականջներումս, ախր, մի զնգոց կա... Ականջս ոնց որ միշտ կանչում է...
Սուրոն հասկանում էր, իհարկե, որ դա Սպիտակաշենի կարոտից է ու ասում էր.
-Մայրիկ, ոչինչ, կանցնի, դա Սպիտակաշենում քո շիրմի վրա բարձրացած եկեղեցու զանգի ձայնն է։
Ու այսպես տարիները գնում էին, Նկարն էլ իր կյանքով էր ապրում։ Երբ Սուրոյին նեղացնում էր մեկը կամ քեֆին դիպչում էին, գալիս, Նկարի մոտ նստում ու թախծում էր, մի տեսակ լեզուն փոխած իր ընտանիքն էլ էր ասես երբեմն, մեղա Աստծո, օտար թվում Սուրոյին։ Նորից աշխատանքը հարստություն է բերում Սուրոյի ընտանիքին, աղքատությունը լքում է նրան։ Բայց Սուրոն արդեն ութսունն անց մարդ էր, մի օր էլ Սադայելը գալիս է ետեւից.
-Գնանք։
Սուրոյի մահից հետո Նկարի կյանքը օր-օրի դառնում է տաղտուկ։ Տանը բոլորը օտար լեզվով էին խոսում։ Ճիշտ է, Նկարն արդեն ամեն ինչ հասկանում էր, բայց... ինչ խոսեր, երբ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ եթե մայրենի լեզվով դիմեն Նկարին, նա կխոսի իրենց հետ։ Ընդամենը Սուրո պապից մնացած մի բառ էին հիշում, մեկ-մեկ Նկարի կողքով անցնելիս դիմում էին նրան.
-Բարեւ...
Նկարը ուրախացած ասում էր.
-Աստծո բարին...
Այսքանը։ Ուրիշ՝ ոչինչ։ Տարիք են անցնում։ Մայրենին այդ ընտանիքում լրիվությամբ մոռացվում է, Սուրոյի որդիներն էլ են էն աշխարհը մեկնում, նոր սերունդները՝ թոռնիկները, ծոռնիկներն ու կոռնիկները նույնիսկ չեն էլ իմանում՝ իրենք ովքեր են, որտեղից են եկել... եւ այլն, եւ այլն։ Ու մի օր ծոռնիկներից մեկը մոտենում եւ օտար լեզվով բարեւում է Նկարին։ Նկարը նայում է, նայում ու սկսում են աչքերից արցունքներ հոսել։ Նկարն ինքն իրեն ասում է. «Մարդ, որ իր մայրենի լեզուն մոռանում է, ուրեմն՝ Աստծուն էլ է մոռանում։ Մեղա քեզ, Աստված, այս ի՞նչ օրի հասանք»։ Բայց դրանով ամեն ինչ չվերջացավ։ Տանը հեռուստացույցի էկրանի վրա կատարվող անպարկեշտություններին ու սրբապիղծ արարքներին Նկարը մի կերպ դիմանում էր էլի։ Վիճակն անտանելի դարձավ, երբ իրենք՝ տնեցիներն սկսեցին Նկարին մարդու տեղ չդնելը եւ նրա առաջ... ինչ ասես, որ չէին անում. էլ պորտապար, էլ անպարկեշտ գրկախառնություններ՝ ռոք ու ջազի տակ... Սա ոչ միայն դուր չեկավ Նկարին, այլեւ ստիպեց, որ Սաթենիկ տատիկը դեմքը շրջի Նկարում։ Տնեցիները երբ դա նկատեցին, մնացին շշկլված.
-Ո՞վ է Նկարը շուռ տվել։
-Ոչ ոք... Պարզապես հնացած Նկար է, էլի, գույնը փախել է, համ էլ ժամանակն էր, որ պատից վերցնեինք... Ամեն ինչ իր ժամանակն ունի։
Այս խոսքերը Սաթենիկ տատիկը լսում էր իր թիկունքից եւ նրա լուռ արտասվելը ոչ ոք չէր տեսնում։ Սաթենիկ տատիկը արտասվում էր ոչ թե իր, այլ ընտանիքի համար, որովհետեւ այն իր կերպարը կորցնում էր, ձուլվում էր, օտարանում էր ինքն իրեն։ Շատ չանցած, ծոռնիկներից մեկը, որ ավելի սրտաբաց էր, չի թողնում Նկարը աղբանոց նետեն, տանում, կախում է Սուրո պապիկի այգում կառուցած հյուղակի պատից։ Ճիշտ է, այգում ցուրտ էր, սառնամանիք էր, բայց...Տատն այստեղ անհամեմատ լավ էր զգում իրեն։ Հող, ծառ, այգի, ծաղիկ, ջուր, երկինք... Մի խոսքով, իր աշխարհն էր ու ինքը։
Գիշերները անցկացնում էր հաճախ հայրենի երկրի ջահելության հուշերում։ Ու լինում էին պահեր, երբ վերապրելով այս կամ այն դեպքը, ինքն իրեն բարձրաձայն ծիծաղում էր։ Մի անգամ նույնիսկ նրա ծիծաղի ձայնից հյուղակի թիթեղածածկի տակ գիշերող վայրի աղավնիներն արթնանալով քնից, վախեցած թեւահարեցին օդում, լռեցին նորից։ Ինչ էր հիշել Նկարը։ Շատ, շատ տարիներ առաջ, երբ դեռ ջահել էր ու Սիմոնը սպանված էր, հարեւան երկրի թագավոր Գոռ-Բա-Գոռը գալիս է, թե. -Սաթենիկ, գնացողը գնում է, ապրողը պիտի ապրի։
-Չհասկացա խոսքիդ իմաստը,- իրեն չիմացողի տեղ դրեց Սաթենիկը,- ինչ ես ուզում ասած լինել...
-Միանանք, մեր տերություններն էլ միացնենք, ափսոս է քեզ նման գեղեցկուհին մշտական սուգի մեջ թողնել, սիրտս կտոր-կտոր է լինում, երբ քեզ տեսնում եմ այդ վիճակում,- ոգեւորված սեր է բացատրում Գոռ-Բա-Գոռը եւ հայացքով ցույց տալիս կողքից կախված թուրը, քիչ հեռվում իր ազդանշանին սպասող նազիր-վեզիրներին, բոլորն էլ՝ զինված,- իմ ուժն էլ հո գիտես, բոլոր թագավորությունները դողում են անունս լսելիս։
Գոռ-Բա-Գոռի մեծագոհ խոսքերը դեռ մի կողմ, դունչը համարձակվեց անգամ երկարել դեպի Սաթենիկի զայրույթից վառվող այտերը։ Այդ պահին Գոռ-Բա-Գոռը նման էր մի գոմշահորթի, որ առաջին անգամ դաշտ դուրս գալով՝ հոտոտում էր գետի զուլալ ջուրը, տեսնի՝ կկարողանա՞, արդյոք, վրայով ցատկել։ Բայց այս անգամ գետն իր տեսածներից չէր, հզոր էր ու վարար, մաքուր էր ու լեռնային։ ԵՎ հենց նրա շունչը փորձեց հասնել Սաթենիկի դեմքին, Սաթենիկը երկարուկ փեշը ետ տարավ ծնկի վրայից, գոտկատեղից կախված սուրը հանեց պատյանից ու այն քաշելն էր, որ քաշեց...
Սակայն ցավալին այն էր, որ մենավոր ծիծաղից հետո կարոտի տխրություն էր իջնում Նկարի վրա։ Եվ ահա նոր լույս բացվեց Սաթենիկի համար։ Մի լուսնկա գիշեր էր, երբ նոր էր ուզում նինջ մտնել մենության մեջ, ականջին երկնքից ինչ-որ ձայն հասավ։ Հյուղակի պատուհանանման անցքից դուրս նայեց. երկինքը մաքուր-մաքուր էր, ոնց որ կաթնալույսով հունցված լիներ։ Եվ այդ մաքրության մեջ երեւաց նշանների մի երկարուկ գիծ... Ավելի ուշադիր նայեց՝ գիծը շարժվում էր։ Մի տաք սարսուռ անցավ սրտով։ Գիծը կամաց-կամաց մոտենում էր, դրան զուգահեռ էլ ձայները դառնում էին լսելի։ Գիծը ձգվեց դեպի երկնքի խորքը, ապա սուր կամարի տակ շեշտակի թեքվեց ներքեւ ու նորից՝ դեպի վեր, այս անգամ՝ առաջվանից զգալիորեն ցածր կամարով, դարձյալ թեք կորագծով իջավ դեպի երկրի շերտերը։ Ծանոթ տեսարան պարզվեց Նկարի առաջ, քիչ էլ նայեց ու տեսավ, որ, ծանոթը որն է, շատ հարազատ պատկեր է գծագրված երկնքի ֆոնին։ Ու միանգամից ճչաց. -Քե մատաղ, էս հո մեր Մասիսներն են...
Այդպես էլ կար։ Երկնքով անցնում էր Հայաստան երկիր չվող կռունկների երամը։ Սաթենիկի հոգին տեղից ծուլ եղավ, երբ երամն իր թռիչքագծով պատկերեց նաեւ Քիրսն ու Մռովը, Սեւանա լիճը, Վարարակնի մոտ ալիքվող Կապուտանը։ Այնքան էր հուզվել Նկարը, որ գլուխը հանեց հյուղակից ու դեպի երկինք կանչեց.
-Ջան, ձեր ձենին մեռնեմ, հայրենի կռունկներ։
Դողում էր Նկարի ձայնը։ Ապա նա ինքն իրեն խոսեց.
-Քե մատաղ... Էս հո հրաշք է...
Երեւում էր ամեն ինչից, որ կռունկների թեւերի մեջ էլ հայոց երկրի կարոտը մեծացել էր։ Մանավանդ՝ արդեն ցրտերն ընկել էին։ Սակայն Նկարի ուրախությունը երկար չտեւեց, բարձրացավ մի անձրեւախառն տափաստանային քամի, որին Նկարը սովոր չէր, այգիները ավերեց, իսկ Նկարին հյուղակի ջարդված դռան ճեղքով հրեց դուրս։ Կարծես աշխարհի վերջը եկել էր։ Նկարը ծեծկվում էր անձրեւի ու քամու թեւերին եւ հազիվ-հազիվ կարողանում էր շշնջալ.
-Քե մատաղ, էս հինչ պըտահից ըշխարհքեն...
Սակայն վերջին բառերը բարձրաձայն չէին հնչում։ Լսելի էին միայն «Քե մատաղ» բառահատիկները։ Աստված կա վերեւ, սակայն։ Նկարի ձենը հասնում է կռունկների երամին, նրանց մեջ մեկը, մանավանդ, անընդհատ ետ էր մնում։
-Ինչ է պատահել,- շրջապատում են երամի կռունկները։
-Ներքեւից մի ձայն է գալիս, ոնց որ ծանոթ լինի...
Քամին ու անձրեւը ոնց որ սկսել էին, այնպես էլ հանկարծակի դադարում են։ Երամը մոտ է թռչում։ Եվ հանկարծ երամից մի կռունկ իջնում է հսկայական այգու վերջին հասած, մի թփի տակ ընկած Նկարին.
-Սաթենիկ...
-Ձյունիկ...
Եվ այսպես, Ձյունիկ կռունկն ու Սաթենիկը նորից իրար հանդիպեցին, այս անգամ՝ բոլորովին ուրիշ-ուրիշ երկրում, բոլորովին ուրիշ-ուրիշ պայմաններում։ Նկարը պատմեց, թե իր գլխով ինչեր են անցել։
-Ես քեզ կտանեմ ինձ հետ Արցախ,- ասաց Ձյունիկը։
-Քե մատաղ, չեմ ուզում բեռ դառնալ, թեպետ սիրտս շատ է մեր աշխարհն ուզում...
Ձյունիկը թեւերին է առնում Նկարը, բարձրանում, խառնվում երամին։ Երեսուներեք կռունկ է լինում երամի մեջ, փոխնիփոխ Նկարին իրենց թեւերին առնելով, գալիս, հասնում են հայոց բիբլիական երկիրը։ Սկզբում երեւում է Մասիսի գագաթը՝ ասես մշուշների միջով լողացող ճերմակ մի կռունկ, ապա Քիրսն ու Մռովն են հայտնվում ոսկե մթնշաղի մեջ։ Կռունկների երամը, սակայն, թռչում է դեպի Սպիտակաշեն, որտեղից աշխարհի չորս կողմերի վրա ցոլքեր էր տարածում Սաթենիկի շիրմի վրա բարձրացած անձեռակերտ եկեղեցին։ Ձյունիկը Նկարին իջեցնում է ուղիղ այնտեղ, ուր մի ժամանակ (ե՞րբ է եղել դա, որքա՜ն-որքա՜ն ջրեր են հոսել այդ օրից, քանի-քանի անգամ է մթնել օրը եւ լուսացել) ինքը՝ թեւը վիրավոր, իջել էր, Սիմոնի քարի մոտ։ Հենց որ Նկարը դիպչում է Սիմոնի շիրմաքարին, հանկարծ Սաթենիկի կարոտից շիկացած քարից լույս է բարձրանում, լույսի միջից դուրս է գալիս մի քսանամյա երիտասարդ, իսկ Նկարը ծաղկի պես փթթում-բացվում է, ասես հեքիաթում լիներ, նկարի միջից դուրս է գալիս տասնութամյա մի աղջիկ։
-Սիմոն...
-Սաթենիկ...
Աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկը, որ տեսել եմ, դա Սաթենիկի ժպիտն է։ Ժպիտներ շատ ունի Սաթենիկը, բայց նրանց մեջ կա մեկը, այն, որ միայն ու միայն Սիմոնի համար է, Սաթենիկի դեմքը միանգամից դարձնում է մանուշակների կուսական հովիտ, որտեղից հովն անգամ մի թերթիկ չի հասցրել տանել, անգամ մեղուն չի մոտ եկել դեռ...
Այստեղ բառեր պետք չեն։ Միայն ասենք, որ անձեռակերտ եկեղեցու մոտ, ուր Սիմոնի շիրիմն էր, մի եկեղեցի էլ է հողից վեր խոյանում՝ նույնքան լուսե, ադամանդաշող, միայն՝ մի գլուխ մյուսից բարձր։ Հայոց աշխարհում էն գլխից եխծիները զույգ-զույգ են ծնվում ինչպես, օրինակ, Էջմիածնում, Խութավանքում, Շուշիում...
Նոր կյանք է սկսվում Սիմոնի ու Սաթենիկի համար։ Իսկ կռունկների թեւի տակ երկինքը այնքան գեղեցիկ էր։ Մի օր էր ընդամենը անցել այս ամենից, երբ Սաթենիկը իրենց դռան մոտ նկատեց մի կիսատկլոր, սոված ու գլխաբաց երեխայի. -Ո՞վ ես, քե մատաղ, ինչ ես ուզում...
-Ես Սուրոյի թոռն եմ... Էն, որ Նկարին տարավ հյուղակ, չթողեց դեն նետեն... Փնտրելով եկել-հասել եմ այստեղ...
Սաթենիկն ու Սիմոնը երեխային տուն են տանում, հետո կռունկի թեւով նամակ են հղում նաեւ օտարության մեջ գտնվող իրենց բոլոր ժառանգներին՝ մեծից մինչեւ փոքրը, հավաքում Սպիտակաշենում, որը գերդաստանի ջանք ու քրտինքով դառնում է մի նոր ու հզոր բերդաքաղաք։
-Քե մատաղ, բա հեքիաթի վերջում երկնքից ընկնող խնձորներն ո՞ւր մնացին,- ասում է Սաթենիկն ու դրանք հանում իր գրպաններից,- մեկը՝ պատմողին, մեկը՝ լսողին, մեկն էլ իր հողն ու ջուրը, իր երկիրն ու լեզուն սիրող աշխարհի ամենաարդար աշխատողին։