Jump to content

Քառյակներ (Խաղանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Քառյակներ (Խաքանի)ից)
Քառյակներ
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 284
ծ. ― էջ 607

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

ՔԱՌՅԱԿՆԵՐ


1

Անցա՝ քարը սըրտիս վրա՝ ջըրի պես.
Մենակ տատասկ ու փուշ տարա՝ ջըրի պես.
Իմ աշխարհքում հանգիստ չառա՝ ջըրի պես,
Ու գընացի, ետ չըդառա՝ ջրրի պես։

2

Ծուխըդ կելնի պատուհանից երբևէ.
Հավքըդ կերթա իրեն բընից երբևէ.
Թեկուզ մի դար ապրես սըրտով մըտերմիդ,
Չարի սըրտով կելնես տանից երբևէ։

3

Ասում են՝ թե հազար տարին՝ մի անգամ
Մի փըրկիչ է աշխարհ գալիս,— մի պատգամ.
Մին, երբ եկավ, ծընված չէինք մենք մորից,
Մին էլ, երբ գա, մեռած կըլնենք ցավերից։

4

Ե՛կ, Խաքանի, ու հեռացիր էս չարության զընդանից,
Շեն ու շենսիրտ, անցի՜ր, գնա ցավ ու հոգսի էս տանից.
Կյանք ես առել երկընքիցը, դա շըղթա է դառել քեզ,
Ետ տուր իրեն տրված կյանքը, թըռիր ազատ ամենից։

5

Նա որ գընաց՝ սիրտս էլ գընաց ու ետ չեկավ իր մոտից,
Աչքըս ճամփին ու ականջըս միշտ դըռանն է կարոտից.
Աչքս է դառնում մին ականջիս, թե լուր չունե՞ս էն օրից,
Մին ականջս է դիմում աչքիս, թե չե՞ս տեսել դու նորից...

6

Հոգուդ հավքը հանկարծ թըռավ՝ ի՞նչ ես դու.
Ճամփիդ կիսում ձիդ որ կորավ՝ ի՞նչ ես դու.
Եթե մարդ ես— կյանքը փոխ է տըված քեզ,
Փոխ տըվողը որ ետ տարավ՝ ի՞նչ ես դու։