Jump to content

Փոստայի հարակցության կարևորությունը Ռուսաստանի և Պարսկաստանի մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փոստայի հարակցության կարևորությունը Ռուսաստանի և Պարսկաստանի մեջ

ՓՈՍՏԱՅԻ ՀԱՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՄԵՋ

Ամեն մի սահմանակից պետությունների մեջ փոստայի հարակցությունը է այն դյուրացուցիչ միջոցներեն մինը, որ հեշտացնում է առևտրական հարաբերությունները և մեծ զարկ է տալիս վաճառականության:

Կես դար հազիվ է անցել, որ Պարսկաստանը բացեց յուր շրջափակ չինեական պարսպները արտասահմանցիների դեմ և եվրոպացիք սկսան այնտեղ համարձակ և ապահով մուտք ունենալ: Այդ հարաբերությունը շատ փոքր ժամանակում այնպես արագ կերպով ընդարձակվեցավ, մինչ եվրոպական մեծամեծ պետությունները ունեցան Պարսկաստանի ամեն մի նշանավոր առևտրական քաղաքներում յուրյանց կոնսուլները և Թեհրանում` յուրյանց դեսպանները: Թաբրիզի, Ռեշտի և Թեհրանի մեջ հիմնվեցան մեծամեծ առևտրական տներ, և Եվրոպան սկսավ դուրս քարշել Պարսկաստանի հում բերքերը, և փոխադարձաբար յուր գործարանների արվեստագործությունը պարսից շռայլ գործածությանը նյութ դարձնել:

Չնայելով վաճառականության այդպիսի հսկայական քայլերին, նա յուր ընթացքի մեջ մեծ դժվարություններ է կրում և շատ արգելքների է հանդիպում դրամի փոխադրության և նամակների երթևեկության մեջ:

Ահա պատճառները. —

Պարսից կառավարությունը ինքը փոստայի օրինավոր հիմնարկություն չունի և հետևապես զուրկ է արտասահմանի հետ ուղղակի հաղորդակցություն ունենալուց: Այդ պատճառով մասնավոր անձինք միջնորդական դեր են խաղում: Այսինքն` եվրոպական կոնսուլները, — Ռուսաց, Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի, Տաճկաստանի և այլն, — դոցա ամեն մինը ունեն յուրյանց առանձին սուրհանդակները (չափարներ), որք կատարում են թղթատարի պաշտոն:

Սուրհանդակների մի նշանակված քաղաքից դուրս գնալը կամ վերադառնալը` լինում է անորոշ ժամանակներով, իհարկե, այն ժամանակ միայն, երբ նոքա պետք է տանեին կոնսուլների պաշտոնական թղթերը: Վաճառականները ստիպված են լինում ենթարկվել այդ կամայականություններին և սպասել այնքան, մինչ որևիցե կոնսուլ յուր սուրհանդակը ճանապարհ կ՜դներ, որ նոքա ևս կարողանան յուրյանց նամակներր ուղարկել: Շատ անգամ նոքա այդ սուրհանդակների ձեռքով ուղարկում են յուրյանց արծաթը:

Մի այնպիսի երկիր, որպես Պարսկաստանն է, ուր ավազակությունը մի սովորական բան է, քիչ չէ պատահում, որ սուրհանդակները կողոպտվում են: Այդպիսի դեպքերում վաճառականը կորցնում է ոչ միայն յուր նամակները, այլև զրկվում է յուր արծաթից: Ոչ ոք պատասխանատու չէ լինում նորա կորստին, որովհետև սուրհանդակը մի պաշտոնական կամ պայմանավոր նշանակություն չունի: Պարսից կառավարությունը այդպիսի հանգամանքներում միշտ մնում է անտարբեր, որովհետև նորա և սուրհանդակատիրոջ մեջ որևիցե համերաշխություն տեղի չէ ունեցած:

Փոթի-թիֆլիսյան տրանզիտի ճանապարհը բացվելեն հետո, սուրհանդակների գնացքը` Թաբրիզից Էրզրում և այնտեղից Տրապիզոն` համարյա դադարեցավ: Ասպարեզը մնաց Ռուսաց սուրհանդակին: Այդ վերջինը, օրինակի համար առնենք մինը` Թաբրիզի ռուսաց կոնսուլը: Վաճառականները յուրյանց նամակները կամ արծաթը հանձնում են հյուպատոսարանին, կոնսուլը ճանապարհ է դնում մինչև Ջուլֆայի կարանթինը, այնտեղից հանձնվում ռուսաց փոստային և Պարսկաստան բերվելու նամակները դարձվում է Թաբրիզ: Մինչև անցյալ տարի վաճառականները ստիպված էին ուղարկվելու նամակների ամեն մի լոտ ծանրության համար վճարել երեք կռան (90 կոպեկ), իսկ ստացած նամակի համար մեկ կռան (30 կոպեկ): Իսկ այժմ ստացվում է ուղարկվելու նամակների մի լոտին երեք փանահբաթ (45 կոպ.), իսկ ստացած նամակին` մեկ կռան (30 կոպ.): Իսկ լրագրների ամեն մի նոմերի համար ստացվում է մին փանահբաթ (15 կոպ.) դարձյալ սարսափելի վճարներ:

Մինչև վերջին տարիները ռուսաց կոնսուլները թղթատարության սուրհանդականոցը տալիս էին վարձով մասնավոր անձինքների, որոնք պարտավորվում էին ամեն տարի մի մասնավոր գումար վճարել կոնսուլին, և մնացած օգուտները յուրյանց գրպանն էին դնում: Այժմ բոլորը անցել է կոնսուլի ձեռքը:

Ի նկատի ունելով այն սկիզբը, որ ոչ մի օրինավոր պետության մեջ փոստայի հիմնարկությունը չէ լինում մասնավորների շահավոր նպատակների համար, այլ նա ծառայում է ընդհանուրի օգտին, մեք բոլորովին վնասակար ենք տեսնում մի այդպիսի գործողությունը, երբ վաճառականի թղթերը և արծաթի ապահովությունը կախված կլինի մի սուրհանդակի կամայականությունից: Դորա հետևանքն այն է լինում, որ շատ անգամ (որպես հաճախ պատահել է), վաճառականը զրկվում է յուր փողերից, — բավական է միայն, որ սուրհանդակը ասե, թե կողոպտվեցա:

Այդպիսի դեպքերի առաջն առնելու համար, և վաճառականների թե՛ գրավոր և թե՛ դրամական հաղորդակցություններին դյուրություն տալու համար, խիստ անհրաժեշտ կարևորություն կա փոստայի հարակցության Ռուսաստանի և Պարսկաստանի մեջ:

Ամեն մի պետություն յուր սահմանի մեջ, ինքն յուր կառավարության ներքո ունի փոստայի համակարգություն: Այդ պատճառավ պատասխանատու է լինում կորուստներին, երբ նոքա ապահովված էին: Իսկ Պարսկաստանում, որպես մեր ընթերցողը տեսավ, այդպես չէ: Այնտեղ ոչ միայն կոնսուլները, և ինքը կառավարությունը5, այլ ամեն մի մասնավոր մարդ կարող է յուր հատուկ սուրհանդակը ունենալ:

Ինչո՞ւ չպետք է Պարսկաստանը անե միևնույնը, ինչ որ անում են մյուս տերությունները: Այսինքն արգելե սուրհանդակների նահապետական ձևը, հարթե ճանապարհները, փոստայի երթևեկության հարմարավոր կացուցանե, և Ռուսաստանի հետ հարակցության պայման կապե:

Ռուսաստանը վաղուց է, որ խիստ մոտ հարաբերություններ ունե Պարսկաստանի հետ. այդ հարաբերությունները օրըստօրե ավելի և ավելի ընդարձակ շրջան են ստանում: Փոստայի սերտ հարակցությունը այդ երկու պետությունների մեջ կարող է ավելի ևս ընդարձակել նոցա առևտրական հաղորդակցությունը, որպես սահմանակից և դրացի երկրների, և հետևապես մեծ օգուտ կհասցնե ուղեգնացության և ճանապարհների հաղորդակցության: Փոստաների առիթով հարթած ուղիները կդառնան միևնույն ժամանակ հաճախորդների և ապրանքների փոխադրության ուղիներ: Այն ժամանակ, թե՛ ռուսաց նավագնացությունը և թե՛ Փոթի-թիֆլիսյան երկաթուղին կհասնե յուրյանց նպատակին: