Jump to content

Քանդակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔԱՆԴԱԿ


Ինչ-որ տեղ կյանքում քարհատ է մեզնից յուրաքանչյուրը,
Մեկն իր հավատի ճամփան է բացում քարը հարթելով,
Մեկը մի սրտից քար է վերցնում, վառվում՝ հատնելով,
Մեկն էլ ապրում է՝ նախշն իր ձեռքի քարերին տալով.
Ինչ-որ տեղ կյանքում քարհատ է մեզնից յուրաքանչյուրը։

Ինձ համար լույսի համ ու հոտ ունի քարերի բույրը,
Քարը զոհվածի հուշարձան դառնում, մեզ հետ խոսում է
Եվ մայր է քարը, որ զինվոր որդուն դեռ սպասում է,
Սուրբ Գանձասար է, տաճար է ու վեմ, կոթող ու սյուն է.
Ինչ-որ տեղ կյանքում քարհատ է մեզնից յուրաքանչյուրը։

Ականջ դիր խոսքին... Ոնց է վրխկում այս Քարաղբյուրը,
Մատներով շոյիր ջրերը նրա, կնճիռը հարթիր,
Քարն էլ ուզում է լինել պատի քար եւ ոչ թե՝ սրտի,
Լինել օջախի, զարդի՛ քար լինել, երբեք՝ բախտի.
Ինչ-որ տեղ կյանքում քարհատ է մեզնից յուրաքանչյուրը։

Ապրում են մեր մեջ այս հողն ու քարը, այս հուրն ու ջուրը,
Թե մենք գնանք էլ, մեր անունից են նրանք մնալու,
Մեր ափից առած ջերմությամբ արծիվ դարձած՝ թեւելու,
Մեր պղնձաջիղ ձեռքի հնարքով հարատեւելու.
Ինչ-որ տեղ կյանքում քարհատ է մեզնից յուրաքանչյուրը։