Jump to content

Քնած արքայադուստրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քնած արքայադուստրը

(Փոխադր. Վ. Ժուկովսկու հեքիաթից)

Անցած բան է և շատ էլ հին, —
Թագավորն ու իր թագուհին
Ապրում էին հաշտ ու սիրով,
Բայց խնդացել չէին որդով:
Մի օր դաշտում, առվի ափին,
Որդու կարոտ էն թագուհին
Դառը-դառը լաց էր լինում,
Արցունք թափում, որդի ուզում:
Մին էլ, ըհը, մի խեցգետին
Երևում է առվի ափին
Ու ասում է. — «Իմ թագուհի,
Խղճում եմ քեզ, դու մի տխրի,
Կըգա օրը էն ցանկալի,
Քեզ մի չքնաղ աղջիկ կըլնի»:
— Գոհ եմ, գոհ եմ ես խեցգետնից.
Դու խոսում ես հենց իմ սրտից:
Բայց խեցգետինն արդեն ջրում
Մեր թագուհուն էլ չէր լսում:
Մարգարե էր էն կենդանին,
Ասածն եղավ ժամանակին.
Աղջիկ եղավ մեր թագուհուն,
Էնպես թութուշ, էնպես սիրուն,
Որ չուտեիր, չըխմեիր,
Միայն նրան հ՜ա նայեիր,
Ահա բարի հայրիկ արքան
Քեֆ է սարքում ճոխ ու փարթամ.
Կախարդ կանանց տասնըմեկին
Նա կանչում է էն խնջույքին,
Նա խառնում է իր հաշիվը,
Տասներկուս էր կանանց թիվը:
Վերջին մեկը, կաղ ու պառավ,
Որ չկանչվեց, սրտին առավ:
Պատճառ ուներ չըկանչելը,
Որ չըկտրենք խոսքի թելը՝
Պետք է ասենք, հայրիկ արքան
Տասներկու հատ ուներ աման,
Դեղին ոսկուց, իրար նման:
Ճաշն եփելիս ընկան իրար,
Ամաններից մեկը չկար:
Ո՞վ էր տարել էն ամանը,
Գաղտնիք մնաց մեզ էդ բանը:
— Է, ի՞նչ անեմ, — ասավ արքան,
Էլ չըկանչեց կախարդ կնկան:
Ու հյուրերը հավաքվեցին,
Նստան, կերան ու խմեցին,
Ճոխ սեղանից գոհանալով,
Հայր արքային գլուխ տալով,
Հանդիսավոր կերպով նրանք
Նորամանկան տվին օրհնանք.
— Ոսկի լինի հագիդ զգեստ,
Լինիս չքնաղ, լինիս համեստ,
Ուրախություն քեզ անպակաս,
Ամեն աչքի քաղցր թվաս.
Այն փեսացուն, որ կտան քեզ,
Լինի առողջ, սիրունատես,
Ամեն ծանոթ ու ազգական
Քո գլխովը թող պտույտ գան:
Էսպես ահա տասը կանայք,
Նորամանկան տալով օրհնանք,
Ամեն մեկը ջոկ, առանձին,
Թողին պալատն ու գնացին:
Հերթը հասավ մնացորդին.
Դեռ բան չասած՝ տեսավ կաղին,
Որ կանգնած է մանկան վերև,
Ինքն այլանդակ, շորերը սև:
— Ես խնջույքին ներկա չեղա,
Բայց իմ ընծաս, աղջիկ, ահա:
Երբ տասնվեց գարունդ անցնի,
Թող քեզ էսպես փորձանք հասնի.
Մանած մանող թեշկի կեռը
Պետք է ծակի քո մի ձեռը.
Այ իմ չքնաղ, ձեռքիդ վերքից
Մեռնես, գնաս լույս աշխարհքից:
Անիծելով կախարդն էսպես,
Անհայտացավ, եղավ անտես:
Իսկույն խոսեց մյուս կախարդը.
Ասավ. «Հիմի իմն է հերթը.
Թող մանկիկը ոչ թե մեռնի՝
Երեք հարյուր տարի քնի.
Ժամանակը որ լրանա,
Քնած տեղից թող վեր կենա,
Թող տեր դառնա որդու, թոռի,
Թող ծերանա, հետո մեռնի»:
Ասավ, գնաց: Արքան տխրեց,
Էլ ոչ կերավ, էլ ոչ քնեց.
Է, ի՞նչ աներ, որ խեղճ մանկան
Բաժին չաներ անգութ մահվան.
Նա մտածեց այսպես մի բան
Ու արձակեց խիստ հրաման.
— Զեզ եմ ասում, մարդիկ, զգույշ.
Էլ չըցանեք կանեփ ու վուշ.
Թեշիկ, իլիկ ասած բանը
Թող չըճարվի մեկի տանը.
Երկաթ սանդերք, վըշի ջահրեն
Թող դուրս քշվեն իմ լայն երկրեն: —
Երկրին տալով այդ օրենքը
Կերավ, քնեց արքան ինքը:
Մեծանում է էն աղջիկը,
Ինչպես հոտոտ վարդ ծաղիկը:
Տասնհինգը անցավ անհետ,
Ի՞նչ կլինի դրանից ետ,
Մի օր արքան ու թագուհին
Աղջկանը տանը թողին,
Դաշտ գնացին զբոսնելու
Ու խոստացան շուտ ետ գալու:
Բայց աղջիկն էր խիստ ձանձրացավ
Եվ մտքիցը այ ինչ անցավ.
«Լավ է, գնամ ես էս անգամ
Մեր պալատը մի լավ ման գամ»:
Մտավ պալատ բազմանկար,
Սենյակներին համրանք չըկար.
Մի սանդուղք կար բազմաստիճան,
Էդ սանդուղքով գնաց անձայն,
Գնաց ու մի սենյակ մտավ,
Էնտեղ մի ծեր կնիկ գտավ:
Մի կողմ դրած նա սանդերքը,
Վուշ էր մանում, երգում երգը.
— Մանիր, ման տուր, իմ թեշիկ,
Չըկտրվես, իմ վըշիկ:
Կըսպասեի ես հյուրի,
Եկավ հյուրը ցանկալի.
Հուրիկ-բուրիկ,
Հյուր աղջիկ,
Վարդի փընջիկ,
Ջան աղջիկ.
Կուզեմ կծկեմ մանածս,
Կիսատ մնաց հինածս,
Բռնիր իլկիս կեռիցը,
Որ ազատվեմ բեռիցս
Դեհ, շուտ արա, բալիկս,
Տես, ինչ ծանր է իլիկս:
Հյուրը բռնեց կեռիցը.
Վիրավորվեց ձեռիցը.
Վիրավորվեց ու ընկավ,
Վրան խորը քուն եկավ:
Եվ ընդգրկեց խոր քունը
Արքայական ողջ տունը,
Ինչ կար, չկար լռեց հանկարծ
Արքան դաշտից ետ դառած
Թագուհու հետ թևանցուկ
Պալատում անձեն-անձուկ
Սանդուղքի մոտ փռվեցին,
Խորը-խորը քնեցին:
Շքախումբը քնեց նույնպես,
Պահակ խումբը՝ մեռածի պես,
Պատին ճանճերը թմրեցին,
Բակի շները քնեցին,
Գլուխները գոմում կախած,
Թավ բաշերը ցրիվ տված,
Էն ձիերն էլ կեր չեն ուտում,
Կանգնած քնել են տեղերում:
Խոհարարը կրակի մոտ
Շունչ է քաշում խռպոտ, խռպոտ,
Բարկ կրակն էլ կաս-կարմրած
Քնած բոցով վերն է կանգնած.
Եվ կրակի ծուխը բոլոր
Չի բարձրանում ոլոր-մոլոր.
Ապարանքը շրջակայքով
Բռնվել է մի խոր քնով:
Շրջակայքին պատեց անտառ,
Անտառին էլ փշե պատվար.
Մեծ պատվարն է դարձել արգելք
Որ պալատում չկա մուտք, ելք:
Նրան ոչ ոք չի մոտենա,
Գիտե որ ողջ ետ չի դառնա.
Թռչունն անզգամ մոտ չի թռչում,
Գազանն ահից հեռու փախչում,
Ամպերն անգամ չեն երևում
Մութ ու մթին թավ անտառում,
Եղած բան չէր գոնե մին-մին,
Էնտեղ փչեր ազատ քամին:
Անցավ դարը դանդաղահոս.
Արքան՝ անունը Մատթեոս,
Մարդկանց մտքից քիչ-քիչ ելավ
Եվ համարյա մոռացվեցավ:
Բայց մի բան կար չմոռացված.
Անտառի մեջ պալատ կանգնած,
Գեղեցկուհին միջին քնած:
Ջահել տղերք, ժիր, համարձակ,
Սրտերի մեջ հուր ու կայծակ,
Մրցում էին միմյանց հետ:
Ու սլանում ինչպես մի նետ
Էն անտառը կախարդական,
Որ աղջկան քնից ձեն տան:
Գնացողը ետ չէր գալի,
Իգիթ տղերք, ձեզ ողորմի:
Երեք հարյուր տարին անցավ,
Քնի ժամը հա լրացավ:
Եվ ահա ինչ: Գարնան մի օր,
Իր խմբովը հանդիսավոր
Մի արքայազն գնաց որսի:
Ինչպես եղավ, դու մի ասի,
Ընկերներից նա ետ մնաց
Եվ ուղղակի անտառ գնաց:
Էն անտառը մթին, խավար,
Մութ անտառին փշե պատվար,
Պատվարի տակ մի ծերուկ մարդ,
Ծերուկ մարդը ուրախ, զվարթ:
Դիմեց ծերին, ասավ, պապի,
Էս անտառից ինձ բան պատմի:
Ծերունին էլ սիրահոժար
Պատմեց նրան ինչ կար, չկար:
Արքայազնը ջահել-ջիվան,
Մի աներկյուղ քաջի նման,
Իր լսածից բորբոքվելով
Տակի ձիուն խթանվելով,
Ելավ ընկավ խիտ անտառը:
Բայց ի՞նչ. փշե էն պատվարը
Դարձավ կանաչ, մատաղ մերին,
Ծառ ու ծաղկունք, վարդեր գրկին:
Մեր իգիթին ճամփա տալով,
Հա կրկնում էր. «Բարով, բարով»,
Նա պատվարից անտառ մտավ,
Ուր ամեն ինչ թարմ էր ու թավ.
Թիթեռները ծաղկանց վրա,
Նուրբ թևերով ճիշտ բեհեզյա
Հուրհուրում են ու թըրթըռում.
Գետակները՝ մեղմիկ, սիրուն,
Կոհակ, կոհակ ու ոլորուն
Քըչփըչում են ու փըրփըրում.
Սիրուն հավքեր երգ են երգում
Ու ճյուղքից ճյուղք հա՜ թռչկոտում:
Քամին չկա իրա սազով
Եվ անտառն է խաղաղ ու զով.
Եվ գնալով առաջ էդպես,
Հասավ պալատ նա վերջապես:
Բայց ինչ պալատ, մի հրաշալիք,
Հին դարերի թողած գաղտնիք,
Եվ պալատի մեծ դուռն է բաց,
Բակի միջին մարդիկ քնած,
Մեկը անշարժ տեղը կանգնած,
Մի ուրիշի բերանն է բաց.
Նա իր խոսքը դեռ չավարտած,
Լեզուն բերնի մեջը սառած:
Արմանալով, զարմանալով,
Եվ բակիցը պալատ գալով,
Քնած գտավ նա սանդուղքին
Թագուհու հետ՝ թագավորին:
Քայլեց անցավ քնածներից
Ու վեր ելավ մեծ սանդուղքից.
Էս կողմ ընկավ, էն կողմ ընկավ,
Ողջ պալատը նա ման եկավ,
Շուրջը բոլոր քունն է տիրել,
Մեռելության կնիք դրել:
Բայց դռնովը նա մեն-մենակ
Վերջը մտավ մի նոր սենյակ.
Սենյակումը մի բարձր սյուն,
Սյան բոլորը՝ սանդուղք սիրուն.
Էն սանդուղքով ոլ-ոլորուն
Վերև գնաց թեթև — թեթև
Եվ ի՞նչ տեսավ այնուհետև:
Գեղեցկուհին քնած մուշ-մուշ,
Մանկան նման շունչը անուշ.
Կարմրել է վարդի նման,
Ցող քրտինքը ճակտի վրան:
Թուխ մազերի թավ խուճուճը
Թափթըփվել է ճակտի շուրջը.
Երկնի կամար, աղեղ ունքեր,
Գիշերվա պես սևիկ աչքեր,
Ու բյուրեղյա նուրբ իրանը
Ծածկել է զառ պատմուճանը:
Ձյունից սպիտակ կուրծքը հև-հև
Ելևէջներ ունի թեթև.
Շրթունքները՝ վարդի թերթեր,
Կրծքի վրա՝ սպիտակ ձեռներ.
Մանրիկ -մանրիկ ոտիկները
Սեղմել են նուրբ կոշիկները:
Գեղեցկության առաջ կանգնած,
Էնպես էրված, էնպես գերված,
Արքայազնը, մի բուռը հուր,
Հրի միջին անճար, անջուր,
Գետին չոքեց, չհամբերեց,
Քնած աստղին մի համբուրեց:
Զարթնեց աղջիկն իսկույն ևեթ
Ու պալատը հենց նրա հետ:
Նորից աղմուկ, նորից շարժում.
Հայրիկ արքան մայր թագուհուն
Սանդուղքովը վեր է տանում,
Ման գալուց են վերադառնում,
Շքախումբը իրա կարգին
Հետևում է թագավորին:
Ճանճեր, շներ, թռչում, հաչում,
Քանի գնում՝ աղմուկն աճում,
Գոմում զարթնած էն ձիերը
Նորից ուտում իրանց կերը.
Խոհարարը հուրն է փչում
Ու օդի մեջ ծուխը կորչում:
Ձեռքից բռնեց գեղեցկուհին,
Ներքև բերեց անգին հյուրին:
Ծնողները դեմ վազեցին,
Երկուսին էլ փաթաթվեցին:
Էլ ի՞նչ մնաց մեզ պատմելու,
Մեր հեքիաթը վերջացնելու:
Մեծ հարսանիք ու կերուխում:
Ես էլ եղա հարսանիքում.
Լավ քեֆ արի, լավ ապրեցի,
Էնքան գինի ես կոնծեցի,
Բայց մի պուտ էլ կուլ չգնաց
Բուկըս չոր էր, չոր էլ մնաց: