Jump to content

Տշխո Հիթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՏՇԽՈ ՀԻԹ


Մի խեղճ կընիկ ճամփու վրա արտասվագին, լուռ նըստած՝
Կրծին սեղմում էր երեխան հին լաթերով փաթաթած.
Քունն անուշ էր անմեղ մանկան, դեմքը շնորհքով, գեղեցիկ.
Մայրը նորան օրորելով` այսպես ասում էր մեղմիկ.
«Հրեշտակագեղ իմ հարազատ, քաղցրաթոթով կաքավուկ
Դեռ աչքերըդ լույս չի տեսած՝ դու մնացիր հեգ որբուկ.
Պինդ հողմերը, տոթն արևին, ցուրտ օրերը ձըմեռվան
Անտուժելի են քեզ համար, ու մարդ չի կա քեզ պաշտպան,
Ստինքը նիհար իմ չեն կարող քու պապակը մեղմացնել,
Այս անբընակ դաշտի մեջը մնացել ենք անայցել.
Դու քընած ես այժմ հանգիստ, ախ, ի՞նչ անեմ, թե զարթիս,-
Բաց իմ դառը արտասունքը այլ կերակուր դու չունիս»։
Այսպես ողբով օրորում էր մայրը թշվառ երեխին.
Ոլոռ-ոլոռ դառըն արցունք աչքից կաթում էր գետնին:
Հանկարծ հեռվանց շըշուկ եկավ աղքատ կընոջ ականջին,
Շատ չի անցավ՝ տեսավ իսկույն խումբ ասպետաց առաջին,
Խըրոխտ ձիեր էին հեծած, սպառազինած փառավոր,
Առաջներից պերճ գընում էր տշխո Հիթը ձիավոր,
Որքան նորա դեմքն էր սիրուն, գընացքը շքեղ, շնորհաշուք,
Այնքան ավել չար էր հոգին, սիրտն անըզգա ու անգութ.
Քաշեց սանձը երիվարին, կանգնեց. ասպետք նույնն արին.
Աչքը չորս կողմ դարձընելով այսպես ասաց ամենին.
«Ազնիվ ասպետք՝ ինչ որ էստեղ դուք աջ ու ձախ տեսնում եք.
Բոլորն իմն են՝ դաշտք անսահման, թավ անտառներ, գեղորեք.
Իմ հրամանիս հընազանդ են հըպատակներ անհամար,
էս աշխարհի միակ տերն եմ, արգելք չի կա ինձ համար։
Մունջ լսում էր աղքատ կինը Հիթ խաթունի խոսքերը,
Սիրտը թնդաց ցնծությունից ու փայլեցին աչքերը.

Ահով դողով առաջ վազեց ձեռին սիրուն երեխան
Ծունր դըրած Հիթի առաջ ասաց էսպես խղճաձայն,
«Խղճա՛, խղճա՛, ազնիվ խաթուն, այս իմ որբուկ զավակին,
Որ օրնի բուն նոթի ծարավ մանացնում եմ լալագին,
Տես մարմինը մերկ է դորա, դողում է ցուրտ քամիից,
Ազնիվ տշխո, տուր ինձ լաթեր, բայց ոչ քու թանգ հալավից»։
«Այ լիրբ՝ ինչպե՛ս դու կարացիր, ասաց Հիթը, իմ մոտ գալ,
Եվ կամ միթե կարելի՞ է այս թանգ լաթերից քեզ տալ»։
«Ո՛չ, ո՛չ, խաթուն, ասաց խեղճը, քու թանգ շորը չեմ ուզում,
Բայց այն, ինչ որ դու քեզ համար ավելորդ ես համարում»։
«Ես քեզ համար ավելորդ բան չունիմ անմիտ, խելագար,
Ինձ ավելորդ ահա այս է», տըվեց նորան մի մեծ քար։
Սառած մընաց աղքատ կինը Հիթ խաթունի չար գործից,
[Ձեռքը երկինք նա բարձրացուց], արցունք իջան աչքերից.
«Ով քարասիրտ իզուր քեզմով ծանրացնում ես աշխարհը
Ինձ քար տրվիր [դու օգնություն]...
Ասաց, լռեց։ Պայծառ օրը-իսկույն դարձավ մութ գիշեր,
Ամպք գոռացին, շողշողացին օձապտույտ փայլակներ.
Սարսափեցավ Հիթ խաթունը երիվարին մըտրակեց,
Բայց, ա՜խ, իզուր, ամենևին նա իր տեղեն չի շարժվեց,
Ցած իջնել ձիեն ուզեց, ոտքերը կապ մընացին.
Ասպետներին կանչել ուզեց-լեզուն անշարժ էր բերնին.
[Ամբողջ մարմինն անզգա էր, ուժը գնաց ձեռներեն...]: