բնագիր
Փահրադըն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ
Փահրադըն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ.
Քաշվիլ է վարդըն, մօդ չի թուղնում՝ չարէն էրված իմ.
Բըլբուլըն ասաց՝ վարդիս խաթրի խարէն էրված իմ.
Տասնումէկ ամիս մունջ իմ կացի՝ տարէն էրված իմ:
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:
Չըկայ փաչայի խազինումըն մալ քիզի լայիղ.
Հալա չին գուրձի Քիրմանումըն շալ քիզի լայիղ.
Օսկէ մատնումըդ դուն դըրիլ իս լալ քիզի լայիղ.
Հագիլ իս ատլաս՝ ռանգն է գուլգազ-ալ քիզի լայիղ:
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:
Խօսքիրըդ՝ քաղցըր, լիզուդ՝ շաքար՝ շարթի միջումըն.
Գարունքվան ծա՛ղիկ, բաց իս էլի մարտի միջումըն.
Մազիրըդ ռեհան՝ փաթըթած է վարդի միջումըն.
Կանանչ տերիվէն նամ չըկաթի զարդի միջումըն:
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:
Սայաթ-Նովէն իմ, էնդո՛ւր գուլամ դարդիրըս արբաբ.
Մազիրըդ ռեհան, կլապիտօն է, հուսիրըդ՝ շարբաբ.
Բարակ ղամաթիդ խիստ սազ գուքայ դիբա ու զարբաբ:
.........................................................................................
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:
Էս մուստազաթի ձէնով է, շատ լաւն է, Սայաթ-Նովու ասած (Օհանի ծան.):
|
թարգմանություն
Ֆահրադն մեռած, Շիրինն ասաց՝ ջադուց վառված եմ
Ֆահրադն մեռած, Շիրինն ասաց՝ ջադուց վառված եմ,
Նեղվել է վարդն, մոտ չի թողնում՝ չարից վառված եմ,
Բլբուլն ասաց՝ հանուն վարդիս փշից վառված եմ,
Տասնմեկ ամիս լուռ եմ մնացել՝ տարուց վառված եմ:
Աստված կսիրես. զար մի՛ հագիր, զարից վառված եմ,
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ:
Արքայական գանձարանում չկա գանձ քեզի վայել,
Դեռ չեն գործել Քիրմանի մեջ շալ, քեզի վայել,
Ոսկե մատիդ դրել ես լալ, քեզի վայել,
Հագել ես ատլաս, գույնը՝ բոսոր-ալ քեզի վայել:
Ատված կսիրես, զար մի՛ հագի, զարից վառված եմ,
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ:
Խոսքերդ՝ քաղցր, լեզուդ՝ շաքար՝ դրած մեղրի մեջ,
Գարունքվա ծա՛ղիկ, բաց ես եղել մարտ ամսվա մեջ,
Մազերդ ռեհան՝ փաթաթված են վարդի թփի մեջ,
Կանաչ տերևից շաղ չկաթի իր վարսանդի մեջ:
Աստված կսիրես, զար մի՛ հագի, զարից վառված եմ,
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ:
Սայաթ-Նովեն եմ, ո՛ւստի լաց կըլնեմ՝ վշտերս դարս-դարս,
Մազերդ ռեհան շողշողուն թելով, հյուսերդ՝ մետաքս,
Բարակ կազմվածքիդ խիստ սազ է գալիս դիպակ ու կերպաս
(Քո խենթ աշուղին է՛դ նազ ու խաղով արիր մասնեմաս)[1]
Աստված կսիրես, զար մի՛ հագիր, զարից վառված եմ,
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ:
|