Jump to content

Տիկին և նաժիշտ/Առաջին տետրակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌԱՋԻՆ ՏԵՏՐԱԿ

Տաք ջուր, հունիսի 10.

Շատ ձախորդ պարագաներով մտա Տաք ջուր։ Ճեպակառքը, որն մեզ «Հանքային ջրերեն» բերեց այստեղ՝ դուրս թափեց ամենիս փողոցի մեջտեղը և ինքը գնաց հեռացավ։ Մանր, սառն, թափանցիկ անձրևը անդադար շաղում էր, գետինը թաց, տեղ-տեղ ջրշեղջներ կանգնած, ծառերից ամեն մի քամի փչելիս հորդահոս թափում էին խոշոր կաթիլներ, մարդիկ դեմքերին հոգս նկարած՝ շտապում էին իրանց գործին, խանութի տղերքը ծույլ-ծույլ կանգնած էին խանութների դռան մոտ, անցուդարձ անողներին մինչև անգամ չէին հրավիրում ապրանք գնելու, իմանալով որ՝ ամեն մարդ այժմ մի բան է ցանկանում, որ է՝ պատսպարվել այս անտանելի օդեն։

Այսպես իմ մուտս բարևեց Տաք ջուրը։

Մի հայ խանութպանի օգնությունով քաղաքի ետ ընկած թաղի մեջ ծանր գնով վարձեցինք մի հավաբույն և փոքրիկ պայուսակս ու իրեղեններս ներս տարի։ Եվ շատ ուրախ էի, որ գոնե ցուրտ անձրևեն կարողացա ինքս ինձի ազատելու։

«Տաք ջուրի երեք ամիսը կերակրում է նորան ամբողջ տարին»։ Որպիսի ահագին հարկ պիտի տա ամեն մի ճանապարհորդ, որ կշտացնե մի ամբողջ քաղաք, բնակարանի վարձեն բռնած մինչև վերջին իրը քառապատիկ գին ունի այստեղ՝ համեմատելով ուրիշ տեղերի։ Դիցուք թե հարուստ մարդը կարող է զիարդ և իցե տանել այդ ծանրությունը, ի՞նչ անե ողորմելի չքավորը։ Ահա խնդիր, որն վճռելու համար շատ փիլիսոփաների գլուխներ պիտի ցավին ունայն։

Մեր կողմի մարդոց շատ հայտնի Բ. գտել է այստեղ յուր շռայլ ապրուստը բավականացնող առատ աղբյուր։ Նորա անհագ ստամոքսը լցնելու համար որքան նիհար քսակներ ու գրպաններ պիտի քամվին։

Այսօր պղտոր եղանակի պատճառով երաժիշտների խումբը նվազելու չէ. ուրեմն ճեմելիքների մեջ զբոսնող ժողովուրդ չի լինիլ։ Կմնամ տանը և շփոթված գլուխս ու պայուսակիս մեջի իրերը կարգի կբերեմ։

Ինչպես կուզեի իմանալ՝ եկե՞լ է «նա», թե ո՛չ. և կամ` այստե՞ղ է, թե՞ գնացել է Էսենթուք, կամ Թթու ջուր, կամ Երկաթ ջուր...


Հունիսի 11.

Այսօր բոլոր օրը անցուցի ճեմելքիների, հասարակական զբոսարանների մեջ և լողարանների մոտերը ման գալով, հույս ունեի կա՛մ «նորան» տեսնել, կա՛մ՝ նորա հորը, կա՛մ նաժիշտին և կա՛մ ծառաներեն մեկին, բայց իմ մանրակրկիտ հետազոտությունները իզուր կորան, նա դեռևս եկած չէ՛: Շատ կառապանների էլ հարցուցի՝ արդյոք այս ու այս նշաններով մարդիկ բերե՞լ են հանքային ջրեր ասված իջևանեն. նոցա պատասխաններեն եզրակացուցի, որ իմ պտրածներին նոքա ո՛չ տեսել են և ո՛չ հանդիպել են։ Ինչո՞ւ այսքան ուշացան, ի՞նչ է պատճառը, ի՞նչ արգելք է հանդիպել։ Իմ կարծիքով նոքա ոչինչ պատճառ պիտի ունենային Ռոստով այդքան երկար մնալու։

Քուռսերը թեև մայիսի առաջին օրերին սկսված են, բայց ժողովուրդը շատ սակավ է։ Ասում են թե այժմ՝ Կովկասի ջրերը այցելելը ավելի թանկ է նստում, քան թե արտասահման երթալը։ «Կույրն էլ գիտե, որ կիրակին տոն օր է»։ Երբ որ լուր տարածվեցավ, որ մեր մեծամարդիկը Կովկասի ջրերը տվել են բախտախնդիր Բ. ձեռք, ամենքը միաբերան ասացին, որ ջրերու բանը պրծավ, ժողովրդի նախագուշակությունը շուտ և ճիշտ կատարվեցավ, թեև Բ. դորանից ոչինչ վնաս չունի։ Ո՛վ գիտե նա յուր տան խորշում նստած և հազարները համարելով քթի տակից որքան կուշտ ծիծաղում կլինի, ասելով.

«Թող իմ բանը աջի, ով կուզի հաչի»։

Քաղաքիս իսկական անունը խաբարդացիների լեզվով Ըսսը-Սու է, որ նշանակում է տաք ջուր, իսկ ռուսաց Փյաթիգոռսք անունը տված է Բեշ թավ սարեն, որ հիրավի հինգ գագաթ ունի և որ քաղաքիս հյուսիսարևելյան կողմումն է 8—10 վերստ հեռավորությամբ։ Ինքը քաղաքը հիմնած է Մաշուխ սարի լանջի վըա, նորա ստորոտը և այն ձորի մեջ, որն կազմվել է Մաշուխի ծոցեն բխող հանքային ջրերու փորելեն։

Հանքային ջրերու բժշկարար զորություն ունենալու մասին, մեր օրերում, երկարորեն խոսիլն անգամ ավելորդ աշխատանք է, իսկ Կովկասի հանքային ջրերու օգտավետությունը խորին հնությանը ես հայտնի էր։ Բայց ես մի տարօրինակ կարծիք լսեցի, որին թեև չեմ հավատում, բայց այստեղ հիշելը ավելորդ չեմ համարում։ Ինձ շատ տեղացի ծերեր ասացին որ՝ առաջվա ժամանակները Տաք ջուրի բժշկարար ուժը ավելի էր. հենց որ նոքա սկսան նորանոր կարգերը մտցնելու՝ ջրերն էլ քանի գնաց ավելի և ավելի կորցրին զորությունը։ Դարձյալ կրկնում եմ, այս խոսքերին ես հավատ չեմ ընծայում, բայց նոցա տակը ամուր գծում եմ։ Սորա նման մի ուրիշ կարծիք կլսեք Թիֆլիսի ծերերից եղանակի ցրտանալու մասին։ Այս ի՞նչ բան է։


Հունիսի 13.

Երկու օր անտանելի օդեր էին՝ տոթ, քամի և փոշի, բոլոր այդ ժամանակը ոտքս սենյակես դուրս չի դրի. ինքս ինձի տկար էի զգում։ Էսենթուքի ջուրը մարդուս շատ արթուն է պահում, այնպես, որ՝ նորա խմողը յուր բնակարանեն շատ պիտի չհեռանա։

Այսօր որ դուրս եկա՝ առաջին գործս եղավ հարց ու փորձ անել Սոֆիայի մասին, երբ որ իմացա, որ տակավին եկած չէ՝ գնացի ու առաջին անգամ մտա Տաք ջրի երևելի ծծմբային լոգարանը, թեե միայն տասը րոպե մնացի մեջը, բայց երբ որ դուրս եկա՝ ասես թե կյանքիս վերա տասը տարի ավելցուցած զգացի։ Երանի՜ այն մարդոց, որոնք աստվածային այսպիսի շնորհը տարին-տասներկու ամիս քթերի տակ ունին... Բայց ի՞նչ կասես, որ Հայաստանն էլ մի օր լիքն է եղել բնության այսպիսի անգին գանձերով։ Ասում են թե՝ Անիի բաղանիքի մեջ հինգ ջոկ հատկության հանքային ջրեր բերված են եղել զանազան տեղերե։

Առավոտները բազմությունը ժողովվում է Եղիսաբեթյան աղբյուրի կամ ինչպես շենքի վերա գրած է՝ Եղիսաբեթյան սրահի մեջ, ուր յոթ ժամեն մինչև ութը նվագում է երաժշտաց խումբը։ Հիվանդներեն շատերը այդ միջոցին են խմում ո՛րը մի և ո՛րը երկու բաժակ ծծմբային ջուր և մարսելու համար ամբողջ ժամ առաջ ու ետ ման են գալիս սրահի մեջ։ Երբ որ երաժիշտները դադարում են նվագելը, բազմությունն էլ ցրվում է։ Այնուհետև սովորաբար սկսում է ժողովրդի կամ ավելի ճիշտ ասեմ՝ հիվանդների մեծ մասը լոգարաններումը լվացվելու։

Երբ որ աղբյուրին մոտեցա, որ հանքային ջրեն խմեմ, մի լկտի դեմքով, բայց բավականին գեղեցիկ երեսով և բարեկազմ մարմնով երիտասարդ սպա ինձ ետ մղեց և յուր բաժակը ինձանից առաջ տվեց աղբյուրեն ջուր հանող աղջկան, որ լցնե ջրով։ Ես վրդոված նայեցա սպայի երեսին, նա էլ նայեցավ վրաս պայքար հրավիրող կերպարանքով, ասես թե մեղավորը ոչ նա, այլ ես էի։ Ես լռեցա, սպան քաջալերվեցավ և առավել համոզվեցավ, որ «համարձակությունը քաղաքներ առնող է»։ Այս սպան ինձ բոլորովին անծանոթ չէր։ Ես շատ անգամ տեսել էի սորան երկու մայրաքաղաքի մեջ։ Օթելների մեջ մեծածախ ճաշի կամ խորակի մասնակցող, գինարբուքի մեջ շիշ ու գավաթ փշրող, ծառա ծեծող, հայելի կոտրող, թատրոնումը չհավանած դերասաններին և դերասանուհիներին թրջած խնձոր ձգող, լիխաչով չափ տվող մայրաքաղաքի հռչակավոր քոքեթների ետևից և այլն, և այլն, միով բանիվ՝ այնպիսի «շքեղ ստահակություններ» անող, որոնց համար մինչև այժմ, այսինքն մինչև տասնևիններորդ դարս չի կարմրում այսպիսի սպան։ Ասում են թե՝ այս սպան մի առանձին հատկություն ևս ունի, որն հետն բերել է Փարիզեն յուր վերջին ճանապարհորդացնեն, այսինքն՝ լավ վարձով ալֆոնսություն անել։ Այս նորամուտ բառ է եվրոպական լեզուների մեջ. եթե սորա ճիշտ մեկնությունր կուզեք իմանալ՝ հարցացե՛ք հարուստ այրիներին... Այս երիտասարդ սպայի անունը Վլադիմիր Դռոզդով էր։

Սիրտս վրդոված գնացի նստա բազմոցի վրա, իսկ Դռոզդովը մի ուրիշ սպայի հետ կուռ-կռի տված՝ քանի-քանի անգամ առջևիցս անցավ և ես երկու-երեք անգամ լսեցի նորա բերանից առմյաշքա խոսքը։ Ազգային հպարտությունը բարձրաձայն խոսեցավ մեջս, նայեցա չորս կողմս, հեռվումը տեսա երեք-չորս հայ, որոնք արդեն քանի օր է, իրար հետ ականջ ականջի հայերեն փսփսում են. իսկ հրապարակավ, ժողովրդի մեջ պինդ-պինդ ռուսերեն են կոտրատում։ Եթե հաստ վզերը, կլոր երեսները, տկռած փորերը ու կարճ ոտերը չլիներ՝ նոցա կարելի էր բոլորովին եվրոպացի համարելու, վասնզի նոցա վրայի հագուստը ավելի եվրոպական, այսինքն վերջին ձևով կարված էր, քան թե նույնիսկ եվրոպացիինը։ «Մեկ մարդը դաշտի մեջ մարտիկ չէ» ասացի մտքիս մեջ ու կուլ տվի Դռոզդովի այս նախատինքը։

Ութ ժամին, երբ որ երաժիշտները դադարեցան նվագելու և ժողովուրդը խումբ –խումբ սկսավ վերեն վայր իջնելու, ես էլ միայնակ տխուր սկսա իջնել և ուղղեցի քայլերս դեպի բնակարան։ Երմալովի լոգարանին որ հասա՝ հանկարծ առջևս երեք ֆայտոն սրընթաց անցան, վերջին երկու ֆայտոնները ծանր բեռնավորված էին, մեջերը նստողներ չկային, իսկ առաջինի մեջ նստած էին չորս հոգի, երեքի երեսը չտեսա, բայց նոցանեն մինին ես նմանեցուցի Կատյային՝ Սոֆիայի հայ նաժիշտին։ Սիրտս սաստիկ թունդ առավ. մոռացա Դրոզդովին էլ, իմ այն առավոտ կրած անարգանքն էլ. բոլորը մոռացա. Սոֆիայի ներկայությունը ասես թե բոլոր քաղաքի մեջ երջանկության հոտ և լույս տարածեց, ծառերն է՛լ ավելի գեղածիծաղ էին երևում, մարդոց երեսն է՛լ ավելի բարի և ազնիվ, ազգ անպատվող հայերն էլ երևում էին ինձ առավել անբախտ, քան թե ցածահոգի։

Գաղտնիք չէ՛, որ ես սիրահարված եմ Սոֆիայի վրա և գլխավորը՝ սիրահարված եմ առանց հույսի։ Սոֆիան որ կա՝ միլիոնատերի միակ ժառանգն է, իսկ ես հայաստանցի մի խեղճ երիտասարդ, համալսարանեն հենց այս ամառ արձակած բժշկի վկայագրով։ Երկինք ու երկիր իրար ավելի մոտ են, քան թե ես ու Սոֆիան։


Հունիսի 18.

Հինգ օր անդադրում գիշեր-ցերեկ անձրևներ են գալիս, ո՛չ մի վայրկյան չի պարզեցավ երկինքը, ու գետինը չցամաքեցավ, որ ես կարող լինեի ոտքս շեմքես դուրս դնելու ու Սոֆիայի մասին, ինչ ու ինչ իմանալու, իրա՞վ նա էր եկողը, թե՞ ես խաբվեցա մի օտար աղջիկ Կատյայի տեղ ընդունելով, և այդ շատ հավանական է։

Ձանձրությունը և հոգեկան վիշտը խեղդում է ինձ, սիրտս ուզում է տրաքել։ Գիրքը չունիմ, որ կարդամ, ծանոթներ չունիմ, որ հետերը նստիմ, խոսակցիմ, սիրտս բացվի, եղանակը պարզ չէ, որ փողոց իջնեմ, մարդ տեսնեմ։ Բանտարկյալի նման չորս պատի մեջ փակված, հորանջելով և հեկեկալով մնացել եմ։

Որովհետև առջևս պարապ ժամանակ կա (մինչև Սոֆիայի գալը) և ես մեկ ուրիշ օգտավետ գործ չունիմ կատարելու, հիշեմ իմ անցյալը, որն այս ներկայիս հետ անխզելի կապ ունի։

Համալսարան մտած տարիս՝ հայրս մեռավ, հորեղբայրներս, որոնք հորս կենդանության ժամանակ նորա խանութի մեջ հասարակ սպասավորներ էին, չգիտեմ ի՛նչ խարդախություն բանեցուցին, որ մեռելը դեռևս սեղանի վրա կեցած՝ հայտնեցին, որ հորս մեծ հարստութենեն բացի հիսուն հազար մոսկովցիների պարտքեն ուրիշ բան մնացած չէ։ Մայրս, քույրս և ես մնացինք որբ և աղքատ։ (Հորս մահեն ետ սոքա էլ շատ չապրեցան, մի տարիից մեռավ քույրս և տարի ու կեսից մեռավ մայրս։) Քանի մի ժամանակեն աղքատ հորեղբայրներս դարձան մեր քաղաքի առաջնակարգ հարուստները, իսկ մայրս և քույրս իրանք իրանց աղքատիկ ապրուստը ստիպված են եղել կար-կարկատով ճարելու։ Այսպես՝ ես Մոսկովումը օխտն օտար ազգի մեջ, հեռի մայրենի քաղաքես, հեռի սիրելի բարեկամներես, մնացի անտեր, լքված և օրական հացի կարոտ։

Այն ժամանակները Մոսկվա մի բարի քահանա կար՝ անունը Մովսես։ Այս տեր Մովսեսը, իմանալով իմ նեղ վիճակը, առանց ինձ բան ասելու, գնացել է մի նորեկ հարուստ հաշտարխանցի հայ վաճառականի մոտ և պատմել է իմ որպիսությունը։ Իսկ և իսկ այդ վաճառականին էլ յուր միակ աղջկա կրթության համար այդ միջոցին պետք է եղել մի վարժապետ։ Եվ այդ կերպով տեր Մովսեսը և Ասատուր աղան իրանց մեջ պայման են դրել՝ ամսական տասներկու մանեթ ռոճկով ինձ կարգել վարժապետ։ Երբ տեր Մովսեսը ինձ հայտնեց այս բանը, այս նեղ դրությանս մեջ այս պայմանն էլ երևեցավ ինձ աստուծո ամենամեծ ողորմություն, թեև այդ ամենամեծ ողորմությունը ամեն օր խլում էր իմ թանկագին ժամանակից ամբողջ երկու ժամ, որն ուսանողի համար անփոխարինելի կորուստ է։ Ո՛չ միայն այդքան, այլև Ասատուր աղան աջ ու ձախ քարոզում էր, թե նա մի հայ ուսանողի մեծ բարերարություն է անում, այսինքն՝ տալիս է նորան ապրուստ, ոտից գլուխ հագցնում է և լցնում է նորա բոլոր պիտույքը, և խոհեմությամբ լռում էր իմ ծանր աշխատանքի մասին։

Սոֆիան (Ասատուր աղայի տասներեք տարեկան աղջիկը) բավականին երես առած աղջիկ էր. և մինչև որ նորան դասի կարողանում էի նստեցնել՝ իմս էլ ինձ էր հասնում։ Առանց մեկ պատճառի կա՛մ գլուխն էր ցավում, կա՛մ տրամադրություն չէր ունենում՝ պարապելու, կա՛մ դասերը պատրաստած չէր լինում, կա՛մ գրքերը կորցրած էր լինում, եթե խրատում կամ աղաչում էի՝ սկսում էր լալա ու հազարումեկ նազեր էր ծախում։ Սառն քրտինք էր գալիս վրաս մինչև կարողանում էի ամեն բան կարգի բերել ու սեղանի առջև հանգիստ նստեցնել։ Աշխարհագրության, կամ քերականության, կամ թվաբանության դասերի ժամանակ ամեն անգամ ստիպված էի անտեղի հարցմունքի պատասխաններ տալու։ «Աղջկան ի՞նչ հարկավոր է, թե Լոնդոնը Թեմս գետի կամ Վոլգայի վրա է. աղջկան ի՞նչ հարկավոր է, որ թագավոր բառի սեռականը թագավորի է և ո՛չ թագավորա, աղջկան ի՞նչ հարկավոր է, որ մեկ փութի մեջ կա երեք հազար ութը հարյուր քառասուն զոլոտնիկ. մայրս խո այդ ամենը ո՛չ սովորել է և ո՛չ գիտե, բայց նա շատ լավ մայր է»։ Եթե ես նրան մեկնում էի թե՝ նորա մոր աղջկության ժամանակ այդ ներելի էր, այժմ ուրիշ ժամանակ է, և աղջկանից ավելի է պահանջվում, նա իսկույն ասում էր. «ուրեմն իմ մայրը հիմար է, ուրեմն իմ մոր ծնողքը անպիտան մարդիկ էին, որ չէին կրթել նորան»։ Շատ անգամ խաթուն Օսաննան (Սոֆիայի մայրը) ևս ինձանից սիրտը ցաված էր լինում, և ես ստիպված էի լինում գլուխս ցածրացնել արդարանալով այնպիսի գործերում, ուր ամենևին հանցանք չունեի։

Չգիտեմ կա՞ արդյոք աշխարհիս երեսին ավելի ստոր և ապերախտ պաշտոն, քանց հայ երեխաների դաստիարակիչ լինելն։ Այդ միջոցին հազար անգամ սոսկալի երդումներ եմ կերել, որ եթե ես երբևիցե հայր լինիմ՝ անեծք կդնեմ իմ զավակների վերա՝ ո՛չ հայի քահանա և ո՛չ հայի վարժապետ լինել, տասնապատիկ գերադասելի է կառապան կամ փողոց ավելող մշակ լինել, քան թե հայոց քահանա կամ վարժապետ։ Այն թշվառ կոպեկները, որ հայը շպրտում է յուր քահանային կամ վարժապետին, ոչինչով ավելի պատվավոր չեն այն կոպեկներեն, որ նա տալիս է մի մուրացիկ աղքատի, թե՛ այս և թե՛ այն դիպվածում նա յուր տվածը համարում է ապարդյուն ծախք։ Հայը հավատում է լուսավորության ուժին, բայց ո՛չ այն լուսավորության, որն ստանամ է մեկ հայից, այլ որն տալիս է նորան պաշտոնատարը, աստիճանավորը։

Զարմանալի՜ բան, քանի՛ ավելի տանջում էր ինձ Սոֆիան, այնքան ավելի սաստկանում էր համակրությունս դեպի նորան. համակրությունս ժամանակով սերի դարձավ իսկ սերս փոխադրվեցավ կրքի։ Այո՛, այս երես-առած աղջկանը ես կրավոր կերպով սիրեցի։ Օրե-օրե նա զարգանում էր մարմնով, առողջությունը խոշոր կայլակներով կաթում էր նորա թշերից, լայն լանջերից ու բավականին բարձր իրանքից, և երբ լրացավ նորա տասնյոթը տարին և ես հինգերորդ դասարան մտա՝ Սոֆիան արդեն հարսնացու էր: Սերի կամ սովորության նման մի բան նորա կողմից ևս նկատում էի արդեն դեպի ինձ. բայց ծնողաց հոժարության մասին բոլորովին հուսահատված էի։ Եվ ունեի պատճառ:

Մի օր Ասատուր աղայի մոտ Հաշտարխանից հյուրեր էին եկել, երեկոյան թեյ էին խմում։ Ես եկա Սոֆիային դաս տալու։ Այդ միջոցին Սոֆիան տասնվեց տարեկան կլիներ, ես էլ չորրորդ դասարանի ուսանող էի։ Հյուրերեն մինը հարցուց (երևի ականջը փոքր ինչ խուլ էր, վասնզի նկատած էի, որ խուլը կարծելով ուրիշին էլ խուլ՝ միշտ պինդ է խոսում).

— Էս ի՞նչ մարդ ա, հա՞յ ա։

— Հա, հայ ա։

— Ի՞նչ գործի ա։

— Աղջկանս վարժապետն ա, սովորցնըմ ա։

— Շատ ջահել ա, չես վախենը՞մ։

— Քու տունը աստված չի քանդի, ինչի՞ց պետք ա վախենամ. Սոֆինկես էն հոր-մոր զավակ ա, որ էդպես անփոխանների վերա թքել չի ուզիլ, չէ թե մեկ ուրիշ բան։

— Նայի՛ր, սա՜խտ կացիր, Բուղդան Նիկիտիչ. կրակն ու բարութը մին-մինի մոտ չեն տինում, մին էլ տեսնիս բիրդան կտռաքի, հա՛։

— Չէ, Սիմոն Մալխասիչ, էտ դումանից դու միամիտ կացի՛ր։

— Սոֆինկան իմ մեկ հատիկ զավակն ա, աչքիս լուսն ա, իմ միլիոնի ժառանգն ա, ես գի՞ժ եմ, որ էս անփոխանին տամ. ի՞նչ եմ հոգում, որ նա բժիշկ ա, գլուխն էլ քարը, հիմա էտպես քանավալներով քուչաները մոստիտ են անըմ. պալկովնիկներ, գեներալներ, գուբեռնատորներ քի՞չ են, ի՛նչ, Ռուսաստանըմը...

— Աղա՛ Ասատուր, մի՞թե աղջկանդ ռուսի կտաս, հայի չէ՞։ Էդ խոմ չիլավ, հաութունը մեղալամ կըմոռանա...

— Շատ պետք է ինձ քու հայութունը,— ասաց քիթ պռունկը ծռմռելով Ասատուր աղան,— ի՞նչ ա, ռուսը կռապա՞շտ ա, ինչ ա, նա էլ խոմ մեզ նման քրիստոնյա յա, բալքի մի զատ էլ ավելի... թողե՛ք... պաժալըստա, ձեր ազգասիրությունը, ինչ ասես փիս բան՝ էդ ազգասիրութինի մեջն ա։ Մեկ օր (դուք կացեք) ամենքիդ կըփռնեն, Սիբիր կուղարկեն, էն ժամանակ կիմանաք թե ինչ ա նշանակըմ՝ ազգասիրությունը, հաութունը։ Չէ՛, աղա ջան, իմ Սոֆինկեն աղավարի յա պոլկովնիցա կիլի, յա եներալշա, յա գուբեռնատրշա, դու գնա էլի քու ազգասիրությունը արա...

— Հալբաթ,– ասաց Սիմոն Մալխասիչը,– Սոֆինկայի բանը ջոկ ա. սաղ աշխարհքը որ պտրես, Սոֆինկայի նման բարիշնա յա մեկը քթնես, յա էրկուսը։

Այդ միջոցին Սոֆիան գիրքը առած ներս մտավ, ես դուռը փակեցի ու էլ չի լսեցի այս անբարոյական խոսակցությունը երկու պատվավոր հայերի։

Ասացի որ՝ ես Սոֆիայի վրա սիրահարված էի, բայց սաստիկ կսխալին մարդիկ, եթե կկարծեն որ նորա հոր հարստությունը իմ սիրո մեջ մի որևէ դեր էր խաղում, ամենևին ո՛չ։ Աստուծո առջև կարող եմ ասել, որ ոչ մի րոպե նորա հարստությունը ինձ չէր շլացրել, և ես ոչինչ ցանկություն չունեի երբևիցե տեր լինելու այն միլիոնին, որ նա մի օր յուր հորից պետք է ժառանգեր։ Իմ պատմածից երևվում է, որ Սոֆիան մի առանձին հոգեկան արժանավորություն ևս չուներ, որով կարող լիներ ինձ հրապուրելու։ Ո՛չ. ես (թեև ամոթ է խոստովանելը) շատ սոսկական կերպով սիրել էի նորա գեղեցկակազմ, շնորհալի արտաքինը։ Քանի որ նորան տեսնում էի՝ աչքս մութ էր կոխում, արյունս եռ էր գալիս, սիրտս պինդ-պինդ բաբախում էր ու ջիլերս քաշքշվում էին։ Եվ ի՛նչ զարմանք, ինքս էլ այն ժամանակ քսաներկու տարեկան էի։ Հոգի իմ մեջ էլ չէի նշմարում, ի՞նչպես կուզեք, որ ուրիշի մեջ որոնեի։ Ես բոլորովին համոզված եմ, որ «առաջին սեր» ասած զգացմունքը իսկ և իսկ այն է, ինչ որ ես զգում էի այդ պատանեկական հասակիս մեջ։ Այս, ինչ որ ես ասում եմ, գուցե ուրիշները չասեն, բայց այդ ոչինչ չէ նշանակում, այդ միայն ապացուցանում է, որ նոքա ինձ նման սրտաբաց չեն։

Րոպեի մեջ սիրել չէ՜ կարելի, բայց սիրահարվիլ կարելի է. րոպեի մեջ երևում է մարդուս արտաքինը և ոչ թե հոգին։ Հոգի ճանաչելու համար շատ տարիներ են պետք։ Մենք սիրահարվում ենք արտաքինի և ոչ թե հոգու վերա։ Հավանիլ, սիրահարվիլ, սիրել՝ պատանեկի և աղջկա համար միանշան գաղափարներ են. միայն չափահաս տարիքը կարողանամ է որոշել և ամենին յուր տեղը և աստիճանը տալ մարդկային հարաբերությանց մեջ։ Ստում է տղան, եթե ասում է թե այս ինչ աղջկա հոգին սիրեցի, նույնպես և աղջիկը տղի համար, մի՛ հավատաք, նոքա հավանել են միմյանց աչքը, ճակատը, մարմնու գույնը և այլն։ Պատանիի կամ դեռահաս աղջկա բերանումը հոգին մի անորոշ գաղափար է այնպես, ինչպես որ ազգասիրություն խոսքը մեր ժամանակակից հայերից շատերի շրթերումն։ Կարճ՝ ես սիրահարված էի Սոֆիայի վերա, բայց նույնը չեմ կարող ասել Սոֆիայի կողմից։ Իհարկե, չորս տարվա ընթացքում, գրեթե ամեն օր չորս–հինգ ժամ միասին անցնելով, նա եթե չի զգար էլ դեպի ինձ սեր, գեթ ընտելացել էր իմ ներկայությանը։ Ինձ տեսնելով՝ ուրախ էր լինում, եթե երեք-չորս օր հիվանդությանս պատճառով չերևայի նորա աչքին, հարցնում էր՝ ինչո՞ւ եկած չէի... և այսքանը։ Երբեք նկատած չէի, որ նորան վշտացներ իմ բացակայությունը և կամ թե մեծ ուրախություն պատճառեր իմ ներկայությունը։

Մի երեկո, ըստ սովորությանս, գնացի նորան դաս տալու, բայց տանը չի գտա. հոր ու մոր հետ միասին չգիտեմ ո՛ւր էր գնացել։ Որովհետև հոգնած էի՝ չուզեցի, իսկույն բնակարանս վերադառնալու, ու մնացի նորա սենյակի մեջ։ Պատի վերա կախած էր նորա լուսանկար պատկերը, աչքս դարձուցի վերան ու երկար ժամանակ նայում էի. հանկարծ վերաս մի անմեկնելի տրտմություն եկավ, աչքերես ակամա սկսավ արտասուք գալու։ Հանեցի գրպանես թաշկինակս, սրբեցի աչքերս ու նորից անհագաբար նայում էի պատկերի վերա, դարձյալ բխաց աչքերես արտասուքի աղբյուրը։ Այդ միջոցին մի մարդ դուռը բացեց, ներս մտավ, բայց ես ուշք չիդրի այդ բանի վերա, դարձյալ և դարձյալ, աչքս պատկերին հառած, լալիս էի։ «Պարոն, ինչո՞ւ ես լալիս, պարո՜ն, մեղք ես դու, պարո՜ն կարժե՞ էդ աղջիկը, որ դու նրա վերա մաշվում ես», ասաց ինձ մի քնքուշ և ողոքական ձայն։ Ես դարձա և տեսա որ՝ առջևս կանգնած էր Կատյան, Սոֆիայի նաժիշտը։

Կատյան տարիքով հասակակից էր Սոֆիային, չար լեզուները (դուք նկատե՞լ եք, որ չար լեզուները մեծավ մասամբ ճշմարտախոս են լինում) ասում էին, որ Կատյան Ասատուր աղայի մոտավոր ազգականներից մեկի որբն է, Մոսկով գալիս առել, բերել են հետները։ Ուրեմն չորս տարիից ավելի էր, որ ամեն օր տեսնում էի նորան, բայց զարմանք բան, ոչ մի անգամ արժանի համարած չէի նորան իմ ուշադրությունը, տեղեկացած չէի թե՝ ի՞նչպես է կենամ, ի՞նչպես է զարգանում, ի՞նչ պիտի լինի սորա ապագան, մինչև անգամ մտադրությամբ նայած չէի երեսին և չգիտեի սիրո՞ւն է, թե տգեղ, և եթե փողոցի մեջ հանդիպեի նորան, շատ կարելի է որ չի ճանաչեի ես։

Երբ որ Կատյայի ձայնը ականջիս հասավ՝ առաջին անգամ՝ նայեցա երեսին և ի՛նչ տեսնեմ, առջևս կանգնած էր, թեև աղքատի հագուստով, բայց շատ գեղեցիկ աղջիկ, հասակը երկու-երեք մատ բարձր Սոֆիայից, երեսի գույնը առավել վարդագույն և առողջ, լանջերը ավելի ճոխ զարգացած, մազը ավելի թավ, վարսը ավելի հաստ և երկայն, բազուկները մսոտ, առողջ և ուժեղ, մեկ խոսքով՝ Կատյան այն հազվագյուտ կանանցմեն էր, որոնք հաջողակ դիպվածներին հսկաների մայրեր են լինում։ Բայց, ուշադրություն չդարձրի, ազնիվ ուսանողին շատ անվայել էր շքեղ բամբիշին փոխել մի մրոտ աղախինի վերա։

Անհամբերությամբ սպասում էի մայիս ամսին, երբ հարցաքննություններս ավարտած, բժշկի վկայականը ծոցս, օրինավոր քաղաքացի դարձած՝ պիտի ներկայանայի Ասատուր աղային և նորա պատվական Օսաննա խանումին և հայտնեի, որ ես ի վաղուց հետե հավանել եմ նոցա աղջկանը. ահա՜ այժմ ռուսաց պետության աստիճանավոր եմ, ապրուստս լիովին ապահոված է, առաջվա պես ողորմելի երիտասարդ չես, ուրեմն, խնդրում եմ նոցա աղջկա, գեղեցիկ Սոֆիայի ձեռքը։ Այս մասին քանի անգամ խոսել էի Սոֆիայի հետ, և որքան միտս էր գալիս, թեև նորա կողմեն մեկ հրճվալի ցնծության նշաններ տեսած չէի, բայց «չէ, չեմ ուզում քու կինը լինել» ևս լսած չէի նորա բերանեն, այնպես որ, կարծում էի թե՝ մեր ամուսնությունը ոչինչ արգելք չունի, գոնե իմ և Սոֆիայի կողմանե։

Վերջապես մայիսը հասավ, և ես վերջին հարցաքննություններս փառավոր կերպով տվի պրծա, վկայականս ծոցս դրի և ուրախ-ուրախ վազեցի Սոֆիայի ծնողաց մոտ։

— Հը՞, ի՞նչ ա,— բարևեց ինձ Ասատուր աղան։

— Պրծա՜, պրծա՛,— ասացի նորան ուրախ-ուրախ։

— Շատ լավ ա, շատ լավ,— ասաց նա,— հիմի ուրեմն մեր հինգ տարվա արած լավությունը փուճ տեղը չգնաց, մենք էլ փա՜ռք ասծու, պրծանք մեր պարտքից։ Հիմի ինչպես գիտես՝ էնպես կառավարվիր, էլ այսուհետև ումուտդ մեր վերա մի՛ տինիր. ինքդ քու գլխու ճարը արա...

Ես ամենևին այսպիսի պատասխան չէի սպասում, այս խոսքերը լսելով, ասես թե գլխուս սառը ջուր թափեցին։ Բայց ես ինքս ինձի ժողովեցի ու հետո ասացի.

— Մեծապես շնորհակալ եմ ձեզ՝ իմ վերա ունեցած ամեն երախտիքի համար, բայց ես ձեզ մի ուրիշ խնդիրք ունիմ հայտնելու։

Խնդիրքի անուն որ լսեց, Ասատուր աղայի երեսի գույնը թռավ։

— Հինգ տարի էսքան լավության անելից հետո՝ էլի՞ բան ա մընըմ,— ասաց նա դժկամությամբ։

— Այժմվա խնդիրս փողի բան չէ՛, ասացի։

— Ապա ասա՜, տեսնենք, ի՞նչ խնդիր ա։

— Ասատուր աղա՜,– ասացի կմկմալով,– ձեզ հայտնի է, որ ես այժմ անկախ մարդ եմ, այսուհետև ինձ ո՛չ առուտուր է պետք, ո՛չ դես ու դեն ման գալ՝ աշխատանք ու ապրուստ ճարելու համար, ոչ պետք է հոգամ թե վաղը ի՛նչ պետք է ուտեմ կամ մյուս օր ի՛նչ պետք է հագնեմ, փա՜ռք աստծո, այժմ իմ առջև ամեն դռներ բաց են, իմ կյանքը և ապրուստը բոլորովին ապահոված է...

— Լաաա՜վ,— ասաց Ասատուր աղան ձայնը ձգելով ու ճակատի տակից երեսիս նայելով,— էտի որ ասում ես՝ հետո ի՞նչ ես ուզում հասկացնի...

— Այն եմ ուզում հասկացնել, որ ես այժմ ազատ մարդ եմ...

— Թե որ ազատ ես, շատ բարի, քու ձեռը հով ա փըռնըմ... գնա՝ ուր որ ուզըմ ես, ո՞ւր ես մարդու բեզարացնըմ. ասաց ու բարկությամբ երեսը շուռ տվեց և ուզում էր հեռանալ...

Տեսա որ՝ ի՛նչ ուզում էի հասկացնել՝ խոսքերիցս այն դուրս չեկավ ու շփոթվեցա, բայց ուժս վրաս ժողովելով, նորից սկսեցի.

— Ասատուր աղա՜...

— Էլ ի՞նչ, հալա չի պրծա՞ր...

— Ես մեկ բան անեմ ձեզ հայտնելու...

— Ասա տեսնեմ, ի՞նչ ես ուզըմ հայտնել,— ասաց ու երեսը և մարմինը կես դարձուց դեպի ինձ։

— Ասատուր աղա, մի՛ բարկանաք վրաս, ես ձեզ մի գաղտնիք պետք է հայտնեմ...

— Փիյ է է է՛, սպանեցիր վեր տիրար, օրթնած մարդ, էս քանի՞ վախտ ա. ականճ եմ տինըմ՝ դատարկ խոսքերից ղայրաղ բան չեմ լսիմ. ասա՛ պրծի՛ր, ես ժամանակ չունեմ քու տռհաջությունները միտիկ անելու...

— Ես... ես... ես սիրում եմ մադմուազել Սոֆիային.. հոժա՞ր եք, որ նա իմ կինս լինի...

Ասատուր աղայի երեսը սպրդնեցավ, մեռելի գույն եղավ, աչքերը արյուն կոխեց, ճակատը քրտինք տվավ։

— Դո՜ւն... Սոֆիային... դո՜ւն... իմ, իմ, իմ Սոֆիանյին... իմ Սոֆիան քու կինը իլի՞... Իմ Սոֆինկեն, միլիոներ աղա Ասատուր Բեյթումալովի աղջիկը մեկ էշի զըխկու սալմաստեցի՝ խոյեցիի կընիկ իլիիի՛... ատա՝ խելքդ տանե՞լ ես տվել, թե՞ ինձ գիժ ես կարծում... Քեզ հո՞վ իրավունք տվավ էդպես անամոթ, լիրբ բաներ մտքից անց կացնելու: Միտիկ արա՛, պարոն հեքիմ, դու հալա ջահել ես. էս անգամին կիլի քեզ ներել, ամա թե մյուս անգամ էսպես անմարդավարի, պիապուռ խոսք լսել եմ բերանիցդ էն վախտ, խնդրեմ, ինձանից բեդամաղ չիլես. նոքարներիս կհրամայեմ վզակոթիդ տալով՝ տանիցս դուրս անեն։ Հիմի էլ, խնդրեմ, վախտ բե վախտ տունս մի գալ. այսուհետև վարժապետությունդ պրծավ, էլ դու ո՛չ Սոֆիայի վարժապետն ես, ո՛չ էլ Սոֆիան քու աշակերտը։ Հիմի գնա՜ քու բանին, կուզես՝ ղուլլուղ մտի՛ր, կուզես՝ էնպես հեքիմություն արա՛, կուզես քու վաթանը Սալմաստ ու Ղարաբաղ ա, ինչ մարաքա յա, գնա՜ ու քու գործիդ իլի՛ր. էս էլ լավ իմանաս, որ Սոֆինկան քու բերանի թիքան չի. նրա վերա խոսողը՝ առաջ մեկ լավ բերանը պետք ա լվանա, իստակի, ապա թե իրավունք ունենա խոսելու։

Այսպիսի անպատիվ վարմունքից ու խոսքերից ետ՝ ինձ ի՞նչ էր մնում անելու։ Գնացի փակվեցա իմ փոքրիկ սենյակի մեջ և ժամերով աղիողորմ լաց եղա։ Սոֆիայի հիշատակը ինձ անողորմ հալածում էր. աչքս թե փակ լիներ թե բաց՝ նորա երեսը կենդանի կեցած էր իմ առջև, և ասես թե մեղադրելով ինձ ասում էր. «Այդպե՞ս ուրեմն, տկար է քու սերը դեպի ինձ. մի՞թե մի ծեր մարդու երկա-երեք կշտամբանքը կարողացան սառեցնելու քու սերը, որն ես ամբողջ հինգ տարի արծարծել ու բորբոքել էի»։

Իսկույն տեղից վեր թռա. մի նամակ գրեցի նորան, այն օրվա նորա հոր հետ ունեցած խոսակցությունս բառ առ բառ գրեցի և հարցուցի նորա խորհուրդը թե՝ ի՞նչ պետք է անեմ այսուհետև։ Նամակը որ պրծա՝ կնքեցի ու գնացի Ասատուր աղայի տուն, ետևի սանդուղքով մտա խոհանոց, և կամացուկ սպրդեցուցի Կատյայի ձեռքը, խնդրելով, որ իսկույն Սոֆիային հասցնե։ Կատյան ոչինչ չասաց. մեղքանալով նայեցավ աչքերիս մեջ ու դուրս գնաց խոհանոցից: Ես էլ գնացի բնակարանս։

Երեկոյան թեյի ժամանակ կամացուկ ներս մտավ Կատյան, ու տվեց ինձ մի փոքրիկ թուղթ, ուր մատիտով գրած էր ռուսերեն. «Այս օրերս մենք գնալու ենք Տաք ջուր, եթե կարող ես՝ արի՛ այնտեղ, կարելի է դիպված գտնես մեկ հնարով հորս հետ հաշտվելու։ Իմ վերա հույսեր մի՛ դնիլ, ես քեզ ոչինչով օգնել չեմ կարող, նմանապես չեմ կարող ծնողացս կամքեն դուրս գալու, այդպիսի զոհ ինձանից մի՛ պահանջիլ»։ Նամակի տակը ստորագրություն չի կար։

Կատյան սպասում էր։

— Լա՜վ է, շնորհակալ եմ,— ասացի,— պատասխանելու բան չունիմ։ Ներե, որ քեզ անհանգստություն պատճառեցի։

Կատյան տեղիցը չշարժվեցավ։ Ես տեղես ելա նորից շնորհակալություն ասացի նորան, բայց նա դարձյալ անշարժ կեցած էր, ու աչքը արտասուք ուղիղ աչքիս մեջ էր նայում։ Ես զարմացա։

— Կատյա, ի՞նչ եղավ քեզ, ինչո՞ւ ես լալիս։

— Աղա՛, ես քեզ խնայըմ եմ, դա մեղք ես, իզուր տանջվըմ ես. Սոֆիան քու ոտքի հողին չարժե. նա փուճ աղջիկ ա. նահախ ես պատիվդ ոտնատակ անըմ։

— Ի՞նչ ես ուզում ասել, Կատյա ջան, ասացի, ինչո՞ւ ես վատաբանում քու խանումին, էստեղ նա ի՞նչ մեղք ունի, եթե կա մեղավոր՝ էդ նրա հերն է, Սոֆիան բոլորովին անմեղ է։

— Չէ՛, աղա, դու սխալվըմ ես, թեպետ աղա Ասատուրը մեղավոր ա, ամա Սոֆիան տասնապատիկ ավելի ա մեղավոր, թե Սոֆիան ուզեր՝ քեզ էս օրին չէր հասցնիլ. ամեն բանի մեղավորն Սոֆիան ա, նա քեզ գժվացնըմ ա. նա քեզ չի սիրում, նա ղայրաղ իրան ոչ-ոքի չի սիրում։

Նորից ու նորից զարմացա, որ այս մունջ Կատյայի բերանից այսպիսի համարձակ խոսքեր էին դուրս գալիս։ Հինգ տարվա մեջ ես մեկ բառ լսած չէի սորանից։ Ասեիր՝ տա՛ր՝ կտաներ, ասեիր՝ բե՛ր, կբերեր, ամեն հրաման առանց մեկ խոսք ասելու, անտրտունջ և լուռ կաներ։ Ոչ մի գանգատ, ոչ մի անտեղի, լիրբ ծիծաղ լսած ու տեսած չէի նորանից։ Այսօր մի հրաշք էր պատահել նորան. մեր հինգ տարվա մունջը պերճախոս հռետոր էր դարձել։

Ես գլուխս կախեցի և արտասուքը ակամա վազեցին աչքերես։ Կատյան կամաց, բայց այնպես կամաց, որ ես ամենևին չնկատեցի, մոտեցավ ինձ, ետևիցս գլուխս յուր կրծքին սեղմեց, պագեց և ասաց նույնպես լալով (նորա արտասուքը մազերիս վրայեն գլորվելով՝ երեսիս վերա ընկան). «Ա՜խ, աղա ջան, էս ի՞նչ դժոխք աշխարհ ա, դու Սոֆիայի համար ես էրվում, ուրիշը քու կրակովն ա խորովվում, Սոֆիան էլ, որ գիտե, ում ոտքին մի օր ղուրբան պետք ա գնա։ Աղա ջան, աղա ջան, հրամայե, ես քու ոտքերի տակ կսատկեմ... Ա՜խ, ինչո՞ւ ես իրավունք չունիմ քեզ սիրելու, դուն էն ժամանակ կտեսնեիր՝ թե ի՞նչպես պետք է սիրել քեզպես հոգիով տղամարդին»։

— Կա՜տյա, գիտե՞ս ինչ, գնա՛ շուտով տուն, չլինի թե Ասատուր աղան գա ու քեզ տանը չի գտնե. նա վատ մտքեր կունենա քո մասին։

— Աղա ջան, ի՞նչ եմ հոգում, որ նա իմ վերա վատ մտքեր կունենա, այսուհետև թեկուզ սև հողն էլ մտնեմ, հաջաթս չէ՛,— ասաց աղջիկը լալով ու դուրս թռավ։

Երբ որ Կատյան գնաց՝ խղճի խայթի նման մի բան սկսավ ներսս կրծելու։

— Սոֆիա՞, թե՞ Կատյա, Կատյա՞ թե՞ Սոֆիա, հարցնում էի ինքս ինձի, ու պատասխանը չէի գտնում։

Մի շաբաթից ճանապարհ ընկա դեպի Տաք ջուր, բայց Ասատուր աղան արդեն երկու օր առաջ գնացել էր այնտեղ։


Հունիսի 20.

Երկու օր դարձյալ անպտուղ կորցրի հյուրանոցներու, վարձու տալու տներու և բնակարաններու մեջ հարց ու փորձ անելով՝ արդյոք՝ Մոսկովից այս ու այս նշաններով ընտանիք եկե՞լ են թե ոչ։ Ոչ ոք ինձ մեկ բավարար պատասխան տալ չկարողացավ։ «Երևի, միտք արի, ես իրավ սխալվել եմ, մի օտար աղջիկ նմանեցնելով Կատյային»։

Այսօր երեկոյան դեմ, ժամը 6-ին, ես գնացի այստեղի ճեմելիքը՝ ուր սովորաբար երաժիշտները նվագում են և ժողովուրդը խառն բազմությունով զբոսնում է։

Ճեմելիքի մեջ տեղ-տեղ դրած են դեղձանիկի վանդակի նման փոքրիկ խանութներ, ուր վրաստանցի հայը ծախում է թարմ պտուղներ, գերմանուհին՝ տաք-տաք գրդակներ, ուրիշ մարդ՝ լրագիրներ և գրքեր, տեղ-տեղ սեղաններ էլ կան, ուր ծախվում են արծաթագլուխ ցուպեր, կնիքներ, բուստե և լավաե շինած կանանց զարդեր, «նորաշեն հնություններ և նորատիպ հին դրամներ», այս սեղաններից մինի առջև կանգնած են երկա-երեք պարսիկներ և ծախում են ակեր ա մարգարիտներ։

Ես առհասարակ սաստիկ հակակրության անիմ դեպի ակնավաճառները, և նկատել եմ, և իմ նկատմունքը շատ սակավ սխալ է եղել, որ ակնավաճառները ըստ մեծի մասին լինում են խարդախ, խորամանկ, ստախոս, մարդահաճո, շողոքորթող և խաբեբա մարդիկ։ Պատճառը շատ պարզ և հասկանալի է. նախ որ՝ «մութ ապրանք» է, նա որոշյալ գին չունի, նորա գինը կտրվում է ծախողի ճարպկությունով և գնողի թեթևամտությունով, և. երկրորղ՝ ակը առօրյա պետքական բան չէ. այլ զեխության առարկա է. նորա գնողը հարկավ ունևոր մարդ պիտի լինի, իսկ ունևոր մարդու ձեռքից շատ փող դուրս հանելու համար՝ վաճառականը պիտի ունենա այն հատկությունները, որ քանի մի տող վերը հիշեցի, այսինքն՝ խորամանկություն, մարդահաճություն, ստախոսություն, շողոքորթություն, խաբեբայություն և խարդախություն։

Ինչպես ասացի, ճեմելիքի մեջ շարած սեղանների մինի առջև կանգնած էին պարսիկներ ու թանկագին ակեր և ակնակուռ զարդեր էին ծախում։ Հանկարծ աչքս դարձնեմ ու ի՞նչ տեսնեմ. Ասատուր աղան մի մեծ կարմիր զմրուխտ է ծախս անում, պարսիկը պահանջում է վեց հազար մանեթ, իսկ Ասատուր աղան տալիս է չորս հազար հինգ հարյուր մանեթ։

Համալսարանումը ես առանձին ուշադրությամբ լսում էի հանքաբանության դասախոսությունները և մեր պրոֆեսորը ակերու վերա խոսելիս՝ միշտ սովորեցնում էր մեզ զանազան հնարներ՝ թե ի՞նչպես պետք է խարդախ ակը իսկականից ջոկելու, իսկ կարմիր հակինթի մասին, այս օրվա պես միտս է, երկարորեն պատմել էր։

Եվ ճշմարիտ պետք է ասել, որ այնպիսի ընտիր ակ, ինչպես որ պարսիկն էր ծախում, ես կյանքիս մեջ տեսած չէի՝ թե՛ ցոլքի, թրաշի, և թե՛ խոշորության կողմանե։ Թագավորին էլ որ ընծայեիր, չէիր ամաչիլ՝ այնքան գեղեցիկ էր։ Հանկարծ հոգուս մեջ երկմտություն մտավ չլինի՞ թե այս խարդախ ակ լինի, վասնզի, ես կարծում էի, եթե նա իսկական ակ լիներ՝ առսակավը տասնհինգ հազար մանեթ պետք է արժենար, իսկ մեկ քնծռոտ պարսկի ձեռք ի՞նչ գործ ուներ այդպիսի գումարի ահագին ապրանք։ Արդեն պարսիկը զիջել էր ութ հարյուր ռուբլի և Ասատուր աղան ավելացրել էր հինգ հարյուր ռուբլի, տարբերությունը այնքան չնչին էր, որ փոքր ժամանակից ետ անպատճառ նոցա ծախսը պիտի վերջանար և ակը պիտի ծախվեր։ Սիրտս չհամբերեց, ուզացի ստուգել իմ կասկածը, մոտեցա Ասատուր աղային, բարևեցի (իբր թե մեր մեջ երբեք գժտություն պատահած չէր), հարցուցի նորա առողջությունը (Սոֆինկայի մասին մի խոսք չհիշեցի) և հետո հարցրի, թե ի՞նչ է ծախս անում։

— Էս յաղութը ուզում եմ առնել, ի՞նչ կասես՝ լավ բան ա՞,— և ցույց տվեց ինձ այն սիրուն ակը, որ փստուղի մեծության կլիներ։

Ձեռքս առի, դարձրի դեպի արեգակն ու ակի մեջտեղը երկայն ժամանակ և ուշադրությամբ նայեցա։ Մի աննշմարելի գիծ տեսա նորա մեջ որն անփորձ մարդը հարյուր տարի էլ որ նայեր՝ չէր տեսնիլ, ու դառնալով պարսկին, ասացի.

— Քանի՞ ուզում ես ծախել այս ակը։ Պարսիկը կեղծի ժպիտով ասաց.

— Ես պահանջում եմ հինգ հազար երկու հարյուր մանեթ, իսկ այս աղան (ցույց տվեց Ասատուր աղայի վերա) տալիս է հինգ հազար, մնում է որ ձեզպես լուսավորյալ և հմուտ մարդը մեզ հաշտեցնե այս երկու հարյուր մանեթի համար, ասաց ու խոնարհաբար գտակը հանեց առջևս։

— Այս խարդախ ակ է,— ասացի պարսկին։– Դու ի՞նչ իրավունք ունիս հրապարակի մեջ և այդպիսի լրբությամբ միամիտ մարդոց խաբելու։ Դու չգիտե՞ս որ՝ այս Ռուսաստան է, ուր կա օրենք և դատաստան, դու քու Պարսկաստանը չգիտենաս, ուր կարելի է օր ցերեկով խաբել, խարդավանել և սպանել, ու անպատիժ մնալ։

Պարսկի և Ասատուր աղայի երեսները սպրդնեցան. մինինը վախից, իսկ մյուսինը բարկությունից։

— Ատա՛, էլի՞ քու անմարդավարությունը շանց տվար, էլի՞ տեղդ դինջ մնալ չկարողացար, էս ի՞նչ բիաբուռ, թոկից բաց ընկած մարդ ես իլած, մեղայ ասծու մեղա, ասաց ինձ Ասատուր աղան։

Նորա բարկությունից խրախուսված՝ պարսիկը հարձակվեցավ վրաս.

— Պա՛րոն, երևի դու ի՛նքդ կարծում ես, որ այս երկիրը Ռուսաստան չէ՛, այլ մեկ վայրենի անապատ է. եթե դու օրենքի հետ ծանոթ լինեիր, անշուշտ կիմանայիր, որ Ռուսաստանի մեջ զրպարտիչը նույն պատիժն է ստանում, ինչ որ պետք է ստանար հանցավորը։ Այժմ ես քու օձիքդ (յախադ) ձեռքես բաց չեմ թողնիլ, եթե չապացուցանես, որ ես խարդախ մարդ եմ, օրենքը կուտա քեզ այն պատիժը, որն պիտի ստանա խարդախը։

— Թո՛ղ այդպես լինի,— ասացի ես,— կա՛մ Սիբիր կերթամ՝ աքսոր, կամ կհաստատեմ, որ այս ակը խարդախ է, և դա ոչ թե հինգ հազար երկու հարյուր մանեթ, այլ մեկ գրոշ չի արժիլ։

Այս որ ասացի, վառեցի մի լուցափայտ ու բոցը մոտեցրի ակին, երբ որ ակը մի փոքր տաքացավ՝ իսկույն երկու կտոր սիրուն տաշած և հղկած հասարակ ապակի դարձավ, որի մեջ ներկ էր քսած՝ կարմիր գույն տալու համար ու եզերքները սոսնձով կպցրած։

Ասատուր աղան պապանձված մնաց, իսկ պարսիկը ամոթիցը ու բարկությունիցը չգիտեր ի՛նչ աներ։

— Տե՛ս, տե՛ս, ի՞նչպես խաբվել եմ ես. այս անպիտան հասարակ ապակիի համար տվել եմ հինգ հազար մանեթ ափսո՜ս, հազար ափսոս իմ կորցրած փողիս,— ասաց պարսիկը, հուսահատված ձևանալով։

— Ա՜յ բան,— ասաց, ծիծաղելով Ասատուր աղան, ամա լավ բաբաթի պետք է խաբեր ինձ էս շ. ո. պարսիկը եթե դու չիլեիր... Նո՜ւ, պարոն Վարդան, մեռնելս մտքիցս կանցներ, բայց էսպես ղոչաղությունդ ամենևին մտքիցս չէր անցնիլ։ Էսօր դու ինձ հինգ հազար մանեթ բաշխեցիր, մեծապես շնորհակալ եմ։ Թե էդպես ա՝ արի՛ գնանք մեր տուն՝ մեկ տեղ հաց ուտենք, բայց խնդրըմ եմ, մյուս անգամ էլ էն հին գժություններդ մի՛ անիլ։ Էս անգամն էլ քեզ կբաշխեմ։

Պարսիկը կամացուկ հավաքեց ապրանքը, փակեց ապակիե կափարիչով արկղը ու հեռացավ. մենք էլ գնացինք Ասատուր աղայի տունը։ Այս կերպով նորա դռները նորից բացվեցան իմ առջև։

Ճաշի վրա ո՛չ Սոֆիան կար և ոչ նորա մայրը՝ Օսաննան, Կատյային էլ չտեսա։ Երեկոյան ժամը 5-ին սիրտս կոտրած վերադարձա իմ խրճիթը։


Հունիսի 23.

Ի՞նչ եմ ուզում ես Ասատուր աղայից, ի՞նչ եմ սպասում Սոֆիայից, այս հարցմունքներին մինչև այժմ ինքս ինձի ուզացած չեմ ճիշտ պատասխան տալու. Ասատուր աղան որ կա՝ մի ինքնահավան, կամակոր, փառամոլ մարդ է։ Նա ինքը իր խելքով, իր աշխատանքով (արդար, թե անարդար ճանապարհով՝ այդ ջոկ բան է) կարողացել է միլիոնի տեր լինելու, այդ՝ Ասատուր աղայի և նորա նմանների կարծիքով մի այնպիսի սխրագործություն է, որի առջև պիտի ոչնչանան ամենայն ինչ մարդկային արժանավորություններ և առաքինություններ. գիտություն, իմաստություն, քաջություն, քանքար, հանճար՝ ի՞նչ չնչին բաներ են հարստության առջև։ Ասատուր աղան արդեն սիրահարված է յուր խելքի վերա, կամակորությունը խորունկ արմատ ձգել է նորա մեջ։ Ասատուր աղան հարուստ է, ուրեմն աշխարհքի ամեն բարիքը հասանելի են նորան. փողով նա կարող է մեծամեծ, արքայավայել պալատների մեջ բնակել, իրա շրջապատը շքեղ զարդարել, ծանոթություն ունենալ ամեն պատվավոր, քանքարավոր և բարձր աստիճանավոր մարդոց հետ, գնել մարդոց խղճմտանքը, գնել, մինչև անգամ, չքնաղագեղ կանանց եթե ոչ սերը, գեթ նոցա կեղծի գորովը և հրապույրքը։ Ես՝ մի աղքատ և աննշան բժիշկ, այն էլ հայ բժիշկ, ի՞նչ պիտի կարողանամ նորան տալու, ինչո՞վ գրավելու նորա կոշտացած սիրտը։ Նորան պետք է բարձրաստիճան, անվանի, երևելի ազգատոհմե փեսա, որի վերա նայելով նա կարող լինի պարծենալու թե՝ ահա ինչպես ոմնի տվել եմ իմ աղջկանը։ Ես ի՞նչ մեկ այդպիսի աչք ընկնելու արժանավորության ունիմ, բացի համեստաթենես և աշխատասիրութենես, որով հագենար նորա սնափառությունը։ Այժմ դառնանք Սոֆիային։ Ինչո՞ւ– ինձ պետք է սիրե Սոֆիան. նորա՞ համար որ ես նորան սիրում եմ. ի՞նչ մեծ փառք և երջանկություն է իմ սերը նորա համար։ Գեղեցիկ դեռահաս, և որ գլխավորն է՝ հարուստ աղջկան ո՞ր երիտասարդը չի սիրել։ Ո՞ւր է իմ այն արտաքին գեղը, որի վերա ամեն աղջիկ հաճությամբ նայում է. ո՞ւր են իմ փայլուն ուսադիրները՝ փայլուն օձիքները, շըխքշըխքալի թուրը և խթանները, որոնք հրապուրում են ամեն աղջկա աչք ու ականջ։ Չէ՛, ո՛չ Ասատուր աղան և ո՛չ Սոֆիան կարող են սիրել ինձ այնպես, ինչպես որ ես կկամենայի։ Եթե իմ մեջ կա ինչ ու ինչ արժանավորություն՝ նա այնքան փոքր է, որ խոշորացույցով պիտի նայես վերան, որ տեսնես, իսկ խոշորացույցը չի կա ո՛չ Ասատուր աղայի և ո՛չ Սոֆիայի աչքերին... Այս էլ ասենք, եթե Սոֆիան մի հասարակ մարդու աղջիկ լիներ, արդյոք ես կսիրեի՞ նորան և նա ինձ գեղեցիկ ու հրապուրիչ կերևա՞ր... իսկ Կատյա՞ն... Չէ, հեռացիր ինձանից, զննողակա՛ն ոգի, քեզ յուր մեջ ունեցողը երբեք բախտավոր չի լինիլ։ Չեմ ուզում իմ զգացմունքը կշիռքի վերա դնելու... Ես սիրում եմ Սոֆիային. ես ամեն, հնար գործ պիտի դնեմ առաջադրյալ նպատակիս հասնելու և... կհասնեմ։

Այսօր բոլոր օրը անձրև էր գալիս, ամբողջ օրը տանիցս դուրս գալու հնար չի գտա. երեկոյան դեմ թեև անձրևը դադարեցավ, բայց գետինը այնքան խոնավ էր, որ հազիվ թե ժողովուրդը զբոսնելու ճեմելիք երթա։ Անհնարին բան է, որ Սոֆիային թողած լինեն տնից դուրս գալու, հայրն ու մայրը դողում են նորա վրա ու աչքերի լուսի պես պահում են։ Չէ, նա ճեմելիք չի երթալ։ Մենակ նստած եմ սենյակիս, մեջ ու սրտնեղությունիցս պատուհանիցս դուրս եմ նայում։ Շատ սակավ տուն կգտնվի Տաք ջուրի մեջ, որի դիրքը այնպես կենդանանկար լինի, ինչպես իմը, թեև բնակած փողոցս շատ տգեղ անուն ունի (Խոզի ձոր), բայց այն տեսարանը, որ փռված է առջևս՝ ի՛նչ ասես կարժե։ Հարավից երևում է գալարազարդ պարտեզների և անտառների ծով. առավել հեռուն Փոդքումոք գետակը, օձի նման պտույտքելով, անցնում է դաշտերի, անտառների ու սարերի միջով, ավելի հեռուն միջին բարձրության բլուրներ ծածկած են ծառերով, որոնք ինձ դալար խոտ են երևում, հեռավորության պատճառով նոցա ետևից էր յուր ալեզարդ կրկնակի գագաթները «տաշած ադամանդի» նման բարձրացնում Եալբուզը։ Արևմտյան պատուհանիցս երևում են հայոց Նորաշեն եկեղեցիի գմբեթն ու Բեշթավի հինգ գագաթներեն մինը։ Ամբողջ քաղաքը լողում է ծառատունկների մեջ. կարմրակատարներնու խաղատտնիկները նոցա սաղարթների մեջ պահված՝ օդը լցնում են իրանց դայլայլիկովը. խոտերի ու ծառերի տերևների վերա ծիածանի ամեն գույներովը փայլում են անձրևի շիթերը, օդը այնպես մաքուր է, որ ամեն մի շունչ առնելիս՝ կարծում ես թե կյանքը լայն հոսանքով թափվում է մեջդ։

Անկո՜ւշտ մարդ, ահա քեզ բախտ, ահա քեզ գեղեցկություն, որն քեզանից չի պահանջում ոչ զոհ և ոչ հոգեկան տանջանք, վայելե՛, բախտավոր եղիր, ինչո՞ւ վազում ես անցավոր մութի ու անշոշափելի ստվերի ետևից։ Մի՞թե քեզ սիրող Կատյան խրճիթի մեջ քեզ պակաս բախտ կբերե, քան թե քեզ արհամարհող Սոֆիան ճոխ ապարանքումը...

Լռե՛, լռե՛, առողջամտությո՛ւն, ես քու ձայնը չեմ ուզում լսել, ես սիրում եմ Սոֆիային, և ձեռքես եկած ամեն հնարը գործ կածեմ, որ նա էլ ինձ սիրե և իմը լինի։

Քնեցա, և անհանգիստ երազները սաստիկ տանջեցին ինձ ամբողջ գիշեր, մյուս օր որ զարթեցա՝ մարմինս հոգնած և տանջված էր։


Հունիսի 25.

Այսօր հասարակաց մատենադարան էի գնացել, ուզում էի կարդալով ձանձրույթս մի փոքր ցրվելու, բայց ո՛չ Լերմոնտովը, ո՛չ Տուրգենևը, ո՛չ Տոլստոյը և ո՛չ ժամանակակից հաստ օրագիրները կարողացան փարատելու տրտմությունս: Թեև Տաք ջուր եկած օրերս ոչ մի անգամ տեսած չէի Սոֆիային, բայց հենց որ գիրքը բացում էի էջքերի մեջ գրվածքի տեղ տեսնում էի նորա պատկերը, բայց, զարմանալի՜ բան, Սոֆիայի ետևից էլ երևում էր աչքիս Կատյայի երեսը, որ տխուր նայում էր վրաս և գլուխը շարժելով, ասես թէ մեղադրում էր ինձ... ինչո՞ւ...

Ձեզ մեկ բան ասե՞մ, լսեցե՛ք; Տեսնում եք, որ ես Սոֆիային սիրում եմ, այսուամենայնիվ, նորա սիրտն ու հոգին գրավել չեմ կարողանում, ինչո՞ւ։ Մյուս կողմից, ես համոզված եմ, որ Կատյան ինձ սիրում է, և հոգիս վկայում է, որ այդ տգետ, ծառա աղջիկը վաղ կամ ուշ կգրավի ինձ և կտիրապետե... ինչո՞ւ։

Իսկական մաքուր, անկեղծ սերը միշտ կհամոզե ու կհաղթե։

Ի՜նչ, ինչ ասացի՜ ե՞ս... Կատյայի՞ն... սիրե՞մ... ե՞ս նորան... իմ կի՞նը... անեմ... Երբե՛ք, ես շուտով ինքս ինձի կտամ կսպանեմ, քան թե շքեղ, քնքուշ Սոֆիային թողած, այդ սպասավոր աղջկան սիրեմ և վրան պսակվիմ։ Թո՛ղ այն օր ինձ սև սուգի օր լինի, երբ ես Կատյայի մարդը լինիմ։ Միթե՞ ես այդ բանի համար իմ պատանեկության ամենագեղեցիկ հինգ տարին զոհեցի, ամեն տանջանք, նվաստություն և զրկանք համբերեցի, որ, վերջապես, ծաղիկ հասակս և փայլուն ապագաս նվիրեմ մեկ նաժիշտի... Ա՜խ, Կատյա, Կատյա, այս ի՞նչ ես անում ինձ հետ, քու մաքուր և անկեղծ սերը դեպի ինձ առավել վտանգավոր է, քան թե վիշապ օձի խեղդող օղակները։

Թողի գրքերն ու գնացի հասարակաց դահլիճը (Նիկողայոսյան ոքսհալը), որ կից է մատենադարանին, որ Էսենթուքի ջուր խմողները ժամ կամ ժամ ու կես ման են գալիս, հանկարծ ի՞նչ տեսնեմ, Սոֆիան և Կատյան ման եկողների մեջն էին, երբ որ հակառակ պատին հասած՝ ետ դարձան ու երեսները շուռ տվին՝ մենք միմյանց հանդիպեցանք։ Ինձ որ տեսավ Սոֆիան՝ սպրդնեցավ, իսկ Կատյան շառագնեցավ։ Իրար բարև տվինք, ձեռք սեղմեցինք (իհարկե, Կատյան ինձ ձեռք տալու չհամարձակվեցավ) ու սկսանք սովորական խոսակցություն՝ օդի և ջրերու ներգործության և այլ այսպիսի աննշան առարկաների մասին։ Կատյան թեև չէր խոսում, բայց աչքիցս պուկ չէր տալիս։ Սոֆիան թեև հետս էր խոսում, բայց ամենևին չէր նայում վրաս, այլ նայում էր մեկ սպայի վերա, և այդ սպան էր... Դռոզդովը, որն պահարանի առջև կանգնած՝ հանքերն էր նայում։

Սիրտս տակնուվրա եղավ, նախանձը օձի խայթոցի նման լցվեցավ սրտիս մեջ և անողորմաբար տանջում էր ինձ։

— Այս ի՜նչ սիրուն սպա է, ասաց ինձ Սոֆիան, չգիտե՞ք արդյոք ի՛նչպես է նորա անունը։

— Անունը Վլադիմիր է ասացի։

— Վլադիմի՞ր, ա՜խ, ինչ սիրուն անուն է։

— Մի՞թե Վարդանը, իմ անունս, Վլադիմիրից վատ է։

— Ով է ասում, Վարդանն էլ վատ անուն չէ,— ասաց ու քթի տակից ծիծաղեց։— Վարդան, Վարդան. «Հայը թակե Վարդանին, թուրքը թակե Վարդանին», հա՜, հա՜, հա՜, հա՜, բայց Վլադիմիրը ավելի գեղեցիկ է։ Ինձ այնպես երևում է, որ՝ ով որ Վլադիմիր անուն է կրում՝ անպատճառ պետք է լինի սպիտակ երեսով, կարմիր թշերով, բարձր հասակով, կապույտ աչքերով և դեղձան մազերով մեկ քաջ երիտասարդ...

— Ինչպես որ այս Դռոզդովն է, այնպես չէ՞, օրիորդ։

— Մի՞թե սորա մականունը Դռոզդով է. այդ էլ շատ գեղեցիկ մականուն է... Վլադիմիր Դռոզդովը,— մրմնջաց կամացուկ...— շատ սիրուն երիտասարդ է։

Սոֆիայի աչքերը գոհարի նման ցոլացին, երեսը շառագընվեցավ և դեմքի վերա անմեկնելի երջանկություն փայլում էր։

Այդ րոպեին ես այնպես ատեցի Սոֆիային, ինչպես որ մարդս կարող է ատել յուր ծնողաց կամ զավակների սպանողին, բայց, ավա՜ղ, այդ ատելությունը նման էր այն ատելության, որն զգում է թռչունը, որ կեցած է խորամանկ օձի առջև, ողորմելին թովված է թունավոր սողունի աչքերեն. նա ակամա մոտենում է նորա բացած բերանին, և ատելով՝ նորա զոհն է դառնում։ Այսպիսի կախարդական ուժով Սոֆիան քաշում էր ինձ դեպի իրան։ Մի՞թե այս սեր է։ Եթե այդ սեր ևս լինի, գոնե այն սերեն չէ, որն մարդուս երջանկացնում է։ Եթե Կատյան Սոֆիայի հանգամանքի մեջ լիներ՝ նորան էլ այսպե՞ս կսիրեի արդյոք, թե ո՛չ։ Ահա խնդիր, որն լուծելու համար առողջ դատողությունս հրաժարվում էր ինձ օգնելու...

Սոֆիան յուր անզգույշ վարմունքով բանը այն տեղը հասցուց, որ Դռոզդովը նկատեց, որ աղջկա վերա ազդեցություն է գործել յուր արտաքին տեսքովը։ Քանի-քանի անգամ նորա վերա շինծու անուշ աչքեր ձգեց, և մի անգամ էլ իբր թե պեխերն է շփում, մատի ծայրովը համբույր ուղարկեց նորան։ Չգիտեմ նկատե՞ց այդ Սոֆիան, թե ո՛չ, միայն թե ամենևին վիրավորված չցուցուց իրան, այլ ընդհակառակն, միշտ ինձ հետ պինդ-պինդ ռուսերեն խոսելով, աչքը նորանից չէր հեռացնում, և խոսակցության նյութը ավելի հետաքրքրելի էր Դռոզդովին, քան թե ինձ։

Կատյան, ինչպես ասում են, կեցած տեղը անկրակ այրվում էր ամոթից ու դժկամությունից։

Ի՞նչ պիտի կարծեր Դռոզդովը իմ վերա, ի՞նչ գաղափար պիտի կազմեր օրիորդ Սոֆիայի և առհասարակ ամեն հայերի վերա։

Ես աղջիկներին մինչև նոցա տան դուռը ճանապարհ ձգեցի, բայց քաղաքավարությամբ ներս չի մտա. սպասում էի, որ Սոֆիան կհրավիրե. բայց նա չհրավիրեց, և ես մնաս բարև ասացի ու հեռացա։

Տխուր վերադարձա ճեմելիք։ Թեև ժամանակը ուշ էր, բայց շատ զբոսնողներ կային։ Նստարաններից մինի վերա սպաները պինդ-պինդ խոսում ծիծաղում էին։ Հեռվից գալիս էր Դռոզդովը։

Սպաներեն մինը ասաց.

— Պարոններ, աչքերդ այն կողմը դարձրեք։ Թամբովի այղըռն է գալիս։

Սպաները բարձրաձայն ծիծաղեցին։ «Շատ սիրուն և հարմար անուն է մեր Դռոզդովի համար»,— ասացին քանիսը, «Թամբովի այղը՜ռ, Թամբովի այղը՜ռ» կրկնեցին։

Երբ որ Դռոզդովը մոտեցավ՝ ոչ մի սպա նորան ձեռք չի տվեց, ինչպես երևում էր՝ նա նոցա առջև խեղկատակի դեր էր խաղում։

— Պարոննե՛ր, ծիծաղեցեք վրաս, ծիծաղեցե՛ք,— ասաց նա կես ծիծաղով և կես ծանրադեմ,— ձեր չի հավանած Թամբովի այղըռը մի այնպիսի ասիացի զամբիկ է գտել, որի համար շատերդ ուրախությամբ կհոժարեիք ինձ նման այղըռ լինելու։

— Ո՞ւր է կենում այդ զամբիկդ, ո՞րտեղ կարող ենք նորան տեսնելու,— ասացին մի քանի երիտասարդ սպաներ։

— Որտեղ կեցածը դեռևս ինքս էլ չգիտեմ, բայց կարծում եմ, եթե պարզ եղանակներ լինին, նորան միշտ կարելի է ճեմելիքում տեսնել։ Բայց այդ չէ՛ գլխավորը, այն է (ինձ մի առմեաշքա պտղավաճառ ասաց), որ նա մի շատ հարուստ հայի աղջիկ է, թեև ցեղը, ինչպես տեսնում եք, ասիական է, բայց ֆրանսիացիից ավելի ազատամիտ դաստիարակված է. ուրեմն «մեր դաշտի պտուղներիցն է»։ Կեցցե՜ լուսավորությունը։

— Շնորհավորե՛նք, շնորհավորե՛նք այդ գյուտդ, բայց հետո մեզ էլ մաս կհասնի՞,— ասացին մի քանի կարմիր ու կապուտ քիթերով սպաներ։

— Պա՛րոններ, դուք շատ լավ գիտեք, որ ես եսամոլ չեմ։ Իմ սիրած բանս է կանանց սրտերի մեջ ճանապարհ բանալ, հետո արդեն ես չեմ հոգում՝ ով անցուդարձ պիտի անե այդ ճանապարհի վերա։

Սպաները ծիծաղեցան. բայց իմ սրտես արյուն կաթեցավ։

Եվ ի՞նչ զարմանք, եթե ինքդ չգիտես պատիվ պահելու, ի՞նչ իրավունք ունիս պահանջելու, որ ուրիշները պահպանեն։

Գլուխս կախած տուն վերադարձա։


Հունիսի 26.

Առավոտը որ զարթեցա՝ առողջությունս տեղը չէր. լեզուս պղտոր էր, աչքերիս սպիտակուցը դեղնագույն և մի փոքր էլ արյուն կոխած, բազկերակս անկանոն, բերանս դառն, ասես թե լեղի էի խմել, բայց շատ լավ գիտեմ՝ որ գիշերս մրսած չէի, և ո՛չ երեկվա օրն ստամոքսս ավերած։ Այսպես ուրեմն, պրոֆեսորներիս ասածը արդարացավ, թե հոգու ստացած հարվածները միշտ ցոլանում են մարմնու վրա։ Այսօրվա տկարությունս անշուշտ հետևանք են երեկվա անախորժ անցքերին։

Այժմ արդեն երկբայության տեղի չիկա, որ Սոֆիան ինձ չէ սիրում, բայց այդ բավական չէ, ես այժմ մինչև անգամ կասկածում եմ, որ նա երբևիցե և որին ևիցե կարող լինի սիրելու։ Կինը սիրո համար ստեղծած է, վասնզի կինը ինքը անձնավորած սեր է. կինը որ չսիրե՝ նա յուր կնությունը կորցնում է, մի խրտվիլակ, մի հրեշ է դառնում։ Աղջիկը, որ պղատոնական սիրով չսիրե մի գաղափարական պատանիի, հարս որ չսիրե յուր փեսային, կողակից որ չսիրե յուր ամուսինին, մայր որ չսիրե յուր զավակին— այս անհասկանալի է ամեն ազգի մեջ։ Գիտեմ, հոգիս վկայում է, որ եթե երբևիցե Սոֆիան իմ կինը լինի՝ նա իմ գլխուն մեծ անբախտություն պիտի բերե. աշխարհիս երեսին ամենաթշվառ արարածը պիտի դարձնե ինձ. բայց այնուամենայնիվ, նորա պատկերը մտքիցս հանել չեմ կարող։ Շատ թանկ կտայի այն մարդուն, որ ինձ պարզեր՝ արդյոք հինգ տարվա սովորության հետևա՞նքն է այս, թե՞ ես իսկապես սիրում եմ նորան։ Նմանապես շատ կուզեի իմանալ՝ թե Սոֆիան ևս սիրե ինձ, ինչպես որ ես սիրում եմ նորան՝ արդյոք իմ սերը մի փոքր չէ՞ր պակսիլ և կամ բոլորովին չէ՞ր անհետանալ սրտես։ Արդյոք արգելքները գլխավոր դեր չե՞ն խաղամ սիրո կապերի մեջ։ Արդյոք մենք մեր համառությունը չե՞նք ընդունում սիրո եռանդի տեղ... Ո՞վ ինձ կմեկնե այս, իմ տարիքի համար, դժվարալույծ խնդիրները։

Կեսօրի ժամանակ տոթը սաստկացավ, փոքրիկ սենյակիս մեջ շնչելու օդ չէր մնացել, խեղդվում էի. սրտմաշուկ ճանճերը տարմովին թռչում նստում էին մերթ առիքի, մերթ գեղանի և մերթ գլխուս վրա, նոցա բզզոցը դժոխային երաժշտության էր ականջներիս համար։ Էլ հնար չիկար տանը մնալու, կես հիվանդ, կես առողջ հագվեցա թեթև ու գնացի ճեմելիք։ Մարդիկ կամաց-կամաց, ամեն կողմից, գալիս հավաքվում էին, շատերը իրանց պատվիրած թիվը բաժակներին խմել էին ու լոգարանները ընդունել էին, մնացածն էլ ինձպես տանը մնալու հնար չունենալով՝ զայիս էին ճեմելիք զբոսնելու, ճաշելու էլ դեռ շատ վաղ էր։

Տաք ջուրի ճեմելիքները սկսում են Մաշուխի բարձրագույն լանջեն, այսինքն իսկ և իսկ այնտեղեն, ուր կա Եղիսաբեթյան սրահը և իջնում են դեպի վայր, և գնալով միշտ դեպի արևմուտք, վերջանում են քաղաքի սահմանումը։ Երբ որ Եղիսաբեթյան սրահին հասար՝ դեպի ձախ կողմդ վերևումը կտեսնես մի կանաչ սար, դեպի ձախ կողմդ վերևումը կտեսնես մի կանաչ ներկած հովանոց, ուր երբեմն եղել է Էլոյան տավիղ, որ այժմ հանած է, ավելի ցած՝ գտնվում է Լերմոնտով բանաստեղծի քարայրը և մեջը նորա կիսարձանը, իսկ սրահը մեջ ընդ մեջ անցնելով, եթե երթաս դեպի հյուսիսային-արևմուտք, մի վերսթ հեռավորությամբ կա այն երևելի փուլը, որը լցված է ծծմբային տաք ջրով, դեպի ուր այժմ տանում է մի գետնափոր ճանապարհ։

Ահա այսպես, ետև ետևե ճեմելիքները անցնելով, հասա մինչև Եղիսաբեթյան սրահը, այնտեղ մի փոքր կանգ առի, հարավումը տեսա ահագին Եալբուզը, որ ութսուն վերստ հեռվից մի ահագին սառույցի նման փայլում էր առջևս, և հետո քայլերս ուղղեցի դեպի փուլը։

Ճանապարհի կեսը անցած էի, որ տեսնեմ հեռվից մի կին է գալիս, երբ որ մոտեցավ՝ տեսա որ Կատյան էր, որ փուլից վերադառնում էր։

Իրար բարևեցինք։

— Երևի փուլ էիք գնացել,— ասացի։

— Այո՛, փուլ էի գնացել թամաշա անելու,— ասաց նա։

— Ափսո՜ս, որ ես մի փոքր ուշացա և կամ դուք մի փոքր շտապեցիք, թե չէ՝ միասին կերթայինք, ճանապարհը երկուսիս էլ ձանձրալի չէր լինիլ,— ասացի։

— Ի՞նչ հաջաթ, ես դադրած չեմ, պարոն Վարդան, եթե կկամենաք՝ ես ձեզ հետ նորից կերթամ,— ասաց Կատյան։

Երկուսս էլ սուտ ասացինք, երկուսս էլ մին մինի ասելու բաներ ունեինք, բայց չէինք ուզում խոստովանելու, երկուսիս էլ փուլ էրթալը (ես քանիցս արդեն տեսել էի) մի վայելուչ պատրվակ էր։

— Ուրեմն, Կատյա, եթե ձեզ ծանրություն չի լինիլ, էրթանք միասին,— ասացի ու կուռս տվի իրան։

Խեղճ աղջիկը, կյանքի մեջ երևի այսպիսի քաղաքավարություն տեսած չէր. ո՜րպիսի ուրախությամբ ձեռք ընկավ կուռիս, ո՜րպիսի քնքուշ շարժվածքով սիրուն գլուխը խոնարհեց դեպի աջ ուսս, հավատացեք, ոչ մի ավագորյարի կամ իշխանի կին կամ դուստր չէր կարող այդպիսի չքնաղ պատկեր ձևացնելու յուր անձով։ Նորա գլուխը հասնում էր մինչև ականջիս բլթակը, հասակը հասակիս և կազմվածքը կազմվածքիս այնպես հարմար էին գալիս, որ ասես թե անդուստ ի վերուստ մենք մեկմեկի համար էինք աշխարհք եկած։ Աչքիս ծայրով նայեցա նորա երեսին և տեսա նորա լիովին երջանկությունը և անձնաբավականությունը։ «Տե՛ր Աստված, տե՛ր Աստված,— ասացի մտքիս մեջ,— երբեմն ինչ փոքր բանով կարելի է մարդ երջանկացնել, նոր կյանք տալ նորան և փոխադարձ՝ ինչ փոքր բանով կարելի է նորան թշվառության անդունդ գլորել ու բարոյապես սպանել»։ Իհարկե, այդ րոպեին Կատյայից երջանիկ կին չիկար աշխարհիս երեսին։ Մի փոքր որ առաջ գնացինք, ես կանգնեցա ու ասացի նորան.

— Ես քեզ մի բան ասե՞մ, Կատյա, փուլը ես արդեն քանի-քանի անգամ տեսել եմ, դու էլ այս րոպեիս այնտեղ էիր. եկ այս մոտիկ նստարանի վրա նստենք ու խոսենք. մին էլ ի՞նչ այս տոթին, փոշի կուլ տալով, իզուր պիտի էրթանք ու վերադառնանք։

Առաջարկությունս ուրախությամբ ընդունեց Կատյան, ու մենք բաց դաշտի մեջ, մի վայրի տանձի ծառի տակ նստանք։ Մեր կեցած տեղը բարձրավանդակ էր. դեպի արևելք խորունկ ձոր էր՝ գահավեժ ափերով, ավելի հեռուն երևում էին Փոդքումոք գետակը և շատ աուլներ, որոնք թաղված էին սաղարթախիտ պարտեզների և անտառների մեջ։ Սարի կրճիցը զով ու անուշ քամին ուղիղ փչում էր մեր երեսին։

— Ի՞նչ նոր բան կա ձեր տանը, ինչպե՞ս է առողջությունը Ասատուր աղային, Օսաննա խաթունին և օրիորդին,— սկսեցի ես, խոսակցության ավելի հարմար նյութ չի գտնելով գլխուս մեջ։

— Փառք աստուծո, լավ են,— պատասխանեց Կատյան։ Երկուսս էլ լավ հասկանում էինք, որ ոչ ես այն եմ հարցնում, ինչ որ ուզում եմ, և ոչ նա տալիս է ինձ այն պատասխանը, ինչ որ ինձ կարող է բավականացնել։ Եվ այս աննշանակ հարց ու պատասխանից ետ երկուսս էլ բավական ժամանակ լուռ մնացինք, երկուսիս լեզուների վրա ևս կար մեկ խոսք, որն ասելու քաշվում էինք։ Վերջապես ես խզեցի այս տաղտկալի լռությունը։

— Ասա, խնդրեմ, ինձ ճշմարիտը, Կատյա, Սոֆիան ինձ սիրո՞ւմ է, թե ոչ։ Տաք ջուր գալիս դեսը ես նորա մեջ մեծ փոփոխություն եմ տեսնում դեպի ինձ, ի՞նչ է պատահել նորան...

— Պարոն Վարդան, որովհետև դուք ինձանից ճշմարիտն եք ուզում իմանալ, ես ինձ համար մեղք կհամարեմ, եթե ձեզ մոլորեցնեմ Սոֆիայի մասին։

Սոֆիան ձեզ ոչ Մոսկովումն է սիրել և ո՛չ այժմ այստեղ սիրում է, ինչպես որ նորա հայրն ու մայրն են միշտ ասում՝ նա էլ այնպես է կարծում, որ նորան արժանի փեսաներ չիկան հայերի մեջ։ Նա ուզում է մի ջահիլ գեներալի կամ գուբեռնատորի կնիկ լինել, այդպիսի մարդ չունքի հայերի մեջ չիկա, Սոֆիան էլ կամա-ակամա օտարազգիի պետք ա գնա։ Սոֆիան, իր հոր նման, հայերին իսկի չի սիրում, միշտ ծիծաղում է նոցա վրա։ Շատ դժար էր ինձ ձեզ այս բանը հայտնելը, բայց չունքի դուք կամեցաք ճշմարիտը իմանալու, ես էլ ձեզ ինչ որ ճշմարիտ բան գիտեի՝ ամենը ասացի։

— Մի՞թե,— ասացի հուսահատաբար և գլուխս կրծքիս վրա խոնարհեցի և արտասուքը ոլոռ-ոլոռ կաթում էր աչքերես։

— Պարոն Վարդան, ինչի՞ եք տրտում, ինչի՞ եք լալիս, մի՞թե Սոֆիան կարժե ձեր արտասուքին, մոռացե՜ք նորան. աստուծո փառք տվեցեք, որ ձեր պսակի բանը գլուխ չեկավ. Սոֆիան մի օր ձեզ անպատճառ քանբախտ կաներ..

— Ա՜խ, Կատյա, Կատյա, մի՞թե սորանից էլ մեծ անբախտություն կա աշխարհիս երեսին...

— Կա, պարոն Վարդան, կա. դորանից էլ մեծ անբախտություն կա. բայց աստված ուզում է ձեզ ազատել նորանից, և այդ անբախտությունն է՝ Սոֆիայի նման աղջկա մարդը լինելը։ Հավատացե՛ք ինձ, պ. Վարդան, որ Սոֆիան ամուսնական կյանքի համար ստեղծած չէ. նորա խելքը միտքը Փարիզներ, Վեննաներ, պարահանդեսներ, դիմակահանդեսներ, զարդեր և սիրուն զինվորականներ են. ի՞նչ սազ կգա համեստ հայ երիտասարդին այդպիսի կնիկը։

Այն րոպեին ես կարծում էի թե՝ Կատյային այսքան չարախոսություն, այսքան բամբասանք թելադրողը նորա նախանձն է դեպի հարուստ Սոֆիան և, գուցե, մի փոքր պատվասիրական ձգտումն դեպի ինձ. բայց թե որպիսի անարդար կարծիք էր այդ խեղճ ու անմեղ աղջկա մասին` այդ ես հետո իմացա։ Իսկ այն րոպեին ես լուռ մնացի, միայն երեսիս ծռմռելով հասկացուցի նորան, որ այդպիսի խոսքերը Սոֆիայի մասին ինձ շատ անախորժ են։

Կատյայի երեսը մառախուղով պատեցավ. հազիվ նշմարելի արտասուք ցոլաց նորա աչքերի մեջ. իմ պատասխանը, ինչպես երևում էր, խորունկ խոցեց նորա սիրտը։ Դառնալով ինձ, ասաց նա.

— Պարոն Վարդան, շատ կարելի է դուք կկարծեք, որ ես ատում եմ Սոֆիային, կամ՝ նախանձում եմ նորան կամ մեկ չարաթյուն եմ կամենամ, աստված մի արասցե, բայց ես մեղքանում եմ ձեզ, որ մինչև այժմ հասկացած չեք նորան։ Ես Սոֆիային փոքր ժամանակից ճանաչում եմ, դեռևս այն ժամանակ, երբ նորա հայրը այժմվա պես հարուստ չէր, իսկ իմ հանգուցյալ հայրը Հաշտարխանի մեջ առաջին մարդն էր. գուբեռնատորը ու սրբազան առաջնորդը ամեն կիրակի մեր տանը ճաշի էին լինում. Սոֆիան փոքր ժամանակից չունքի հոր ու մոր մեկ հատ աչքի լույսի պես զավակն էր՝ շատ երես էր առած, ամեն բան ուզում էր, որ իրա կամքով լինի, հենց որ մեկ թարս բան ասեիր՝ իսկույն ի՜նչ ձեռը հասավ՝ կոտրում, փշրում, գետնե գետին էր տալիս, գլխի մազերը պոկում էր, գլուխը պատին էր տալիս ու ձեռքերն էր կծոտում։ Այսպես իրա ասածի աղջիկ էր։ Հերն ու մերը ասում էին՝ թե կմեծանա՝ կխելոքանա ու իսկի չէին աշխատում դրստելու։ Մեծացավ, ամա տեսա՞ր որ բնությունը չի փոխվեցավ։ Հիմի արդեն նորա դրստելը անկարելի է և կամ՝ շատ աշխատություն և շատ ժամանակ է պետք դորա համար։ «Էլ ո՞ւր հեռու գնանք, երեկ միասին էինք ման գալի բուլվարումը. մին էլ բիրդան մեր ղարշու էկավ էն Դռոզդով օֆիցերը ու էրկուսիս չեստ տվավ։ Սոֆիան փոխանակ գլուխ տալու ու մոտից անձեն անցնելու, ի՞նչ անի լավ ա՝ սկսավ հետը խոսելու, խոսան, խոսան, ման եկան ման եկան ու, վերջապես առանց հոր ու մոր հրամանին՝ տուն ձեն տվավ իրիկնաչայի։ Դռոզդովի գորա ինչ. նա տղամարդ ա, ամոթ, պատիվ, խալխի բամբասանք նրա համար ոչինչ բան ա։ Եկավ տուն, բարեկամացավ Ասատուր աղայի ու Օվսաննա խանումի հետ. խելի վախտ նստավ ու գիշերի շատ ուշ ժամանակ գնաց տան։ Խոսածներն էլ ի՞նչ, ամենը դատարկ, հայվարա բաներ էին՝ Փարիզի քեֆերի, բեաբուր կնանիքի վրա։ Մեր Սոֆիան էլ ամաչելու, կարմրելու տեղ, բերանը բացած՝ ծիծաղում էր։ Ապա հիմի ինքդ ասա՝ ի՞նչպես չի բարկանամ ախըր նրա վրա. մատաղ ջան, էսպիսով հայ քրիստոնյայի անըմը կոտրվըմ ա ախըր օխտըն օտարի աչքըմը։ Այս բոլոր մենախոսությունը հաշտարխանցի հայ կնոջ արագախոսությամբ, շունչ չառած, նկատեց դժկամած Կատյան։ Այդ րոպեին շատ գեղեցիկ էր նա, հայ կնոջ բնական խելքը, պարկեշտությունը և արդարամտությունը փայլում էին նորա դեմքին։

Նա լռեց. ես ոչինչ պատասխան չի տվի։

Տեղերես ելանք ու Եղիսաբեթյան սրահի միջովն գնացինք դեպի ճեմելիք։ Ժամը երկուսի մոտ էր. ճաշելու ժամանակն էր. ճեմելիքի մեջ գրեթե մարդ չէր մնացել, ամենք իրանց տներն էին քաշվել։ Ես ճանապարհ ձգեցի Կատյային մինչև Ասատուր աղայի տան մուտքը։ Ներս չի մտած, Կատյան ինձ հարցուց.

— Այս իրիկուն կգա՞ք աղայի մոտ։

— Կարծեմ որ չեմ գալ, ասացի։

— Ես ու իմ հոգին՝ շատ էլ լավ կանեք, ինչո՞ւ է ի զուր ձեր ստորանալը մի թեթևամիտ աղջկա և մի անհոգի ծերունիի առջև։

Բայց ես խոսքս չի բռնեցի, ու չարաչար պատժվեցա։

Երեկոյան ուղիղ յոթը ժամին գնացի։ Ասատուր աղան քանի մի ռուս բարձրաստիճան պաշտոնատարների հետ պատշգամբի վրա նստած թեյ էր խմում, իսկ Սոֆիան Դռոզդովի հետ մի փոքրիկ բազմոցի վրա նստած շատ կամաց խոսում էր. Դռոզդովի աչքերը արյուն էին կոխած։ Սոֆիան շառագնած, աչքերը խոնարհած՝ ուշադրությամբ լսում էր նրա խոսածը։ Ի՛նչ էին խոսում նոքա՝ ոչ լսեցի և ոչ իմացա, բայց հավաստի գիտեմ, որ նոցա ամեն մի խոսքը դաշույնի մահաբեր հարված պիտի լիներ ինձ համար։ Ժամ ու կես մնացի Ասատուր աղայի տանը, անոնցմե ոչ ոք մի խոսք չասաց ինձ, ոչ ոք բարևս չընդունեց, ոչ ոք ինձ ձեռք չպարզեց, մինչև անգամ երկբայևլի է, որ իմ ներկայությունը նկատած լինեին։ Չայը քթիս տակից անցնելով՝ տալիս էին հյուրերին, իսկ ինձ ոչ առաջարկեցին և ոչ հարցրին՝ կկամենա՞մ, թե ոչ։ Առի գդակս, և խոր խոցված գնացի տուն։ Շատ փոշմանեցա, որ Կատյայի խոսքին ականջ չի դրի։


Հունիսի 30.

Չորս ամբողջ օր վրա-վրա տանս փակված մնացի։ Ոչ ոք ինձ չայցելեց՝ ո՛չ բարեկամներ և ո՛չ հիվանդներ, թեև, ըստ օրինակի ուրիշ բժիշկներուն, տեղական լրագրի մեջ հայտարարել էի, որ «պատիվ կունենամ հիվանդներ բժշկելու»։

Քաղաք հասած օրես ի վեր դեռևս ոչ մի հիվանդ դիմած չէ իմ օգնությանը, բացի Կատյայեն, որն թերևս մենակ հավատում է իմ բժշկական հմտությանը։ Ո՞վ է հարցնողը, թե այսպիսի ետ ընկած փողոցի մեջ մի նորավարտ հայ բժիշկ կա Վարդան Հուսկանյան անունով կամ չիկա, մինչ Բառթեր, Վիցեր, Սմիռնովներ, Միլյուտիններ, Խալեցկիներ արեգակի նման փայլում են ահա քանի տասնյակ տարիներ։

Այստեղ ևս ավելի մեղադրում եմ հայ բժիշկներին, քան թե ժողովրդին։ Ըստ մեծի մասին բժիշկները և հայ բժիշկը մանավանդ՝ իրանց գործի վրա ինչպես հարստացնող արվեստի վրա են նայում։ Երբ որ մեկ մարդու նպատակ հարստանալ է՝ արդեն հնարներու ազնվությունը և անազնվությունը նորա աչքեն փախչում են։ Երեք պաշտոն կա, որ փողի սերը մարդուս համար դառնում է աններելի մոլություն, դոքա են պաշտոնները քահանայի, մանկավարժի և բժշկի։ Ես չեմ ասում, որ այս երեքին փող և ապրուստ պետք չեն. ամենևին ոչ. բայց եթե սոցա աչքում փողը առաջին կարգումն լինի, նոցա գարշելի կդարձնե մարդոց աչքում։ Ամենքս ներողամիտ աչքով նայում ենք արծաթասեր վաճառականի վրա, եթե մեկ զինվորական սիրե ճոխ և զեխ ապրուստ՝ մենք ամենևին նյութ չենք դարձնում մեր խոսակցությանը նորա այդ թուլությունը, բայց եթե մեկ քահանա, կամ մեկ մանկավարժ, կամ մեկ բժիշկ սիրե ճոխ ուտել-խմել, շռայլ ապրել, պերճ հագնվել ու զարդարվել՝ մենք արդեն մեր մտքի մեջ նոցա կարգազուրկ և պաշտոնանկ ենք համարում, չենք հավատում նոցա օգտաբերությանը, և չենք գնահատում նոցա հմտությանը իրանց արվեստի մեջ։ Ինչո՞ւ։ Այդ ամենին էլ հասկանալի է, ամենք էլ գիտեն։ Թե՛ քահանան, թե՛ բժիշկը և թե՛ մանկավարժը պաշտոն մտած օրից պիտի շարունակ սովորի և կատարելագործվի. դրա համար ժամանակ է պետք, իսկ եթե նոքա անձնատուր լինին փող ճարելու և ճոխ ապրուստ վայելելու՝ նոցա թանկագին ժամանակը իրանց ընտրած արվեստի համար անպտուղ կկորչի, և նոքա ո՛չ միայն չեն կատարելագործվիր ոչ միայն իրենց ստացած գիտությունը կպահպանեն, այլ օրեօր կմոռանան այն և կտգիտանան։ Երկրորդ պատճառ ևս կա, որ ժողովուրդը չի ներում այդ երեք պաշտոնին նվիրված մարդոց արծաթասիրություն և զեխություն։ Քահանան, մանկավարժը և բժիշկը ոչ միայն խոսքով պարտավոր են խրատելու ժողովրդին, այլև իրենց անձնական համեստ կյանքով լինել նորան օրինակ, որն ավելի կհամոզի, քան թե ամենաճարտար լեզուն։

Մեծագույն մասը հայ բժիշկներին սովորություն ունի, հենց որ թողեց համալսարանական նստարանը, իսկույն հետամուտ լինել, որ յուր ապրուստը ապահովացնե։ Ընթերցանություն, պարապմունք, ուսումնական փորձեր, կատարելագործություն, հետախուզություն՝ բոլորը ցնդում են նորա մտքեն, նորա բոլոր իմաստությունը սահմանափակվում է այն կիսակատար գիտությամբ, որ նա յուր պատանեկության օրերը օրամեջ քաղել էր պրոֆեսորների դասախոսություններեն և տարվա վերջին ամիս ու կես վայնաչարին քաղվածք էր արել յուր ճզմզած տետրակներովը։ Թեև ամեն ազգի մեջ կան այսպիսի թերուս բժիշկներ, բայց միևնույն ժամանակ ամեն ազգ ունի հմուտ, կատարելագործած, առաջնակարգ բժշկապետեր, տարաբախտաբար հայ ազգը շատ ունի առաջիններեն և գրեթե ոչ մինը երկրորդեն։

Այս է պատճառը, որ հայ հիվանդը սակավ հավատ է ընծայում բժշկին։ Եթե նորա տկարությունը փոքր ի շատե ծանր է՝ նա երբեք չի դիմիլ հայ բժշկին, այլ միշտ կհրավիրե օտարազգիին, հենց այն պատճառով, որ հային առանց այլևայլության վատ է ճանաչում, իսկ օտարազգիին՝ ոչ։ Ո՞վ է մեղավորը։ Իհարկե, շատ օգնում է մեր ազգակործան մոլորությունը, որ է օտարասիրություն, որով վարակած է գրեթե ամեն հայի՝ մեծից բռնած մինչև փոքրը։ Ազգատեր, հայասեր խոսքը, որ մեր օրերում սաստիկ տարածված է մեր մեջ, հայի բերանումը նույն ծիծաղաշարժ նշանակությունը ունի, ինչ որ հարյուր հազարը կամ միլիոնը մի մուրացիկ աղքատի բերանումն։ Մեր ազգի ո՜ր մեկ պակասությանը վրա խոսիմ, երբ որ մենք ծայր ի ծայր պակասություններով լցված ենք։ Անմխիթա՜ր վիճակ։

Երեկոյան դեմ, ժամը այսպես վեցին, գնացի ճեմելիք, սպաները մեծ խումբ կազմած՝ ծիծաղելով դեպի վեր էին նայում ու անպարկեշտ կատակներ էին անում իրանց մեջ նոցա մասին, որոնց վրա նայում էին, իսկ նայում էին նոքա Դռոզդովի և Սոֆիայի վրա, որոնք կուռ-կռի տված՝ գնում էին դեպի վերի ճեմելիքները։

— Ա՛յ կտրիճ.— ասում էր սպաներեն մինը,— որքան և անպիտան է, որքան և անամոթ է, բայց կարողացավ խո ճանկը ձգելու այդ թռչունին...

— 0՜, Դռոզդովը մեծ ոմն է փոքր գործերումը,— պատասխանեց մյուսը,— բայց մեկ հին և խելոք առած կա, որ ասում է. «Դու ասա՛ ինձ ո՛վ է բարեկամդ, ես էլ քեզ կասեմ դու ինքդ ո՛վ ես»։ Դռոզդովին ճանաչելով՝ մենք պետք է երևակայենք, թե նորա ձեռք ձգած աղջիկը ի՛նչ պտուղ է...

— Չէ՛, պարոններ, ի՞նչ կուզեք ասել, բայց աղջիկը բավական սիրուն է, հորը համար էլ ասում են, թե շատ հարուստ մարդ է։

— Ո՛րքան կուզե հարուստ լինի, բայց Դռոզդովին Փարիզի մեջ մեկ տարի մսխելու փող չի ունենալու, վասնզի նա յուր հորից մնացած միլիոնը և հորաքույրից մնացած հարյուր հազարները երկու տարվա մեջ այնպես փճացուց, որ գրեթե մերկ ետ եկավ։

— Մի՞թե աղջկա ժլատ հայրը յուր բոլոր ունեցածը կառնի կուտա նորան, չէ՛, Դռոզդովը թո՛ղ յուր ախորժակը պահե մինչև նորա մահը...

— Եթե չի տալ՝ Դռոզդովը կգողանա, դրամարկղ կոտրել բանալ, սուտ մուրհակ տալ, թղթախաղի մեջ հազար տեսակ խարդախություններ անելը նորա համար նոր բան չէ: Ավելի չկարողացա համբերելու, թողի ու գնացի առաջ, բայց Սոֆիային ևս հանդիպել չէի ուզում, ուստի մեծ, լայն ճանապարհը թողած՝ կողմնակի նեղ ճանապարհներով խորացա ծառատունկի մեջ, որ սարի լանջի վրա էր զետեղված։ Այստեղ ծառերը, թփերը ու մարդաչափ խոտերը այնքան խիտ էին, որ չորս քայլափոխ հեռի կեցողին անհնար էր տեսնելը։ Հանկարծ ականջիս շշուկի ձայն եկավ, ուշքս դրի, տեսնեմ Սոֆիայի ձայնն է, բայց շատ կամաց արտասանած.

— Պարո՛ն Դռոզդով, ի՞նչ եք անում, թողե՛ք, մարդ կտեսնե, ամոթ է։

— Չէ՛, հոգիս, ոչ ոք չի տեսնիլ, մի՞թե ինձ չես սիրում, էլի մեկ համբույր տո՛ւր, այն ժամանակ ես կիմանամ, որ դու ինձ սիրում ես։

Ու լսվեցավ մի բարձրաձայն համբույր շրխկոց։

— Բավական չէ՞ր, էլի՞ ես չարություն անում, թող, թե չէ, կկանչեմ...

Ես դիտմամբ ամուր հազացի, որ ձայնս լսվի ու այս խայտառակ տեսարանին վերջ լինի։ Այնպես էլ եղավ։ Երբ որ ձայնս լսեցին՝ իսկույն թփերի միջից ճանապարհի վրա գնացին, և ես գուցե ազատեցի Սոֆիային այնպիսի անկումե, ուր կինը կյանքի մեջ գլորվում է մի անգամ ու էլ ոտքի կանգնել չէ կարող։ Բայց ի՞նչ օգուտ. Դռոզդովը որ կար՝ երևելի չար որոմն էր, իսկ Սոֆիան նորա համար ամեն րոպե պատրաստ պարարտ հող։

Երբ որ ստորին ճեմելիքը եկա՝ սպաների խումբը աղաղակ, աղմուկ բարձրացացած շրջապատ ել էին Դռոզդովին, իսկ հեռվումը Սոֆիան նորան էր սպասում, երեսը հակառակ կողմը դարձացած։ Սպաներից մինը ասաց.

— Դռոզդո՛վ, պիտի շնորհավորենք քու օրինավոր պսակը,– ու ծիծաղեցավ, հետև էլ ծիծաղեցան մյուս սպաները։

— Օրինավոր պսակի համար դեռևս ոչինչ ասել չեմ կարող,— պատասխանեց Դռոզդովը,— բայց քաղաքական պսակս պատիվ կունենաք շնորհավորելու։

Սպաները ավելի պինդ ծիծաղեցան, ու մի քանիսը մինչև անգամ աղաղակեցին. «Կեցցե՜ Թամբովի մատակախանձը, կեցցե՛ ասիացի զամբիկը»։

Էլ մի՛ հարցնեք, ի՛նչ կրակի մեջ էր իմ հոգին։ Լավ է որ այս խոսքերը չհասան Սոֆիայի ականջը։

Բայց այս օրվա «ավուրն չարը» այս ամոթալի միջադեպով չի պիտի վերջանար։ Մի գաղտնի, անմեկնելի զորություն ինձ քաշում էր դեպի Ասատուր աղայի տունը, ուր թեև գիտեի, որ բացի անախորժութենե ուրիշ բան հանդիպելու չեմ, այսուամենայնիվ, ուղիղ գնացի այնտեղ։

Այս անգամ Ասատուր աղան մենակ էր իր գրասենյակի մեջ։ Մոտեցա նորան. ձեռքս պարզեցի, բայց նա չգիտեմ, չտեսա՞վ թե չուզեց ինձ ձեռք տալու, միայն թե իմ խոնարհ ողջունիս ունքի թեթև շարժումներովը պատասխանեց։

Լուռ մունջ նստա մի հեռավոր աթոռի վրա։

Ես տարօրինակ ստեղծված եմ. երբ որ մարդիկ իմ սիրտը ցավեցնեն, սաստիկ վիրավորեն՝ բարկանալու տեղ, առ առավել ևս կկակուղանամ, կընկճվիմ, կոչնչանամ, մինչև անգամ՝ ինքս պատրաստ եմ՝ նորանից ներողություն խնդրելու. ուրիշ բան է, եթե իմ առջև թշնամանեն մի բարեկամիս, կամ մեկ անմեղ և մանավանդ մի տկար մարդու, այն ժամանակ ես կկատաղեմ, իմ բարկությունը չափ և սահման չի ունենալ, չգիտեմ ո՛րտեղից վրաս քաջություն կուգա և իմ վրեժը սոսկալի է, որքան որ զենք ունիմ՝ բոլորը հանդես կհանեմ։ Ի՞նչու է այդպես, ի՞նչ է սորա պատճառը։— Սորա պատճառը այն է, որ իմ մանկութենե ինձ սովորեցրած չեն իմ ծնողքը աղոթքի և հնազանդության հետ միասին նաև իմ միջի մարդկային արժանավորությունը ճանաչելու և պաշտպանելու. իսկ վերջերումը իմ ստացած լուսավորությունը տվել է ինձ քաղաքացիի առաքինություններ, որոնց թվին է նաև պաշտպանել անմեղին և տկարին։

Իմ տեղ մի անգլիացի կամ մի ամերիկացի լիներ, հազար անգամ թքած կլիներ Ասատուր աղայի ու Սոֆիայի երեսներին և Դռոզդովի թշերը ապտակներով կուռեցներ. բայց ընդ նմին և ըստ արժանվույն կպատվեր և կգնահատեր Կատյային, և ոչ թե ինձ նման օրը տասն անգամ փոքրոգությամբ նորա սիրտը կկոտրեր։ Ծեծող ձեռքը շան նման լիզելը ո՛չ թե խոնարհություն, այլ ամենագարշելի ցածություն և ամենանուրբ կեղծավորություն է։ Տե՛ր աստված, տե՛ր աստված, եթե մեր հայկական բարոյականությունը լավ զննես՝ որքան առաքինություններ մոլությունք պիտի ճանաչվին։ Այս խորհրդածությունները արի իմ մեջ քանի որ Ասատուր աղան լուռ կեցած էր ու տեր ողորմյան համրում էր։ Վերջապես գլուխը բարձրացուց ու ասաց ինձ.

— Խաբա՞ր ես, ախըր մենք Սոֆիային պետք ա նշանենք. ուզող կա։

— Հա՞, բարի սահաթի լինի։ Կարո՞ղ եմ իմանալ՝ որի հետ,— ասացի։

— Էստեղ մեկ հարուստ պամեշչիկի տղա կա, չգիտեմ մայո՞ր է, թե պոդպոլկովնիկ. մալխաս ջահիլ, սիրուն, բոյով–բուսով տղա ա, շատ հավանել ա մեր Սոֆիային։ Հերը, ասըմ են, երկու երեք միլիոն ունի, տոտինկեն՝ էլ ա էտքան յա մե զատ պակաս, ղայրաղ քանի-քանի հազար դեսյատին հողից, լեսից ու Մոսկովի ու Պետերբուրգի եքա-եքա տներից։ Մեկի խոսքով՝ շատ խոջա տղա յա, թագավորի էլ, ասըմ են, աչքի լուսն ա. գվարդիումն ղուլլուղ ա անըմ։ Ի՞նչ ա, լավ ա՞։

— Ինչո՛ւ չէ, շատ լավ է,— պատասխանեցի ես։

— Էդ ա դա՜, դու ապա ի՞նչ էիր թահմին անըմ. բաս Սոֆիկես չիտայի մեկ պարտքի մեջ խեղդված դուքանդարի, յա մեկ անփոխան հայ չինովնիկի, էսի չե՞ն առնիլ,– ասաց, մատերին մի օտարոտի ձև տալով։

Ես ծիծաղեցա՝ ո՛չ նորա խոսքերի, այլ իրա՝ Ասատուր աղայի վրա. բայց նա իմ ծիծաղի իսկական միտքը չհասկանալով՝ ևս առավել ոգևորվեցավ։

— Դու ի՞նչ ես կարծըմ, ես ի՞նչ մարդ եմ, ի՞նչ մարդու զավակ եմ։ Հորս վրա բան լսած չե՞ս, լսած չե՞ս Մկրտում աղայի անունը։ Իմ հերս էնպես մարդ էր, որ սաղ Հաշտարխան նրա առաջ ձեռքերը խաչ կապած կայնըմ էր։ Նրա նավերը ղըզըլբաշի տեղից դեպի մեր կողմերը ապրանք էին բերըմ, էստեղից էլ էնտեղ ռուսի ապրանք էին տանըմ։ Մեկ օր խաբար բերան քի՝ էրկու նավըդ բաթմիշ ա իլել՛ ծովի վրա։ Հերս իսկույն հրամայել ա տասը ոչխար տանեն ժամին դուոը մատաղ բաժանելու խալխին։ Հարցրել են թե՝ էդ ինչ աչքալուսանքի համար ա մատաղդ, նա ասել ա քի՝ շատ ուրախ եմ որ էրկու նավս ա բաթմիշ իլել և ո՛չ թե տասներկուսը, էլի շահս մեծ ա։ Էսպես ղոչաղ մարդ ա իլել ողորմած հոգին։ Մեկ օր էլ եներալներ, պոլկովնիկներ, մայորներ, չգիտեմ, ո՛ր թագավորի կենացը շամպանսկի խմում են իլել. էդ միջոցին էլ հերս կառեթով անց ա կանում իլել էն տան շարշվից, ուր էդ մեծավորները քեֆ են անում իլել։ Գուբեռնատորը որ փանջարից տեսնըմ ա հորս՝ ձեն ա տալիս թե՝ «Նիկիտ Ամբակումիչ, Նիկիտ Ամբակումիչ, արի էստե՛ղ, թագավորի կենացը մի բաքալ շամպանսկի անուշ արա՛»։ Հերս էլ կառեթիցն պատասխան ա տալիս. «Ես չեմ գալ ձեզ մոտ. լավն էն ա՝ դուք կամպանիով էկեք իմ տուն, սամավար տինիլ կտամ, լավ բաբաթի կնստինք ու թագավորի կենացը տաք-տաք չայ անուշ կանենք»։ Մեր գուբեռնատորը կատղըմ ա. «Ո՞նց թե թագավորի կենացը չայ կխմես, դու ի՞նչպես համարձակար էդպես օրենքի հակառակ խոսք բաց թողնելու բերանիցդ, չգիտե՞ս որ թագավորի կենացը մենակ կարելի ա շամպանսկի խմել, ես հիմա քեզ փոդսուդ կտամ, վրեդ դատաստան կբանամ ու տնով-տեղով Սիբիր կուղարկեմ»։ Հերս բան չի ասըմ. գընըմ ա տուն։ Գուբեռնատորը ինչքան որ բազմություն կա մոտը, ամենին առնըմ ա, դափ ու դուզ գալիս ա նրա ետնից, ուզում ա մարդուն մեղալամ կորցնի։ Հերս որ իմանըմ ա, թե գուբեռնատորը եկել ա իրա տուն՝ իսկույն հրամայում ա ներս բերեյ արծաթի սամավարը ու սանդուկներից հանըմ ա պաչկա-պաչկա ասիգնացիաները, քըցըմ ա մեջը ու վառըմ ա. ու եքա սամավարը խշխշցընըմ ա մենակ ասիգնացիաներով։ Գաբեռնատորը ու հետի մեծամաս մարդիկ էսի որ տեսնըմ են, պելված՝ էնպես են զարմանըմ։ Մկրտում աղեն, իմ հանգուցյալ հերը, ասըմ ա էն վախտ. «Հիմա տեսեցի՛ք, պարոններ, որ իմ մեկ թաս չայը մեր ողորմած թագավորի համար ավելի թանկագին պատվավոր ա, քան թե ձեր բութիլը հինգ ռուբլանոց շամպանսկին։ Էն ժամանակ գուբեռնատորը ու հետի մեծամարդիկը տեսնըմ են, որ ղորդ ա իլել մարդու ասածը քի՛. «Իմ չայը ավելի պատիվ կըբերի մեր թագավորին, քան թե ձեր շամպանսկին», ինչու որ նոցա խմած մեկ-երկու ստաքան չայի համար նա էրել ա երկու-հարյուր հազար մանեթից ավելի։

— Հիմի տեսեցի՞ր, պարոն բժիշկ, թե Սոֆիաս ինչ երեվելի օջախիցն ա։ Հիմի դու ու քու հոգին՝ ախր մարդ ի՞նչպես ղըմըշի էսպես ազիզ մեծացրած աղջկանը առնի ու մեկ հասարակ հայի կնիկ անի։

Ես տեսա որ Ասատուր աղայի հետ վիճելը բոլորովին ավելորդ է, անհնար էր նորան սովորեցնել, թե ո՛ր գործը ազնիվ է և ո՛րը ոչ, ի՛նչ բան մարդուս բարձրացնում է և ի՛նչ բան ցածրացնում, մեր կարծիքը իրար այնքան հակառակ էին, որքան որ կրակը ու ջուրը։

— Շատ լավ,— ասացի,— բայց, Ասատուր աղա, դուք հավաստի գիտե՞ք, որ Դռոզդովը հարուստ կալվածատեր հայր ունի, հավաստի՞ եք, որ նորա հայրն ու հորաքույրը կենդանի են և այդքան մեծ հարստություն մի օր նա պետք է ժառանգե. արդյոք այդ ամենը սուտ, հնարած պատմություններ չե՞ն։

— Ի՜նչ ես ասըմ, ի՜նչ ես հայվարա-հայվարա խոսըմ, ի՜նչ ես լոբի կերած դուս տալիս, թե որ ես մեկ բան եմ ասըմ, լա՛վ իմացած իլիր, որ նահախ չեմ ասիլ։ Նախանձը՞մ ես, ի՞նչ, էն օֆիցերին, թե՞ կամենըմ ես որ միլիոնչիք մեծավոր տղին թողնեմ ու աղջկաս քեզ տամ, որ դու էլ էն խեղճ երեխին տանեիր Հայաստանիդ գումանները, կարմիր թմբան հագցնեիր ու նրա օր-արևը սևացնեիր լվոտ ու օջլոտ հավաբուների մեջ։ Զարմանըմ մընըմ եմ էս հայի փուճ խասիաթի վրա, մեկ բան թե իրանց ասածի պես չիլավ, թեկուզ ջուր գա աշխարհք տանի՝ նրանց համար մեկ բան ա։ Պարոն Վարդան, ամո՛թ ա, ամո՛թ, թո՛ղ հայի էդ փչանալու ադաթը, մարդու չկամություն մի՛ անիլ, փիս բան ա։ Ես հազար անգամ ասել եմ ու էլի կասեմ, իմ Սոֆինկայի նասիբ ջահել տղա չկա հայերի մեջ. աղա Լազարովանց մեջ խո տղերք իսկի չկան, նրանցից ցած մարդու տալ չեմ ղըմըշըմ. ճարը կտրած ռուսների գըման3 պետք աչքս շուռ տամ՝ ի՞նչ ես ասըմ։

— Ասատուր աղա, ինչի՞ ես բարկանում, ես քեզ դորա հակառակ ի՞նչ եմ ասել որ, ո՞վ կարող է քու ձեռքից հայրական իրավունքդ եղելու, միայն թե...

— Ի՞նչ միայն թե, ինչ միայն թե,— ասաց ինձ տնազ տալով,— էդ միայն թե՛ ովդ ի՞նչ ես ուզըմ ինձ հասկացնել։ Վլադիմիր Դռոզդովը գնաց-եկավ՝ քեզանի՞ց էլ պակաս մարդ իլավ, գլո՛ւխդ մեռնի ոչ...

Էլի ուզում էր այս տեսակ անախորժ խոսքեր ասելու, հանկարծ, թուրը ու կոշիկների խթանները շխկշխկացնելով ներս մտավ Դռոզդովը, շնորհալի ձևով բարևեց Ասատուր աղային, ձեռքը սեղմեց ու մոտը նստավ, և սկսավ սուտ– ղորդ Պետերբուրգի ավագորյայի և կայսերական դրան բաները պատմելու, ոչ ինձ բարևեց և ոչ ձեռք տվավ, և Ասատուր աղան մինչև անգամ ավելորդ համարեց մեզ իրար հետ ծանոթացնելու, ինչպես որ այդ սովորություն է ամեն բարեկիրթ ընկերությանց մեջ։ Նոր էր ներս մտել Դռոզդովը, մին էլ տեսնես, հակառակ դռնից, երեսը կարմրած, դեմքը այլայլված, արեգակի նման աչքերը ցոլալով ներս մտավ Սոֆիան ու այնպես մտերմաբար բարևեց նորան, ասես թե նոքա չորս-հինգ տարուց այր ու կին լինեին։ Ասատուր աղան էլ, հայր Աբրահամի դերը վրան առած՝ ներողամիտ աչքով ու անդորր ոգով նայում էր Սահակի ու Ռեբեկայի վրա։

Անձնապատվությունը, ազնիվ հպարտությունը պահանջում էին, որ ես թքեի ու դուրս գայի այս գարշելի որջեն, բայց, ավաղ, պատիվը ու հպարտությունը վաղուց թմրել էին մեջս։ Ես զարմանում ես, թե մինչև ո՛ր աստիճան մարդս կարող է ինքն իրեն մոռանալ և ստորանալ։ Հաստատուն կամք բոլորովին մնացած չէր մեջս, այնպես կարծում եմ, որ եթե այդ րոպեին Դռոզդովը գար թքեր երեսիս կամ ապտակեր՝ ես լուռ կմնայի ու համբերությամբ կտանեի, միայն թե ինձ չի զրկեր Սոֆիայի երեստեսութենեն։ Ի՞նչ զգացմունք էր սա սե՞ր էր։ Չեմ կարծում։ Խելագարության նման մի ցավ չէ՞ր արդյոք։ Վերջին ենթադրությունս շատ հավանական է. վասնզի բժշկական գիտությունը ամենևին չի մերժում այսպիսի ժամանակավոր, րոպեական խելագարություն, մանավանդ բնությամբ թույլ և սիրտը փափուկ մարդոց:

Հանկարծ Դռոզդովը գդակի միջից մի փոքրիկ կապոց հանեց, եղալի աչքերով մոտեցավ Սոֆիային ու ասաց.

— Օրիորդ, խնդրեմ ընդունեցե՛ք ինձանից այս փոքրիկ ընծան։

Սոֆիան ուրախ-ուրախ առավ կապոցը, դեմքի վրա անպատմելի ուրախություն ցույց տալով, միջից դուրս հանեց մի փոքրիկ տուփ, ուր կար բուստե զույգ օղ և մի քորոց։ Ամենը միասին կարժեր վեց կամ յոթը մանեթ։ Եվ նա, որի պարանքը լիքն էր կաղնի մեծության մարգարիտներով, ադամանդներով, զմրուխտներով և արիշ գոհարներով, մի նաժշտի վայելուչ ընծայի համար չգիտեր սրտի ուրախությանը ինչպես հայտներ։

— Ա՜խ, պարոն Դռոզդով, ինչպես շնորհակալ եմ ձեզանից, ա՜խ, ի՛նչպես սիրուն բան է, ի՜նչպես ընտիր ճաշակ անիք դուք։

Իսկույն մոտեցավ հայելիին, շատ-շատ հանեց ականջներեն ու դեն ձգեց յուր օղերը, որոնք առսակավը երկու հազար կարժեին ու հագավ այդ նորերը, իսկ քորոցը չգիտեր կուրծքի ո՛ր կողմը ցցեր՝ վեր, թե ցած, աջ, թե ձախ, ւ^սես թե խնայում էր ձեռքից հանելու։

— Ա՜խ, ինչ հիանալի զարդեր են, քանի՞ տվիք, որի՞ց գնեցիք, մինչև մահս դոցանից չեմ բաժանվիլ։

— Գնի համար մի՛ հարցնեք, շատ չնչին փող եմ տվել, բայց գնեցի Կավկազի կողմերից եկած մի «առմեաշկայից»։

Այս վերջին խոսքը մի այնպիսի հասարակ, սովորական բառ երևացավ Ասատուր աղային, որ ասես թե նա ծնած օրից ուրիշ անուն չէր լսել հայի ազգությանը։ Բայց իմ համբերությանս սպառեցավ։ Տեղիցս ելա.

— Պարոն Դռոզդով,— ասացի,— դիցուք թե դուք հայերին չեք սիրում, ասում եք. դիցուք թե ինձ էլ արհամարհում եք. բայց դուք ի՞նչ իրավունք ունիք անպատվելու այն տանը, ուր դուք գտել եք հյուրասիրություն և ավելի քան թե հյուրասիրություն՝ պատիվ և սեր. ա՞յդ է ապացույցը ձեր ազնիվ ծնողաց զավակ լինելուն, որով այս պարզամիտները (մատով ցույց տվի Ասատուր աղայի և Սոֆիայի վրա) պարծենում են, ա՞յս է քաղաքավարությունը, որն սուրբ պարտավորություն է ամեն սպայի...

— Պարո՛ն,— ասաց ինձ Դռոզդովը գոռոզությամբ,— դուք ինձ չեք ճանաչում, նմանապես ես էլ ձեզ չեմ ճանաչում, և ինձ նման մարդը ամենևին հարկավորության չունի ձեզ նմանների հետ ծանոթ յինելու, ուրեմն ձեր անտեղի հարցմունքը ես անպատասխան կթողամ...

— Ա՛խպեր, քո՞ գորա ինչ, էլի սկսա՜ր...— ասաց Ասատուր-աղան։

Բայց ես նորա խոսքը բանի տեղ չի դրի ու շարունակեցի ասելու Դռոզդովին.

— Եթե դուք ինձ նախատած լինեիք, ես ձեզ մարդապես կարող էի ներել, բայց որովհետև իմ ազգս նախատեցիք...

— Միտք անիք ինձ պատժելո՞ւ,— կտրեց խոսքս Դռոզդովը։

— Պարոն Վարդան, խնդրեմ ձենդ կտրի՛ր,— ասաց Ասատուր աղան, թե չէ ես...

Բայց ես դարձյալ նորա խոսքը բանի տեղ չի դրի ու՝ դառնալով Դռոզդովին, ասացի.

— Այո՛, կպատժեմ և սաստիկ կպատժեմ։

— Զո՞րօրինակ...— ասաց նա երեսը սպրդնած և շինծու ժպիտով թաքցնելով սրտի երկյուղը։

— Մենք կմենամարտինք,— ասացի վճռողաբար, խոսքս ծանր-ծանր արտաբերելով, ասես թե բառիս ամեն մեկ վանկը տապարի սուր-սուր հարվածներ լինեին ու բուռերս սեղմած Դռոզդովի վրան վազեցի, որ մի քանի ապտակ տամ։ Դռոզղովը հասկացավ միտքս ու թուրը մերկացուց, և մերկացուցած թուրը ձեռքին, քաշվեցավ Սոֆիայի ետևը՝ երեսը նորա ճոխ շինիոնի մեջ թաքցնելով։ Ասատուր աղան սաթե կտուցով ծխամորճով, նա պապիրոս քաշելու սովորություն չուներ, վրաս վազեց։

— Պարոն Ասատուր,— ասացի կատաղած, եթե էլի մեկ քայլ ես արել դեպի ինձ՝ հենց կեցած տեղդ կխեղդեմ։

Սոֆիան բարկացած երեսը ինձ դարձրած և ձեռքերը բարձրացած՝ անվախ կանգնած էր առջևս ու պատրաստ էր մինչև վերջին շունչը պաշտպանելու Դռոզդովին։

— Գնա՛ կորիր մեր տնից, ցա՜ծ հոգի,— ասաց ինձ,—ի՜նչ ես ուզում մեզանից, գնա՛, գնա՛, մենք քեզ ատում ենք՝ թքում եմ քու վրա. այո՛, այո՛, ամենքդ էլ առմեաշկաներ եք, դու էլ առմեաշկա ես...

Մեկ րոպե ևս շփոթվեցա. ձեռքերս թուլացան և լեզուս պապանձվեցավ, բայց այդ շփոթս տևեց միայն մի րոպե, ճիգ արի, ուժս ժողովեցի ու...

— Օրիո՛րդ,– ասացի,– եթե այդպես է՝ ես էլ քեզ արհամարհում եմ, դու ազգուրա՜ց ես, հայության սուրբ անունը ափսոս է, որ քեզ նման ապականված կնոջ վրա լինի: Թո՜ւք, մո՜ւր և խայտառակությո՜ւն այս անիծված տան վրա: Ու հետո խոսքս դարձնելով Դռոզդովին՝ ասացի.

— Դռոզդով, դու ինձ հետ պիտի մենամարտես, և որքան շուտ՝ այնքան լավ...

— Ես չեմ մենամարտիլ ձեզ հետ,— ասաց նա ետև ու ետև քաշվելով։

— Չէ՛, կմենամարտիս, անասո՛ւն դու,— ասացի ու վրան վազեցի։

— Չէ՛, չեմ մենամարտիլ,— ասաց նա,— այժմ սաստիկ արգելած է մենամարտությունը։ Եթե ինձմեն անբավական եք, հաշտարարին հայտնեցե՛ք։

— Ես քեզ կստիպեմ մենամարտելու,— ասացի, վրան վազեցի ու ապտակ տվի, բայց տարաբախտաբար, այդ միջոցին Սոֆիան այնքան մոտիկ կանգնած էր Դռոզդովին, որ ձեռքս նորա երեսին կպավ։ Շինիոնը թռավ գլխեն, Դռոզդովի ընծայած օղերեն մինը ականջե պուկ եկավ ու գլորվեցավ դեպի տան խորշը և խեղճ աղջկա երեսին էլ հինգ մատիս հետքը կարմիր գույնով տպվեցավ։ Տեսնելով որ Դռոզղովը պիտի ազատվի ձեռքես, մի կողմ մղեցի Սոֆիայի ն, բռնեցի նորա մերկացուցած, բայց գուլ թո՛ւրը և երեք չաղ-չաղ ապտակներ ծեփեցի նորա թխլիկ թշերին։

— Հիմի կմենամարտի՞ս,— ասացի։

Այդ միջոցին Ասատուր աղան սենյակից դուրս էր գնացել մարդիկ օգնության կանչելու, մինչև նա մարդիկ կժողովեր, մինչև կվերադառնար, ես սենյակից դուրս գնացի։ Նախասենյակում կանգնած էր Կատյան՝ վերարկուս ձեռքին։

— Ղոչա՜ղ, Վարդան ջան, ջա՜ն Վարդան, օխա՜, մեկ էս ա, որ ջիգրեքս հանեցիր,— ասաց ու ուսերիս ձգեց վերարկուս։– Աղա, էն դռնից մի՛ երթալ, մարդիկ կան, կբռնեն, եկ էս գումանից դուրս գնա,– ու ցույց տվեց այն դուռը, աստի ծառաներն էին ելումուտ անում։ Երբ որ հեռավոր դռնով Ասատուր աղայի բնակարանից դուրս եկա ու մտա փողոց՝ տեսա շատ մարդիկ, որ ժողովված էին նորա դռան առաջ։

Շփոթս փարատելու համար մի ղարաբաղցիե վարձեցի ձի ու գնացի դեպի գերեզմանոց կոլոնինան և մինչև գիշերվա մութը աննպատակ չափ էի տալիս Տաք ջուրի շրջակա սարերի, ձորերի ու անտառների մեջ։ Կես գիշերը անցած էր, որ քաղաք եկա, մտա սենյակս և այն գիշեր առաջին անգամ հանգիստ ոգով մտա անկողինս։


Հուլիսի 8. Էսենտուկ։

Ահա քանի օր է, որ Էսենտակումն եմ՝ մի հյուրանոցի սիրուն սենյակի մեջ տեղավորված, բայց ո՞վ ինձ այստեղ բերեց՝ չգիտեմ։ Ծառան ասում է թե՝ երեք օր ուշաթափ էի. բժիշկները կարծել են թե անպատճառ կմեռնեմ՝ անգամ վտանգելի հիվանդ եմ եղել։

Վերջին անգամ որ Ասատուր աղայի տանից աղմկով կռիվով դուրս գնացի՝ բոլոր գիշերը անցուցի խոնավ օդի մեջ ու թեթև հագված, գիշեր որ տուն եկա հոգնած՝ իսկույն քնեցա, բայց մյուս առավոտ միայն զգացի, որ Կովկասի անիծած դողցուցը ինձ բռնել է. հայելիին մոտեցա, տեսնեմ՝ երեսիս գույնը մեռելի գույն է։ Շուտ-շուտ հագվեցա (բոլոր ժամանակը ատամս ատամիս չէր դիպչում, այնպես սաստիկ դողում էի), մտա Բոլթի դեղանոցը, բավականին մեծաքանակ քինաքինա կուլ տվի ու գնացի Դռոզդովի տան առջև կանգնեցա ու սպասում էի նորա դուրս գալուն։ Թեև ամբողջ երկու ժամ անպտուղ սպասեցի, բայց պատրաստ էի այլևս տասներկու սպասելու, որ նորա լրբությունը անպատուհաս չթողնեմ։ Ժամը տասնին, տեսնեմ սանդխտից ցած է իջնում նա։ Ուրախությունիցս սիրտս սկսավ սաստիկ բաբախելու։ Երբ որ նա փողոց մտավ, ես էլ իսկույն եկա կանգնեցա նորա առջև։

— Պարոն Դռոզդով, զենքդ հե՞տդ է,— հարցուցի,— ժամանակ է մեր մենամարտությունը վերջացնելու։

— Պարո՛ն, ես ձեզ արդեն պատիվ ունեցա հայտնելու, որ չեմ մենամարտիլ, օրենքը խստիվ արգելում է մենամարտությունը,— պատասխանեց ցած ձայնով Դռոզդովը։

— Պարոն Դռոզդով,— ասացի,— բայց նույն օրենքովն նմանապես սաստիկ արգելված չէ՞ր նախատինք անելու այն ազգին, որն բացի լավ գործերե ոչինչ արած չունի յուր պատմական կյանքի մեջ, գեթ Ռուսաց իշխանության տակ. եթե դու մեկ օրենքին այդքան հնազանդ ես, ինչո՞ւ մյուսը այնպես լրբաբար ոտնակոխ արիր։

— Ես չեմ մենամարտիլ,— ասաց Դռոզդովն ու ձայնը, ասես թե արդեն փորիցն էր դուրս գալիս։

— Բայց ես քեզ կստիպեմ՝ մենամարտելու,— ասացի ես,— ու արյունս սկսավ նորից եռ գալու։

— Չե՛ք կարող ինձ ստիպել, օրենքը ձեզ կդատապարտե. ձեզ կբանտարկես, կաքսորեն...

— Թող դնեն ինձ բանտ, թող աքսորեն ինձ,— ասացի կատաղած,— գնա՛, գանգատե՛ վրաս ո՛ւր և ուզես, ո՛ւմ և ուզես,— ու սկսեցի կարկտի նման թավացնել նորա թշերին, գլխին, ուսին, կրծքին, վզին ապտակներ և մուշտիներ։

Երբ որ վրեժս հանդարտացրի ու ձեռքս էլ թուլացավ, Դռոզդովը գետնից բարձրացուց ընկած գտակը, վրայի ճմռթած հալավը հարդարեց, չորս կողմը նայեցավ ու ասաց, «լավ է որ ոչ ոք չտեսավ» ու փախավ։

Այն էր, որ նորան տեսել էի, էլ աչքիս չերևեցավ շատ երկար ժամանակ։

Կամաց-կամաց գնացի դեպի ճեմելիք և դժվարավ հասա նստարանին։ Երևի այդտեղ ևեթ թալկացել ընկել եմ, և բարի մարդ գտնվել է, որ բերել հասռւցել է ինձ այստեղ։


Հուլիս 15.

Հիվանդությունս շարունակվում է. գլուխս ցավում է. ականջներիս մեջ մեկ՝ սամավարի խշխշոց է լսվում, մեկ՝ զանգակի ձայներ, լեզուս պղտոր է. երեսիս գույնը դեղնած՝ կանաչ ցոլքով։

— Է՜հ, եղած-չեղածը մեկ մահ չէ՞, կմեռնիմ ու կպրծնեմ աշխարհքիս ցավ ու դարդերից... Տե՜ր Աստված, մի՞թե պիտի մեռնիմ. տակավին ի՞նչ կյանք վայելել եմ, որ այդպես շտապով թողնեմ՝ աշխարհքս ու հեռանամ։ Հինգ տարիս անցավ ծանր աշխատանքի և կենամաշ չքավորության մեջ. եթե առջևս խաբուսիկ հույսեր չլինեին՝ կյանքը ինչո՞վ պիտի զանազանվեր հանցավորի արգելանքից և կամ նորա բռնազբոս տաժանական աշխատանքից, միայն հույսն էր, որ փոքրիշատե պահպանում էր իմ ոգին և տալիս էր ուժ ամեն օրվա զրկանքս համբերությամբ տանելու, այժմ այն հույսն էլ կորավ, այսուհետև էլ ի՞նչ կապում է ինձ այս կյանքի հետ։ Ես Սոֆիային չեմ մեղադրում, իմ թշվառության մեջ և ոչ Ասատուր աղային, նոքա ինձ երբեք ստապատիր հույսերով սնուցած չէին։ Ես Դռոզդովին էլ շատ չեմ մեղադրում, իմ գժտությունը Դռոզդովի հետ բոլորովին ուրիշ աղբյուրեն բխեցավ. միայն թե ոչ ոք չգիտե այդ։ Ո՞րի համար կենամ, որի՞ն պետք է իմ կյանքը... Իսկ Կատյա՞ն. Չէ՛, Կատյան իմ սրտի մեջ այն տեղը չէ կարող բռնել, որ պիտի բռներ Սոֆիան։ Ինչո՞ւ ինքս ինձ խաբեմ, ես Կատյային միշտ կսիրեմ ինչպես բարեկամ, ինչպես քույր, բայց ինչպես կին սիրել չեմ կարող նորան. եթե ասեմ թե կսիրեմ, խեղճ աղջկանը խաբած կլինեմ։ Մեր մտավոր զարգացումը զանազան է. մենք մին մինի հավասար չենք, նա ինձ ընկեր-կին, բարեկամ-կին լինել չէ կարող, նա իմ ստրուկը կլինի։ Ստրուկին կարելի է մեղանալ, դեպի նա գութ ունենալ, խնայել, բայց սիրել երբեք չէ կարելի, բայց նա ինձ սիրում է, և ինչպե՜ս քնքուշ սիրով, արդար սրտով է սիրում... խե՜ղճ աղջիկ։ Ժամանակից ժամանակ միտքս է գալիս, թե ո՜րքան նա տրտում էր, երբ որ ինձ փոքր ի շատե սիրում, պատվում ու գուրգուրում էին Ասատուր աղայի տանը և ի՜նչ ուրախություն էր սկսում ցոլալ նորա աչքին, երբ ակներև արհամարհանք էին ցույց տալիս նոքա ինձ։

Այս խորհրդածությունների մեջ էի, որ մի հասարակ ռուս մարդ ձեռքս մի նամակ տվավ։ Բացի ծրարը, նամակը կարդալու չի սկսած, ուզացի իմանալ ո՛վ էր գրողը, նայեմ՝ ստորագրված է Կատարինե Մերջանյան։— Ա՜,— ասացի,— Կատյայից է ուրեմն այս նամակը, նայենք ի՛նչ է գրում։

(Սիրեկան եղբայր Վարդան) Ես գիտեմ, որ հրամանքդ ձեռքդ հազիր փող չունես Մոսկով և կամ քու տեղը գնալու, եթե երթաս էլ իսկույն ղուլլուղ չես գտնիլ, ուրեմն մի փոքր ժամանակ փողի նեղություն պետք ա քաշես։ Ես էսպես միտք արամ, որ դու լավն էն ա ինձ պարտք մնաս, քանց մինի-մյուսի առաջ գլուխդ ծռես։ Էդ պատճառով ես նամակիս մեջ տիրամ 200 ռուբլի (և իրավ որ նամակի հետ այդքան փող կար), որն ունիմ փայած իմ ժալովնիից։ Ես դուրս եկամ աղա Ասատուրի տանից, հիմի գընըմ եմ Հաշտարխան։ Խնդրըմ եմ չի բարկանաս վրես, որ համարձակվեցա քու գործերի մեջ խառնվելու։ Ինձանից քոմակ ստանալը դու քեզ համար ցածըություն մի՛ համարիլ. բալքի մեկ օր էլ դու ինձ պետք գաս. «տաք հացը փոխ ա»— ասըմ ա հայի խոսքը։ Երեկի, Ասատուր աղայի տանը նրա աղջկա Սոֆիայի նշանտուքը կատարվեցավ ֆլան Դռոզդով աֆիցերի հետ. բավական շատ վայեննըյներ կանչած էին, հայ ո՛չ մեկ հոգի չկեր. քահանեն էլ ռուսի էր։ Աֆիցերները շատ խման, շատ անհամ բաներ արան, իրանց էնպես պահըմ էին Ասատուր աղայի տանը, կարծես թե ղաբաղըմը իլեին. Սոֆիայի երեսին էին ծիծաղըմ, ասելով՝ «բախտավոր պսակի արժանի լինիս»։ Դռոզդովն էլ փիս քցած էր. հետվան ինձ հետ էլ ուզում էր լիրբ վարվիլ. ամա ես շատ չիհամբերամ, քեզ նման ես էլ նրան մեկ լավ սիլլա տըվամ ու փախամ։ Հիմիկ գաստիննիցումն եմ. մեկ նումրա եմ փըռնել առ ժամանակի, և մեկ սահաթից գնալու եմ Միներալնըյ ստանցին։ Դեհ մնաս բարով, Վարդան ջան, ղոչաղ կացիր, ումուտդ մի՛ կտրիլ աստվածանից, որ ես էլ քու բախտավորությունդ լսելով՝ միշտ ուրախանամ։ Մնամ խոնարհ աղախին քո

Եկատերինե Մերջանյան
Տաք ջուր


Հուլիսի 14

Նամակաբերին որքան և աշխատեցա հարց ու փորձ անելու Կատյայի մասին ինչ ու ինչ կարևոր գիտելիք, բայց նորանից ոչինչ չիմացա, բացի այն թե՝ մի աղջիկ տվել է նորան այս նամակը և պատվիրել է ինձ հասցնելու, ինքն էլ պատրաստված է եղել գնալու յուր քաղաքը, այժմ, անշուշտ, Տաք ջուրից դուրս ելած պիտի լինի։ Ավել ոչինչ չկարողացավ պատմելու, վասնզի ինքն էլ ավել բան չգիտեր։ Այս էլ ավելացրեց նամակաբերը, որ աղջիկը իրան էլ ընծայել է հինգ մանեթ։

Աչքերիս չէի հավատում։ Առանց այլևայլության այս նամակը Կատյայի իրա գրածն էր. բայց ես հինգ տարվա մեջ իմացած չէի, որ նա գրել-կարդալ գիտե, ո՞վ և ե՞րբ սովորեցրել էր նորան՝ խելքս բան չէ կտրում։ Ես սովորեցրած չեմ, այդ շատ լավ միտս է, եթե Սոֆիան սովորեցներ, անշուշտ, հազար անգամ արդեն ինձ ասած կլիներ։ Երևի ինքն իրան էր սովորել, թաքուն առնելով Սոֆիայի գրքերը և պատի ետևից լսելով Սոֆիային ասածներս ու միտը պահելով։ Բայց այս փո՞ղը։ Մի խեղճ նաժիշտ խնայողությամբ, մսից կտրելով, կոկորդից խլելով, յուր աղքատիկ ռոճիկը կոպեկ-կոպեկի վրա դնելով՝ երկու հարյուր մանեթ դարձնել (որ մի որբ աղջկա համար ահագին գումար է) և այդ հինգ տարվա աշխատանքի պտուղը մի օտար մարդու տալ՝ այս ոչ թե սիրո, այլ կանացի դյուցազնության նշան է։ Ա՜խ, Կատյա, Կատյա՛, ինչո՞ւ քեզ ուշ ճանաչեցի, ինչո՞ւ իմ աչքերս մինչև այժմ կույր էին. ո՜րպիսի մեծ հոգի ունիս դու ամփոփված մի համեստ անձնավորության մեջ, ո՜րքան փոքր եմ ես քու առջև...

Այժմ ես սկսա կամաց-կամաց հասկանալու, թե ինձ Տաք ջուրից Էսենտուկ ո՛վ բերած պիտի լիներ, ո՛վ վարձած պիտի լիներ, այս սենյակը և ո՛վ պիտի ժողոված և այստեղ բերած լիներ իմ առարկաներս։

Գնացի տանտիրոջս մոտ և հարցուցի.

— Ասացե՛ք, խնդրեմ, ինձ հիվանդ–հիվանդ ո՞վ այստեղ բերեց և ո՞վ վարձեց այս սենյակը։

Տանուտերս ասաց.

— Մի դեռահաս կնիկ բերեց ձեզ այստեղ, վարձեց ինձանից այս սենյակը և մի ամսվա բնակարանի և կերակուրի վարձը կանխիկ վճարեց, չայ, շաքար, սուրճ, ճրագ, օճաո ևն, նմանապես նա բերեց ձեզ համար։ Ձեր կտավիքը նա ժողովեց, տվեց լվացարարին լվանալու, որի համար փողը նմանապես կանխիկ վճարեց նորան, և ամենիս խստիվ պատվիրեց, որ ձեզանից երբեք փող չպահանջենք, անհանգիստ չանենք ձեզ։ Եթե դուք ամսից ավելի մնալու լինիք՝ պատկանյալ փողը նա կհասցնե մեզ։ Բայց չասաց յուր անունը, և աղաչեց որ նորա մասին ձեզ ոչինչ չասենք։

Այսպիսի քնքուշ վարմունք, այսպիսի մարդավարության, այսպիսի մարդասիրական ընթացք միայն կարելի էր կրթյալ եվրոպացի կնոջմե սպասել, բայց մի հայ աղախինե՝ որի սպասավորությունը մի հարուստ վաճառականի տան մեջ ոչինչով չի զանազանվում անբարոյականացնող ստրկությունից, առաջացած, այդ ամենը, պետք է հոժարել որ գրեթե մի անհավատալի մեծագործության է։ Ես արդեն դադարեցա Կատյայի վրա նայելու ինչպես մի հասարակ հայ կնոջ վրա. ես նշմարում էի նորա մեջ երկու անգնահատելի հատկություններ՝ կորովամտության և ազնիվ արյուն։ Այդ կոպիտ կեղևի մեջ, եթե աշխարհք էլ ինձ հավատացներ, որ անազնիվ սերմ կա՝ ես չէի հավատալ։ Մարդուս մեջ կան այնպիսի հատկություններ, որոնք պատահական և ստացական չեն, այլ ծննդական ժառանգություն են ծնողներից։ Այժմ որ Կատյան աչքերես հեռացավ, ուրեմն և նորա հիշատակը ինձ համար թանկ է՝ միտքս բերելով նորա ամեն խոսքը, վարքը և բնավորությունը՝ սկսում եմ գնահատելու նորան և բարձր դասելու։ Բայց անագան՝ ստրջութենից ի՞նչ շահ, գուցե մյուս անգամ երբեք նորան չտեսնեմ, գուցե նա ինձ արդեն արհամարհում է ինչպես անզգա, ապերախտ և պակասամիտ մարդ։ Ի՞նչ պետք է մեղքս ինքս ինձմե թաքցնեմ, ես սև ապերախտությամբ հատուցել եմ Կատյայի ամեն մի մարդավարի վարմունքը ինձ հետ։ Չէ՛, ինքս ինձի խոսք եմ տալիս՝ հենց որ առողջացա, իսկույն գտնել այդ աղջկան և...

Սոֆիայի հիշատակը ոչ թե ջնջվել է մեջս, ո՛չ, այլ նա երևում է իմ կյանքի թերթերի մեջեն իբր աղճատած, արատավորած ու զզվելի թերթ, ուր գրված է իմ բարոյական անկումը, իմ ամոթալի ախտերը և իմ ամենամեծ թշվառությունը։ Միայն այժմ ես լիապես հասկացա, թե կիրքը մինչև որ աստիճան կարող է մարդուս ստորացնելու, կուրացնելու, ես միայն այժմ հասկացա, որ սարսափելի անբախտություն է այն ամուսնությունը, ուր խոհեմ սիրո տեղ թագավորում է կույր կիրքը։


Հուլիսի 29.

Երբ որ առողջությունս մի փոքր կազդուրվեցավ առաջին գործը այն եղավ, որ նորից գնացի Տաք ջուր (Էսենտուկից 12 վերստ հեռի է), ամբողջ շաբաթ գործածեցի պտրելով Կատյային, էլ ո՛չ մի տուն, ո՛չ մի բնակարան, ո՛չ մի հյուրանոց չթողի, ո՛չ մի ծառա, ո՛չ մի՛ աղախին, ո՛չ մի կառապան չթողի, ամեն տեղ և ամենին հարցուցի, հարց ու փորձ արի, փնտրեցի, բայց չկարողացա Կատյային գտնելու։ Ո՛չ մի ճեպակառքի քոնդուքթոր և ո՛չ մի կառապան չկարողացավ ինձ տեղյակ պատմելու թե՝ այս ինչ նշաններով աղջկա ուր և իցե տարել է։ Նամակներ թռուցի մերձավոր իջևանները, հեռագիրներ քաշեցի զանազան քաղաքներ, բայց ոչինչ բավարար պատասխան չի ստացա, «չը գիտենք, լսած չենք», ահա այս այն պատասխաններն էին, որն ես ստանում էի իմ աղաչանքով լցված ամեն մի նամակին։ Կորա՜վ, կորա՜վ ինձ համար Կատյան և ինձ չարժանացուց գեթ խոսքով շնորհակալիքս լսելու։ Հաշտարխանցի բարեկամներս էլ ինձ ծանուցին, որ այդ անունով աղջիկ չեն ճանաչել երբեք և այժմ էլ Հաշտարխանի մեջ չի կա։

Թեև Կատյափ մասին ոչինչ տեղեկություն ստանալ չի կարողացա, բայց Սոֆիայի մասին շատ բաներ լսեցի, և այժմ ևս հետզհետե լսում եմ։

Այն օրը տեղի ունեցած չէ՛ մատանեփոխությունը Դռոզղովի հետ, բայց երեք օրից, ինչպես որ Կատյան էլ հիշում էր յուր նամակի մեջ, մեծ խայտառակությունով կատարվել է։ Ասատուր աղան ասել է Դռոզղովին, որ «ես հայեր հրավիրելու չեմ. ես այսուհետև նոցա հետ ամեն բարեկամական և արենակցական կապերս կտրելու եմ. դու հրավիրե քու ծանոթներին և բարեկամներին իմ տուն, և միասին ուրախությամբ կատարենք դստերս հարսնախոսության ծեսը ռուսաց քահանայի օրհնությամբ»։ Իսկ Դռոզդովը գնացել է մի քանի յուր նման սպաների մոտ և ծիծաղելով հրավիրել է նոցա «մի ճոխ գիներբուքի», որն պիտի կարապետե նորա «քաղաքական ամուսնությունը», և քահանային պատվիրել է, որ գա և յուր տիրացուների հետ միասին «բազում ամք» բարեմաղթե Վլադիմիրին և Սոֆիային, մատենափոխության մասին ոչինչ հիշված չէ՛։ Թեև սպաները այդ օրը շատ խայտառակ վարել են իրանց, բայց Դռոզդովը աշխատել է թեթևացնել նոցա հանցանքը` պատճառաբանելով գինիի առատությունը։ Այսպես բոլոր տնեցիք խաբվել են և կարծել են թե օրինավոր կերպով կատարվել է Սոֆիայի մատենափոխության ծեսը, և միամտվել են։

Մի քանի օրից եկել է Դռոզդովը Սոֆիայի մոտ և ասել է թե՝ եթե հայրս իմանա, որ ես մի հասարակ հայ աղջկա վրա պետք է պսակվիմ՝ երբեք չի տալ յուր հոժարությունը և օրհնությունը, իսկ եթե ես հակառակ նորա կամքին երթամ՝ անպատճառ կզրկե ինձ այն միլիոններեն, որն պիտի ժառանգեմ ետ նորա մահվան, բայց եթե ես գաղտնի կերպով պսակվիմ և հետո գամ ընկնեմ նորա ոտքերը՝ նա ինձ կներե, չի զրկիլ ոչ օրհնությունեն և ոչ ժառանգութենեն. ուրեմն՝ այժմ մեզ ուրիշ բան չի մնալ անելու, բայց եթե փախչել Փարիզ և այնտեղ պսակվել։ Այժմ դժվարությունը այն է, որ ես այդ ճանապարհորդության համար փող չունիմ։ Եթե դու ինձ անկեղծ և մտերմաբար սիրում ես՝ պարտավոր ես ինձ մի աննշան զոհ բերելու, որ է՝ հորդ դրամարկղը թաքուն բանալ և միջից որքան կարելի է շատ փող առնել, և ժողովել քու թանկագին զարդերը ու ակնեղենները ու գիշերով փախչել տանից։

Սոֆիան առանց ընդդիմախոսության հոժարել է նորա առաջարկությանը, հավաքել է յուր բոլոր և մասամբ մոր ակն ու մարգարիտները, դրել է մի արկղիկի մեջ, թաքուն բացել է հոր դրամարկղը, միջից հանել է քսան հազար մանեթ և նույն օրն Դռոզդովի հետ միասին փախել են Ստավրապոլ, այնտեղ մի պանդոկում մնացել են երեք օր և ապա շինծու անցագրով գնացել են Փարիզ։

Հայրը իմանալով այս փախուստը (Սոֆիան բոլոր այս հանգամանքը նամակով հայտնել է նորան) ամենևին շփոթված և բարկացած չէ, այլ ընդհակառակն, անցնող, դարձողին պատմել է թե՝ արիստոկրատների մեջ այդպիսի ռոմանտիքական պսակը շատ սովորական բան է և հաճախ կպատահի, և բոլորովին հանգիստ սրտով սպասում է եղել յուր սիրական դստեր և ազնիվ փեսայի վերադարձը քանի մի շաբաթից։

* * *

Այստեղ վերջանում է բժիշկ Վարդան Հուսիկյանի հիշատակարանը, որ ես Էսենտուկի պառավից գնեցի տասնհինգ մանեթով։ Բայց, ինչպես ներողամիտ ընթերցողս տեսնում է, պատմությունը թերակատար է մնում։ Ինձ շատ հետաքրքիր էր իմանալ՝ արդյոք այս ճշգրիտ դեպքը ինչո՞վ վերջացել է, ի՞նչ եղան ազնվահոգի Կատյան, թեթևամիտ Սոֆիան, հայատյաց Ասատուր աղան և անբարոյական Դռոզդովը. կենդանի՞ են, ո՞ւր են. ի՞նչ վիճակի մեջ են. եթե մեռած են, արդյոք ի՞նչը կարճեցուց նոցա կյանքը այդ ծաղիկ հասակի մեջ (իհարկե, բացի Ասատուր աղայից), նոքա էլի միմյանց հանդիպեցան, թե՞ առ հավիտյան բաժանվեցան իրարմե և մյուս անգամ մեկ մեկի էրես չտեսան։

Հայկական կյանքը ցայն աստիճանի միաձև, առօրեական և ձանձրալի է, որ փոքր ի շատե սովորականեն դուրս կենցաղ վարող հայը միշտ շարժել է իմ հետաքրքրությունը. ես միշտ ցանկացել եմ իմանալու՝ ի՞նչ է եղել պատճառը որ նա ընդհանուրի օրինակին հետևած չէ՝ և հայկական կյանքի սովորական ճանապարհեն խոտորվել է։ Այդպիսի անձինք թե՛ առաքինի լինեին և թե՛ մոլեկան, միշտ գրավել են իմ կարեկցությունը։

Շատ հարց ու փորձից հետո, մի օր հանկարծ հիշեցի, որ Ռուսաստանի բոլոր բժիշկների ցուցակը կա, որն ամեն դեղագործ պարտավոր է ունենալ։ Երբ որ այդ ցուցակը ձեռքս առի և այբուբենի կարգով գտա Վարդան Հուսիկյանի անունը, կարդացի որ նա Վ. քաղաքումը քաղաքական հիվանդանոցի գլխավոր բժշկապետն է։

Բժիշկ Վարդանի բնակության տեղը իմանալեն ետ, արդեն դժվար չէր նորա և նորա ընկերների պատմությանը տեղեկանալու, պետք է միայն մի քաղաքավարի նամակ գրել նորան և հարցնել մանրամասն տեղեկություն տետրակի մեջ հիշած անձանց մասին, որ և արի իսկ։ Իսկույն նստա ու մի նամակ գրեցի Վարդան Հուսիկյանին, որի բովանդակությունը այս էր, թե՝ պարոն բժիշկ, քու հիշատակարանը պատահմամբ ընկավ իմ ձեռք, որի համար փող վճարելով իմ սեփականությունը դարձրի։ Բայց, ինչպես գիտեք հիշյալ հիշատակարանը պարունակում է քու, Կատյայի, Սոֆիայի, Դռոզդովի և Ասատուր աղայի կյանքի առաջին մասը, բայց ի՞նչպես շարունակվում է կամ վերջացել է մնացած մասը՝ ես չգիտեմ, բայց ինձ շատ հետաքրքիր էր իմանալ այդ։ Եթե արքունական պաշտոնեդ ազատ ժամանակ ունիս, քեզ շատ կխնդրեմ, վրադ ծանրություն առնուս, մանրամասնաբար գրես վերը հիշած անձանց կյանքի մնացորդը, ուստի և ես կարողանայի եզրակացնել, թե ինչպես վերջացավ ձեր հարաբերությունը։ Քեզ խոսք եմ տալիս, որ այդ պատմությունը ինչպես և այն տետրակը, որ մոտս է, մարդոցմե առմիշտ ծածուկ կմնա (պատվական կարդացողս տեսնում է, թե ինչպես ճիշտ կատարեցի խոստմունքս)։

Այս էր իմ երկար նամակի բովանդակությունը։

Երկու ամսից ստացա մի փոքրիկ տետրակ և հետը մի նամակ, որն բառ առ բառ այստեղ առաջ կբերեմ։

* * *


ՊԱՐՈՆ ՍՅՈԻԼՅՈԻԿ.

Ձեր հիշած տետրակը իրավ ես կորցրել էի, բայց չգիտեի որ նրան մոռացությամբ թողել էի Էսենտուկի հյուրանոցի պահարանի մեջ։ Եթե փող վճարել եք ու գնել եք՝ կնշանակե որ նա ձեր անկողոպտելի սեփականությունն է և ես իրավունք չունիմ ձեզանից պահանջելու, ճշմարիտը ասեմ հարկավորություն էլ չունեմ։ Եթե ձեզ, պետքական է՝ պահեցեք ձեր մոտ, միայն թե ցույց մի՛ տաք մարդոց՝ ես չուզեի որ հաշտարխանցիների բարոյական թերությունները, որն ես անխնայաբար մտրակել եմ, հռչակվի մյուս հայերի մեջ, թեպետ և գրավոր կերպով մարդկության պակասությունները ցույց տալը, բացի օգուտին, ուրիշ բան հառաջացուցած չէ։

Թեև ինձ շատ դժվար էր մտքով վերանորոգել տխուր անցյալիս հիշատակարանները, բայց որովհետև դուք համոզիչ խոսքերով խնդրում եք ինձ՝ ես չկարողացա մերժել ձեր խնդիրը, ուր դուք նյութական շահ չունիք։ Բայց եթե այս նոր հիշատակարանիս մեջ հայկական լեզվի դեմ սխալներ գտնեք՝ շատ մի՛ մեղադրեք ինձ։ Այս քանի տարի է, որ ես ո՛չ հայի գիրք առել եմ ձեռս, ո՛չ հայի երես եմ տեսել և ոչ հայի ժամերգություն եմ լսել, միայն Կատյաս է, որ իմ հայ լինելս միտս է ձգում, եթե նա չլիներ՝ կրոն, ազգային ծեսեր և ավանդություններ և հայոց լեզու բոլոր ցնդած կլինեին իմ մեջեն։

Չեմ ուզում ձեզանից թաքցնել, ես սաստիկ դառնացած եմ հայերից։ Առաջները ես կարծում էի թե՝ անհնար է միայն հայ ազգի քահանա և վարժապետ լինելը, այժմ տեսնում եմ, որ հայ բժշկին հայ քաղաքի մեջ պաշտոն վարելն ևս դժվար է, եթե չասեմ անհնար է։ Այդ ևս բավական չէ՝ մի հայ աշխատավորի հայ քաղաքի մեջ յուր գիտությունը մշակելն ևս դժվար է։ Ես ինձ համար մեկ առած եմ շինել, որի կազմվածքը թեև բանաստեղծական ոճի գեղեցկություն չունի, բայց նորա մեջ բովանդակած իմաստը զուտ ճշմարտություն է՝ «եթե հայից ապրուստ սպասես, ունեցած քանքարդ անօգուտ կդարձնես»։ Հայի մեջ գործող լինելու համար մեկ կարի հարկավոր պայման է պետք, և այդ պայմանն է՝ հարստությունը։ Հարուստ հայը, եթե կամենա, հայ ժողովրդի մեջ միշտ օգուտ կբերե, վասն զի հայ ազգը միայն հարստի խոսքին սովորել է հավատալու և հնազանդելու. չքավորի խոսքը երբեք արձագանք գտած չէ՛ և գտնելու էլ չի՛ հայի սրտի մեջ։

Երբ որ ես բժշկապետության հարցաքննությունս ավարտեցի, քանի-քանի հայաբնակ քաղաքներ գրեցի չէի՞ն կամենալ արդյոք ինձ քաղաքական բժշկի պաշտոն տալ. և բոլոր նամակներս անպատասխան մնացին։ Երբ որ ռուսաց քաղաքներ գրեցի, գրեթե ամենից հրավերներ ստացա, մինը մյուսից օգտավետ պայմաններով։ Ես ընտրեցի Վ. քաղաքը, ուր ահա վեց տարի է, որ փառքի, պատվի և ճոխության մեջ ապրում եմ իմ փոքրիկ հայ ընտանիքովն։ Բայց ինչո՞ւ ես այս մասնավոր նամակիս մեջ թափում եմ իմ սրտի ցավն ու դարդը, երկու տետրակներումը բավականին գրել եմ այդ ձանձրալի նյութի վրա... Կատյաս ձեզնից հոգով չափ շնորհակալ է, որ դուք նորա և իմ կյանքովս հետաքրքրվում եք։

Ողջ և հաջող եղեք։
Բժ. Վարդան Հուսիկյան