Սահեց նավակը:
Եվ ծովից ելնող շամանդաղը նուրբ
Հուլունքներ շարեց վարսերիդ վրա,
Որ արեւն այնտեղ գույներ որոնի:
Ծիլ էին նետում
Վայրկյաններն իմ մեջ: Նավակը խենթ էր
Ու մեր փոխարեն
Տանում էր ասես ծովաչափ այրում. -
Շոգը նեղել էր:
Ալիքների մեջ ծիծաղում էին
բառերը երգիդ,
-Տարեք, քամիներ, ինձ հեռու տարեք,
Տարեք ինձ դեպի երազ ու տարերք…
Եվ ջինջ էր երգը:
Ես զգում էի, որ մեր նավակի
կրծքի տակ երազ
Ու տենչ էր փռված ծովի փոխարեն,
Ես զգում էի, որ քամի չկա…
Ուր է, թող լիներ,
Եվ մեր նավակը
Փոթորիկների միջով կլողար,
Որ այն ափերը, ուր պիտի հասնենք,
Մեր աչքին քիչ էլ, քիչ էլ… քաղցրանան:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ուր են երազի շամանդաղները,
Թող գան, հուլունքներ
Շաղեն ոսկեվարս կարոտիս վրա: