Jump to content

Կ. Պոլսի սր. Պատրիարքի հրաժարումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Կ. ՊՈԼՍԻ ՍՐ. ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ

Ֆրանսիական կրթության վայրիվերո ազդեցությունը հայտնվում է պոլսեցու կյանքի ամեն մի երևույթների մեջ, միայն այն զանազանությամբ, որ այնտեղ ամբոխի կուսակցությունները, նոցա շարժումները, խռովությունները և հեղափոխական ցույցերը մեծ մասամբ լինում են նպատակավոր, ծառայում են ընդհանուրի օգտին և նորա ազատությանը, իսկ Կ. Պոլսում` միայն մի քանի էֆենդի աղաների չար կրքերին:

Այդպիսի հանգամանքներում խառնիճաղանճ ամբոխը, բոլորովին անգիտակցաբար, առանց մի բան հասկանալու` թեքվում է երբեմն այս, երբեմն այն կուսակցության կողմը և շարժվում է նոցա պարագլուխների ձեռքում որպես մի կրավորական մեքենա:

Կ. Պոլսի վերջին պարբերական թերթերը զբաղված էին Սր. Պատրիարքի հրաժարման հարցով: Նախքան խոսելը այդ խնդրի մասին, մի թեթև հայացք ձգեմք Տաճկաստանի հայոց սահմանադրական վարչության կազմակերպության և նորա գործադրության ձևերի վերա: Սահմանադրությունը Կ. Պոլսի մեջ ունի զանազան ժողովներ` խառն, թաղական, կրոնական, քաղաքական և այլն, և ընդհանուր ազգային ժողով: Վերջինը, եթե կարելի է այդպես կոչել, հանդիսանում է որպես բարձր կենտրոնական կայարան, ընդհանուր տաճկաբնակ հայերի գործերին:

Երևակայեցեք, սահմանադրական վարչության գործադրությունը դեռ չէ անցել Բոսֆորից: Գավառները դեռ զուրկ են յուրյանց հատուկ ժողովները ունենալուց. նոցի գործերը` բոլորովին անմշակ և առանց տեղային դատարաններում քննվելու պետք է Կ. Պոլիս գան և այնտեղի ժողովների քննությանը ներկայանան: Արդյոք ի՞նչ փաստերով և ի՞նչ ապացույցներով Կ. Պոլսի ժողովները կարող էին քննել և յուրյանց վճռահատությունը տալ, օրինակի համար, Վանի, Մուշի, Պրուսայի մեջ պատահած մի անցքին: Գործը ձգվում է տարիներով, դատախազների և դատարանի կողմից բացվում են անընդհատ գրագրություններ, մինչև, որպես հաճախ պատահում է, դատախազներն անձամբ ստիպվում են Կ. Պոլիս դիմել և ամիսներով յուրյանց վիճմունքների վճռին սպասել:

Մի այդպիսի վարչության ձևը, ոչ միայն քաղաքակրթված պետություններում անկարելի է գտանել, այլև վայրենի ազգերի մեջ անգամ նորա օրինակը հազվագյուտ է: Որովհետև Կ. Պոլսի Քաղաքական ժողովը երբեք չէ կարող և անկարելի է, որ կարողանա Տաճկաստանի ավելի քան երեք միլիոն հայ ժողովրդի պետքերը հոգալ և նոցա պահանջմանցը լրացուցիչ բավականություն տալ, երբ որ նա, նույնիսկ Կ. Պոլսի մեջ պատահած գործերը քննելու և վճռելու անձեռնահաս է:

Հիշյալ հանգամանքները աչքի առջև ունենալով Սր. Պատրիարքը առաջարկում է քաղաքական ժողովին կազմել երկու մասնաժողովներ, մինը` տեղական գործոց համար, մյուսը` գավառական գործոց համար, որպեսզի նոքա թեթևցնեն տարիներով վեր թափված գործերը:

Այդ պատճառավ Սր. Պատրիարքը ներկայացնում է մի ծրագիր քաղաքական ժողովի քննությանը, որո մեջ բացատրում է նա, թե սահմանադրության արդի օրենքները և նոցա գործադրության ձևերը անհամապատասխան են հայ հասարակության ներկա պիտույքներին, և խնդրում է նորից վերաքննել սահմանադրությունը, լրացնել նորի թերությունքը և ընդհանուր թուրքաբնակ հայերի պահանջմանցը հարմարավոր կացուցանել:

Քաղաքական ժողովը ոչ միայն ուշադրություն չէ դարձնում Սր. Պատրիարքի մի այդպիսի առաջարկության վերա, այլ արժան էլ չէ տեսնում Ընդհանուր ժողովին ներկայացնել: Այստեղից ծագում են երկպառակության պատճառները Սր. Պատրիարքի և Քաղաքական ժողովի մեջ, որ հետզհետե ավելի ծանր հետևանքներին հասնելով, Խրիմյանը ստիպված է լինում թողուլ պատրիարքական աթոռը և յուր հրաժարականը տալ:

«Մասիսի» 1419 համարում կարդալով այդ հրաժարականի գրավոր պատճենը, որ մատուցել է Խրիմյանը երեսփոխանական ժողովին, — մի ցավալի տպավորություն է թողնում ընթերցողի վերա, թե ինչ անպիտան վիճակի մեջ է սահմանադրությունը Կ. Պոլսում, և որպիսի անզարգացած և չարանախանձ անձինքներից բաղկանում է նորա վարչությունը: Օրինակի համար, քաղաքական ժողովի անդամները հայտնում են, թե սահմանադրությունը ամենևին վերաքննության կամ փոփոխության կարոտություն չունի, և համարում են Խրիմյանին հակասահմանադրական, որ պահանջելով դոքա, մեղանչում էր սահմանադրության սրբազնությանը դեմ... Զարմանալի հետադեմ միտք, որ մեր դարում բոլորովին հիվանդոտ ուղեղների ցնորք համարելու է: Մի ժողովուրդ, որ կառավարվում է անփոփոխ օրենքներով, նա կմնա անփոփոխ անշարժության մեջ:

Այդ վեճերը քննելու համար կազմված երեսփոխանական ժողովը բոլորովին իրավացի է համարում Խրիմյանի հրաժարմանը առիթ եղող պատճառները, և նորա բացատրությունքը հարգելով, նորից հրավիրում է պատրիարքական աթոռը ընդունելու: Սրբազան հայրիկը ընդունում է այդ առաջարկությունը:

Վերջացնում ենք մեր խոսքը նորանով, որ Կ. Պոլսի սահմանադրությունը երբեք հասնել չէ կարող յուր նպատակին, քանի որ նա Կ. Պոլսի մեջ է միայն կենտրոնանում, քանի որ չեն աշխատելու նորան հանրային դրության վերածել և բոլոր տաճկաբնակ հայերի համար նրա գործադրությունը կարևոր կացուցանել: