Արիս Արսենիի տրիոլետներ
Արիս Արսենի |
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ՝ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ[խմբագրել]
1
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային,
Պարետը <<գիտե՞>> այդ մասին,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է։
Քաղա՛ք իմ, քո օդը մաքուր
Տասը րոպեով <<շատ>> շնչեցի,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային։
2
Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում,
Կրծում է հոգիս ու խոցում,
Հիմա՛ր է հիմա գիշերը։
Կրծում են մարմինս ու անցնում,
Խոցո՛ւմ են հոգիս հուշերը,
Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում։
1991, Ստեփանակերտ
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ ՎԵՆԵՐԱ ԱՂԱՍՅԱՆԻՆ[խմբագրել]
Իրար համար տենչանք էինք, Իրար համար` երազ, Երկու աստղ մի երկնքում Ու միշտ իրար... անհաս:
Դու ինձ համար երա՜զ էիր,
Տենչա՜նք էիր դու ինձ համար,
Թախի՜ծ էիր, կարո՜տ համառ,
Դու ինձ համար երա՜զ էիր:
Մի աստղ ու մի երկնակամար,
Բայց ինձ` դու միշտ...անհա՜ս էիր,
Դու ինձ համար երա՜զ էիր,
Տենչա՜նք էիր դու ինձ համար...
1977, Դիլիջան
Ո՞վ ասաց` սերը չկա, Ո՞ւր մնաց, ասե՜ք, սիրելը, Իմ կորսված սերը վկա` Աշխարհում սուրբ է սերը...
Դու միշտ էլ եղել ես իմ հոգում,
Ես երբեք չե՜մ ապրել առանց քեզ,
Իմ մասին դու, արդյո՞ք, թախծել ես,
Դու միշտ էլ եղել ես իմ հոգում:
Իզո՞ւր են տանջա՜նքս, սե՜րս, ե՜ս,
Թե՞ մի քիչ սիրե՜լ ես ինձ կյանքում,
Դու միշտ էլ եղե՜լ ես իմ հոգում,
Ես երբեք չե՜մ ապրել առանց քեզ:
1977, Դիլիջան
Աչքե՜ր, մի՜ նայեք անցնող զույգերին, Ձեր երազ-սերը սպառա՜ծ աչքեր...
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես`
Մերթ տուժում է մեզ, մերթ էլ` հմայում,
Ընթանար այնպես, ոնց դո՞ւ ես քայլում,
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես:
Անցնող զույգերին ինչո՞ւ ես նայում,
Երբ քո սերն արդեն դու սպառել ես,
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես`
Մերթ տուժում է մեզ, մերթ էլ... հմայում:
1977, Դիլիջան
Դու միշտ գողունի դեպ ինձ ես նայում, Նայվածքով քո նուրբ` սիրտս հմայում, Բայց ես ինչո՞ւ եմ անտարբեր այսպես` Նայում եմ տխուր ու լուռ հեռանում:
Դու ինձ ես նայում անվերջ գողունի,
Ես զգում եմ դա իմ ամեն քայլում,
Այս ի՞նչ է, արդյոք, ինձ հետ կատարվում,
Դու ինձ ես նայում անվերջ, գողունի:
Սակայն քո մոտով միշտ լուռ եմ անցնում,
Կարծես մեր մեջ էլ ոչինչ չի լինի,
Դու ինձ ես նայում անվերջ գողունի,
Ես զգում եմ դա իմ ամեն քայլում:
1977, Դիլիջան
Ասա՜, ինչո՞ւ քեզ սիրեցի երազներով անսպառ, Ես քեզ կյա՜նքս նվիրեցի ու ապրեցի քեզ համար, Բայց անհաղորդ մնացիր դու սրտիս անհուն վշտերին, Ես` անսահման սիրով լեցուն, ես` մշտապես քո գերին:
Դու ասում ես` զո՞ւր սիրեցի, երազներով անսպառ
Նվիրեցի քեզ իմ սերը ու քեզ համար ապրեցի,
Դրա՞ համար սեր-երազիս դու անհաղորդ մնացիր,
Դու ասում ես` զո՜ւր սիրեցիր, երազներով անսպառ:
Ինչո՞ւ թողիր դու ինձ շվար և ուրիշի սիրեցիր,
Մի՞թե, մի՞թե ուրիշ գրկում շոյանքներս մոռացար,
Դու ասում ես` զո՞ւր սիրեցի, երազներով անսպառ
Նվիրեցի քեզ իմ սերը ու քեզ համար ապրեցի:
1977, Դիլիջան
Դու նայեցիր աչքերիս մեջ ու անցար, Աչքերիս մեջ ցավ, տխրություն դու տեսար, Անհուն թախիծ, տանջանք-զղջում դու տեսար, Կարո՜տ տեսար աչքերիս մեջ ու... անցա՜ր...
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ,
Դու նայեցիր ու լո՜ւռ անցար,
Աչքերիդ մեջ տանջանք ու ցավ`
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ:
Աչքերիս մեջ` ցավ, տխրություն,
Զղջում, թախիծ` աչքերիդ մեջ`
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ,
Դու նայեցիր ու լո՜ւռ անցար...
1977, Դիլիջան
Դու ատելով ատում ես ի՜նձ, Ես` սիրելով սիրում քե՜զ, Եվ թախծում է քո կարոտից Սիրտս` դառն ու վշտակեզ...
Դու ատելով ատո՞ւմ ես ինձ,
Ես սիրելով սիրում եմ քե՜զ,
Սիրտս դառն է ու վշտակեզ`
Դու ատելով ատո՜ւմ ես ինձ:
Ի՞նչ անեմ ես, ես ի՞նչ անեմ,
Ա՜խ, չգիտեմ ինչպես վարվել,
Դու ատելով ատո՜ւմ ես ինձ,
Ես` սիրելով սիրում եմ... քե՜զ:
1977, Դիլիջան