Jump to content

Փիղն ու չստիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


Փիղն ու չստիկը


Փի՛ղն հսկա մի կենդանի,
Չո՛րս ուղտի չափ հե՛շտ կլինի,
Ի՛նքն զգայուն
Ե՛վ իմաստուն,
Վրան կառնե մի ամբողջ տուն
Թե ինչպե՞ս է տեսքովն էլ նա,
Պատկերի՛ մեջ լա՛վ կերևա,—
Գլուխը հաստ մի ծառաբուն,
Քի՛թը երկար յո՛թը կանգուն,
Մյուս կողմերն էլ սրանց նման
Կո՛շտ ու կոպիտ, հսկայական:

Այսպես մի փիղ ժամանակով
Ա՛նց էր կենում՝ մե՛ծ քաղաքով,
Հե՛նց որ տեսան այդ կենդանին,
Ե՛զն, ու գոմեշ, ձի՛ն ու ջորին,
Ո՛ւղտն ու ե՛զը, շո՛ւնն ու կատո՛ւն,
Սարսատելով՝ փախան իսկույն.
Չվախեցավ միայն մի շուն,
Կամ՝ ճիշտն ասած՝ փոքրիկ շնիկ.
Փոքրիկ շնիկ,
Բայց շատ .ճպրպիկ,
Պստիկ—
Չստիկ…
Չստիկն աղմուկ բարձրացրեց
Եվ հաչելով հասկացրեց
Մե՛ծ շներին,
Բողարներին,
Թե՝ փախչելը ամոթ բան է,
Փիղն ի՞նչ է, որ մեզ սպանե։
Այս ասելով՝ վրա վազեց,
Փղի ոպքից մի պինդ կծեց։
Փիղն այդ զգաց,
Բայց լուռ մնաց։
Երբ Չստիկը մեկ էլ խածեց,
Փիղը արագ պտույտ գործեց,
Որ շնիկին բռնե շուտով,
Կամ մի զարկ տա երկայն քթով։
Չստիկ շնիկն այդ հասկացավ,
Ճարպկությամբ մի կողմ անցավ.
Կրկին աղմուկ բարձրացրեց,
Մեծ շներին խրախուսեց։
Հավաքվեցին մեծ շները,
Զանգին, Զրանգին և մյուսները,
Հարայ-հրոց բարձրացրին
Եվ բլրաչափ զոփի փղին
Վախեցրին
Ու փախցրին:

♦♦♦

Ճշմարիտ է, մեր Չստիկին
Հին ժամանակ տնազ արին,
Մեղադրեցին
Ու ասացին,
Թե ինչպե՞ս է հանդգնացել
Ու մեծ փղի վրա հաչել:
Բայց երբ խելքով հասունացան,
Գլխի ընկան
Ու իմացան,
Որ մեծե՛րն են լինում վախկոտ,
Իսկ փոքրե՛րը՝ քաջ ու սրտոտ,
Թե ա՛յս բանը բնակա՛ն է,
Իսկ պատճառը պատմակա՛ն է:

♦♦♦

Բայց դուք, փոքրեր, երբ մեծանաք,
Ո՛չ մի բանից չվախենաք,
Թո՛ղ չինի փիղ, արջ ու վարազ,
Գայլ ու առյուծ, վագր ու հովազ,
Հարձակվեցեք անահ սրտով,
Եվ անխռով՝
Թե՛ միայնակ
Եվ թե՛ խմբով...