Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կանգնում եմ մոտիկ,
Հարցնում՝ ո՞նց ես...
Եվ ծառը մեղմիկ
Շրշում է, ապա,
Հայացքով շոյում.
- Քեֆդ լավ լինի...
Քայլում եմ մի քիչ,
Սարերից թաքուն գլուխը հանող
Արեւին նայում,
Ասում եմ՝ բարեւ:
Ու նա ժպտում է.
- Արեւում լինես...
Ես մոտենում եմ
Փողոցով անցնող հրաշք աղջկան,
Որ քայլող երգ է
Ու հուր է վառող.
- Իսկ դո՞ւ ինչ կասես...
Եվ ժպտում է նա որպես պատասխան...
Ուրիշ ի՞նչ է պետք,-
Աշխարհում նորից աշխարհ ես գտնում.
Մի պահ թվում է
Երկիրը սիրո շուրջն է պտտվում...
|
|