Jump to content

Փողե՜րս, փողե՜րս…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փողե՜րս, փողե՜րս…
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք երկրորդ, Երևան, 2019, էջ 193-194։

Արդեն քանի օր է՝ հանգիստս կորել է։ Ի՞նչ մարդիկ են, չեն գնում իրենց փողը ստանան, որ ես էլ տեսնեմ՝ ինչ եմ անում։ Ճանապարհին էլ, ամեն անգամ, որ պատահում եմ, մի կերպ զսպում եմ ինձ, որ հանկարծ չհարցնեմ այդ մասին, բայց դե, մեկ է, էսպես երկար շարունակվել չի կարող։

Չէ, էլ համբերել չկա, ահա, գալիս է.

— Հը, հորոխպեր, էդ էլի անտառ ես գնում, հա՞։ Այ մարդ, էդ անտեր անտառում ծառ չես թողնելո՞ւ, մի քիչ հանգստացիր, էլի։

— Է՜, ի՞նչ հանգստանամ, մե՛ր տղա։

— Մի օր տանը նստիր, կամ էլ՝ հենց շրջկենտրոն գնա, էն փողերը չեն տալի՞ս, գնաս ստանաս։

— Տալիս են, է՜, բայց դե, դրա համար վեր կենամ շրջկենտրոն գնա՞մ, աղջիկս կստանա-կուղարկի, է՛լի։

— Հա՜...

Լավ... Ճարս՝ ի՞նչ։ Էլի ստիպված պիտի սպասեմ։ Քունս էլ չի տանում էդ անտեր մտքից։ Գիշերները ո՞նց կլուսացնեմ։

Հը՜մ։ Երկրորդ օրն էլ անցկացրի, կրկին երեկոյանում է, ցերեկներն էլի որոշ չափով հեշտ եմ տանում, գիշերը շատ է դժվար։

Հը՞, էս ոնց որ մեր հորոխպերը լինի չէ՞, էս ո՞ւմ կովն է առաջն արած բերում։ Բա իրենցը գոմեշ չի՞։ Ոնց որ փողն արդեն ստացել ու առոք-փառոք ծախսում են, ես էլ՝ ուղտի ականջում քնա՞ծ։ Լավ չի, լավ չի։ Անցնեմ դռան ետևը, ինձ չնկատի։ Վաղն ևեթ գործի կանցնեմ։

Հենց լուսանում է թե չէ՝ իսկույն բակում եմ։ Ախպեր, ինչ սովորություն է, հա՛։ Դե մեր տունը ճանապարհի վրա է, եկող-գնացողներն էլ՝ աչքիս առաջ։

Հա՜, հորոխպոր կինը գալիս է, մոտենամ։

— Հորոխպորկի՞ն, առավոտ-առավոտ էդ ո՞ւր ես վազում տհենց, չլինի՞ հորոխպերս հիվանդացել ա։

— Հորոխպերդ լավ է, հրեն՝ «հանդի» բոստանում աշխատում է։ Հիվանդը ես եմ, բուժկետ եմ գնում, տեսնեմ՝ բուժքույր Սոնյան դեղից-բանից կունենա՞, գուցե օգնի։

Հա՜... Գործերս ոնց որ աջ են գնում։ Տանը մարդ չկա։ Կինը գյուղամեջ գնաց, մինչև ետ կգա՝ առնվազն մեկ ժամ կքաշի, ամուսինն էլ «հանդի» բոստանում է, երեկոյան տուն կգա երևի։ Գնամ, էլ ինչո՞ւ եմ ուշացնում, բայց դե՝ տուն մտնելիս մարդ-մուրթ չտեսնի՞ հանկարծ։ Էս վերջերս գողերի նկատմամբ աչալրջությունն ուժեղացել է գյուղացիների մոտ։ Չէ, ոնց որ՝ մարդ չկա, մտնեմ բակ, հետո՝ տուն։ Պատուհանով։

Էս ի՞նչ է, դուռը բա՞ց են թողել խելոքները։ Ոնց որ կոմունիզմի օրոք ապրելիս լինեն, կողպեք էլ չեն դնում դռան վրա։ Լավ, սկսեմ մուտքից, անցնեմ բոլոր սենյակներով։ Ամեն ինչ տակնուվրա կանեմ, բայց փողը կճարեմ։ Ժամանակս էլ՝ բոլ-բոլ հերիքում է։ Բայց էս ի՞նչ է, էրկու սենյակն արդեն խառնեցի իրար՝ փող չկա։ Աղջիկն էլ քաղաք է գնացել, լավ է՝ ձեռքի պայուսակը թողել էր՝ մի հինգհազարանոց կար մեջը։ Երկրորդ սենյակում էլ բան չգտա։ Էս մարդիկ մի՞թե փողը լրիվ ծախսել են, բա պարտքերս ինչո՞վ պիտի տամ։ Վա՜խ, պարտքերս, պարտքերս։ Ես էլ հույս եմ պահել, որ պարքերիս գոնե կեսը սրանց փողով կմարեմ։

Ուրեմն իզո՞ւր էսքան չարչարվեցի, էսքան ապրանքը դես ու դեն ցրեցի, գոնե չարչարանքիս վարձը ստանայի։ Թե չէ՝ հինգ հազա՜ր դրամ։ Ի՞նչ փող է դա։ Էդքան փողով ո՞վ էսքան գործը կաներ։ Բա ես էլ մարդ եմ, չէ՞։ Բա գոնե էսօրվա իմ չարչարանքը չվարձահատուցվի՞։ Բա՞։ Հիմա ամեն ինչ հաշիվ-հաշվարկով է, չէ՞...

«Պըլը-Պուղի», թիվ 8, 2000 թ., էջ 3