Քառյակներ (Արիս Արսենի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տրիոլետներ ՔԱՌՅԱԿՆԵՐ



Արիս Արսենի

Գազելներ


ԱՉՔԵՐԴ ՏԱՆՈՒՄ ԵՆ...[խմբագրել]

Աչքերդ տանում են՝ չգիտեմ՝ թե ուր,
Գլխիկոր գնում եմ՝ չգիտեմ՝ թե ուր,
Անդա՞րձ է իմ ուղին, անհո՞ւյս է,տխո՞ւր,
Կհասնե՞մ, գնում եմ՝ չգիտեմ՝ թե ուր։

08.07.2020, Ստեփանակերտ

ԱՍԱ՜, ԻՆՉՈ՞Ւ...[խմբագրել]

Ասա՜, ինչո՞ւ քեզ սիրեցի երազներով անսպառ,
Ես քեզ կյա՜նքս նվիրեցի ու ապրեցի քեզ համար,
Բայց անհաղորդ մնացիր դու սրտիս անհուն վշտերին,
Ես` անսահման սիրով լեցուն, ես` մշտապես քո գերին:

1977, Դիլիջան

ԱՍԱ՜, Ո՞ՒՐ...[խմբագրել]

Ասա՜, ո՞ւր,
Ո՞ւր գնացիր, ասա՜, ո՞ւր,
Ծիծաղելով հեռացել,
Ինձ թողել ես դու տխուր...

1977, Դիլիջան


ԱՍՈՒՄ ԵՆ...[խմբագրել]

Ասում են՝ Անո՛ւշն ես դու,
Չգիտեմ՝ Անո՞ւշն ես դու,
Քանի դեռ չեն համտեսել՝
Ի՞նչ գիտեն՝ անո՜ւշն ես դու:

ԱՐԻ ՍԻՐԵ՜ՆՔ...[խմբագրել]

Արի սիրե՛նք մենք մեկմեկու,
Որ մեր մեկը դառնա երկու,
Հետո՝ երեք, չորս, հինգ, վեց, յոթ...
Ու... սարսափի մահն ահարկու։

2008

ԴՐՍՈՒՄ՝ ԱՐԵՎ ԿԻԶԻՉ...[խմբագրել]

Դրսում՝ արև կիզիչ,
Ներսում՝ հով է մի քիչ,
Ամառն է մեզ այրում,
Սակայն` ոչի՜նչ, ոչի՜նչ...

14.08.2019, Ստեփանակերտ

ԴՈՒ ԱՏԵԼՈՎ ԱՏՈՒՄ ԵՍ...[խմբագրել]

Դու ատելով ատում ես ի՜նձ,
Ես` սիրելով սիրում եմ քե՜զ,
Թախծում եմ միշտ քո կարոտից
Սիրտս դառն է ու վշտակեզ...

1977, Դիլիջան

ԴՈՒ ՄԻՇՏ ԳՈՂՈՒՆԻ...[խմբագրել]

Դու միշտ գողունի դեպ ինձ ես նայում,
Նայվածքով քո նուրբ` սիրտս հմայում,
Բայց ես ինչո՞ւ եմ անտարբեր այսպես`
Նայում եմ տխուր ու լուռ հեռանում:

1977, Դիլիջան

ԴՈՒ ՄՆԱ՜...[խմբագրել]

Դու մնա՜,
Անվերջ ուրա՜խ դու մնա,
Երազներով, տխրությամբ
Ես գնում եմ, դու մնա՜:

1977, Դիլիջան

ԴՈՒ ՆԱՅԵՑԻՐ...[խմբագրել]

Դու նայեցիր աչքերիս մեջ, ու՝ անցար,
Ցավ, տխրություն՝ աչքերիս մեջ, ու՝ անցար,
Հուզում, թախիծ, տանջանք, զղջում, ու՝ անցար,
Լուռ էր կարո՛տն աչքերիս մեջ ու... անցա՛ր...

1977, Դիլիջան

ԵԹԵ ՉԱՍԵՄ...[խմբագրել]
Եթե չասեմ`
Խոց կլինի...
Պ.ՍԵՎԱԿ

Եթե չասեմ` չես իմանա,
Եթե ասեմ` չես դիմանա,
Մտածում եմ այսպես անվերջ,
Ասե՞մ, չասե՞մ` ո՞վ կիմանա...

14.01.2024 թ. (ժ. 1:11)
Երևան, Շենգավիթ


ԵՐԿԱ՜Ր ՆԱՅԵՑԻ...[խմբագրել]

Ես քո ետևից երկա՜ր նայեցի,
Բայց դու, դու ինչո՞ւ ետ չնայեցիր,
Անցար, հեռացար` հպարտ, ծիծաղով,
Իսկ ե՞ս... ինչո՞ւ ինձ վհատ թողեցիր:

1977, Դիլիջան


ԷԼ ՄԻ՜ ՏԵՆՉԱ...[խմբագրել]

-Էլ մի՜ տենչա ինձ,- ասում ես,- մոռացի՜ր,
Դու իմ սրտին արդեն խո՜րթ ես, հեռացի՜ր...
-Ո՞նց չտենչամ ախր ես քեզ, ի՜մ անգին,
Ախր սրտիս մեջ լոկ դո՜ւ ես, իմացի՜ր...

1977, Դիլիջան


Ի՞ՆՉ ԱՆԵՄ...[խմբագրել]

Ի՞նչ անեմ,
Ծո՜վ է սիրտս, ի՞նչ անեմ,
Ծովածավալ մի սիրո
Սո՜վ է սիրտս, ի՞նչ անեմ...

1977, Դիլիջան


ԻՐԱՐ ՀԱՄԱՐ...[խմբագրել]

Իրար համար տենչանք էինք,
Իրար համար երազ էինք,
Երկու աստղ՝ մի երկնքում,
Ու միշտ իրար... անհաս էինք:

1977, Դիլիջան


ՆԱ ԵՐԱԶ ԷՐ...[խմբագրել]

Նա երազ էր և երազի պես անցավ,
Չէի ուզում, բայց թողեց ու հեռացավ,
Մոռացության բավիղներում չքացավ,
Գնաց` հոգու խորքում պահած հազար ցավ:

1977, Դիլիջան


ՇԱ՜Տ ՄԱՆ ԱՐԻ...[խմբագրել]

Շա՜տ ման արի ու ինձ տես,
Միշտ մտածիր քեզ ու քեզ,
Որ դու իմն ես, ես` քոնը,
Որ սիրում եմ միայն քե՜զ:

1977, Դիլիջան


ՇԻԿԱՆՈՒՄ-ՄԱՐՈՒՄ ԵՆ...[խմբագրել]

Շիկանում-մարո՜ւմ են երգերս,
Ու հանդարտ մխո՜ւմ են վերքերս,
Թեկուզև գարուն է իմ սրտում,
Բայց էլի թոշնո՜ւմ են վարդերս:

1977, Դիլիջան


Ո՞Վ ԱՍԱՑ...[խմբագրել]

Ո՞վ ասաց` սերը չկա,
Ո՞ւր մնաց, ասե՜ք, սիրելը,
Իմ կորսված սերը վկա`
Աշխարհում սուրբ է սերը...

1977, Դիլիջան


ՍԱ ՀՈՒԼԻ՞Ս Է...[խմբագրել]

Սա հուլի՞ս է, թե՞ հոկտեմբեր-նոյեմբեր է,
Ամպ ու զամպ է՝ անձրևաբեր-ձյունաբեր է,
Իսկ մենք մի շոգ օգոստոսի հույս ունեինք,
Ախր աշունն ինչո՞ւ այսքան անհամբեր է:

18.07.2015, Գորիս


ՎԵՐՋԱՑԱ՞Վ...[խմբագրել]

Վերջացա՞վ...
Մի՞թե սերը վերջացավ,
Գուցե խաբկա՞նք էր սերդ,
Որ մարեց ու... երազ դարձավ...

1977, Դիլիջան


ՏԽՈ՜ՒՐ ԵՄ ՄԻՇՏ ԷԼ...[խմբագրել]

Տխո՜ւր եմ միշտ էլ անջատման օրից,
Ոչ-ոք չի կանչում ինձ սիրո ձորից,
Այնքա՜ն եմ թախծել քո սիրո համար,
Որ չեմ հավատում, թե կգաս նորից:

1977, Կոճողոտ


ՔՆՔՇԱԳԻՆ ԱՍՏՂԻԿԻՆ...[խմբագրել]

Քնքշագին Աստղիկին,
Դեռ՝ ո՛չ կին Աստղիկին,
Կուզեի տեսնել կի՜ն,
Աստղիկին՝ աստղի՛ կին: