Այն ո՞վ է կանգնած ամբիոնի վրա,
Դողդոջուն ձեռքերն երկինք ամբարձած,
Գըթառատ աչերն լի արտասունքով,
Բազմության ուշքը դեպի նա դարձած, 5
Որին ամենը հայր են անվանում,
Ծանոթ, անծանոթ՝ հավասար հարգում,
Որի լոկ խոսքը օրենք է նոցա,
Սրտի գաղտնիքը նորան են հայտնում։
— Քահանա է նա, քավող մեղքերու, 10
Միջնորդ Աստուծո մարդկան ազգի հետ.
Հովիվ է անխոնջ Քրիստոսի հոտին,
Երկնաձիր գանձին նա է արթուն գետ։
Երբ մենք թաթախված Ադամայ մեղոք
Եկանք այս աշխարհ լըցյալ ցավերով, 15
Ո՞վ սրբեց, մաքրեց մեր հին մեղքերը,
Ո՞վ մեզ սփոփեց յուր սուրբ խոսքերով.
Կամ՝ երբ ժանտախտած, ընկած մահճումը՝
Մըտատանջ, անհույս մահ էինք խնդրում,
Պանդխտի նման ամենից թողած, 20
Ով մեզ առաջին հասավ օգնություն։
Կամ՝ երբ մոլորված գառներու նըման
Կույր վազում էինք դեպի խորխորատ,
Ո՞վ արդյոք այն օր փրկեց մեզ մահից,
Դիվական գըբեն հանեց անարատ։
Կամ՝ երբ մեղսալիր աչքերըս բընավ
Չենք համարձակում երկինք ամբառնալ,
Որի՞ն կանչում ենք միջնորդ հաշտության,
Ումո՞վ հույս ունինք թողություն ստանալ։
Եվ կամ՝ ըզբաղած ունայն գործերով, 30
Մոռացել ենք Աստված, կըրոն, սուրբ հավատ,
Ո՞վ է մեր տեղը մեր մեղաց համար
Արտասուք թափում աչքեն հորդառատ։
— Քահանան է այն և միշտ քահանան,
Մեր միջնորդ, հովիվ քաջ և աղոթիչ, 35
Որբոց հայր, եղբայր աղքատ մուրացկին,
Արտասվաց սրբող, հանցանաց քավիչ։
Ե՛կ պատվենք, եղբա՛րք, այդ սուրբ քահանան,
Սիրե՛նք միշտ նորան մանկական սիրով,
Որ ամբողջ գիշեր յուր որդվոց վերա 40
Պատրաստ է հըսկել անքուն աչքերով։
Նա բոլոր կյանքը զոհեց մեզ համար,
Չուզեց փառք, պատիվ, զբոսանք աշխարհի.
Քանց սուրբ քահանան էլ ո՞վ կարող է
Արդյոք մեզ համար լինել հայր բարի։