Jump to content

Աչք ու ունքըդ վիր իս թուղի, հուքմըդ մէ ռուս ցարի բաբաթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աչք ու ունքըդ վիր իս թուղի, հուքմըդ մէ ռուս ցարի բաբաթ
բնագիր
Աչք ու ունքըդ վիր իս թուղի

Աչք ու ունքըդ վիր իս թուղի, հուքմըդ մէ ռուս ցարի բաբաթ.
Աջաբ քիզ ի՞նչ գէթ իմ արի. խօսում իս դուն չարի բաբաթ.
Ով քիզի խայան մըտիկ տայ, սիրտըն դառնայ քարի բաբաթ.
Թէգուզ պա՛հէ, թէգուզ սպա՛նէ դըռանըդ նօքարի բաբաթ:

Դըռանըդ նօքար չիս պահի, թագաւուր իս՝ ղուլ սըպանող.
Խօսքըս առակով իմա՛ցի, Լուսնի ա՛ստղ՝ փուզուլ սըպանող.
Բացվիլ իս բաղի միջումըն, կա՛րմիր վարդ՝ բըլբուլ սըպանող.
Կըտրի՛լ տու, քանի կըտրում է քու թուրըն՝ սարդարի բաբաթ:

Եա՛ր, ինձ մէ ճանփայ կանգնե՛ցու՝ կէնամ խաթըրջամի նըման.
Գիշիր ու ցերեկ լալիս իմ, աչքիրըս է նամի նըման.
Թուղ դըռանըդ նընգած ըլիմ օտար բարեկամի նըման.
Անգալին Ա՛ստուաձ սըպանէ, Փահրադ-Շիրնի ղարի բաբաթ:

Գարնան շընչի ծաղկի նըման կարմիր վարդըն բաց է ըլում.
Ի՞նչ օգուտ է քու բաղմընչուն, վուր բըլբուլըն լաց է ըլում.
Պըռօշէմէդ միղր է կաթում, թուղնիս՝ եախէդ թաց է ըլում.
Էնդու համա քաղցր իս խօսում. լիզուդ է շաքարի բաբաթ:

Մարդ իր խօսքով կու ճանանչվի, գ՚ուզէ շահի վէզիր շինին.
Բէդասլըն ասըլ չի դառնայ, թէգուզ վէքիլ, նազիր շինին.
Թէ կամենաս, ամենան տիղ քու ասածըն հազիր շինին,
Սա՛յաթ-Նովա, խօսքըդ ա՛սա բէլլու քամանդարի բաբաթ:

թարգմանություն
Աչք ու ունքդ խոժոռել ես

Աչք ու ունքդ խոժոռել ես, փառքդ մի ռուս ցարի նման,
Քո դեմ ես ի՞նչ մեղք եմ գործել, խոսում ես դու չարի նման,
Ով որ քեզ խեթ աչքով նայի, սիրտը դառնա քարի նման,
Թեկուզ պահի՛ր, թեկուզ սպանի՛ր դռանդ նոքարի նման:

Դռանդ նոքար չես պահի, թագավոր ես՝ ստրուկ սպանող,
Խոսքս առա՛կով իմացիր, Լուսնաստղ ես՝ մշուշ սպանող,
Բացվել ես դու պարտեզի մեջ, կա՛րմիր վարդ՝ բլբուլ սպանող,
Կտրե՛լ տուր, քանի կտրում է քո թուրը՝ սարդարի[1] նման:

Յա՜ր, ինձ մի ճամփի կանգնեցրու՝ զգամ ապահովի նման,
Գիշեր ու ցերեկ լալիս եմ, աչքերս են նամի նման,
Թող դռանդ ընկած լինեմ օտար բարեկամի նման,
Ա՛ստված սպանի բանսարկուին, Ֆահրադ-Շիրնի ղարի[2] նման:

Գարնանաշունչ ծաղկի նման կարմիր վարդը բաց է լինում,
Ի՞նչ օգուտ քո այգեպանին, թե բլբուլը լաց է լինում.
Շուրթերիցդ մեղր է կաթում, թողնես՝ կուրծքդ թաց է լինում.
Էդ պատճառով քաղցր ես խոսում. լեզուդ է շաքարի նման:

Մարդ իր խոսքով կճանաչվի, թեկուզ շահի վեզիր կարգեն,
Անազնիվն ազնիվ չի դառնա, թեկուզ դեսպան, նազիր կարգեն,
Թե ուզում ես, որ ամենուր քո ասածները միշտ հարգեն,
Սա՛յաթ-Նովա, խոսքդ ասա ճարտար նետաձիգի նման:


  1. սարդար — զորապետ
  2. ղարի — վհուկ կին «Ֆահրադ եւ Շիրին» սիրավեպում