Jump to content

Քնած դշխուհին և յոթ քաջերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քնած դշխուհին և յոթ քաջերը
թարգմանությունը՝ Խնկո Ապոր
Քնած դշխուհին և յոթ քաջերը

(Փոխադրություն Ա. Պուշկինից)

«Մնաս բարով» ասելով
Թագավորը թագուհուն՝
Գնա՜ց, չեկավ մի տարով:
Թագուհին էր, օրն ի բուն,
Առավոտից իրիկուն,
Առագաստում կենտ նստած՝
Լուսամուտին աչքն հառած,
Սպասում էր, սպասում...
Եվ աչքերը վնասում:
Աչքերն էնքան նայեցին,
Որ նայելուց ցավեցին:
Չկա, չկա հոգյակը,
Սիրտն է այրում փափագը:
Միայն բուքն է խիստ հուզվում,
Ձյուն է գալիս ու դիզվում:
Ինն ամիսը երբ անցնում,
Առագաստում թագուհին
Ջրօրհնեքի բուն տոնին
Ունենում է մի աղջիկ,
Ինչպես վարդի մի փնջիկ:
Առավոտուն, լուս ու մութ,
Արքան եկավ, ի՞նչ օգուտ.
Վրան նայեց թագուհին,
Ծանր-ծանր հառաչեց
Ու հուզմունքից խստագին
Ճաշին ընդմիշտ նա ննջեց:
Արքան մնաց սգավոր,
Նա էլ մարդ էր մեղավոր.
Տարին անցավ ոնց երազ,
Նա կին առավ դեռահաս:
Բարձր, սիրուն, նազելի,
Բայց բնույթը զզվելի,
Չար ու հպարտ, կրտկրտան,
Կասկածոտ ու մրըթմըրթան:
Օժիտ ուներ լի ու լի,
Հետն էլ՝ մի հատ հայելի:
Պետք է ասեմ ավելին,
Խոսել գիտեր հայելին.
Հետը ուրախ խոսում էր
Ու զուգվելով ասում էր.
— Ասա դու ինձ, հայելի,
Ո՞վ կա ինձնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի:
Հայելին իսկույն ևեթ
Խոսում էր թագուհու հետ.
«Չկա քեզնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի»:
Ու թագուհին հըռհռում,
Զույգ ուսերն էր ծըռմռում,
Քթի տակը մըռմռում,
Աչքերը ճըտ-ճտտացնում,
Մատներով չըտ-չըտտացնում,
Ձեռքը մեջքին կանթ արած՝
Կանգնած հայելու դիմաց:
Իսկ թագուհու աղջիկը,
Հոտով վարդի փնջիկը,
Հետզհետե ծաղկելով՝
Մեծանում էր օրերով:
Աչք ու ունքը սև սաթ էր,
Լույսը դեմքից կկաթեր:
Դարձավ սիրունի փեսեն
Իշխանազուն Եղիսեն:
Հոր մոտ ղրկեց նա պատգամ.
Արքան ասավ. «Հա՜, կտամ»:
Յոթը քաղաք, շատ դղյակ
Տվեց օժիտի տեղակ:
Թագուհին առագաստում
Իրան զուգում, պատրաստում,
Ու հայելուն նա էլի.
— Ասա դու ինձ, հայելի,
Ո՞վ է ինձնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի:
Հայելին, թե՝ «Թագուհի,
Լսիր, քեզնից ավելի
Խորթ աղջիկդ է սիրելի»:
Թագուհին է վեր թռչում,
Խփում նրան ու ճչում.
— Այ դու անպե՜տք ապակի,
Քո սրտիկը թող ճաքի.
Դու ուղիղը չես ասում,
Վրդովել ես ինձ ուզում:
Ա՜յ թե ինչպես աճեց նա,
Հարկ է, սպիտակ կերևա.
Հղի մայրը մեն-մենակ
Լուսամուտից շարունակ
Ձյունին էնքան է նայել,
Որ աղջիկն է սպիտակել:
Բայց ինձ ասա՜ դու էլի,
Իմ աննման հայելի.
Մի՞թե ես չեմ դշխունը,
Աշխարհի մեջ նշխունը:
Պատասխանեց հայելին.
«Խորթ աղջիկդ է սիրելի».
Ոնց թե կծած սև օձից,
Չար թագուհին նախանձից
Էն հայելուն մի բոթեց,
Բռնեց մի կողմ շպրտեց.
Ճչաց, կանչեց նաժիշտին,
Կանչեց, բերեց իր կշտին,
Ասավ. «Աղջի, քեզ հետ եմ,
Թե չէ մազդ կփետեմ.
Խորթ աղջկաս հետդ առ,
Իսկույն ևեթ տար անտառ.
Կապիր նրան ծառերին,
Բաժին դառնա գայլերին»:

Աստված պահի կնոջ հերսից,
Սատանան էր խոսում ներսից.
Հետը վիճել չէր կարելի,
Մի կրակ էր անմարելի:
Նաժիշտն առավ վարդ դշխուհուն,
Տարավ անտառ, այնպես հեռուն,
Որ աղջիկը ընկավ գլխի,
Արցունք թափեց աղի-լեղի
Ու աղաչեց. «Հույսս, լույսս,
Ի՞նչ եմ արել, անմեղ կույսս.
Դու ինձ խղճա՜, ինձ խնայի՜,
Երբ որ դառնամ ես թագուհի,
Կկատարեմ քո բաղձանքը»:
Նա էլ լսեց աղաչանքը,
Ոչ սպանեց և ոչ կապեց,
Տեղը թողեց, տուն շտապեց:
— Ի՞նչ, — հարցրեց չար թագուհին,-
Որտե՞ղ մնաց քո դշխուհին:
— Խոր անտառում ասեմ ճիշտը,—
Պատասխանեց սև նաժիշտը, —
Ես կապեցի զույգ արմունկից,
Էլ չի պրծնի գայլի ճանկից:
Լավն էլ էն է՝ չտանջըվի,
Խոր անտառում թող ջընջվի:
Լուրը հասավ ողջ աշխարհին,
Թե կորել է վարդ դշխուհին:
Թագավորը մնաց լալեն,
Լալեն, լալեն, մղկտալեն,
Ու պատանի անբախտ փեսեն,
Իշխանազուն էն Եղիսեն,
Սիրող սիրտը հա՜ տանջելով,
«Ո՛վ տեր աստված» հա՜ կանչելով՝
Գնաց գտնի նշանածին:

Հիմի գնանք մենք կորածին.
Մաղիկ-մաղիկ մղկտալեն,
Էս կողմ, էն կողմ, վեր, վար տալեն
Մութ անտառը տվեց, անցավ,
Մի դղյակի նա մոտեցավ:
Շունը հաչելով վրա վազեց,
Մոտը գալով ոտը լիզեց.
Թափառական հյուրը չքնաղ
Սրահ մտավ լուռ ու խաղաղ.
Պատշգամբը ելավ վախով,
Դուռը բացեց երկաթ ախով,
Մտավ սենյակ և ոչ մի շունչ,
Չորս պատերը կանգնած են մունջ,
Բայց տախտերին խալ-խալիչա
Եվ հատակին նախշուն քեչա.
Մի անկյունում փայտե սեղան,
Մի անկյունում մեծ վառարան.
Տեսավ կույսը դատարկ տեղ չի
Բարի մարդկանց մոտ չի կորչի.
Ու սենյակից դես-դեն մտավ,
Ցաք ու ցրիվ ինչ որ գտավ,
Սրբեց, մաքրեց ու վեր քաղեց,
Ընկած բանը տեղից կախեց,
Ու սենյակի դուռը ախեց.
Սրբի առաջ վառեց կանթեղ,
Գնաց, մտավ մի ծածուկ տեղ:
Ճաշի ժամին մին էլ ահա,
Բակ լցվեցին յոթն աժդահա,
Յոթով մտան սենյակը այն.
Մեծը ասավ. «Էս ի՞նչ նոր բան.
Ամե՛ն ինչը արդի-կարգի,
Ո՞վ է բերել տունը սարքի,
Ո՞վ ես, ո՞վ չես, առաջ արի,
Տեսնենք՝ չ՞ար ես դու, թե բարի.
Թե մի մարդ ես դու ալևոր՝
Մեր բիձեն ես դու պատվավոր.
Թե պատանի՝ ջիվան-ջահել,
Մեր ախպերն ես ախպոր վայել.
Թե ծեր կին ես՝ մայր եղիր մեզ,
Մեզ էլ որդի արա դու քեզ
Թե աղջիկ ես հուրիկ — բուրիկ,
Եղիր դու մեզ անուշ քուրիկ»:

Եվ դշխուհին երևաց,
Մինչև գետին խոնարհվեց,
Տան տերերին բարևեց,
Վարդի նման կարմրեց.
Ներողություն նա խնդրեց,
Որ անկոչ ու անծանոթ
Հյուր է եկել իրենց մոտ:
Իսկույն խոսքից իմացան՝
Դշխուհի է աղջիկն այն.
Գորգի վրա նստեցրին
Գաթա, գինի հրամցրին.
Թողեց գինին գավաթով
Ու գաթիցը, ամոթով,
Կտրեց կերավ մի պատառ:
Հանգստանալու համար
Յոթն ախպորից հյուրընկալ
Խնդրեց նա մի մահճակալ:
Յոթն ախպորով միասին
Սենյակ տարան հյուր կույսին:
Թողին նրան մեն-մենակ
Քնի իրանց թևի տակ:
Օրերն անցնում են կամաց,
Բայց դշխուհին նշանած
Յոթն ախպրանց դղյակում
Համ ծլում է, համ ծաղկում.
Եղբայրները խմբովի
Լուսաբացին՝ մի քովի
Գնում են միշտ ման գալու,
Վայրի բադեր որսալու,
Կամ թե թաթար փնտրելու
Եվ գլուխը կտրելու,
Հալածելու միասին
Պյատիգորսկի չերքեզին:
Եվ դղյակի տիրուհի
Ինքն է մնում, դշխուհին.
Վառում, եփում, պատրաստում.
Յոթի հետ սեղան նստում
Ու հակառակ չի խոսում,
Ջա՛ն է ասում, ջա՛ն լսում,
Օրերն էդպես են հոսում,
Հեքիաթն էսպես է ասում:
Յոթն ախպերով վարդ կույսին
Սիրեցին. բարիլուսին
Սենյակ մտան միասին.
Մեծը ասավ. «Վարդի բույր,
Անվանել են մենք քեզ քույր,
Բայց սիրել ենք քեզ յոթով,
Մեզ մի անի ամոթով.
Դու մի թույլ տա, որ կռվենք,
Պատճառ դառնաս, մենք ցրվենք:
Եղիր մեզնից մեկիս կին,
Մյուսներիս քույր անգին.
Գլուխդ ի՞նչ ես շարժում,
Մի՞թե ինձ ես դու մերժում,
Ընտրիր, ո՞րս է քեզ արժան»:

— Օ՛ , դուք քաջեր պատվարժան,
Իմ եղբայրներ սիրասուն,
Ճիշտն եմ, ճիշտը ձեզ ասում.
Աստված պատժի, թե ստեմ,
Տեղիս մեջ ողջ չնստեմ.
Ես աղջիկ եմ հարսնացու,
Ունիմ ես ինձ փեսացու:
Դուք շատ քաջ եք ու խելոք,
Ձեզ սիրում եմ ես ջոկ-ջոկ,
Եղբայրներս եք հարազատ,
Թողեք խոսեմ ես ազատ.
Նշանածս է, ձեզ ասեմ,
Իշխանազուն Եղիսեն»:

Եղբայրները խորհեցին,
Ծոծրակները քորեցին:
«Որ էդպես է, մեզ ներիր,
Քրոջ նման մեզ սիրիր,
Եվ այդ մասին, ասեմ ճիշտ,
Էլ չեմ խոսի ես ընդմիշտ»,
Գլուխ տալով մեծն ասեց:
Կույսը տեղի մեջ խոսեց.
«Հա, չես ուզում, ախպեր ջան,
Քույրդ լինի դավաճան»:
Յոթն ախպերը փեսացու
Թողին աղջիկն հարսնացու,
Սուսիկ-փուսիկ գնացին
Եվ խոսքի տեր մնացին:

Բայց նենգամիտ թագուհին
Չէր մոռացել ցավը հին.
Նա չէր ներում դշխուհուն
Ո՛նց՝ իրանից նա սիրո՛ւն:
Բայց թե էն է ցավալին,
Գնաց գտավ հայելին,
Դրավ առջևն ու նստեց,
Իրան զուգեց, պատրաստեց.
Ժպտաց, ասավ. «Հայելի,
Ասա՜ , ասա՜ ինձ էլի,
Ո՞վ է ինձնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի»:
— Գեղեցիկ ես, խոսք չկա,
Բայց անտառում մինը կա,
Յոթ ախպրանց դղյակում
Անհայտ ծլում ու ծաղկում:
Նա է քեզնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի»:
Ու թագուհին վեր թռավ,
Իր նաժիշտին ձեռք առավ.
— Վստահացար ինձ խաբե՞լ,
Խորթ աղջկաս չկապ՞ել:
Նա էլ պատմեց եղածը.
Թագուհին թե՝ չեղածը
Քո գլուխը կբերեմ.
Քանի ողջ է դշխուհին,
Վայ կտամ քո արևին:

Մատաղ կույսը մի ջերմ օր,
Սպասելով յոթն ախպոր,
Պատուհանում մանում էր.
Էն ինչ դռան մեծ շունն էր
Սաստիկ հաչեց: Դշխուհին
Տեսավ, որ մի ուզվոր կին
Պաշտպանվելով շնիցը,
Ներս է մտնում դռնիցը:
— Ա՜յ շուն, հանգիստ, ի՞նչ է, ի՞նչ.
Սպասիր դու, տատի՜, քիչ.
Կլռեցնեմ ես գժին
Ու կբերեմ քեզ բաժին, —
Գոչեց վերից էն կույսը:
— Իմ զավակը, իմ լույսը,
Շունդ ինչքան կատղած է,
Աղքատ կուզե, որ կծե.
Եկ ինձ մոտ: Կույսն ուզում է
Հաց բերի. շունն հուզվում է.
Պատշգամբին կպչելով,
Ոտքերն ընկած հաչելով,
Թույլ չի տալիս աղջկան
Մոտենալու էն կնկան:
Հենց պառավը դեպ նրան,
Հարձակվում է հա վրան
Էնպես կատղած, գազազած:
— Էս ի՞նչ հրաշք, — կույսն ասաց, —
Էսօր շունը ինչ վատ է,
Կարելի է՝ քնատ է:
Բերեց հացը ցած նետեց,
Շանը մի կերպ խըտտեց:
Պառավն առավ ու ասաց.
«Աղջիկ, օրհնի քեզ աստված,
Շունը վերև չի թողնի,
Էս խնձորը դու բռնի»:
Ու մի խնձոր մեղրածոր,
Ոսկեզօծած, կարմրավուն,
Վեր է գցում դշխուհուն:
Շունը վերև է զլում,
Կույսը խնձորն է խլում:
«Շան հաչոցը քեզ ի՞նչ փույթ,
Աղավնյա՜կս, անձանձրույթ,
Էդ խնձորը կարմրախետ
Անուշ կանես ճաշից ետ»:
Պառավն ասաց, հեռացավ,
Շունը նորից չարացավ,
Նա վազում է, վազվզում,
Կոնծկոնծում է, մըզմզում,
Մին չոքում է, մին պառկում
Եվ սրտիցը խոր տնքում.
Ասել կուզե դշխուհուն՝
«Դե՜ն շպրտիր»: — Ա՜յ իմ շուն,
Էսօր քեզ ի՞նչ պատահեց, —
Ասավ շանը ու շոյեց:
Հետո մտավ սենյակը,
Դրեց, փակեց դռնակը
Ու սկսեց նա բանել,
Պատուհանում կազ մանել,
Աբրեշումից թել հանել,
Ախպրանց ճամփեն հա պաել,
Ալ խնձորին ծուռ նայել:
Խնձոր, խնձոր, ի՛նչ խնձոր,
Էնքան հյութոտ, մեղրածոր,
Հոտոտ-մոտոտ, թարմ ու նոր
Կարմրաթուշիկ, ոսկեհատ,
Կուտ ու կորիզ՝ նռան հատ,
Երևում են կեղևից,
Նոր է քաղած տերևից:
Կույսը եղավ սրտամաշ,
Չհամբերեց մինչև ճաշ.
Խնձորն առավ նա ձեռքին,
Մոտեցըրեց շրթունքին,
Մի քիչ կծեց ատամով
Ու կուլ տվեց խիստ համով:
Մին էլ հանկարծ իմ կույսը,
Եմ հոգյակը, իմ լույսը,
Անձեն-անձուն, անբարբառ
Փռվեց տեղը շնչասպառ,
Դալար կռներ թափվեցին,
Պայծառ աչքեր փակվեցին,
Ընկավ կույսը նշանած,
Ո՛չ կենդանի, ո՛չ մեռած:
Եղբայրները անտեղյակ
Գալիս էին դեպ դղյակ
Օրվա հաջող թալանից.
Մին էլ շունը տան կողմից
Վրա պրծավ հաչելով,
Ու նորից տուն փախչելով.
Կուզեր ասել՝ շուտ հասեք,
Էլ մի՜, էլ մի՜ սպասեք,
Էն քաջերը՝ վատ նշան
Հաշվելով հաչոցը շան՝
Սլացան ու ներս ը՛նկան՝
«Ա՛խ, վա՛խ»: Շունը բարձրաձայն
Վրա պրծավ, չարացավ,
Խնձոր, կերավ, չորացավ:
Էլ ետ չգա էդ օրը,
Թունավոր էր խնձորը:
Յոթ ախպերը ամենքով,
Հոգու սաստիկ հուզմունքով,
Քրոջ առաջ գլխակախ
Կանգնած էին մտազբաղ,
Ու սրբազան աղոթքով
Բարձրացըրին խնամքով,
Խաս-խաս շորեր հագցըրին,
Հագցըրին ու կապցըրին,
Աղի արցունք մաղեցին,
Նրան թաղել ուզեցին,
Բայց մտքերը փոխեցին:
Խորը քնի թևի տակ,
Ինչպես քնած հրեշտակ,
Կույսը անուշ էր ննջում,
Միայն թե նա չէր շնչում:
Եղբայրները երեք օր
Սուգ նստեցին սգավոր,
Բայց դշխուհին նախ-նախշուն,
Խոպոպները աբրեշում՝
Իր խոր քնից չսթափվեց:
Երեք օրը թամամվեց,
Դրին դագաղ բյուրեղյա
Ու կարդալով «Տեր, ուղղյա»,
Տարան նրան թափուր սար,
Սարի տակին մի խոր այր.
Շղթաներով կախեցին,
Յոթը սյունից մեխեցին,
Շուրջը ճաղեր տնկեցին,
Քրոջ առաջ չոքեցին,
Խոնարհվեցին մինչ գետին:
Խորհրդավոր էդ պահին
Մեծը ասավ. — Այ չքնաղ,
Ջահել մտար դու դագաղ,
Զոհ գնացիր նախանձին.
Գեղեցկությունդ առանձին
Յոթն ախպորով սիրեցինք,
Բայց քեզ փեսիդ պահեցինք.
Հիմի դու կա՜ց այս վայրում,
Մութ ու մթին այս այրում:

Եվ թագուհին նախանձոտ
Որ տենչում էր մահվան բոթ,
Նորից առավ հայելին,
Իրա միակ սիրելին.
Հարցրեց. — «Ասա՜ հայելի,
Բոլորիցը ավելի
Մի՞թե ես չեմ սիրելի»:
Հայելին, թե՝ «Հա, էլի,
Չկա քեզնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի»:

Նշանածին՝ էն փեսեն,
Իշխանազուն Եղիսեն,
Ողջ աշխարհն է ման գալիս,
Ման է զալիս ու լալիս,
Ասեք՝ ո՞ւր է դշխուհիս,
Ասեք՝ ո՞ւր է նշխուհիս:
Ով լսում է, զարմանում,
Որը՝ հայտնի ծիծաղում,
Որը՝ գլուխը կախում,
Ու արևին լույս երես
Դիմեց տղան վերջապես.
«Արև՜ , արև՜, արեգա՜կ,
Աշխարհն առած թևիդ տակ,
Կլոր տարին շարունակ
Ման ես գալիս երկնքով.
Բա չի՞ ընկել քո աչքով
Իմ դշխուհին նորահարս,
Ես փեսան եմ անմուրազ:
— Ոչ, չեմ տեսել, պատանի,
Գուցե նա չի կենդանի,
Գուցե... Հարցրու լուսնյակին՝
Տես՞ել է քո հոգյակին:
Եղիսեն իր հուշերով
Դիմեց լուսնին գիշերով.
— Լուսի՜ն, լուսի՜ն, լույս երես
Դու ոսկեզօծ եղջյուր ես.
Աչքդ խաժուժ, լուսաէջ,
Դու ծագում ես մթի մեջ,
Քեզ աստղերը սիրելով
Հա մնում են նայելով,
Մ՞իթե խնդիրս ես մերժում՝
Մի տեղ, էս լեն աշխարհում,
Չե՞ս տեսել իմ դշխուհուն,
Նա իմ հարսն է, ես փեսա,
Լուսին, լուսին, դե՜ , ասա:
Լուսինն ասավ. — Պատանի,
Ինձնից կարծիք մի՜ տա՜նի,
Գիշերները մութ-մթին,
Ես ծագում եմ իմ հերթին.
Ես չեմ տեսել դշխուհուն,
Գնա, դիմիր դու քամուն,
Գուցե նա քեզ ճար անի.
Գնաս բարով, մի՜ կանգնի:
Քամուն դիմեց Եղիսեն.
— Կանգնի, քամի, քեզ ասեմ.
Քամի, քամի կորովի,
Հալածում ես խմբովին
Էն երկնքի ամպերը,
Հուզում, դիզում ծովերը,
Ու քո անուշ հովերը
Տարածում ես անսահման.
Դու հզոր ես անպայման,
Դու չես վախում ոչ ոքից,
Բացի, բացի էն Մեկից.
Մ՞իթե խնդիրս ես մերժում,
Մի տեղ, էս լեն աշխարհում,
Չե՞ս տեսել իմ դշխուհուն,
Նա իմ հարսն է, ես փեսա...
Քամին ասավ. — Ես տեսա.
Գետից վերև կա մի սար,
Էն սարումը մի խոր այր,
Էն այրումը՝ խավարում
Մի դագաղ է օրորվում.
Շղթաներով է կախած,
Յոթը սյունից է մեխած:

Քամին բացեց իր թևը.
Տղան՝ առավ սուգ սևը,
Լալով գնաց հեռացավ,
Թափուր սարին մոտեցավ.
Սարի շուրջը՝ դատարկ վայր,
Սարի տակը՝ մի խոր այր:
Գնաց, գնաց մութ անցքով,
Գնաց տխուր հայացքով,
Գնաց, գտավ մի դագաղ,
Շղթաներով վերից կախ,
Միջին պառկած է անշունչ
Իր դշխուհին՝ վարդի փունջ:
Վայը տալով իր գլխին,
Վազեց, կպավ դագաղին,
Եվ դագաղը բյուրեղից
Փշրվեց՝ ու իր տեղից
Կույսը զարթնեց զարմացած,
Շուրջը նայեց ու ասաց.
— Ա՛խ էսքան էլ մարդ քնի,
Իր գլուխը վեր դնի...
Վեր բարձրացավ դագաղից
Եվ ի՛նչ տեսավ էնտեղից.
Վայ, երազ է, մուրազ է,
Ու լաց եղան երկուսով,
Այրից ելան ու լուսով,
Հեռու ծայրից աշխարհքի,
Ուրախ, զվարթ, ձեռք-ձեռքի,
Սարեր, ձորեր շրջելով,
Անուշ, անուշ զրուցելով,
Ինչպես երկու աղունիկ
Եկան հասան արքունիք:
Լուրը հասավ աշխարհին՝
Կենդանի է դշխուհին:
Հենց էն պահին թագուհին
Էլի առած հայելին,
Հետը անուշ խոսում էր,
Ծռմռվելով ասում էր—
— Ո՞վ կա ինձնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի:
— Դու չքնաղ ես, խոսք չկա,
Խորթ աղջիկդ, էն որ կա,
Նա է քեզնից ավելի
Արմաղ-շարմաղ, սիրելի,

Նորից հուզվեց թագուհին.
Տվեց փշրեց հալելին,
Դռնից ուղիղ դուրս թռավ,
Խորթ աղջկան պատահավ,
Սիրտը ճաքեց ու մեռավ:
Հենց որ նրան հողեցին,
Խորը, խորը թաղեցին,
Սկսեցին հարսանիք.
Երկու ջահել՝ ջան-ջանիկ
Պսակվեցին մուրազով.
Դեռ աշխարհը երազով
Էդպես խնջույք չէր տեսել,
Ես էլ առա մեծ հաճույք,
Էնքան գինի կոնծեցի,
Լոկ բեղերս թրջեցի: