Jump to content

Քարը (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔԱՐԸ

Ժպիտդ թռավ ու կանգնեց քարին՝
քարի մեջ ինչ-որ շարժում սկսվեց,
եւ քարը արդեն
                դիմադրու՜մ է
լռությանը իր։
Դու միշտ անցնում ես այդ քարի մոտով,
ու քարը այնպես խորն է նայում քեզ,
ու քարը այնպես խորն է զգում քեզ...
Մի լավ աղջիկ կա
քո կարոտի մեջ,
որ քեզնից արդեն ոչինչ չի սպասում։
Խորհում ես՝ սերը ոնց բառավորել։
Բայց այն խոսքերը,
մաքուր խոսքերը,
որ քո մեջ նրա սերն է արարել,
իրավունք չունես քեզ մոտ պահելու,
վերադարձրու՛...
Թող քո խոհերը բառերը կրկնեն,
անձրեւը ամպին ո՞նց է կրկնում,
թող լռությանը բառերը կրկնեն,
շյուղը հովերին ո՞նց է կրկնում։
Սակայն ես գիտեմ,
քարն էլ գիտե՝
նրա խոսքերը չես վերադարձնի,
քո արյան վազքը
հանգուցվում է միշտ չասված բառերում.
-Թե խոսքը պիտի խոստովանի մեզ,
ասենք՝ սիրում ենք,
ավելի լա՞վ չէ՝ ժպտալ, հեռանալ։
Եվ հնարավոր ելքը չես գտնում,
հարցերը քո մեջ ջղաձգվում են,
դառնում են մի ճիչ,
                դառնում են քարն այն,
որի հայացքը հետեւում է քեզ
ու հարմար պահին
թիկունքդ խրվում... հեգնանքի նման։