Jump to content

Տիկնիկի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


Տիկնիկի


(Մանական խաղ)

Հռիփսիկը նշանել էր
Իր մի աղջիկ տիկնիկին,
Պետք է շիներ պահր ու բաժինք,
Պետք է զուգեր հարսնացվին։
Օր ու գիշեր աշխատում է
Մեր Հռիփսոն անդադար,
Ինչե՜ր ասես, որ չի շինում
Կտորներից անհամար։
Տարիներով տանը պահած
Չըթի պատառ չըմնաց,
Ինչ կար մաշված կամ կիսամաշ՝
Բաժինքումը կուլ գնաց։

♦♦♦

Ահա եկան խնամիքը —
Անոն, Եղսոն ու Նուշին,
Պիտի տեսնեն նոր բաժինքը,
Որ պսակեն տիկնիկին։
Խնամիքը նստոտեցան
Տան զավթումը ծալպատակ,
Հռիփսոն նրանց թեյ է տալիս
Ինքնաեռից անհատակ։
Կոտրած շիշ է ինքնաեռը,
Բաժակները՝ խեցատներ։
Շաքարի տեղ քարի մանրունք,
Բայց խմում են մեր հյուրերը։

Բավականին օդ կուլ տվին,
Կում անելով թեյի տեղ,
Իրանց օրում չէին խմած
Այսպես եփած թեյ համեղ։
Պռոշները լպստելով՝
Թեյի սարքը վերցըրին,
Տեսակ-տեսակ քաղցրավենիք
Կոտրած խոնչով մոտ բերին։
Մի խնձոր էլ մաս-մաս արած,
Ինչպես հաղորդ փրկության,
Գդալիկն էլ ավլի շյուղ էր,
Նրանով կերան քաղցրացան։

♦♦♦

— Բաժինքը բե՛ր, խնամի Հուռի,
Ասաց մեկը նրանցից,
Ութ տարեկան պառավ Եղսոն,
Որ մեծն էր ամենից։
Հռիփսիկը մեջտեղ դրավ
Մի բավական մեծ բոխչա,
Առաջ հանեց ցանցով գործած
Մի մատնաչափ խալիչա։
— Շա՛տ սիրուն է,— ասաց Եղսոն,—
Դալար կենան մատները…
Իսկ Աննիկը չը հավանեց,
Թուխ են, — ասաց,– թելերը։
Բայց կողինքին հավանեցին,
Խաս կտորից էր կարած.
Բալիշները բմբլով լըցրած,
Ուլունք կոճակներ արած։
Մախմուր երեսը մութաքի,
Աբրեշումի փունջերը,
Նախշուն վերմակը ատլասի
Իսպառ տարավ խելքները:
— Ապրի՜, ապրի՛ Հռիփսիկը, —
Մեր խնամիքն ասացին,
Ամեն կտոր վերցնելիս՝
«Բարով մաշեն» կրկնեցին:
— Տեսե՛ք, — ասաց Հռիփսիկը,—
Դեռ էլի կան շատ բաներ.
Մեջտեղ բերավ հազար ու մեկ
Մանր մժուր կտորներ:
Սպիտակեղեն ուներ կարած
Մի դյուժինից էլ ավել,
Եվ այդ բոլորն ինքն իր ձեռքով
Լվացել էր, օսլայել:
Քանի՜ թղթի արկղիկներում
Բաներ ուներ պատրաստած,
Արծաթեղեն ու ոսկեղեն,
Բայց ոչ մետաղ ժանգոտած:
Սոխի կճպից ոսկեղենն էր,
Սխտորինից՝ արծաթին.
Փող էլ ուներ սոխի կճպից
Տասը ոսկի, շատ դեղին…

♦♦♦

— Դե բե՛ր, դե բե՛ր մեր հարսնացուն,
Տեսնենք ինչպես ես զուգել.—
Տեսան հարսին. շատ սիրուն էր,
Բայց սկսան շըշնջել.
Խնամիքանց մեկն ասում էր՝
Դեղ է քսել երեսին.
Մյուսն ասում էր՝ ոչ, երեսը
Դեմ է արել կրակին:
― Տեսե՜ք,– ասաց Հռիփսիկը,–
Ահա աղջիկ փաշփաշա,
Ունքերը խաս աբրեշում է,
Նախշուն աչքերն է շուշա,֊
Կրծքի քորոցն ադամանդ է,
Իսկ ճակտինը զուտ ոսկի,
Ակնջի օղերը զմրուխտ են,
Մատնիքները փիրուզի:
— Շա՜տ մի գովիր, քորոցնե՜ր են
Տեսակ-տեսակ գույներով,
Անցյալ օրը չարչի Գևոն
Տասն էր տալիս մի հացով…

♦♦♦

— Բավակա՜ն է, բերեք, տղին,
Նստեցրեք միասին.
Նարոտ բերեք կանաչ-կարմիր,
Կապենք վզերն երկուսին
Եղսոն հանեց իր ծոցիցը
Մեր տիկնիկի նոր-փեսան,
Մեկն իր ձեռքը զուռնա շինեց,
«Դո՜ւ-դո՜ւ» կանչեց բարձրաձայն:
Հավաքվեցան աղջիկ, տղա,
Օրգ երգեցին, պարեցին,
Ինչպես կարգն էր հարսանիքի՝
Պակաս ոչինչ չըթողին…

♦♦♦

Խաղացե՛ք, ո՛վ մանուկներ,
Շատ խաղացեք,
Բայց թե տիկնիկ և թե բաժինք
Ձեր իսկ ձեռքով շինեցեք: