Jump to content

Տիկին և նաժիշտ/Երկրորդ տետրակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տիկին և նաժիշտ
Երկրորդ տետրակ

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՏՐԱԿ

Ամիս ու կես իզուր պտրելով Կատյային և ամեն աշխատանքս կորած տեսնելով՝ ես բոլորովին ատեցի կյանքը, վասնզի կյանքը մեզ այն ժամանակ է քաղցր, երբ որ նա մեկ թանկագին էակի կամ մեկ քաղցր հույսի հետ կապված է. իսկ եթե ոչինչ սուրբ կապեր չունի՝ կյանքը դառնում է մարդուս համար անտանելի բեռ։

Մի օր տխուր նստած էի սենյակի մեջ, ուսանողական տարիներս հիշողությանս առջև կարգով անցնում էր. հանկարծ պրոֆեսորներիցս մինի խոսքը միտքս եկավ թե՝ ձանձրույթի դեմ ամենահզոր դեղը աշխատանքն է։ Իսկույն մտքիս մեջ խորհուրդ ծագեցավ. «արի նորից գնամ Մոսկով, ասացի ինքս ինձ, շարունակեմ ուսումս և բժշկապետի հարցաքննություն տամ։ Եթե մի առանձին շահ էլ չունենամ դորանից, գոնե կմեղմացնեմ ձանձրույթս և վիշտս, որ մաշում են իմ կյանքը»։ Ինչպես ասացի, այնպես էլ արի։ Նույն երեկոյին ժողովեցի իրեղեններս, դրի պայուսակի մեջ, մյուս առավոտ կանուխ զարթեցա, թեյս խմեցի ու ընկա ճանապարհ։ Չորս օրից հասա Մոսկով, Մոսկով՝ գետակի մյուս կողմը վարձեցի բնակարանս ու վերանորոգած աշխուժով սկսա մասամբ քաղվածք անելու բժշկական գիտության առարկաները և մասամբ այցելելու լսարանները, և մասամբ թեթև վարձատրությունով մերձավոր թաղերի հիվանդներին դարմանելու։ Ստացածս շատ չէր. բայց իմ այս ժամանակվա սակավապետ կյանքիս համար բավական էր։ Ժամանակիս մեծ մասը անցնում էր սովորելով։ Այդ միջոցին շարադրությունս էլ բավականին հառաջացել էր։

Բժշկապետության աստիճան ստանալու համար ես ինքս ինձի երկու տարի ժամանակ էի որոշել, տարի ու կեսը պարապելու և հարցաքննություն տալու, իսկ մնացած կես տարին ուսումնական շարադրությունս գրելու, մշակելու և պաշտպանելու համար, տարի ու կեսը անցել էր և ես մի քանի առարկաներե հարցաքննությունս հաջողակ տվել էի։ Այդ միջոցին մեկ աշնան գիշեր հանկարծ դուռս ծեծեցին և հրավիրեցին ինձ մի ծննդկանի մոտ։ Հիվանդը չքավոր էր, հետևես կառք չէին ուղարկել. և որովհետև հենց այն օրը կրկնակոշիկներս կարկատելու էի ուղարկել՝ ստիպվեցա թաց ու ցեխոտ փողոցների միջից բարակ կոշիկներով անցնել։ Երկու ժամ չարչարվելից ետ, երբ նորածինին ընդունեցի ու առավոտյան ժամը երեքին ազատվեցա հիվանդից, դարձյալ ստիպված էի ոտով տուն վերադառնալու, վասնզի այդպիսի ուշ ժամանակ Մոսկովի հեռավոր և սակավամարդ փողոցների մեջ երբեք կառապաններ չեն լինում, իմ անբախտութենից վերևից էլ մանր և սառ անձրև էր գալիս, վրայիս բոլոր հալավը, կոշիկներս, գուլպաներս թաց էին, ջուրը, ինչպես ասում են, մինչև ոսկորներս էր հասել։ Երբ որ տուն եկա, թեև իսկույն հանվեցա, կտավիքս փոխեցի, անկողինս մտա ու տաք-տաք ծածկվեցա, բայց բանը բանից արդեն անցել էր. մեկ սարսռալի դողում էի, մեկ կրակի մեջ էրվում էի. բոլոր գիշեր քուն չեկավ վրաս և անդադար բանդագուշում էի. էլ ոչինչ չեմ հիշում։ Երբ նորից աչքս բացի, ինձ տեսա պառկած քաղաքական հիվանդանոցի մեջ։ Յոթ օր (մոտիս պառկած մեկ հիվանդի ասելով) բժիշկներն ամենևին հույս ունեցած չեն, որ ես կենդանի կմնամ, մահճակալիս տախտակի վրա գրած Էր լատիներեն Typhus recurrens (տիֆի տեսակ), որն այդ միջոցին Մոսկովի մեջ սաստիկ կոտորած էր անում։

Ես, ինչպես տեսնում եք, թեև չմեռա, բայց իմս էլ ինձ հասավ, մարմինս բոլորովին հալել էր. վրաս մնացել էր միայն ոսկոր և կաշի, եթե ինձ կշռեին՝ փութ ու կես կամ լինեի, կամ ո՛չ։ Այսսլես անցան աշունը և ձմեռը, սկսեցավ գարունը։ Բայց իմ տկարությունս անփոփոխ մնաց, ո՛չ վատթարանում էր առողջությունս, որ մեռնեի, և ո՛չ բարվոքվում էր, որ ազատվեի հիվանդանոցի անտանելի օդեն, սպասավորների ձանձրալի երեսներեն և իմ հիվանդ ընկերների սրտմաշուկ պատմություններեն. ամենքը ինձ իրանց միևնույն ցավերն ու դարդերն էին պատմում ամեն օր, ասես թե իմերը ինձ բավարար չէին։

Վերջապես հասավ ապրիլ ամիսը, ձյունահալքը սկսեցավ. արեգակը արձակեց յուր կենսատու ճառագայթները գետնի վրա. երկաթի նման կարծր սառույցները լուծվեցան ու քայքայվեցան. ձյուները հալեցան ու խոխոջալով հեղեղներ կազմեցին ու գլորվեցան դեպի գետը, օդը լցվեցավ տեղափոխիկ թռչունների և հավերի ձայներով, որոնք օրհներգում էին նորածին գարնան գալուստը, ձյունի տակից գլուխները բարձրացուցին ձյունածաղիկը, արջի ականջը, մանիշակը, վայրի քրքումը և բյուր տեսակ դալարիք և ծաղիկներ։ Վեր, վայր, աջ ու ձախ ամեն տեղ ուրախություն և բերկրանք էր. միմիայն իմ սրտումը յուր արմատները խոր տարածել էր վիշտը։ Ո՞վ յուր ուշքը պիտի դարձներ մի խեղճ պանդխտի վրա, ո՞վ պիտի հոգար նորա մասին, ո՞վ մի թեթև ախ պիտի քաշեր նորա անբախտ վիճակի վրա։ Լուռ ու անտրտունջ արագ քայլերով մոտենում էի առջևս վաղ փորված գերեզմանին։

Մի այսպիսի պայծառ օր մեզ հիվանդներիս թույլ տվին ման գալու հիվանդանոցի պարտեզի ու բակի մեջ։ Զբոսնելու ժամանակ հանկարծ տեսա մի գեղեցկադեմ, թանկագին հալավներ հագած կին, որ հեռվից ուղիղ դեպի իմ կողմս էր գալիս, երկու աղախին էլ կտավիքով լցրած մի ահագին կողով բերում էին նորա հետևից, երբ որ կինը ինձ մոտեցավ՝ աչքերիս չհավատացի, կարծում էի թե երազիս մեջ եմ. «Կատյա՜,— ասացի,— այդ դո՞ւ ես, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ գործ ունիս այս անիծած տեղը, ուր ամեն ծակուծուկ զանազան տեսակ մահերով է լցված»։ Իմ ձայնս երևի շատ փոխվել էր և խռպոտ էր դարձել, որ Կատյան լսելով՝ սաստիկ վախեցավ։

— Տե՜ր աստված,— ասաց Կատյան,— Վարդա՜ն, մի՞թե դուք այստեղ էիք. այս ի՛նչ ողորմելի վիճակի մեջ եք. այս ինչպե՜ս նիհարել եք. եթե անունս չի տայիք, եթե հետս չխոսեիք, տասը տարի էլ որ ձեր երեսին նայեի՝ չէի ճանաչիլ, այնքան փոխվել եք։ Ի՞նչ կերպով ընկաք այստեղ, ի՞նչ պատահեցավ ձեզ։

Ես համառոտ խոսքով պատմեցի նորան վերջին երկու տարվա իմ գլխով անցած ամեն բաները։ Կատյան ինձ լսելով՝ թաշկինակը անդադար աչքերին էր տանում և սրբում էր արտասուքը։ Տեսնելով նորա անկեղծ արտասուքը, ես էլ շատ լացի այնտեղ։ Վերջապես Կատյան ինձ ասաց.

— Պարոն Վարդան, գիտե՞ք ես ձեզ ինչ ուզում եմ ասելու, ձեր այստեղ մնալը անհնար է. այս հիվանդանոցի մեջ (սորա հանգամանքը ես շատ լավ գիտեմ) չեմ ասում, որ դուք կմեռնիք, Աստված մի արասցե, բայց երբեք, ինչպես որ պետք է, չեք կազդուրվիլ և չեք առողջանալ։ Որքան կարելի է շուտ պիտի փոխել թե՛ ձեր բնակարանը, թե՛ կերակուրը և թե՛ բոլոր ապրուստը։ Ես իսկույն կերթամ, կխոսեմ այս մասին գլխավոր բժշկի հետ...

— Կատյա՛,— ասացի,— ինչ որ ասում ես՝ շատ լավ է, ես քեզ հետ չեմ վիճիլ, բայց դու գլխավորը ինձ չպատմեցիր, ինչպես պատահեցավ, որ դու մյուս անգամ հայտնվեցար Մոսկովի մեջ... Ես քու հետքը Տաք ջուրամը կորցրի, դու այնտեղից ո՞ւր գնացիր և այս երկու տարին ո՞ւր էիր և ի՞նչ էիր անում։

Կատյայի պատմածի համառոտությանը այս է, որ նա երբ որ ինձ տեղավորեց Էսենտտկի հյուրանոցի մեջ, նույն օրը նստավ շոգեկառք և ուղիղ գնաց Մոսկով։ Ի բնե առողջակազմ և աշխատասեր լինելով, նա Մոսկով հասած-չհասած պտրել է աշխատանք և անհապաղ մտել մի ֆրանսիացի լվացարար կնոջ գործարան։ Ֆրանսիացի կինը առաջին ամսվա վարձ նշանակել է նորան երեք մանեթ, երկրորդ ամիս, տեսնելով Կատյայի հմտությունը, ժրաջանությունը և պարտաճանաչությունը, կրկնապատկել է նորա ռոճիկը, չորս ամսից ֆրանսիացի կինը յուր բոլոր բանվորների վրա կարգել է վերատեսուչ և նշանակել քսանևհինգ մանեթ ռոճիկ, այսպես շարունակվել է այլևս երեք ամիս։ Հանկարծ Ֆրանսիայից նամակ է նա ստացել, որ նորա մերձավոր հարուստ ազգականներից մինը մեռել է, բայց մահից առաջ նորա անունով կտակել է յուր բոլոր ինչքը և փողը: Որովհետև այս յոթն ամսվա միջոցին Կատյան յուր հավատարմությունով, ժրաջանությունով և քաղաքավարությունով կարողացել է նորա սիրտը սաստիկ գրավելու, այդ պատճառով, ի նշան յուր բարեկամությանը յուր բոլոր գործարանը շատ աժան, գրեթե չնչին գնով, ծախել է նորան և ինքը գնացել է յուր հայրենիքը։ Թեև այս գործարանը ֆրանսիացի կնոջ ձեռքին մեծ անուն է ունեցել, բայց Կատյան յուր խոհեմ ընթացքովն կարողացել է շատ ու շատ ավելի բարձրացնելու Մոսկովի մեջ, այնպես որ՝ քառապատկելով գովողների թիվը, ընդնմին և քառապատկել է յուր արդյունքը։ Այժմ նորա գործարանին քսան հազար մանեթ տվող գնող կա։ Այս է համառոտիվ Կատյայի պատմությունը այս երկու տարվա միջոցին, երբ մենք երկու տարի առաջ Տաք ջուրումը միմյանցից բաժանվեցանք։

Երբ որ երկուսս բավական լացինք և տխրեցինք, ես հարցուցի Կատյային՝ բայց ա՞յս հիվանդանոցումը դու ինչ գործ ունիս։ Նա ինձ ասաց որ՝ կապալով առել է ոչ միայն այս, այլև շատ հիվանդանոցների, արքունի վարժարանների և ուրիշ հաստատությունների կտավիքի տարեկան լվացքը, ունի հարյուր հիսուն վարձկան, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են նորա գործարանի մեջ. իսկ այժմ այս մեծ կողովը բերել է լվացած կտավիքը և պիտի ստանար յուր ամսական վարձը։

— Այժմ,–— ավելցուց նա,— ես կերթամ հիվանդանոցի վերատեսչին, ստանալիքս կստանամ և քու մասին ևս կխոսիմ։ Դու հանգիստ սպասե մինչև իմ գալս։ Եվ գնաց։

Այսպես՝ նախախնամությունը նորից մոտեցուց մեզ, և ես արդեն նախազգում էի, որ Կատյան իմ կյանքի մեջ մեծ դեր պիտի խաղա և ինձ համար պահապան հրեշտակ պիտի լինի։ Եթե իմ մեջ չլիներ այն խոտելի նախապաշարմունքը, որ թանձր քողով ծածկում էր աչքերս, ես պետք է վաղուց նկատած լինեի, որ մի գերբնական զորություն օրեօր ավելի և ավելի մոտեցնում էր մեզ մին մինի, և ասես թե մենք անդուստ ի վերուստ միմյանց համար աշխարհք էինք եկած։ Իմ ժամանակավոր կուրությունը պատճառ եղավ իմ այսքան տանջանքիս։

Հազար անգամ արդեն ես պատրաստ էի ընկնիլ Կատյայի ոտերը և խնդրել թողություն իմ կատարած ամեն կոպտության համար, բայց մի բան ինձ կանգ առնել էր տալիս. Կատյան չէ՞ր կարող կարծել, որ ես ծունր եմ դնում ոչ նորա անձին, այլ նորա ունեցած հարստության առջև, չէ՞ր կարող նա մտքի մեջ այսպես խորհել՝ «քանի որ ես մի աննշան փոքրավոր աղջիկ էի՝ դու ինձ արհամարհում էիր, վրաս նայելու անգամ չէիր արժանացնում ինձ, և երբ որ դու փայլուն հույսերիդ մեջ սխալվեցար, երբ ես քեզ օգնության ձեռք կարկառեցի, երբ ակներև փաստերով ցույց տվի, որ քու կարծածի չափ անպիտան անարժան աղջիկ չեմ, այն ժամանակ դու սկսար առջևս սողալու»։ Իհարկե, եթե նա այսպես կարծեր կամ ասեր՝ պիտի մեղանչեր իմ առջև, վասնզի ես երբեք հարստության առջև ծունր դրած ու երկրպագություն արած չեմ. բայց միայն կանանց արտաքին փայլեն խաբվել են իմ աչքերը և ես այնքան խորագիտություն ունեցած չեմ, որ կոշտ կեղևի տակից նշմարեմ թաքուցած թանկագին ակը։ Հայաստանի կիսավայրենի քաղաքագյուղի մեջ մեծացած, աչքս ճոխության և զեխության փայլին չընտելացած, կյանքի ամեն գեղեցկություններեն զրկած՝ մի՞թե զարմանալի բան է, եթե Սոֆիայի արտաքին փայլն ինձ լուսավորության արգասիք երևեր ու ես բոլոր պատանեկական եռանդովս անձնատուր լինեի նորան, ինչպես մեկ չնաշխարհիկ, եթերական էակի։ Սիրելու համար պետք է բավականին հոգեկան զարգացումն, արդյոք ունեի՞ ես այդ, իսկ մարդուս կիրքը շարժելու համար, կիրքը՝ որք շատերը, և գրեթե ամենքը մեր համազգիներեն ընդունում են զուտ սիրո տեղ, պետք է դեռահաս տարիք, եռացող արյուն, երեսի նախշուն տիպարք, աղվաշ աչքեր, թարմ թշեր. ահա պատրաստ է ասիական սերը, որի համար վարդն էլ յուր թերթիկները բացում է, սոխակն էլ արևագալից մինչև արևի մուտքը հնչեցնում է յուր դայլայլիկները, սյուգն էլ հրեշտակի բերանից դուրս եկած ման ու ման է գալիս դալարազարդ ծառի պտուտը...

Իհարկե, ես այժմ գարշում եմ Սոֆիայից, և այս գարշանքի մեջ կա կշիռ և գիտակցություն, ես և միայն ես գիտեմ, թե մինչև ո՛ր աստիճան անբարոյական, անուղղա ու թշվառ արարած է նա. ես հրաժարվում եմ այն զգացմունքներեն, որ անխոհեմաբար սնուցանում էր մեջս դեպի նա... Բայց այդ ամենը կհավատա՞ արդյոք հարստացած և յուր գինը արդեն ճանաչող Կատյան... Տեր աստված, տեր աստված, ինչպես անբախտ մարդ եմ ես. իմ սիրտը տակավին սիրո համը ու հոտը չառած՝ պիտի ջախջախվի և անպտուղ թառամի, ինչո՞ւ, ինչո՞ւ։ Միթե՞ քսանհինգ տարեկան հասակիս մեջ ես արդեն աշխարհքես խաբված, նորա ամեն քաղցրութենեն զրկված պիտի համարեմ ինքս ինձ։ Ինչո՞վ մեղանչել եմ մարդոց առջև։ Կատյան վաղուց ինձ սիրում էր, և իմ հոգիս վկայում էր, որ նա մի օր ինձ պիտի հաղթե, ինձ էլ սիրել պիտի տա իրան, ինչպես որ կատարվեցավ իսկ, բայց արդյոք մի օր նա իմ երեսով չի՞ տալ այսքան ժամանակվա սառնությունս դեպի նորան և ձգտումս դեպի Սոֆիան. նորա հոգու մեջ բույն չի՞ դնիլ արդյոք հավիտենական կասկածը, որ իմ սիրտը կիսված է արդեն, կուսական անարատություն չունի...–Ո՛չ, ո՛չ, Կատյան թող վստահ լինի (այս ամենը ես նորան հենց այսօր կասեմ), որ իմ սիրտը ամբողջ է, կիսատ չէ՛, ապականված չէ. այո՛, Սոֆիան նորան խոցոտեց, բայց չի կտրեց ու կեսը հետը չի տարավ։ Այժմ իմ սիրտը բոլորովին բուժած է, ամբողջ է ու ազատ է. որին ես կուտամ՝ ամբողջ և առողջ կուտամ, և կուտամ, իհարկե... Կատյային վասնզի...

Այդ միջոցին Կատյան ուրախ դեմքով մոտեցավ ինձ.

— Դե՜հ, սիրական Վարդան. գնա ներս ու պատրաստվիր, ես կերթամ, քեզ համար ինչ ասես հարկավոր բաներ կպատրաստեմ և իսկույն կվերադառնամ, որ քեզ ազատեմ այս ապականված, ձանձրալի տեղեն, որ քու կյանքը ամեն րոպե ավելի և ավելի թունավորում է։ Շատ համբերել ես, էլի մի փոքր համբերե, սիրտդ պինդ պահե՝ զվարթ կաց. տկարությունդ թող չի ընկճե քեզ. միայնակ եմ, անտեր եմ է՛լ մի՛ ասիլ. երկու առողջ ձեռքեր ամեն օր կաշխատեն քեզ համար և մեկ տաք սիրտ էլ ամեն րոպե պատրաստ է քու արենաթոր, հիվանդոտ սիրտը գրկելու ու նորա մեջ կենսատու ջերմություն մտցնելու...

— Կա՛տյա ջան, Կատյա ջան, մի՞թե ես արժանի եմ քու այդքան գորովին,— ասացի ու ոտքերին փաթաթվեցա,— Կատյա՛, մի՞թե դու ինձ կարող ես ներել։ Մի՞թե ես արժանի եմ, որ իրավունք ունենամ ուղիղ աչքիդ մեջ նայելու, մի՞թե դու բացի արհամարհանքեն ուրիշ բան կըզգաս դեպի ինձ։ Չէ՛, չէ՛, դու ինձ մի՛ խաբիլ, դու ինձ երբեք չես սիրել, վասնզի ես քու սիրտը խոր խոցել եմ,— ասացի ու երեխայի նման լալիս էի։

— Ի՞նչ իլավ քեզ, ի՞նչ իլավ, Վարդան ջան, երեխա մի՛ լինիլ, մարդիկ կան, նայում են մեր վիրա, ամոթ է, տղամարդ իլիր, ղոչաղ կաց, այդ ի՞նչ փոքրոգություն է,— ու գրկեց ինձ, գետնեն բարձրացուց,— նի՛ստ այստեղ, հանգստացի՛ր (նստեցուց ինձ մի մոտավոր նստարանի վերա)։ Դու ինձ ի՞նչ վնաս ես արել, ե՞րբ և ինչո՞վ ես իմ սիրտը ցավցրել, ընդհակառակը, դու դեպի ինձ միշտ քաղաքավարի և մարդասեր ես եղել։ Եթե երկու տարի առաջ հավանել էիր Սոֆիային՝ մի՞թե այդ մեկ հանցանք է, Սոֆիան չի կարողացավ քեզ հասկանալու և սիրելու, այժմ ես՝ եմ քեզ սիրում։ Տխրելու, լալու, հուսահատվելու տեղ, դու, ընդհակառակն, պետք է ուրախ լինիս և զվարճանաս։ Դե՛հ, երեխա մի՛ լինիլ, ղոչա՛ղ կաց, ես շուտ կվերադառնամ ու կառնում, կտանեմ քեզ,– ասաց ու համբուրեց ճակատս, ես առի նորա ձեռքը ու երկար ու տաք համբույր կնքեցի վրան։

Կատյան գնաց, ես էլ մտա հիվանդանոցի դահլիճը. հրամայեցի հալավներս բերելու, այնտեղ արդեն գիտեին, որ ես դուրս պիտի գամ այսօր, հավաքեցի իրեղենքս, դրի պայուսակիս մեջ, ինքս էլ հագվեցա։ Բոլոր հալավներս պարկի նման կախ-կախ էին վրաս, ցայն աստիճան նիհարացել էի։ Ժամ ու կես անցած-չանցած Կատյան եկավ, միասին նստանք կառք ու գնացինք։

Կատյան ինձ համար մի մեծ, մաքուր, փափուկ կահ– կարասիքով զարդարած սենյակ էր վարձել, թեյ, սուրճ, ճաշընթրիք՝ բոլորը հետը, ամեն օր նշանակած ժամանակին այցելում էր մի գերմանացի բժիշկ և դարմանում էր ինձ։ Բժշկի խնամքը, բնակարանիս մաքրությունը և հարմարությունը, կերակուրների առատությունը և մանավանդ Կատյայի հաճախ այցելությունը շուտ վերադարձուցին իմ կորսված առողջությունը, այնպես որ մի շաբաթից ես արդեն սենյակիս մեջ ազատ և հաստատուն քայլերով կարողանում էի ման գալ, երկու շաբաթից՝ օրենը քանի մի ժամ թույլատրած էր ինձ քաղաքական պարտեզների և ճեմելիքների մեջ զբոսնելու, իսկ մի ամսից արդեն կատարելապես առողջացա։

Մի օր Կատյային ասացի՝ «Կատյա, ես վաղուց ուզում եմ քեզ մի գաղտնիք հայտնելու, բայց չեմ համարձակում»...

— Ասա՝ տեսնենք ի՞նչ գաղտնիք ունիս ինձ հայտնելու,— ասաց Կատյան այնպես սիրուն երես անելով, ասես թե մի քնքուշ մայր յուր փոքրիկ երեխայի թոթովանքն է պատրաստվում լսելու։

— Ես բժշկապետությանս հարցաքննության կեսը արդեն ավարտել եմ, այժմ մնում է մյուս կեսը...

— Այդ ի՞նչ գաղտնիք է,— ասաց Կատյան ծաղրը երեսին,— եթե հարցաքննությունդ կիսակատար մնացել է, ինքն իրան հասկացվում է, որ պետք է ավարտես, այստեղ ի՞նչ գաղտնի բան կա...

— Գաղտնիքը այն է, որ՝ եթե հարցաքննությունս ավարտեմ և բժշկապետ լինիմ՝ որի՞ն ինչ օգուտ տված պիտի լինիմ։ Աշխարհքիս համար բոլորը մեկ չէ՞ թե ես ուսյալ բժշկապետ եմ, կամ հասարակ բժիշկ, կենդանի եմ, կամ մեռած. ո՞վ իմ ուրախությանս ուրախակից պիտի լինի և տխրությանս ցավակից...

— Ի՞նչ ուզում ես ասել,– ասաց Կատյան կարմրելով։

— Այն ուզում եմ ասել, ինչ որ սիրտդ էլ քեզ այս վայրկյանիս ասաց. Կա՜տյա, այն ժամանակ կարո՞ղ եմ հուսալ, որ դու ինձ սրտանց կներես և ինձ կսիրես այնպես, ինչպես որ մի ժամանակ սիրում էիր...

— Մի՞թե այժմ ես քեզ չեմ սիրում։

— Այո՛, սիրում ես, բայց քրոջ պես...

Պատասխանի տեղ, չգիտեմ ինչպես եղավ, որ երկուսս էլ մին մինի սովորականեն ավելի մոտեցանք, գրկեցանք, և շրթունքներես թռան շատ տաք համբույրներ։

Հունիսի վերջին ավարտեցի հարցաքննություններս և հուլիսի մեջերը համեստ կերպով կատարեց մեր պսակը նույն բարեսիրտ Մովսես քահանան։

Պսակիցս քանի մի շաբաթ անցած ես զանազան հայաբնակ քաղաքներ խնդիրներ ուղարկեցի, որ ինձ քաղաքական բժշկի պաշտոն տան. բայց ոչ մեկ տեղե հրավեր չի ստացա։ Շատ սպասելից ետ՝ ուրիշ քաղաքներ ուղարկեցի խնդիրներ և ամեն կողմից ստացա հրավերներ։ Ես ընտրեցի Վ. քաղաքը։ Կատյան յուր գործարանը ծախեց երեսուն հազարի (վերջին տարին նա տասը հազար զուտ տարեկան արդյունք ուներ), ինքն էլ մոտ քսան հազար աշխատած ուներ դրամարկղի մեջ. ամենը միասին պետական դրամանոցը դրեց՝ նեղ օրվա համար, և տեղափոխվեցանք Վ. և ահա վեց տարի է, որ այստեղ կենում ենք հանդարտ, առողջ և հաջողակ։

Աստված մեզ երեք զավակ պարգևեց, երկու որդի ու մի դուստր, նոցա անուններն են՝ Վահան, Աշոտ և Բրաբիոն։

Ահա՛ իմ և Կատյայի պատմության շարունակությունը և վերջը։

Իսկ եթե կամենում եք իմանալ ի՛նչ եղավ Սոֆիան, ահա՛ լսեցեք։ Երբ որ Դռոզդովը նորան փախցրեց, նախ գնացին նոքա Ստավրապոլ, ուր հյարանոցումն երեք օր մնացին, հետո, ճարելով մի շինծու անցագիր, գնացին Փարիզ։ Փարիզ հասնելով, Դռոզդովը հայտնել է Սոֆիային, որ նորա հետ պսակվելու ամենևին դիտավորություն չունի, այլ «միասին կենանք,— ասել է,— այնպես, ինչպես որ այժմվա նիհիլիստներն են կենում, այսինքն՝ որքան որ մեր փոխադարձ սերը կտևի, մեկ մեկից ձանձրանալից ետ՝ էլ միասին ապրելը անհնար է. ես կերթամ իմ ճամփով, դու էլ կերթաս քու ճամփով»։ Բայց այդքան ևս կարողացած չէ յուր խոստմունքը կատարելու, հենց առաջին շաբաթից սկսել է կամաց-կամաց խաբելով ձեռքից փողերը առնելու ու անառակ երիտասարդների ու լկտի կոկետների հետ Փարիզի պանդոկներումը և զբոսարաններումը զվարճանալու։ Երբ որ Սոֆիայի քսան հազար մանեթը մսխել պրծել է՝ այնուհետև սկսել է Սոֆիայի ակնեղենները գողանալ և ծախել, այս ևս երկար տևած չէ։ Մեկ պատվական օր Սոֆիային հանձնել է յուր անառակ բարեկամներից մեկին, և ինքը փախել է, ոչ ոք չի իմացել, ո՛ւր։ Այս կերպով Սոֆիան կարճ միջոցումը ակամա սիրուհի է դարձել մի անպիտան ֆրանսիացի երիտասարդի, որ ժամանակե ժամանակ, երբ փողի պակասությունը շատ նեղում է եղել նորան, Սոֆիայի սերը ու գիրկը ծախում է եղել այս կամ այն վավաշոտ ծերուկին և ստացած փողովն երկուսը միասին ապրում են եղել քանի մի ժամանակ։ Այսպիսի կյանքե ձանձրացած, մի օր Սոֆիան փախել է այդ ֆրանսիացիի մոտից և մտել է այնպիսի տուն, ուստի կինարմատը երբեք կենդանի չի դուրս գալիս, նա մեռնում է՝ թե՛ ֆիզիկապես ե թե՛ բարոյապես։

Այս չար լուրը հասնում է Ասատուր աղայի ականջին, առաջին նվագ նա ամենևին չի ուզում հավատալ, բայց սաստիկ վրդովվում է։ Բարեկամների խորհրդով մի նամակ է գրում Փարիզում բնակվող ռուսաց հյուպատոսին և, մանրամասնաբար հայտնում է նորան յուր լսած անախորժ լուրերը և հարցնում է նորան՝ ճշմարի՞տ են արդյոք այդ ամենը։ Հյուպատոսը ստանալով նորա նամակը, յուր գործակալներից մինին ուղարկում է տեղեկանալու, արդյոք ճշմարի՞տ է այս չարաբաստիկ եղելությունը։ Գործակալը աչքով տեսել է, որ մարդոց պատմածի մեջ ոչինչ ստության չիկա։ Այդպես էլ ծանուցել է հյուպատոսը Ասատուր աղային։ Այս բոթը ստանալով, նույն գիշեր կաթվածը երկու անգամ զարկել է նորան, և մյուս առավոտ նա արդեն անկողնեն դուրս չի կարողացել դնել ոտները։ Բժիշկների խորհուրդը պարզապես հայտնել է, որ նորա կյանքը վտանգի մեջ է։

Ասատուր աղան յուր բոլոր ահագին հարստությունը կտակել է, որ ետ մահվանը ընծայվի պետական գանձարանին և կտակի մեջ այսպես գրել հրամայել է. «Տուք զկայսերն կայսեր», և ինքը շուտով մեռել է։ Մեռնելից առաջ փոխե՞լ է հավատը, թե ոչ, այդ ոչ ոք չգիտե, միայն այս գիտեն, որ նորա մարմինը հայ քահանաներով չի թաղվում:

Այսպես եղավ Ասատուր աղայի վախճանը։

Մի երեկո, նոր էի վերադարձել հիվանդանոցից և Կատյայի ու երեխեքիս հետ նստել էինք թեյի սեղանի առջև, հանկարծ նախասենյակումը մի շփոթ բարձրացավ, մեկ մարդ ներս է ուզում մտնել, բայց ծառաս թույլ չի տալիս, մարդը տալիս է իմ և Կատյայի անունները, բայց դարձյալ չի թողնում նորան ներս գալու, ասելով. Куда такая дрянь лезет к господам? Ведь срам, ей богу!

Շտապով դուրս գնացի տեսնեմ՝ թե ինչ է: Հանկարծ ծառայիս ձեռքից փախ ընկած ներս թռավ մի պատառոտած հալավով, ցիրցան եղած մազերով, կարմիր խոցերով ծածկված հրեսով մի այլակերպ կին. րոպեի մեջ սենյակը օղիի գարշելի հոտով լցվեցավ ներս մտնող կինը սաստիկ հարբած էր:

— Պարո՛ն Վարդան, Կատյա,— այսքան միայն կարողացավ ասել նա, և հետո սկսավ մեկ լալու և մեկ ծիծաղելու։

Ես և Կատյան ապշած նայում էինք և չէինք կարողանում իմանալու, թե ո՛վ պիտի լիներ այս թշվառականը, վասնզի չէինք հիշում, որ երբևիցե, ուր և իցե այսպիսի կնոջ հետ ծանոթություն ունեցած լինեինք։

— Պարոն Վարդան, Կատյա, ինձ չճանաչեցի՞ք... ես Սոֆիան եմ...

Բավական է. չեմ ուզում նկարագրել այս գարշելի և ցավալի պատկերը։

Սոֆիան սաստիկ, հիվանդ էր։ Իսկույն տարի հիվանդանոց և պատվիրեցի օգնականիս, որ ամեն կերպ հանգստացնե ողորմելի աղջկանը։ Ամբողջ վեց ամիս թափեցի վրան իմ բոլոր բժշկական հմտությունը, և հազիվհազ կարողացա ապաքինելու նորա խորունկ և հնացած զազրելի խոցերը։ Բոլոր այդ ժամանակ Կատյան հայթայթում էր նորան ամեն պիտույք, չայ, շաքար, սուրճ, կաթ, կարագ, մեր խոհանոցում պատրաստած կերակրից. մեկ խոսքով՝ ինչ որ պետք էր, առատ-առատ ուղարկում էր նորան։ Երբ որ բոլորովին առողջացավ, ես հարցուցի Սոֆիային, թե ի՞նչ միտք ունի ձեռնարկելու, «կամենաս՝ մնա՛ իմ տանս,– ասացի,— կամենաս՝ գնա Հաշտարխան՝ ես քեզ ամեն կերպով պատրաստ եմ օգնելու։ Գուցե մի օր մի լավ մարդ գտնես՝ պսակվի՛ր, քու օժիտը ես կպատրաստեմ...»։

— Հա՛, հա՛, հա՛,– ծիծաղեցավ Սոֆիան,– բախտի դռներն այսուհետև իմ առջև հավիտյան փակված են։ Ես ձեզանից միայն շնորհք եմ խնդրում, որ է՝ թույլ տաք ինձ, որ ես ձեր տան մեջ նաժիշտ լինիմ։ Այս է իմ մեկ հատիկ փափագը, ձեզ երկուսիդ ծառայություն անելե զատ ուրիշ բախտ չի՛կա ինձ համար։

Շատ զոռ արի, որ հրաժարվի այդ ցնորական դիտավորութենեն, բայց համոզել չկարողացա, ու գիջանելով նորա աղաչանքին ու արտասուքին, վերջապես հոժարեցանք նորան մեր տան մեջ դայակի պաշտոն տալու։

Ամբողջ տարի ջերմեռանդությամբ կատարեց Սոֆիան յուր վրա առած ստոր պարտավորությունը, ոչ մեկ աշխատություն նրա համար ծանր, տաղտկալի կամ նվաստացուցիչ չէր երևում, ոչ մի անգամ նա թույլ տված չէ՛, որ կամ ես, կամ Կատյան, կամ երեխաներս իրանից անգոհանակ մնայինք, ինչ որ ինքը կարողանում էր անելու, երբեք թույլ չէր տալիս, որ ծառաները անեին, տանս մեջ ոչ մեկ անկարգություն չի նկատեցի ամբողջ մի տարի, ամեն բան յուր տեղումն էր. ամենայն ինչ սենյակի մեջ մաքուր էր. երեխերքս միշտ մաքուր հագնված էին։ Բոլոր օրը ոտքի վրա էր Սոֆիան. մեկ կահկարասիքի փոշին էր սրբում, մեկ սենյակներն էր ավելում կամ հավաք-տեղակ անում, մեկ երեխեքի պատառոտած հալավներն էր կարկատում, մեկ նոցա ցխոտած կոշիկներն ու մաշիկներն էր սրբում, մեկ լվացք էր անում, մեկ ծծի երեխիս էր օրորում, միով բանիվ՝ միշտ գտնում էր տան մեջ գործելու մի գործ, նա չգիտեր՝ թե ինչ է նշանակում մի րոպե նստել ու հանգստանալ։ Որքան էլ կանուխ զարթեի՝ Սոֆիան միշտ արթնացած էր ու տան աշխատանքով էր արդեն զբաղված, որքան էլ գիշերը ուշ վերադառնայի տուն՝ նա դարձյալ արթուն էր և դարձյալ մի աշխատանք կունենար։ Եթե աշխատելու բան չլիներ՝ նա սկսում էր երեխեքիս համար գուլպաներ գործելու։ Քանի՛-քանի անգամ Կատյան և ես ասել ենք. «բավական է Սոֆիա ջան, այդ որքան աշխատես, ինքդ քեզ խնայե, մի փոքր էլ նիստ, դադար տուր ոտքերիդ ու ձեռքերիդ»։

— Ա՜խ, պարոն կամ տիկին,— ասում էր նա,– այս ի՞նչ աշխատանք է որ իմ արածը, եթե դուք տեսնեիք օտար աշխարհի կնանիք ինչպես աշխատել գիտեն, այն ժամանակ դուք ինձ մեկ րոպե ձեր տանը մեջը չէիք պահիլ։ Ու նորանոր եռանդով շարունակում էր յուր ընդմիջած գործը։

Սոֆիայի գալովը ասես թե մի բարերար գեղեցիկ ճառագայթ փայլեցավ իմ տան մեջ,– քանի՛-քանի անգամ այս խոսքերը ինձ ասել է Կատյան։ Երեխայքս խո մոր պես սիրում ու պատվում էին նորան. նորա գրկից ցած չէին իջնում. «Սիրուն Սոֆիա, բարի Սոֆիա, ոսկի Սոֆիա»,– այս էր նորա անունը երեխերքիս բերանումը։

Ոչ մի անգամ չհիշեց Սոֆիան ոչ յուր և ոչ մեր անցյալը, չհիշեց յուր ծնողաց անունները, չհիշեց յուր բախտավոր և չարաբաստիկ օրերը, ասես թե Սոֆիան անցյալ չուներ և նորա կյանքի սկիզբը այն օրն էր, երբ առաջին անգամ իբրև նաժիշտ մտավ նա մեր տուն։ Կուզեք հավատացե՛ք, կուզեք՝ չէ, բայց ես այս նոր Մագդաղինացի Մարիամին շատ անարատ կույսերի հետ չէի փոխել, եթե ամուրի երիտասարդ լինեի։

Թեև ես ստանում եմ հայոց լրագիրներ՝ «Մեղու Հայաստանի», «Մշակ», «Արձագանք» և այլն, բայց ամենևին ժամանակ չունիմ նոցա կարդալու, բայց Կատյաս ոչ մի թվահամար չի թողնում չի կարդացած։ Նորա լրագիրը կարդալու ժամանակն է տասնըմեկից մինչև տասներկուսը, իսկ և իսկ այն ժամանակ, երբ ես անպատճառ հիվանդանոցումն պիտի գտնվիմ։ Կատյայի ասելովն, Սոֆիայի աշխարհքիս երեսին մի հատիկ սիրած բանը եղել է լսել Հայաստանից ստացված լուրերը։ Վերջին ժամանակները, երբ տաճիկների կասկածը շատացավ և քրդերի ավազակությունն ու մարդասպանությունը սաստկացավ, Սոֆիան արդեն տենդահույզ անհամբերությամբ սպասում է եղել լրագիրների գալուն։

Մի օր, երբ Կատյան ու ես նստած էինք, ներս մտավ Սոֆիան ու ասաց մեզ. «Երեք օրից ես պետք է երթամ այստեղից, դուք ձեզ համար մեկ նաժիշտ պատրաստեցեք»։

— Ի՞նչ եղավ քեզ, Սոֆիա ջան,– ասաց Կատյան երեսը սպրդնած,– ինչո՞վ մեզանից անբավական ես, ո՞վ ցավեցուց քու սիրտը։

— Ամեն բանով բավական եմ ձեզանից, տիկին, իմ սիրտը ոչ ոք ցավեցրած չէ. բայց ես պետք է երթամ։

— Ո՞ւր պիտի երթաս. ինչի՞ պիտի երթաս, Սոֆիա ջան, մնա մեր մոտ, բավական է տանջվածդ,– ասաց Կատյան։

— Պետք է երթամ,– ասաց Սոֆիան, թեև վրայից երևում էր, որ հազիվ կարողանում է բռնել սրտի փղձուկը և աչքերի արտասուքը։

— Կասե՞ս մեզ վերջապես, ո՞ւր պիտի երթաս, ինչո՞ւ պիտի երթաս,— ասացի ես։

— Վան պիտի երթամ,— ասաց Սոֆիան,— այնտեղ մեր հայ եղբայրները և քույրերը տանջվում են աղքատության և անողորմ թշնամիների մեջ, իսկ ես այստեղ փափուկ և հանգիստ կյանք եմ անցնում։ Կերթամ նոցա հետ կապրիմ, նոցա հետ կտանջվիմ, կարելի է նոցա հետ էլ կմեռնիմ։ Այս քաղաքը շատ լավ քաղաք է, բայց հայի չէ՛, ես կերթեմ, հայերի մեջ կկենամ, հայերի մեջ էլ կուզեմ թաղվելու։

Երբ որ այս խոսքերը վերջացուց, էլ չկարողացավ արտասուքը բռնելու ու կողկողագին ձայնով լացեց։ Ես, Կատյան և երեխերքս նմանապես լացինք։

Ինչպես որ ասաց, այնպես էլ արավ Սոֆիան։ Երեք օրից հեռացավ մեզանից և հետը առավ միայն յուր ռոճիկը ու բացեիբաց հրաժարվեցավ, երբ որ ես և Կատյան առաջարկեցինք նորան բարեկամական ընծա առնելու մեզանից հազար մանեթ։

Մեկ ամսից Արզրումից մի համառոտ նամակ ստացանք, ուր հայտնում էր նա, որ հետեյալ օրը ճանապարհ պետք է ընկնի ղեպի Վան։ Եվ ահա՜ ութն ամսից ավելի է, որ Սոֆիայից ոչինչ լուր չունենք, կենդանի՞ է, թե մեռած՝ չգիտենք։ Քանի՛-քանի անգամ մեր հյուպատոսին նամակ գրեցի և մանրամասն նշանակելով Սոֆիայի բոլոր հանգամանքն, խնդրեցի, որ ինձ տեղեկություն տա նորա մասին։ Նամակներիս պատասխանը շուտ եկավ, բայց Սոֆիայի մասին հյուպատոսը ոչինչ բան չգրեց, վասնզի ինքն էլ ոչինչ տեղեկություն ստանալ կարողացած չէ։ Սպանե՞լ են արդյոք քրդերը, կամ չերքեզները, կալանավորե՞լ են նորան՝ ոչինչ չիմացանք։

Առ ժամս այս է Սոֆիայի վախճանը։

Իսկ Դռոզդովի մասին ձեզ այս կասեմ։ Տարի ու կես սորանից առաջ պաշտոնական գործերով Պետերբուրգ էի գնացել։ Մի անգամ Ցելիբեևի խանութումը Կատյայիս և նրեխերքիս համար ոտնամաններ էի ընտրում. հանկարծ ներս մտավ ցնցոտի նշանազգեստով, մի ոտին պատառոտած կոշիկ և մյուս ոտին՝ գութափեռչե կրկնակոշիկ հագած, արբշռութենից քիթը կարմրած ու կապուտկած, գլխու մազերը թափած, ինքն էլ սաստիկ հարբած մի սպա և մոտեցավ ինձ, մասամբ ռուսերեն և մասամբ ֆրանսերեն ասաց. «Պարո՛ն, ձեր առջև կանգնած է ռուսաց քաջ զորքի ազնիվ սպան, ես ձեր երեսից տեսնում եմ, որ դուք բարի և ազնիվ մարդ եք. եթե մի քանի ռուբլի կարող են բախտավորեցնել ոուսաց քաջ զորքի, ազնիվ սպային, խնդրեմ, մի՛ խնայեք, վասնզի տանս մեջ մայրս մեռած է, սեղանի վրա դրած է, թաղելու փող չունիմ. կինս հիվանդ պառկած է, ճարի փող չունիմ, յոթը երեխայքս սովից մեռնում են, հացի փող չունիմ»։ Խանութի տեր պարոն Ցելիբեևը՝ լսելով այս ճառը, ասաց. «Պարոն սպա՝ այս քանի տարի է, որ դու միևնույն երգն ես երգում, եթե ասածդ ճշմարիտ լիներ՝ մայրդ վաղուց հող դարձած պիտի լիներ, կինդ և յոթը զավակներդ էլ մեռած։ Առ այս հինգ կոպեկն ու գնա. օղիի համար քեզ այսքանից ավել հարկավոր չէ»։

Ուշադրությամբ նայեցի սպայի երեսը և իսկույն ճանաչեցի իմ ախոյան Վլադիմիր Դռոզդովին։ Բացի քսակս, մեջից երեք մանեթանոց հանեցի ու տվի իրան։ Տեսնելով այսպիսի անակնկալ բախտ, Դռոզդովը բռնեց ձեռքս և ուզում էր պագնել, բայց ես զոռով ետ քաշեցի։ Այս վերջին անգամն էր, որ նորան տեսա։ Սոցա նմանների վախճանը հայտնի է. ձմեռվա մի ցուրտ գիշեր անշուշտ սառած կտեսնեն սորան կամ օղետան մոտերը կամ մեկ խուլ փողոցի տան պատի տակ։

Սոֆիայի մայրը, Օսաննան, մինչև այժմ կենդանի է, և կենում է Մոսկվայի անկելանոցների մինի մեջ։ Նորա սիրած խոսակցությունն է, ասում են, հայերին հայհոյելը, որոնք իբր թե նորան այս անբախտության հասցրել են։