Jump to content

Քոռ-Եղիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔՈՌ-ԵՂԻԿ
(Շիրակեցիների կյանքից)
1840-ական թ․
Ա

— Տո՛, շան ցնգնած, կզրկեմ մեկ աչքդ էլ ես կքոռացնեմ, աստծու լսից կզրկեմ, - ասաց գյուղից դուրս գնացող հովվին մղդսի Կյուրեղը, աչքերը կատաղությունից չռած։ Հովիվը, որ նրան անվերջ հեգնական շարժումներով էր պատասխանել, դարձյալ ուսերը թոթովեց ու նախրի ետևից մահակը բարձրացնելով, կանչեց․—Հո՛, հո՛, հո՛։

Մդղցի Կյուրեղը ավելի կոտրված՝ կրկին պոռաց չոբանի ետևից․

— Մեկ էլ դու Գալո քեհյենց դռնից անցի՛ր, տես ոտքդ կկոտրե՞մ, թե չէ։

— Զը՛րթ,— պատասխանեց ետ դառնալով չոբանը, որով բոլորորովին կատաղեցրեց ալևոր մղդսուն, որ առանց ամաչելու կռացավ, մի քար առավ ու շպրտեց չոբանի ետևից՝ ասելով․ ա՛յ ոչուփուչ, կեցիր, հալբաթ հախ ուզելու կգաս, թե քոռ ղռոշ ստանաս՝ դու իմ մեռելս լացուր։—Հովիվն արդեն վտակն անցել, բավականին հեռացել էր․ քարը ո՛չ միայն չհասավ, այլ հայհոյանքներն անգամ բոլորովին անլսելի մնացին։ Գլուխը շարժելով, մղդսին դարձավ դեպի տուն։

— Տո՛, աշխարհը քարուքանդ եղավ, կարգն ու օրենքը վերացավ, թիզուկես լակոտին էլ չենք կրնար զսպել։ Որտե՞ղ գտնեմ Ահմադ փաշան, որն անօրեն տեղովը հասկացավ սրա ոչուփուչ հորն ու կախել տվեց․․․ Կախաղան ու ջալաթն (գլուխ կտրող — դահիճ) էլ վերցավ աշխարհից: Ո՛չ մենծի պատիվ մնաց, ո՛չ պստիկի, ո՛չ համփա, ո՛չ չոբան, ո՛չ մղդսի, ո՛չ քեհյա, ո՛չ տերտեր, քուլլի հավասարվեցին պրծան։ Գող Պապիկի տղան իմ որդուս դեմ մեյդան գա ու Գալո քեհյի աղջկա վրա ա՞չք տնկե։ Քաղցած փորը զկռտում է, չլոտ արխալուղի մեջ դողում է, կյանքը անցուցել է ուրիշի դռանը ծառայելով, փորը կշտացուցել է սրա-նրա սեղանի փշրանքով, մերը խալխի բանն անելով չորացել է. մի բլբլկած տուն ունի, որ մեր հավի բնիցն էլ պստիկ է, եկել է ոտք է գցում մղդսի Կյուրեղի որդու հետ։ Տո՛, մարդու շնորհք էլ ունենա, էլի գլուխը քարը, թիզուկես բոյ անի, կաշու վրայից ոսկորները մեկ-մեկ կարելի է համրել, ռանգը արաբից չի ջոկվիլ, քսան տարին անցուցել է, դեռ երեսին տղամարդու շնորհք չկա՝ քյոսա։ Աչքի մեկը Զքեի տղերքը զարկին փչացուցին (վարդ բուսնի դրան կուրացնող ձեռքերի վրա), երեսի չեչերի մեջ բուռմ լաբլաբու գցես, ոչ մեկը վար չի թափվիլ, էդ օրին գեշ կատվի պես էլի մեջքին չի գալ ու գիշեր-ցերեկ կտրել է խեղճ Ասլի ճարն ու ճանապարհը։ Հա՛ն, ես քո մորն ինչ ասեմ, շո՛ւն ցնգներ ու անցներ ավելի լավ չէ՞ր…

Մղդսի Կյուրեղը պտպտալով փողոցից անցնելիս, նրա զայրույթը նկատեց հարևան Թորոս աղբարն ու հարցրեց. էլի ի՞նչ է եղել, մղդսի, ինչի՞ ես նեղացել…

— Էլ ի՞նչ պիտի եղնի, Նեռը ծնվել է, աշխարհիս վերջը հասել։ Տո՛, գեղվորի մի մարդավարի չոբան չգտաք, գնացիք եկաք գող Պապիկի տղին բռնեցիք։ Իրիկունը նախիրը բերելիս կովին յառից գցել է, ոտքը կոտրել…

— Բան մի ասիլ, մղդսի ջան, ես կկապեմ, ի՞նչ անենք, մեր աղքատն է, մենք պիտի տիրություն անենք։ Քուրդ որ բերենք՝ դրանից լավ չոբանություն անելու խո չէ ։ Փառք աստծո, դեռ մինչև օրս դրա ձեռքից մի մազիկ անգամ գողցել չեն։ Տնաշենի գյուլլի ձեռքից թարաքյամեքը «յաման-ալլահ» են կանչում։

— Ինքն էլ սատկի, իրեն գյուլլեն էլ… Զաթի էդ չի՞ մեր տունը քանդողը…

Եվ ուղիղ, մղդսի Կյուրեղը վախենում էր Եղիկի գնդակից, թե չէ վաղ գնացել Գալո քեհյի աղջկա նշանն օրհնել էր տվել Տեր-Մլեին։ Գալո քեհյեն էլ հարուստ մղդսուն չէ չէր ասիլ), բայց դեռ աղջիկը փոքր էր՝ տասնևչորս տարեկան, շտապելու ի՞նչ ուներ։ Եղիկը մի քանի անգամ մղդսու որդու՝ Բարսեղի ականջում ասել էր. «Գյուլլա պաղեցնել թե չես ուզում, հե¬ ռու ման արի Ասլիից — և այդ խոսքը հասել էր մղդսու ականջին։

Բ

Խլի-Ղարաքիլիսի գյուղի առվակի ամենաստորին մասում գտնվում Էր Քոռ-Եղիկի տունը, որ հոր թողած միակ ժառանգությունն էր։ Տուն ասելով պետք է իսկական բառի նշանակությամբ չհասկանալ, այլ աչքի առաջ բերել միաչքանի բոստանի բալական, հողի մեջ փորված և կոշտ ու կոպիտ քարերով երեք կողմը երեք արշինի չափ բարձրացրած, կտուրն էլ բարդու և ուռիի ճղներով մի կերպ ծածկած։ Դուռը, որ յուր հնությամբ հնագիտական արխիվը մտնելու արժանավորություն ուներ, վարից-վերից մեկ-մեկ թիզ բաց էր մնում ծածկելիս, որոնք լուսամուտի և օդանցքի տեղ էին ծառայում։ Սյովա չուներ և պատի մնացորդ մասը հինգ-վեց ջարակով կապած էր, որոնց միջոցները ներսից-դրսից թրքով ծեփել էր Եղիկի մայրը՝ Սոնա բաջին, ձմեռվա ցրտի ազատ ներս մտնելը արգելելու մտքով։ Նահապետական թոնդիրը տան մեջ էր թաղած, որի ծուխը հաց եփած ժամանակ դուրս էր գալու դռնից։ Մի կողմ մի հին խսիր էր փռած, որը Հասան խանի ավերածի ժամանակ սարդարի սարվազների ոտքի տակ քրքրվելու պատիվ էր ունեցել։ Մի կարպետ երեսով բարձ կար, որն այնքան մաշված էր, որ ավարի նյութ դառնալու չէր արժանացել Աղա Մահմադ խանի հրոսակների ձեռքը։ Թարեքի վրա մի սահան, մի լանգարի և մի թանջարա երևում էին ժանգի մեջ կորած։ Գդակալում՝ մի շերեփ, այն էլ կոտրած։ Ծալքում մութ տեղը կեղտոտ անկողնու նման մի բան էր երևում, որը կարելի էր փաթաթել և մի աքաղաղի վրա բառնալով, երեք օրվա ճանապարհ հեռու տեղափոխել, Վերջապես դռան ետևը երևում էր հայկական տների կահկարսիների պարծանքը՝ բոլորակ խոնչան, որի երկու ոտքը կոտրած էր, և հյուրերի առաջ դրվելու համար Սոնան անկյունում երկու միաչափ քարեր ուներ, որոնք լրացնում էին կարասիների պակասորդը։

Այս տունը համարյա միշտ ցերեկը դատարկ էր լինում, և, գիշերն էլ շատ ուշ ժամանակ Սոնան գալիս էր հանգստանալու, կազդուրվելու և առավոտները արշալույսին հեռանում ծառայելու ուրիշի դռները։ Ծառայելու միայն մի փոր հացի և ուրիշի հին ու նորով, պատռած֊ճեղքածով հագնվելու փորձով։ Նրա էնթարիից մի թել քաշեիր՝ հազար կարկատան կթափվեր, նրա գլխի չիթը ախտի մեջ կորած էր, միշտ բոբիկ և արմունկներն ու սրունքները մերկ, կուրծքը կիսով չափ բաց և դառնալի արտասուքով աչքերը միշտ լցված։

Գարնան ամպամած մութ գիշեր էր։ Երկինքը անընդհատ փայլատակում և գոռգոռում էր։ Տանը, քուրջերի մեջ փաթաթված պառկած էր Սոնան: Պառավր տնքում էր՝ սրտի խորքերից հառաչանքներ բարձրացնելով։ Մենք պառավ ենք անվանում Սոնային՝ համաձայն նկատողի աչքում նրա թողած տպավորության, այնինչ թշվառը քառասունհինգ տարին դեռ չէր լրացրել։ Սոնայի օջախի մուխը տարիներով դադարել էր, իսկ ճրագը ամուսնու կախվելուց հետո հանգել և չէր վառվել։ Լսի էլ կարիք չէր զգում, դատարկ տանը փնտրելու ի՞նչ ուներ։ Թեև սովորական անկողնու վրա տարածել էր յուր կարկատած շորերը, բայց դարձյալ դողում էր։ Կուչ էր եկել պառավը, գլուխն էլ ծածկել և շնչառությունը վերմակի տակ էր կատարում քիչ տաքանալու հույսով, բայց իզուր, ցուրտ ու խոնավ օդը ազատ մտնում էր նրա ծածկոցների անթիվ պատռվածքներից: Մի կատու անգամ չուներ Սոնան, որ անկողնի վրա պառկեր և թիկունքը մի քիչ տաքացներ: Մկների սնունդ չգտած տան մեջ կատուն ե՞րբ կապրի։

Թեև խռխռոցի հետ մի տեսակ հեկեկալու ձայն էր լսվում, բայց պառավը չէր լալիս, նա այնքան դառնություններ էր կրել, որ լալու և արտասվելու ընդունակությունը կորցրել էր: Ո՛չ դուռ ուներ, ո՛չ դրկից, որոնց կանչեր, և որոնք լսեին, գային իրեն օգնելու։ Կարիք էլ չկար, նրա համար սովորական էր, ամեն իրիկուն միևնույն տեսարանն էր կատարվում, միայն թե օդի ցրտության և խոնավության պատճառով երբեմն ավելի սաստկանում էր պառավի տնքոցն ու խռխռոցը։ Այդ գիշերը սաստկագույն տեսակիցն էր. պառավն անկողին մտնելուց երկու-երեք ժամ թեև անցել էր, բայց խաղաղացնող քունը դեռ վրան չէր եկել։ Ցավի սաստկությունը նրան ակամա խոսեցնում էր, պառավը դելին էր տալիս, տրտնջում էր, անիծում էր վիճակը, անիծում էր յուր ծնունդը, անիծում էր յուր բախտը, յուր թշնամիներին, յուր մարդու դահիճներին, հարստահարիչներին, մինչև անգամ երկնային դատաստանը։ Մի՞թե դեռ քիչ է, մի՞թե դեռ քաշելու եմ, աստված դավթարս գտիր ու ինձի տա՛ր, տա՛ր, տա՛ր…


Գ

Կեսգիշերին մոտ դուռը բացվեցավ, Եղիկը ներս մտավ, պառավը ոչինչ չլսեց, նա մահակը և խլիկը վայր դնելուց հետո ասաց.

— Ազի՛, ազի՛:

— Ջա՛ն, Եղիկ, ա՜յ տղա, ո՞ւր թողիր նախիրն ու եկար…

— Նախիրն էլ սատկի, նախրի տիրվտանքն էլ: Բողարն ու Բասարն (գամփռ շներ) այնտեղ են, իմ անունս էլ վրաներն է, մի՛ վախենալ, մարդ չի անցնիլ Եղիկի նախրի մոտովը։

— Ա՜յ տղա, ինչի՞ ես եկել, ի՞նչ ունիս մեջ գիշերին։

— Ուզում եմ թողնել ու գնալ օսմանցու հողը, ինձ ի՞նչ օգուտ նախրից. ահա տասնևհինգ տարի է սրա-նրա դուռը նոքրություն արի, սրա-նրա մալի համար կռիվ տվի, կյանքս չխնայեցի, տարի չեղավ, որ հախիս կեսն էլ ձեռքս անցներ. վա՜յ էն անցածին էլ. ո՛րը ցորնով, ո՛րը շորով կտոր, փսոր… Հային ծառայեցի՝ չեղավ, թուրքին ծառայեցի՝ չեղավ, քաղաքում ծառայեցի՝ չեղավ, վերջապես, ինչպես տեսնում եմ, ծառայելով մարդ դառնալու չեմ։

— Տղա՛, խելռա՞ր, ի՞նչ է, էդ ամենը էսօ՞ր միտքդ ընկավ։

— Չէ՛, Է՛լ կեցողը չեմ, թե գեղը մնամ, իմ գլխիս մի փորձանք կբերեմ։ էսօր մղդսի Կյուրեղը ետևիցս գոռում էր. կեցի՛ր հալբաթ հաց ուզելու կգաս, թե գրոշ հախ ստացար, պարծեցիր։ էս անձրևին, քամուն ես հոգիս բերանս առած նրանց նախիրը ամենալավ տեղերը տանեմ արածեցնեմ, օգուտս ի՞նչ…

— Օսմանցուի մարդիկն էլ հողից չե՞ն, այնտեղ նոքար, այստեղ նոքար, քեզ փաշայություն խո չե՞ն տալ։

— Ես նոքար էլ չեմ դառնալ…

— էդ էն օսմանլին չէ՞, որ հորդ կախեց։

— Թե ձեռքներն ընկնեմ՝ թո՛ղ կախեն, կախվելը չոբանությունից գեշ խո չէ՞, մի անգամ մեռնել պրծնել…

— Լա՛վ, լա՛վ, էլի իծանդ եկել են։ Այդտեղ թարաքը գաթա եմ դրել, ինձ փայ տվին Մղդսենք, չկերա, վեր առ կեր ու գնա գործիդ։

— էդ ի՞նչ գաթա է։

— Ես գիտե՞մ, խնամախոս պիտ էրթան, ի՜նչ է։

— Խնամախո՞ս… էդ ի՞նչ խնամախոս է…

— Ես գիտե՞մ,— ասաց Սոնան և հազիվ տաքացրած տեղից գլուխը բարձրացրեց նստավ։— Տղա՛, դուռը վրա դիր, օ՜ֆ, ինչ ցուրտ է, դողոցս բռնեց։

— Հալբաթ ի՞նչ խնամախոս է։

― Գիտե՞մ, ինձ կասե՞ն… Գիտես թե՝ էգուց միտք ունեն Գալո քեհյի տուն երթալ…

— Գալո քեհյի՜ …

— Հա՛, օղուլ, Գալո քեհյի,— կրկնեց պառավը խորհրրդավոր ձև տալով խոսակցությանը և սրտի խորքից հառաչեց։ Բավական լռություն տիրեց, և երկուսն էլ խոր մտածության մեջ ընկան։ Վերջապես հարցրեց Եղիկը.

— Ղոնաղ խո չունե՞ր գիշերս մղդսին։

— Չէ՛։

— Ախպրտանքը, տղերքը, ամենը տո՞ւնն էին։

— Քուլլի։—Մի քիչ լռությունից հետո ասաց կրկին Եղիկը։

— Ազի՛, ես գիշերս կերթամ, էգուց թե քեզ բան հարցնելու կլինին, ասա՝ խաբար չեմ։

— Տղա, ո՞ւր… ինձ ո՞ւր ես թողնում…

— Մի ամիս էլ կեցիր, քեզ այնպես տեղ տանիմ, որ էլ սրա-նրա դուռը չծառայես, ուրիշները քեզ ծառայեն…

— Որդի՛, ես բան չեմ ուզեր, դու լավ եղիր, դու ազատվիր էդ անօրենների ձեռքից, ինձ բան հարկավոր չէ… մղդսի Կյուրեղի տունը ավիրվի, ինչպես նա ավերել տվեց քո հոր տունը, Ահմեդ փաշային կաշառելով, սուտումուտ, զուրումուր քսելով քո հոր վրա։ Տուն էլ ունեի, ծառա էլ ունեի, տունս բարի էլ, կարողություն էլ կար։— Է՜յ, որդի՛, մոռացիր էդ դատարկ բաները, գլուխդ քաշ գցի, հախըդ կստանաս, քեհչեն խոստացել է, որ քեզ վարուցանքի հող տա, բալքի հորդ տներն էլ ազատես պարտատիրոջ ձեռքից…

— Թո՛ղ էդ քարոզներդ, ես քեզ ինչ որ ասացի՝ լավ միտքդ պահիր։

— Տղա՛, ես կխելռիմ, ես կմեռնիմ առանց քեզ…

— Ես էլ կխելռիմ, եթե էլի գլուխս կախած մղդսի Կյուրեղի մալերը արածելու տանիմ տարին տասներկու ամիս, առանց հախի սարերում, ձորերում մի չոր հացով փորս կշտացնեմ և թողնեմ, որ մղդսու դնդըշած տղեն երթա նշանածս ձեռքիցս խլե՞…

— Երազներ մի՛ տեսնի, Գալո քեհյեն քեզ աղջիկ չի տալ, զուր տեղը դուշմաններդ մի՛ շատացնիլ։ Տուն չունիս, տեղ չունիս, երկնքի տակ չոր գլխիցդ ջոկ բան չունիս, կուզես Գալո քեհյի աղջիկը հա՞րս բերես։

— Հա՛, եթե իմ տասնևութ տարվան հախը չուտեին, ինձ հասանելիքը եթե այսօր բերեին, համրեին, ես էլ կդառնայի մեկ համփա, մղդսի, ես էլ կունենայի նախիր, իլխի, լավ մատակներ.․․ Հորս փաշայի ձեռքից ազատելու համար Ավագ ամին հիսուն մանեթ է տվել (հազար ղուրուշ), տներիս տիրացել է… Քանի՜ -քանի՜ հիսուն ռուբլի պիտի խարջես, որ այնպես տներ շինես։


— է՛հ, ի՞նչ անենք, մեր բախտն է, որդի՛…

— Էդ քու խելքի բանը չէ, աշխարհքում թե գլուխդ կախես, մինչի մահ վզիդ նստողներն անպակաս կլինին,— ասաց ու դուրս եկավ Եղիկը։


Դ

Դռան առաջ մի քիչ կանգ առավ, ուշքը հավաքած անշարժ և անշշուկ ականջ դրեց։ Միայն մեղմ անձրևի ձայնն էլ լսվում. ամեն մարդ, ամեն կենդանի խոր քնի և հանգստության մեջն էր։ Տների պահապան շներն անգամ մտել էին իրենց բները, կուչ արել մնացել։ Այդ անշարժության մեջ Եղիկի մտքից չէր հեռանում յուր անցյալի զարհուրելի, տխուր պատկերը, և ներկա սոսկալի կացության մեջ բարեհաջող ապագայի մասին հույսը կորցրել էր։

— Երեսուն մանեթի ամբողջ տարին ծառայիր, կռվիր եսիրի պես գիշեր-ցերեկ, արևի այրող ճառագայթների տակ, քամու զարհուրելի մռնչյունի դեմ, անձրևի, կարկտի, ձյունի, բքի հետ, ամեն րոպե պատրաստ կեցիր գայլի, արջի փելենգի հետ կռվելու, հոգիդ բերանդ ա՛ռ, գլխիդ հետ խաղա՛, ինչ է տարեկան երեսուն մանեթ ձեռք գցելու հույսով, և այդ աշխատությանդ վարձը, որ ողջ գյուղից հավաքում են արյունդ ծծող համփաները, առանց իրենց քիսային դիպչելու, իրենք կուլ տան ու դուն էլ տկլոր, էլի պատառոտած, էլի դատարկ տրորե փորդ ու ա՜խ քաշե։ Ծնածս գյուղումն էլ ինձ ղրկեն, քովի գյուղումն էլ, հայն էլ, թուրքն էլ, ազգականս էլ, դուշմանս էլ… Հայրենական տներդ ուրիշը նստի, պապենական արտերդ ուրիշը վարի, մարգերդ դուշմանդ քաղե, ինչ է, ինչ է… հորդ կախել են, դու որբ ու խեղճ ես մնացել և մինչև մահդ էլ դու գնա՛ աշխատիր, որ մղդսի Կյուրեղի, Ավագ ամու, Ղալո քեհյի, Կուրդին աղբոր տղերքը հանգիստ ուտեն… Օխտը տարվա սիրականդ էլ, Ասլիիդ էլ դնդրոշ Մուքեն ձեռքիցդ խլե… Չէ՛, չէ՛, դրկիցներ, չէ. Եղիկը էլ չէ կարող, թող ինձ էլ կախեն, գլուխս կտրեն, գյուլլի բռնեն…

Եղիկը կամաց-կամաց առաջ գնաց, կարծես կատվի նման ճանկերը մոտ էր քաղել, գնում էր առանց քայլերի ձայնը բարձրացնելու։ Մի քանի օձապտույտ թաղեր անցնելուց հետո հասավ Գալո քեհյի դռան առաջ, քարե սանդուխներից բարձրացավ և երդիքի տախտակը վերցնելով կամաց քիլարն իջավ։ Այնքան վարժ էր կատարում բոլոր շարժումները, որ կարելի էր կարծել, թե տան տերն ինքը լիներ և ոչ ոքից երկյուղ չունենար։ Երկու քայլ առաջ նրա քայլերը դիպան խեղճ Ասլիին, որը սպասել, սպասել ու քնել էր։ Ո՜վ է իմանում, թշվառ աղջիկը ի՞նչ էր երազում։ Եղիկը մի քանի անգամ քաշեց նրա թևերից, բարձրացրեց, բայց նա անզգա կրկին գլորվեց գետին։

— Ասլի՛, Ասլի՛,— խեղդված ձայնով կանչում էր բորբոքված երիտասարդը, բայց անմեղ կույսը չէր սթափվում։ Ժամանակը սահում էր։ Եղիկը դեռ շատ գործ ուներ կատարելու. նա պարտավորված էր բուռն միջոցներ գործ դնելու։ Կռացավ չոբանը, երկու ձեռքերով գրկեց սիրեկանին, երկու կողերից ու այնպես բարձրացրեց, որ կարծես նորածին գառ գրկած լիներ հոտի հետ տուն հասցնելու համար։ Սարսափելի էր Եղիկի կացությունը, դողում էր ամբողջ մարմնով, կարծես ծնկները անճարացել, անկարող էին դիմանալու և թևերում ուժ չէր մնացել կանգնած բռնելու յուր սրտի հատորին։ Սրտատրոփ նա թոթովում էր. Ասլի՛, Ասլի՛, և ցնցում հոգյակին։ Հանկարծ աչքերը բացեց Գալո քեհյի աղջիկը, զարթնեց և թևերը Եղիկի վզով տարածելուց և գանգուր մազերը շոյելուց հետո.— Եղի՛կ, դո՞ւ ես,— հարցրեց և դեռ պատասխանը չլսած՝ կրկին ուժը սպառվեց, գլուխը կախեց նրա կրծքին, ուշքը անցավ, մարեցավ… Եղիկը ձախ թևով գրկած Ասլիին, մոտեցավ բղուղներին և աջ ձեռքով զոխի ու ժախի աղի, բայց դառը ջրով այնքան տրորեց թշվառ աղջկա կուրծքն ու ճակատը, մինչև նրան բոլորովին սթափեցրեց։

Բավական երկար վշտակցելուց, երկար տատանվելուց և զանազան առաջաբաններ անելուց հետո ասաց Եղիկը.

— Ասլի, ես այս գիշեր անցնելու եմ օսմանցու սահմանը։

— Ինչի՞:

— Պատճառները շատ են,— ասաց հառաչելով Եղիկը։— Չոբանություն անելով այս դարին մարդ դառնալ անկարելի է, ուրիշ գործի պետք է ձեռք զարկել։

— Էդ քո գործն է, ամա…

— «Ամա» չի ուզիլ, ութ օր, ութ օր ինչ կուզես արա և մի՛ թողնիր, որ մարդ քու փեշին դիպչի, ես ութ օրից այստեղ կլինեմ և քեզ՝ թե հայրդ չտա, կփախցնեմ…

— Ութ օր… թե ուշացա՞ր

— Թե սաղ եմ, էսօր ի՞նչ է, լուս կիրակի, մեկել կիրակի գիշեր էլի այստեղ ինձ սպասե:

— Աստված քեզ հետ։

Երկու սիրահարները գրկվեցին, և Եղիկը մի կերպ Ասլիի գրկից պոկ եկավ, ճանկռտելով պատից վեր ելավ և եկած ճանապարհով ետ դարձավ դեպի մղդսի Կյուրեղի տունը, որ իրենց քոխից շատ հեռու չէր:

— Ո՛չ, քեզ առանց ոսկու, առանց խաս ու ատլաս կտորների չեմ թողնիլ: Դու, որ ինձի՝ որբ և անտերիս, սիրտ տալով գյուղի ամեն տղերքից բարձրացրիր, ես էլ քեզ զուգսով ու զարդարանքով Շյորագյալի քուլլի աղջիկներից բարձրացնելու եմ,— ասում էր Եղիկը մտքումը մղդսի Կյուրեղի տանը մոտենալիս։ Գալո քեհյի տունը մտնելիս էլի զգուշանում էր, վախենում էր բամբասանքից և պատրաստ էր զոհվելու Ասլիի պատիվը չարատավորելու համար, իսկ մղդսի Կյուրեղի տունը մտնելու համար նախազգուշությունների չդիմեց, նա այդ տանն էր մեծացել, ամեն մի մանրամասնություն գիտեր և եթե դեմը մեկը դուրս գար, կարող էր մի առիթ գտնել և առանց կասկածանքի պատճառ տալու հեռանալ։

Ե

Եղիկը ձախ ձեռքը գցեց դռան ճակատի լուսամուտին, ողջ մարմնով կախվեցավ, աջ թևը լուսամուտից ներս կոխեց և փայտե հաստ մանտալը ետ հրեց ու վար իջավ: Խլիկը և միակ զենքը՝ մահակը, բակը թողեց և հյուրանոցի սենյակի դռնից ներս մտնելով, շտկվեցավ գոմի կողմը։ Գոմից այնքան հանդարտ անցավ, որ ոչ մի անասուն տեղից չշարժվեց։ Այդտեղից մտավ ախոռը, մոտեցավ մղդսի Կյուրեղի որդու՝ դնդրոշ Մուքեի միակ պարծանք ֆարաշին (նժույգ-ձի՝ արաբական ընտիր տեսակից)։ Քյահլանը ճանաչում էր Եղիկին, ոչ մի անսովոր նշան չարեց, բայց Մուքեն ֆարաշի ոտքը բխովել էր և նրա չվանի կապը ղոչաղ տղի նման պատը ծակել, անցկացրել Էր յուր ննջարանը և գիշերները քնելիս մեջքովն էր կապում, որպեսզի ձիուն փորձանք պատահելիս իսկույն լսի, դուշմանների հախից գա ու ծաղրի չմատնվի ընկերների մեջ։ Մուքեի ննջարանի դուռը տան խոհանոցի կողմից էր, որտեղից անցնելը կարող էր տան մեծ ու պստկին ոտքի հանել։ Կամ պետք էր մի կերպ բխովը կոտրել ձին դուրս հանելու համար, կամ պատի ծակը մի քիչ լայնացնել, մտնել Մուքեի բարձի տակից բանալին դուրս բերել։ Եղիկը պառկեցավ ու փորձեց յուր փոքր մարմնով մի կերպ ներս սողալ այդ ծակից, բայց հնար չեղավ. գլուխը չէր մտնում, ճանկերին ու մատներին դիմեց, մի քար հանեց ծակի մի կողմից և ներս սողաց։

Մուքեն խորդալով հանգիստ քնած էր սենյակի մեջտեղը, հատակի վրա։ Եղիկը չորս կողմը պտույտ արավ՝ թաթերի ծայրին ման գալով, բանալին բարձի տակը չէր, սխալվել էր յուր ենթադրության մեջ։ Եղիկը զգուշությամբ ձեռքերը շուռ տվեց անկողնի չորս բոլորը, այնտեղ էլ չկար։ Մուքեի արխալուղի, շալվարի գրպաններում փնտրեց՝ չկար, չգտավ։ Մտածմունքի հետ քրտինքը պատեց Եղիկին, և նա հոգնածություն զգալով, հարբածի նման նստեց բղուղների տակի կոնգին։ Մի քիչ զովանալու հույսով ձեռքերը ետևը տարավ բղուղները շփելու, և հանկարծ մի թել դիպավ ձեռքին, որ քաշելուն պես բխովի բանալին մի դատարկ կարասի դիպավ և բավական բարձր ձայն բարձրացրեց։ Այդ ձայնը սոսկացրեց և սթափեցրեց Եղիկին, որը գանձ գողացողի նման պատրաստվեց գանձի տիրոջ հետ ցմահ կռվելու։ Բայց անտեղի էր նրա երկյուղը։ Մուքեն խաղաղ խորդում էր։ Քիչ սպասելուց հետո, երբ ապահովեցավ Եղիկը, զգուշությամբ բացեց Մուքեի սնդուկը, նրա նոր շորերը հագավ, զանգյալները կապեց, չստերը ոտքը քաշեց և յուր հները նրա մեջ տեղավորելուց հետո՝ դուռը ծածկեց։ Պատից վար առավ շեշխանա թվանքը, ղարաբինեն, լագզու փշտովը, խանջալը և ֆիշանգլղները ու ետ սողաց ախոռը։

Ֆարաշի բխովը բանալուց հետո զգուշությամբ մադյանի ոտքերին կապեց, որպեսզի եթե Մուքեն զարթնի և քաշե շղթան, բխովի ձայնը լսե։ Հետո թամքեց քյահլանը և խանջալովը չլի քեչաներից մի քանի կտոր կտրեց կապեց նրա ոտքերին, որպեսզի աղմուկ չբարձրացնե: Նժույգը սանձելուց հետո նախ գնաց և գոմի միջի ճանապարհը կրկին քննեց, ետ եկավ «Հայր, Որդի և Հոգի Սուրբ» ասաց ու քաշեց։ Անձրևը դարձյալ բարակ մաղում էր. երկինքը մութ, գետինը թաց, տեղ-տեղ լճացած։ Եղիկը ձին քշեց նախիրի կողմը, Բողարն ու Բասարը սարսափելի հաչոցով վրա տվին և երբ իրենց հովվի ձայնն առան՝ ձայները իջեցրին, բայց դարձյալ չրմխտում էին, կարծես ուզում էին ասե՝լ «մեզ ինչի՞ թողնում-հեռանում ես»։

Եղիկը մտավ անձրևի տակ թրջված մալի մեջ և մղդսի Կյուրեղի, Ավագ ամու, Կուրղին աղբոր ապրանքից տասը գլուխ լավ կով ջոկեց և առաջը խառնելով՝ դիմեց դեպի Արփաչայ, սահմանը անցավ թուրքի Ղարաքիլիսի մոտով, դիմեց դեպի Մոլլա-Մուսա։ Սահմանապահ կազակներն ու օսմանլուի սուվարիները անձրևից ու ցրտից կուչ եկած քնել մնացել էին, ո՛չ մի կողմից չնկատեցին նրան։ Մոլլա-Մուսայի ձորով անցավ սարը, կարճ ճանապարհով դիմեց դեպի Աղբաբա։ Արշալույսին նա արդեն անցել Էր Շիրակի սահմանը:


Զ

Արևը բարձրանալուն պես Աղբաբա լեռան փեշերի վրա երևցան անհամար հովվական չադրներ ու քրդերը և նրանց մոտերքը՝ անթիվ խաշների հոտեր, որոնք կամաց-կամաց բարձրանում էին արոտները։ Հազարավոր տեղերից ծուխ էր բարձրանում, բարձունքում մնացած հատուկտոր ամպերի հետ միապաղաղվում և ծածկում Ոսկե-Գլուխ Ղզլ–Թեփե դիցուհու հանգստավայրը մահկանացուների աչքերից։ Արեգակի անդրանիկ ճառագայթների մի մասը այդ ամպերի վրա կոտրվելով ետ էին դառնում ցոլալով, մյուս մասը կողքերից շահելով ընկնում էր լեռան գագաթին ու լանջքերին, որի վրայի մանուշակագույն, դալար խոտերը իրենց վճիտ ցողիկներով պսպղում էին թավիշի նման։ Եղիկը հանդարտ քայլերով քշում էր նժույգը և նախիրից ջոկած տասը կովերը։ Ինչպես նժույգը, նույնպես և ինքը պարտավորվել էին կովերի քայլով գնալու և այդ դանդաղկոտ ընթացքը զանազան տխուր մտքեր էր առաջացնում կլապիտոնով զարդարված հովվին։

— Որքան հիմարություն արի,– ասում էր Եղիկը մտքումը,— շորերս ինչի՞ թողի դնդրոշի սնդուկում, այս հալավը կարող է կասկածներ ծնեցնել թարաքյամաների մեջ, քանի որ լեն ու երկար է ինձ համար։

Քանի առաջ էր գնում, այնքան սաստկանում էին կասկածներն ու երկյուղը, որոնք ստիպում էին նրան լեռնային ճանապարհներով, բնակություններից հեռու շարունակել յուր ընթացքը։ Որքան աշխատում էր խույս տալ այդ մտքերից, ուրիշ բանի մասին մտածել, հնար չէր լինում։

— Հիմար մեծսրտություն,– ասում էր ինքն իրեն,– Մուքեին և մղդսի Կյուրեղին տրաքացնելու համար շորերս թողի նրա սնդուկում, այն շորերը, որոնք ամեն ժամանակ ինձ հարկավոր են։

Երբեմն մտածում էր թողնել կովերին սարի գլուխը, քշել էին, դիմել դեպի Արդահան, Օլթի, բայց ափսոսում էր, նա մանավանդ, որ փողի կարիք էր զգում, Ասլիի համար զարդարանք էր գնելու, տուն էր վարձելու և տեղ էր պատրաստելու յուր ապագա ամուսնու համար։ Մտատանջության մեջ խորասուզված, առաջ էր գնում մեքենաբար և չէր էլ զգում ինչ էր կատարվում շուրջը։ Այդ միջոցին հեռվից երևցավ ցնոտիների մեջ փաթաթված մի չարչի, որը վազելով դիմում էր Եղիկին՝ թևի տակ մի փոքրիկ կապոցով։ Նրան հալածող երկու թարաքյամա լակոտները, նկատելով զինվորված ձիավորին փափախը գլխին, թողին և ետ փախան։ Չարչին մոտենալով, ընկավ Եղիկի ոտքերն ու ասաց․

— Աղա, դու գիտես, քո ոտքն եմ ընկել, ազատե՛ ինձ, քեզ մատաղ ունեցած-չունեցածս։

— Ա՜յ տղա՛,— ասաց Եղիկը զայրացած,— դու որտեղի՞ց ես։

— Աղա, ես Ղարսա եմ…

— Ձայնդ կտրե, ստախո՛ս, լեզուդ ցույց է տալիս, որ դու ղարսեցի չես։

— Աղա՛, մենք Բիթլիզու ենք (Բաղեշ), եկել ենք Ղարս կու մնանք։

— Հա՛, լա՛վ, այդ եղավ։ Հաց ունի՞ս ուտելու։

— Խրամանքա, աղա՛,— ասաց ու գոտին բացեց չարչին։

Եղիկը վար իջավ և չարչու հետ նստավ հացի։ Տխուր մտքերը ճաշելիս էլ չհեռացան Եղիկից, և նա կցկտուր հարցեր էր տալիս չարչուն, որ նույնպես մտածությունների մեջ ընկավ տարօրինակ մարդու հանդիպումից։

— Ինչի՞ էիր փախչում, չէի՞ր կարող այդ լակոտների հախից գալ։

— Ի՞նչ արած, աղա, թուրք են, հյուքմաթը (պետությունը) իրենցն է։

— Ահագին մարդ ես, ի՞նչ պիտի անեն նրանք քեզ։

— Բոխչես կթալնեին։

— Դեմ դնեիր կամ թե թող տանեին։ Ի՜նչ մեծ կորուստ կունենայիր։

— Աղա՛, եղածս-չեղածս էս է, էս էլ որ տանեին՝ մանր ու խոշորս քաղցած կմնային։

— Քանի՞ տղա ունիս։

— Խինգ, քեզ ծառա․․․

— Արի քեզ հետ ընկերություն անենք, բայց մի պայմանով, որ վախկոտությունդ թողնես։

— Դու որ ինձ խետ ըլնիս, աղա՛, էլ չեմ վախենա։

— Էդ շորերդ հանի՛, իմ շորերս հագի՛ր, ձիս էլ նստի՛ր, ես քու շորերդ հագնեմ դառնամ քեզ նոքար։

— Ինչի՞;

— Տանենք մալերը ծախենք, քեզ էլ բաժին կտամ։

— Լա՛վ, լա՛վ, խրամանը քոնն է։

Եղիկը չարչու պատռած շորերը հագավ, թվանքը, ղարաբինեքն ու ֆիշանգլըղը ինքը վեր առավ, մնացյալով չարչուն զարդարեց. ձին հեծցրուց, ինքն էլ մահակը ձեռքին՝ հո՛ , հո՛ անելով դիմեցին դեպի թուրքի գյուղերը։

Է

Գողը, ավազակը կարծում է, որ աշխարհի բոլոր մարդիկ գողեր են։ Չլդրի թարաքյամաները, որոնց միակ պարծանքն է ճարպիկ գողությունը, ամեն անցքի, արկածի մեջ գողության հետքեր են որոնում և գողածունն անհետացնելը իրենց սրբազան պարտականությունն են համարում, հայտնի բան է, հուսալով, որ իրենք էլ իրենց բաժինը, աշխատության վարձը կունենան։ Երեկոյան դեմ Կամարվան գյուղի հայտնի մի թուրք հանդից տուն էր դիմում ծանր քայլերով։ Նա ափսոսում էր առանց մի ճարպիկ գողության կորցրած օրը։ Թեև Հիսուն տարիքն անցկացրած մարդ էր, բայց ուժն ու ճարպկությունը դեռ չէր կորցրել։ Նա պատրաստ էր ձիավորվելու գիշերները հարձակումներ անելու համար, բայց արդեն այնքան կարողության տեր էր, գավառում այնպես գիրք էր բռնում, որ հայտնի աղաների շարքն էր անցել և ամեն մարդ նրան ճանաչում էր, ծպտիլ չէր կարող։ Հեմեդ աղա էին անվանում և որովհետև կույր էր, Քոռ-Հեմեդ էին կանչում նրա ետևից։ Այս տիտղոսից ազատվելու և ավելի մեծ հավատարմության արժանանալու դիտմամբ, նա մոտ հարյուր հիսուն ոսկի էր ծախսել, Մեքքե էր գնացել և հաջի էր դարձել, բայց շատերը դարձյալ երեսին Հաջի աղա և ետևից Քոռ-Հեմեդ էին կանչում։ Ինչպես որ սարդը, այնպես էլ Քոռ-Հեմեդը ման գալիս միշտ ձախ աչքը պտտեցնում էր հորիզոնի շուրջը մի որս ձեռք ձգելու հույսով։ Նա շատ վաղ տեսել էր չարչի ձիավորին յուր արաբական ընտիր նժույգով և Եղիկին՝ եզները արածացնելիս, որոնք իրեն կասկածանքների մեջ էին գցել։ Մի քանի ժամ շարունակ նա անտեսանելի պտույտներ էր արել և վերջապես, երբ նրանք յուր գյուղը ուղղվելու դիրք էին բռնել, ինքը ճանապարհները կտրել էր և այնպես ընթացք էր բռնել, որ իբր թե անմեղ գնում է յուր տունը։ Մինչև անգամ նա ետևը չնայեց, մինչև որ չարչին և Եղիկը չբարևեցին նրան։

— Բարով եկաք, հազար բարով,— ասաց Քոռ-Հեմեդը նահապետական հյուրասեր մեծատան ձևերով, կարծես առանց հյուրի գիշերելը իրեն մեծ տխրություն էր համարում։ — Ու՞ր առաջ բարի, գիշերս չե՞ք հաճիլ հյուր մնալ մեր տանը և մեզ ուրախացնել։

—Ճշմարիտը,— ասաց չարչին,— Ուրթա ենք գնալու, բայց արդեն ուշ է, ձեզանից խնդրում եմ, որ գիշերս մեր ապրանքներին տեղ տաք, առավոտը կշարունակենք մեր ճանսպարհը։

— Ուրախությամբ, ուրախությամբ,— ասաց Քոռ-Հեմեդր և աչքի ծայրով ագահաբար զննեց ֆարաշին:— Ո՞ր կողմից է ձեր բարի գալուստը,— ավելացրեց, հետաքրքրությունը չկարողանալով զսսլել։

— Մենք ուռուսի սահմանից ենք գալիս. իմացանք, որ Ուրթա մեկ-երկու չստար մատղաշ մալը մեծ մալի հետ փոխում են, եկանք առուտուր անելու։ Մենք որ տանենք քաղաք ծախելու, մեր ապրանքին գին չեն տալ, բայց չստարը ամեն ապրանք յուր գնովն է առնում-ծախում։

— Այդ միշտ այդպես է՝ «Խմորը հացթուխին տուր, մի հաց էլ վրեն տուր»։

Զանանազան խոսակցություններով եկան հասան Քոռ-Հեմեդի տունը և մալը, նժույգը ներս քաշեցին։ Ճանապարհին ֆարաչը Քոռ-Հեմեդի մուխը մարեց, նա շատ նշանավոր քյահլաններ էր տեսել, բայց սրանցից ոչ մեկը սրա մի սմբակի հետ չէր փոխիլ։ Երբ ձին շեմից ներս էին քաշում, Հեմեդը ասաց չարչիին.

— Մաշալլա (տերը պահե), աննման ձի ունիս, դեռ մեր ախոռը այդպիսի ձի մտած չէ։ Ես պիտի պարծենամ սրանից հետո, որ մի գիշեր մի աղա հյուր ունեցա իմ տանը, այսպիսի ընտիր նժույգով։

— Քեզ փեշքեշ, Հաջի աղա,— ասաց վեհանձնությամբ չարչին, տուն մտնելով Լեմեդի հետ։

— Տիրոջը փեշքեշ ինձանից էլ, բարով վայելես։

Երեկոյան երկար խոսակցությունից և ընթրիքից հետո փորձի համար ասաց Քոռ-Լեմեդը․

— Միրզա աղա (այսպես Էր կոչվում չարչին), արի մեզ ծախիր կովերը, ինչի՞ ես գնում Ուրթա, կուզես փող կտանք, կուզես ջահիլ մալ կտանք։

— Հաջի աղա, դու մեզ այնպես սիրով ընդունեցիր ու պարտավորեցրիր, որ բոլորը քեզ փեշքեշ որ անենք, կորուստ չենք ունենալ, բայց ինչպես ասի, մեզ ջահիլ մալ է պետք, թե ունիք, փոխենք։

— Ինչի՞ չէ, առավոտ բարի լուսուն ես խաբար կանեմ տղերքին, որ մեր մալը բերեն գյուղ. ջոկենք, նրանց էլ գին գնենք, սրանց էլ, և ապա առուտուրներս գլուխ բերենք։ Եթե համաձայնիք, էլի գնացեք Ուրթա։

— Լա՛վ, լա՛վ,— ասաց կիսաբերան չարչի Միրզան և խոսքը կտրեց այնպես, որ լռություն տիրեց։ Եղիկը չէր սխալվել չարչիին ընկեր վեր առնելով, ինքը ոչ առևտուր արած ուներ, և ո՛չ էլ մարդու շարք նսաած ելած։ Միրզան Բիթլիսի սնանկացած բազիրգյաններից էր. նա գիտեր ամեն մարդու դամարը գտնել և նրա համաձայն շարժվել։ Ապրանքը թանկ ծախելու համար այնպիսի դիրք բռնեց և այնքա՜ն ճարպիկ շարժվեց, որ Քոռ-Հեմեդը շվարեցավ. և նա, որ մինչև այդ ժամանակ գողածուն ապրանք էր համարում կովերը, սկսեց տարակուսել։ Այնինչ Հեմեդը բոլորովին միտք չուներ դրանք գնել, նա փորձեր էր անում ձիու մասին հարց առաջարկելու և եթե ձին էլ գողացված ապրանք չլիներ, դժվար կլիներ գնել։ Հյուրասիրական օրենքների դեմ չէր կարող մեղանչել, նամանավանդ որ կարող էր բոլորովին պատվից ընկնել։ Երկար լուռումունջ ծխելուց և գյուղական հյուրերը ճանապարհ գնելուց հետո Հեմեդը կրկին խզեց լռությունը և ասաց.

— Միրզա աղա, չի՞ կարելի, որ մեր արաբական մադյանի վրա քաշենք առավոտ ձեր ֆարաշը, ձեզ մի լավ խալի ձիու ղուլ փեշքեշ կտամ։

— Հաջի աղա, ֆարաշը քեզ փեշքեշ, բայց եթե էգուց ճանապարհ չգնայի, իմ կողմից արգելք չէր լինիր։

— Ողջ կարողությունս կզոհեի այդպիսի մի ընտիր ձի ունենալու համար, կառաջարկեի ծախել բայց դա, որ կա, մուրազ է, դուք բարով վայելեք։

— Ես առևտրական մարդ եմ, կծախեի այդ ձին քեզ, բայց տանը մի փոքր նշանած եղբայր ունիմ, որ ջիրիդ խաղացող է, հետո նրա ձեռքից չեմ ազատվիլ։

— Նա ձեր առաջ բան չի կարող խոսել,- մեջ մտավ Եղիկը եթե դուք կամենաք…

— Բայց այնպես պիտի գործ բռնե մեծ եղբայրը, որ յուր փոքրերի սիրտը չցավեցնե։ Այս ձիու մայրն էլ, հայրն էլ մեր ախոռումն են, ամեն տարի մի-մի թայ տալիս են. տանը մի կա սրանից մի տարի փոքր, բայց սա նրա անունովն է։

— Որ այդպես է, աղա, ծախիր ինձ այդ քյահլանը, քո շնորհիվ մեր տանն էլ մի այդպիսի զարդ ունենանք։

— Ախր ծախեմ, բայց էգուց ես ինչպե՞ս ետ երթամ…

— Քեզ փեշքյաշ, մեր ախոռում տասներկու ձի կա, ընտրի՛ր, որը կամենաս։

Եղիկը կատաղում էր սրանց երկար ու ձիգ խոսակցություններից և յուր միսն էր ուտում, նկատելով, որ Հեմեդը ամեն ջանք գործ էր դնում մի կերպ իրենց ձին խլելու։

Առավոտյան վաղ վեր կացան և երկար բանակցություններից հետո նժույգի և տասը կովի տեղ վեց մոզիկ, չորս աչառ, երկու ձի և մեկ էլ մի մեջիդիե ոսկի ստացան, լավ նախաճաշ արին, մի կարպետ և երկու խալի ձիու չուլ փեշքյաշ թարքները կապեցին ու դիմեցին դեպի Ղարս։

— Շան որդին լավ կապերս քաշեց,- ասաց Եղիկը ճանապարհ ընկնելով։

— Հյուքյումաթը իրենցն է,— պատասխանեց Միրզան։

Քոռ-Հեմեդի տանից բերած ապրանքը Միրզան աներկյուղ բազարում ծախելուց հետո քսան մեջիդիե ոսկու չափ փող հանձնեց Եղիկին, որը առատությամբ տասը ոսկի բաժին տվեց չարչի Միրզային: Եղիկը Ասլիի ճակատի համար քառասուն ղազի գնեց, թանկագին շորեր առավ և Միրզայի ընտանիքով վեր առնելով Ղարսից, դիմեցին դեպի Ծբնի, տանելով իրենց հետ զանազան բազազի ու էթարի ապրանքները: Գյուղում մի հարմարավոր տուն վարձելուց հետո չարչին սկսեց յուր առուտուրը: Եղիկին տիրել էին մտածմունքները, երկու օր հետո նա անպատճառ լինելու էր յուր Ասլիի մոտ, իսկ նա դեռ պատրաստություն չէր տեսել:

— Գիտե՞ս ինչ կա, — ասաց Եղիկը Միրզային, — ես կիրակի կամ երկուշաբթի գիշեր կմտնեմ գյուղ, այնպես պիտի անեք, որ իսկույն գիշերը դուռը բանաք, և գյուղացիք բան չհասկանան: Դեռ ավելի լավ է ես գիշերը կբերեմ նրան մինչև յառի տակը, դու Գյուլնազի հետ արի, այնտեղից Գյուլնազը (Միրզայի կինը) թող նրան տուն տանե, մենք կերթանք մեկ-երկու օր ուրիշ գյուղեր կպտտինք առուտուրի ու հետո օրը ցերեկով կմտնենք գյուղ, այնպես որ մարդ բան չհասկանա:

— Լա՛վ, աղբեր, ինչպես որ կուզես, մենք քո ծառան ենք:

— Ւնձ ծառա պետք չէ, ես ընկերի կարոտ եմ, Եղիկը, միայն խանջարով ու թվանքով զինված, ճանապարհ ընկավ, անցավ Շիրակը և ուղղվեց դեպի Աղբաբա: Իրիկվան մթանը նա մի քարափի տակ իջավ, թվանքը և խանջարը զգուշությամբ պահեց, ուղղեց քայլերը դարձյալ Կամարվան ու գնաց իջավ Քոռ-Հեմէդի տանը։ Տանտերը թեև տանը չէր, բայց որդիքը նրան սիրով ընդունեցին, որպես իրենց բարեկամի ծառային։

— Աղայիս արծաթե մուշտուկը այստեղ խո չէ՞ մնացել, – հարցրեց Եղիկը միամիտ դեմք ընդունելով։

— Ոչ, մենք չենք տեսել – ասացին։

Երբ իրիկվա հացը կերան պրծան, ելավ պատրաստություն տեսավ Եղիկը ճանապարհ ընկնելու:

— Ու՞ր, ու՞ր ես գնում,— ձայն տվին ամեն կողմից,— գիշերս կաց, առավոտ կգնաս։

— «Շուտով ետ դարձիր», հրամայեց ինձ աղաս, գնամ, թե չէ խոսք կգա վրաս։ Հախով ծառայող մարդու վիճակը հո գիտե՞ք։

— Մենք քեզ չենք թողնիլ,— ամեն կողմից մեջ մտան, — այս գիշեր ժամանակ հազար ու մի շուն ու գել կա, կարող է փորձանք պատահել, հետո մենք չենք ազատվիլ մեր հոր ձեռքից։ Մեր հյուրն ես մինչև առավոտ, լուսուն բարի ճանապարհ, ուր կուզես գնա՛։

Այս միջոցով բոլորովին ապահովեցրեց Քոռ-Հեմեդի տանեցվոց, որոնք տեղ շինեցին և հանգիստ քնեցան։ Բայց Եղիկը, թեև սաստիկ հոգնած էր՝ վաթսուն վերստ ճանապարհ ոտքով էր եկել այդ օրը, անկողնում չկարողացավ հանգստանալ։ Նա մտածում Էր Ասլիի մասին, մտածում իրեն կողոպտողներից վրեժը լուծելու մասին։

Մեջ գիշերին նա վեր կացավ, ներսեներս ախոռից զգուշությամբ դուրս քաշեց ֆարաշը առանց թամքի, միայն մի համետով և առանց ուշադրություն դարձնելու սլացավ դեպի այն քարափը, որտեղ պահել էր զենքերը։ Նժույգը դեռ չհասած ապառաժի տակը, համառեց, կանգնեց և չէր ուզում առաջ գնալ։ Եղիկը իջավ ձիուց, քաշեց յուր ետևից, մի կերպով առաջ գնաց, մոտեցավ այն քարքարուտին, որտեղ թաքցված էր հրացանն ու խանջարը։ Գիշերը սոսկալի կերպով մութն էր, և Եղիկը անդադար զարկվում էր այս ու այն ժայռի կտորներին։ Հանկարծ նրան շրջապատեցին երկու կողմից երեք հոգի և փտովները կրակեցին։ Նժույգը կատաղած քաշեց յուր համետը թուլացած ձեռքից, ետ փախավ։ Հարձակվողները պինդ կապեցին Եղիկին ու ընկան նժույգի ետևից, որն ուղղակի ճանապարհ ընկավ դեպի Ղարաքիլիսա, յուր տանտիրոջ մոտ։ Մթնումը նրա հետքը կորցրին թուրքերը, վերադարձան, քիչ թուլացրին Եղիկի կապերը և առաջները խառնած ճանապարհ ընկան դեպի Հաջի Վելի Մեդեդ բեգի բնակարանը։ Մեդեդ բեգի մարդիկը Շյորագյալում հեռվից տեսած լինելով օտարական հրացաններով Եղիկին, կասկածել էին և նրա հետքից գնալով ու քարափում զենքերը պահելը նկատելով, դարան էին մտել, համոզված լինելով, որ կրկին գիշերը այնտեղ վերադառնալու էր։

Թ

Մեդեդ բեգը Շիրակի վերջին վասալական իշխանն էր, որի հորից սուլթանը գավառական հողերը մի կերպ խլել էր, բայց դրա փոխարեն ժառանգական թոշակ տալուց հետո դարձյալ յուր վիճակին ղայմաղամ էր նշանակել, այնքան, որ յուր գլխատված հոր և պապերի նման էլ Մազխաս բերդում չէր ապրում և սեփական ձիավոր, հետի և թնդանոթաձիգ զորք չուներ, բայց Հաջի-Վելիում յուր առանձին սարայն ուներ և առաջվանից ավելի մեծ իշխանություն ժողովրդի վրա։ Թեև Ղարս այալաթի փաշան էր նստում, բայց Շյորագյալի գավառից զատ այալաթի գլխավոր գործերը տնօրինում էր նույնպես Մեդեդ բեգը։ Այալաթի ժողովի ամենապատվավոր անդամն էր, և ժողովականները առանց նրա կնիքը տեսնելու ո՛չ մի թղթի վրա չէին հանդգնիլ դնել իրենց մատանին։ Մեդեդ բեգբ գավառապետի անունով դարձյալ մի իշխան էր. նրա կամքից էր կախված կախել տալ մեկին, ազատել մի ուրիշին, մեկին զրկել յուր բոլոր կարողությունից, մյուսին բարձրացնել հայտնի պաշտոնների։ Նրա Հաջի-Վելիում ունեցած բանտում միշտ լինում էին ութ-տասը թյարաքամա գողեր և պարտատեր հայեր։ Դրանց թվում ընկավ նույնպես Եղիկը։

Բանտը առաջ գոմ էր եղել և ձմեռը դարձյալ այդ նպատակին էր ծառայում, միայն մսուրքների վրա ամրացրած էր պինդ «լալա» կոչված շղթաներ, որոնցով շատ անգամ ավազակներին անասունների հետ միասին էին կապկպում, այն տարբերությամբ, որ անասուններին միայն վզերից էին կապում, իսկ հանցավորների, վզերից շոկ, ոտքերն ու ձեռքերն էլ էին շղթայում։ Եղիկի ոտքերը շղթայած էին, իսկ գիշերները ձեռքերն ու վիզն էլ էին շղթայում։ Բանտում մի քանի ընկեր ուներ Եղիկը, որոնց մեջ հայ չկար։ Առավոտից մինչև իրիկուն տխուր-տրտում, բորբոքված նրան տանջում էր Ասլիի վիճակը․ արդեն խոսք տված օրը եկել անցել էր։ Այնքան տանջում էր նրան այդ միտքը, որ երբեմն խելագարի նման կատաղում, կռվում էր ինքն իրեն հետ, երբեմն ցնորածի նման անզգա ընկնում էր մսուրքի տակ և խորասուզվում մտքերի մեջ։ Ախորժակն անգամ կորցրել էր և որպես ողորմություն Մեդեդ բեգի հարճերի օրական մի անգամ ուղարկած թանապուրն անգամ երբեմն չէր կարողանում ուտել։ Թյարաքյամա անտարբեր ավազակները ցավում էին թշվառի վրա և որքան աշխատում էին մխիթարել, հնար չէր լինում։ Բանտարկվելուց արդեն ութ-տասն օր անցել էր, ո՛չ ոք չէր հարցրել, թե արդյոք ի՞նչ հանցանքի համար էր բանտարկվել և ոչ ոքի հայտնի էլ չէր, թե երբ է ինքն ազատվելու այդ գոմից։ Դատի, դատաստանի, մեղքը լսելու նրանցից ոչ ոք չէր արժանանալ։ Մեդեդ բեզին եթե մի որդի ծընվեր, կամ ինքը մի լավ երազ տեսներ, կամ Գյուրջիստանից մի գեղեցիկ աղջիկ փախցրած կույս նվեր բերին, կամ մի լավ տրամադրության մեջ լիներ, կմտներ և բանտարկյալներից մի քանիսին կազատեր իբր զոհաբերություն ալլահին իրեն հասած բարիքների փոխարեն, իսկ եթե զայրացած լիներ, կամ մի դժբախտություն պատահած, դուրս կհաներ մի քանիսին, լավ ծեծել կտար՝ ոտքերը փալախա դրած, մի քանիսին մահամերձ կարձակեր, մի քանիսին էլ Ղարսի բանտը կուղարկեր գործերը քննելու։

Այս ընթացքը ավելի ձեռնտու էր չարագործներին էլ, Մեդեդ բեգին էլ։ Եթե իսկույն դատաստանի հանձնեին, կարող էին դատապարտվել կախաղանի, գլխատության, երկար տարիների բանտարգելության և ուրիշ զանազան տանջանքների, այնինչ, մնալով բեգի ախոռում՝ նրանք ազատության հույսը չէին կորցնում։ Կանցներ ժամանակ, բեգը կմոռանար, բարկությունը կիջներ, և բանտարկյալների ազգականները, բարեկամները կհավաքվեին, մի գումար պատրաստելով պատգամավորություն կուղարկեին բեգի մոտ և կազատեին իրենց ազգականին այևայլ միջնորդների միջամտությամբ։

Բայց ո՞վ էր մտածելու Եղիկի համար, ո՞վ կգար նրա համար բեգից ազատություն խնդրելու. ո՞վ ուներ։ Մինչև անգամ եթե յուր գյուղի համբաները, նախկին հայ-թուրք տերերը իմանային նրա բռնված լինելը, մի պատգամավորություն կուղարկեին, Մեմեգ բեգին կկաշառեին և մի կերպ նրան կախել կտային։ Եղիկը քիչ հույս ուներ չարչի Միրզայի վրա. նա էլ ինչպե՞ս իմանար, որ Եղիկը բանտարկված էր, կամ թե նա էլ յուր ընտանիքը թողած կմտածե՞ր Եղիկի մասին։ Երկնքի և երկրի տակ իրեն օգնելու պատրաստ մարդ չէր գտնում, իրեն համար տանջվող և մտածող երկու անզոր արարած կային, որոնք երկուսն էլ յուր պաշտպանության կարոտ էին, իսկ իրեն օգնելու անկարող։ Այդ թշվառները մայրն ու նշանածն էին, որոնք առանց Եղիկի, ողբով ու կոծով գերեզման էին իջնելու, և միայն Եղիկը կարող էր նրանց փրկել, երջանկացնել։

Երբեք Եղիկի աչքի առաջից չէր հեռանում Ասլիի պատկերը. նրա հրացայտ աչքերը մարած, արյուն արտասուքով լեցված, գլուխը կախած, վշտի քողը դեմքը պատած կանգնած էր նրա մտապատկերներում։ Այնքան հափշտակվում էր, այնքան վրդովվում Եղիկը, որ կարծես լսում էր սիրեկանի անվերջ հառաչանքները, հեկեկանքները և ողբաձայն մանիներն ու երգերը։ Մռնչում էր այդպիսի րոպեներում վանդակում կապված առյուծի նման, զարկվում պատերին, քաշքշում էր շղթաները, փոքրիկ միակ աչքը չռելով շուռ էր տալիս շուրջը և սթափվելով, հուսահատ ընկնում դարձյալ սալահատակի վրա՝ անզգա և անշունչ։

Ծերունի բանտապետը և բեգի հարճերը, նրա սոսկալի տանջանքներր տեսնելով՝ ցավում էին նրա վրա և ամեն կերպ աշխատում էին մխիթարել, ծածուկ կերակուր էին բերում նրան, թուլացնում էին տանջանքները, և բանտապետը շատ անգամ գիշերները չէր շղթայում նրա ձեռքերն ու վիզը։

Ժ

Մի օր բավական տաքություն ուներ Եղիկը։ Բանտապետը ծածուկ բեգի Հարճերից մեկին ապսպրել էր հավի ջրով, բրնձով մի լավ ապուր եփել, որ Եղիկը ուտելով բավական կազդուրվել էր։ Երեկոյան մի կարպետ և մի կտոր թաղիք բերել, գցել էր նրա տակը և յուր քյավալով (ոչխարի մորթուց մուշտակ) ծածկել նրան, քրտնեցրել էր բարեսիրտ բանտապետը։ Այդ գիշերը նրա ձեռքերը և վիզը չէր շղթայել, միայն ոտքերի շղթայով էր թողել Եղիկին։ Ինքը՝ բանտապետը, մինչև կեսգիշեր հսկելուց հետո հոգնած, դադրած ընկել, քնել էր գոմի սյաքյուն (գոմի մեջ տախտակով կապած վերին հարկ)։

Եղիկը մեջ գիշերից հետո բավական կազդուրված լինելով վեր կացավ, նստեց անկողնում, չորս բոլորը քննեց, հազաց, խորխեց և բոլոր ընկերներին ու բանտապետին խոր քնի մեջ գտավ։ Նա մի քիչ մտածելուց հետո յուր ծրագիրը կազմեց։ Տասնևհինգ օրվա ընթացքում նա լավ էր ուսումնասիրե, Մեդեդ բեգի տունը։ Զգուշությամբ ձեռքերը, ոտքերը տարավ և սկսեց փորձել մի կերպ շղթաներից ազատվելու։ Նրա սրունքները շատ բարակ էին, ոտքերը մանր, դրա համար էլ որքան որ փոքր շղթաներ էին ջոկել նրա համար, դարձյալ լայն և ազատ լինելով, դարբնին կանչել փոքրացրել էին տվել, բայց դարբինը նորից ծակ չբանալու, այդ սոխրա (անվարձ) գործը գլխից մի կերպ ռադ անելու համար մի քանի մուրճի հարվածներով նեղացրել, բայց երկարացրել ու զարկել էր Եղիկի ոտքերը։ Բանտապետը՝ Եղիկի նիհար, վտիտ ու թույլ կազմվածքը աչքի առաջ ունենալով, բավականացել էր, վստահ լինելով, որ գյավուրը փախչելու փորձ երբեք չի անիր:

Եղիկը մի քանի անգամ սրունքների շղթայի երկաթե օղերը քաշելուց հետո բավական լայնացրեց և ձախ ոտքը լավ թքոտելուց հետո բավական չարչարվեց և դուրս հանեց։ Այս աշխատությունը նրան քրտնեցրեց, և նա ուժասպառ մի քիչ տարածվեց կազդուրվելու։ Բայց ուրախությունից նա այնքան ոգևորվել էր, որ էլ երկար չսպասեց, մի կերպ մյուսն էլ դուրս հանեց։ Բանտի դուռը ներսից-դրսից հաստ երկաթե կողպեքներով փակված էր. պահապանները, Մեդեդ բեգի դռան ծառաները շնից շատ էին, հույս չկար բակերից անցնելու. պետք էր շտապել անմիջապես ճանապարհ ընկնել։ Եղիկը յուր թևի ու ոտքերի շղթաները շալակած, ճանկռտելով պատից բարձրացավ և երդիկից դուրս եկավ։ Կտուրների վրայից մի քանի պտույտներ անելուց հետո ճանապարհ ընկավ դեպի ձորը։ Այդտեղ քարի տակ դրեց շղթաները, կոտրեց և կտորները ցրվեց, որպեսզի հետևյալ օրը ջրի եկող կանայք գտնեն, Մեդեդ բեգին համոզեն, որ Եղիկը շղթայակապ է բանտից փախել, որպեսզի ծերունի բանտապետին չնեղացնե։

Այդտեղից ճանապարհ ընկավ դեպի Ծբնի լեռների և կիրճերի ճանապարհով և չորս ժամվա ճանապարհը գնաց տասնևչորս ժամում։ Գիշերը ուշ ժամանակ մտավ գյուղը։ Չարչի Միրզան և կինը շատ ուրախացան նրան տեսնելով, բայց հարսին՝ Ասլիին, չբերելու իսկական պատճառը և Եղիկի գլուխ անցած արկածները չկարողացան իմանալ։ Եղիկը նրանց հարցերին վերջ տալու համար ինքն սկսեց հարցեր տալ.

− Հա՛ն, դո՞ւք ինչ արիք, ապրանքը լավ ծախվո՞ւմ է։

− Լավ, լավ, բայց…

− էլ բայցը ո՞րն է, ասա, ի՞նչ կա։

− Մատո քեհյեն մեզ նեղացուց…

− Ինչպե՞ս թե…

− Ասաց.− ի՞նչ անենք, թե Դանելը ձեզ քրեհով է տվել յուր տունը, քրեհել եք, նստե՛ք, բայց առուտուր անելու չեմ թույլ տալ… այստեղ առուտուր անելու համար ինձնից պիտի իրավունք ստանայիր։− Նրա դարդն այն է, որ ուզում էր իրեն մարագը տուն ու խանութ շինելով մեզ տալ։ Տեսա, որ ուզում է կապել խանութս և ինձ էլ Մեդեդ բեգի քով ուղարկել, երկար մտածեցի, վերջապես կնիկս մի լավ փիրուզ խզմա (քթի գիեդ) ուներ, որ չէր բանացնում, տվի ձեռքը և ուղարկեցի նրա կնոջ մոտ խնդիրքի։ Այդ փիրուզ խզման արժեր հիսուն ղուռուշ, վեր առավ, լեզուն քաշեց և իրիկունը մի քանի մարդով եկավ ութ−տասը ղուռուշի էլ առուտուր արավ, փողը չտվեց։ Չուզեցինք գլուխն ուտե, թույլ տա ազատ առուտուրը շարունակեմ։

− Լա՛վ, լա՛վ,− ասաց մտածելով Եղիկը և սկսեց ծոծրակն ու գլուխը քորել, քիչ լսելուց հետո ասաց,– ուրիշ արուտուրներդ…

− Փառք աստծո, լավ է, բայց…

− Էլի՞ բայց․․․

− Ապրանքս քիչ է, թե մի հազար ղուռուշի ապրանք ունենամ, ես էլ դարդ չեմ ունենալ․․․

− Կունենա՛ս, կունենա՛ս, դարդ մի՛ անիլ, ութ−տասն օր էլ սպասիր,− ասաց Եղիկը հուսադրելով։− Բայց ավելորդ չէ ապրանք ավելցնելդ, էգուց էլ Մատո քեհյեն կգա առանց վճարելու կտանի։

− Քու կյանքդ ողջ մնա, դու որ իմ գլխի վրա ես, էլ իմ ի՞նչս կպակսի։

− Ես գիշեր−ցերեկ քեզ վրա ղարտուլ խո չե՞մ կարող կանգնել․ ախր դու էլ տղամարդ ես, գլխիդ գդակ կա դրած, ինչի՞ ես թողնում, որ քոսոտ քեհյեն գլխիդ նստի, այսօր տասը ղուռուշի տանողը էգուց հարյուրի էլ կտանի։

− Այդ ոչինչ, մեկ գյոււղում հաստատվիմ, նրա տարածով չեմ քանդվի։ Աստված ողորմած է, էգուց մեկել օր նրան այնպիսի գնով ապրանք տամ, որ տարածից երեք անգամ ավելի վզին բեռ դառնամ։ Դավթարին իմ ձեռքս չէ՞։

− Դու գրե դավթարը․ աղքատը վիզը ծռած, ավճարացած ունեցած չունեցածը քեզ բերե պարտքից ազատվելու համար, բայց համբաների ու քեհյաների հետևից ման արի, խնդրի՛ր, աղաչի՛ր, որ քեզ փող տան։

− Մի վախենալ, ես նրանց չեմ թույլ տալ, որ փողս կուլ տան։ Մեկ էլ որ, աշխարհի կարգն է, ով որ զորեղ է, տկարին պիտի կուլ տա։ Դրանից պիտի քիչ շահենք, պարտվենք, որ մեր առաջը քար չդնեն։ Երեսանց որ ես ասում եմ՝ քեհյա ջան, ես քոնն եմ, ինչ որ ունիմ քոնն է, թե մի պատառ հաց էլ ուտում են իմ մանրը ու խոշոր, էդ էլ քու շնորհիվն է, մի՞թե մտքովս էդ եմ ասում։ Ի՜նչ անեմ, որպեսզի կաշիս ազատեմ, ես նրան կուլ չգնամ, քիչ շողոքորթում եմ, նա էլ ուռչում է տկի պես, թող ուռի, մի օր այնպես կողքը կծակեմ, որ իջնի գետնի հետ հավասարվի։ Միրզան իր բանը գիտե։

ԺԱ

Եղիկը նույն գիշերը հանգիստ չկարողացավ քնել։ Մտածում էր առավոտ վաղ գնալ սահմանը անցնել և Ասլիին փախցնել մի կերպ Ծբնի, բայց գյուղի քեհյեն, չկամ դրացիները, Շյորագյալի ղայմաղամ Մեդեդ բեգը, անապահով դրությունը, յուր հետքը փնտրողները նրան տատանման մեջ էին գցել. չէր իմանում ինչ ընթացք բռնի։ Թեև սրընթաց ֆարաշը փախել էր, բայց Եղիկի համար այդպիսի նժույգներ ձեռք բերելը դժվար չէր. Շիրակի ամեն մի մեծատան ախոռում այդպիսի քյոհլաններ կարելի էր գտնել, բայց նա հավատարիմ բարեկամ և չնախանձող ընկեր չուներ, որին հնարավոր լիներ կյանքը հավատալ։ Միրզայի շարժումները արտահայտում էր նրա հոգու ստորությունները և ամեն կեղտոտություն անելու ընդունակությունը, բայց չէր գտնում երկնքի տակ մի ուրիշ անձնավորություն, որ նրանից նվազ վնասակար լիներ իրեն համար։ Առանց մեկին փորձելու հիմարություն էր համարում անձնատուր լինելը։

Բայց ճանապարհորդությունը անհետաձգելի էր. մղդսի Կյուրեղը և Մուքեն կարող էին դեպքից օգտվել և Ասլիին տանջելուց ջոկ, իրենց ճիրանները գցել։

Թեև մտածում էր նախ մի կերպ Մատո քեհյից վրեժ առնել և նրան ստիպել, որ չհանդգնի Միրզայի շվաքովն անգամ անցնելու, բայց ժամանակը չէր։ Վերջապես երկար մտածելուց հետո որոշեց դուրս գալ Մեդեդ բեգի վիճակից։ Գիշերը վեր կացավ Միրզային ձայն տվեց.

— Աղբե՛ր, էգուց ելիր, գնա Քերս։ Ապրանքից մի մաս տա՛ր, տուն բռնե, կարգի դի՛ր, Մելոյին այնտեղ թող, հետո տունն էլ վերցրու տար։ Աշխատիր գեղի ամենից ուժեղ քեհյի տունը վարձել և տանտիրոջը շահել։ Եթե Ղազար քեհյի ջրաղացի քովը տուն բռնես ամենքից լավ է։ Ես երեք օրից հետո կգամ Քերս, կարելի է նշանածս էլ բերեմ։

— Լավ, բայց այստեղ տվածս քրեհը, քեհյի կուլ տվածնե՞րը։

— Ես նրա քթից կհանեմ, այդ քու բանը չէ։

− Լա՛վ, ինչպես որ կհրամայես։

Միրզան դիմադրելու ուժ չուներ. նա Եղիկի կամքին երբեք չէր հակառակվել։ Գիշերվանից սկսեց յուր պատրաստաթյունը։

− Դրանք թո՛ղ, վերջն էլ կարող ես կարգի դնել․ ձիդ թամբե՛, լավ թամբ զարկ,− ասաց Եղիկը հրամայական եղանակով,− ես կերթամ, Զոչու ճանապարհին կնստեմ, շուտ արի, հասի, թվանքը հետդ վեր առ. այնպես բռնե, որ մարդ չտեսնի։

Եղիկը կնոջ համար առած ոսկին և շորերը մի փոքր կապոց շինած, թևի տակը դրած գյուղից դուրս ելավ, ճանապարհ ընկավ։ Մի քանի րոպեից հետո Միրզան նրա ետևից հասավ։ Երկուսով ձին քշեցին դեպի Գյունե լեռան փեշերը, որտեղ արածում էր Մատո քեհյի մադյանների իլխին։ Եղիկը ձիուց իջավ և իլխիին մոտենալուց հետո սողալով մտավ նրանց մեջ։ Երկար սողալուց հետո լարը մի լավ ձիու վզովը գցեց, բռնեց ու շալակը թռչելով քշեց դեպի Միրզան։

− Շո՛ւտ ձիու թամբը քանդե և սանձը ինձ տուր,− ասաց Եղիկը։− Միրզան կատարեց, և անսանձ ու առանց թամբի յուր ձին նստած, վերադարձավ Ծբնի։ Եղիկը մտրակեց Մատո քեհյի իլխիից ջոկած ձին և արշալույսը չբացված մոտեցավ Անիի ավերակներին, որոնց կողքից ձին քշեց դեպի Տայլար և ձորն իջնելով Ախուրյանին մոտեցավ։ Այստեղ Մատո քեհյի իլխիից ընտրած ձին ցույց տվեց յուր շնորհքը․ նա կռվեց վարարած գետի հետ և քաջությամբ անցավ, թեև գետափից ջուր տանելու եկած կարմիրվանքցի կանայք հույսերը կտրած արդեն վայ տվին ղոչաղ ձիավորի տիրոջը։

Երբ անվնաս ափը դուրս եկավ օսմանցու սահմանից այդ քաջասիրտ տղեն, բարեսիրտ կանայք շուրջը հավաքվեցին․ ամենքն էլ սկսեցին նրան իրենց տուն հրավիրել։ Ամեն կին ուզում էր բախտ ունենալ ավելի շատ ժամանակ տեսնելու այդ առանց անձնագրի ղոչաղին, որին արիությունն ու բախտը օգնել էին բարի լուսին։ Ողջ օրը նրանց շրջանում անցկացրեց Եղիկը, ամեն տեսակ պատիվ արին նրան։ Կերուխումից հետո նա մի քանի ժամ էլ հանգստացավ և ետինքի ժամանակ ձին նստավ, ճանապարհ ընկավ դեպի հյուսիս, դեպի յուր տերը Ասլին, որը մագնիսի նման քաշում էր Եղիկի խելքը, միտքը, սիրտն ու հոգին։

Եղիկի՝ մղդսի Կյուրեղենց տանից ֆարաշը, զենքերն ու չորերը փախցրած առավոտը Ասլիին երազող դնդրոշ Մուքեն վաղ վեր կացավ, քանդեց ֆարաշի ոտքից բխովը, չվանի կաղը, շորերը հագավ, մտավ ախոռը խոտ տալու յուր նժույգին։ Ահագին խուրձը գրկած մոտեցավ Մուքեն՝ «ֆարաշ ջան, քյոհլանս» կրկնելով և մսուրքում զետեղելուց հետո երբ ձին չգտավ, մնաց ապշած։ Բխովու չվանը քաշեց և երբ նկատեց, որ ալ ձիու ոտքն էր զարկած, իսկույն կասկածեց և կանչեց․

— Մղդսի՛ ապեր, Մատո՛ ամի, Պետո՛ ամի, Սեթո՛, Համո՛, Կարո՛։

— Է՜յ, ի՞նչ է, ի՞նչ ես ղալմաղալ գցել, չես թողնում քնենք,— ասաց Սեթոն պառկած տեղից.—ի՞նչ ես դիվահարի նման մեջ գիշերին վեր կացել ու մարդու անուշ քունը հարամ սնում։

— Տո՛, տղա, ե՛լ, տո՛, ու՞ր է ֆարաշը։

— Ինչ ես հիմար-հիմար դուրս տալի…

— Մղդսի ապեր, քյոհլանս չկա…

Իսկույն թափվեցին, քրքրեցին, դռները բացին և նկատեցին ձիու քայլերի հետքերը։ Արշալույսը արդեն բացվել էր, ղալմաղալն ընկավ տունը, պառավները վեր կացան, հարսները շորերը հագնվեցան, ծծկեր երեխաների ձայնն ընկավ, կովերն սկսեցին բառաչել, հորթերն արձագանք տվին իրենց վայրերին, նախրչիները թափվեցան, և աղմուկը սկսեց սաստկանալ։

— Տո՛, տղա՛, վազեցե՛ք, այս իզով գնացեք,— գոռում էր մղդսի Կյուրեղը, ցույց տալով ձիու սմբակի տեղերը յուր եղբայրներին և որդիներին…

— Աղջի Սանդո, աբես բե՛ր,— գոռում էր Մատո ամին յուր կնոջը։

− Տո՛, տղա է Պետո, չարըխներդ հագի՛ր, այնպե՛ս գնա,− գոռում էր պառավ տատը յուր փոքր որդուն։

− Հավա՜ր, հասե՜ք, է՛ս կողմն արեք,− գոռում, կանչում էին ամեն կողմից, և այդ ձայնը միախառնվելով անթիվ անասունների բառաչների, մայողների, կտկտոցների և խրխինջների հետ, կազմում էր մի գյուղական մուզիկա, որը սովորական է ամեն գյուղերում, մանավանդ գարնան սկզբներին, յայլա գնալուց առաջ։ Ձայները քանի գնում հեռանում էին, ավելի նվազում և քաղցր տպավորություն թողնում։ Նախիրները գյուղից բավական հեռացել էին, և Եղիկի ետևից գնացողների ձայնը էլ չէր լսվում։

Գյուղում խոսելու նյութ դարձավ. ամենքը իրար տեսնելիս գողության մասին էին խոսում և ամեն մարդ հետաքրքրությամբ սպասում էր գնացողների վերադարձին։ Կանայք հետզհետե մտնում էին մղդսի Կյուրեղենց տունը՝ մխիթարելու մտքով, նոր−նոր հարցեր տալով նրանց սիրտը ավելի վրդովում էին և գողցված իրերի պատմությունը լսելով, դուրս էին գալիս և հազար ու մի վրադիրով իրար պատմում։ Կովերը կթող հարս−աղջիկները կաթ փռելու համար մարագ գնալիս ու դառնալիս իրար հարցնում էին իրերի դրությունը և հազար ու մի ծաղրալի ածականներով կնքում Մուքեին։ Ուրիշները քթոցով շալակած ախոռի աղբը թափելիս, գոմերի թրիքը թխելու համար դուրս կրելիս հեգնական հայացքներով իրենց սիրելիներին կամ մտքում ունեցած ջահիլներին զգալ էին տալիս ամոթալի արկածը, մանիներով հազար ու մի նախատինք էին թափում անկար մարդու գլխին և վայ տալիս տիրոջը։

− Վա՜յ, ֆողը գլխուդ, մարդու ոտքից քնած տեղը ձիու կապը քանդեն ու չիմանա՜,− ասում էր մի կին յուր հարևանին։

− էդ ես ասում,− վրա էր բերում մի ուրիշը,− հագի ղանավուզ արխալուղը հանին տանեն, նա մեռելի պես տեր չյինի՞։

− Զաթի (արդեն) դնդրշկածի մեկն է, էն ինչ տղամարդ է որ,− ասում էր մեկ ուրիշ կին:

— Մղդսի Կյուրեղի տղեն է. հոր մալը շատ է ու տղի պակասությունները ծածկում է… Դուք ձեր դարդը քաշեցեք,— ասում էր մի ուրիշը,— էգուց կերթա Գյումրի, նոր շորեր կարել կտա, նոր ձի կառնե… նրանից ի՞նչ կպակսի։

Մինչև կեսօր ընկան սարից-սար, քարից-քար, վերջապես հետքը գտան, հասկացան, որ Եղիկն էր կատարել այդ ավազակությունը, որն անցկացել էր և սահմանը։

Տխրությունը պատեց մղդսի Կյուրեղին, այս անպատվությունը և կորուստը նրա սիրտը այնպես խոր խոցեց, որ նա քիչ էր մնում գժվի։ Իսկույն ձին նստավ, գրպանը լցրեց արծաթ մանեթներով և բաջաղլի ոսկիներով ու ճանապարհ ընկավ դեպի Գյումրի՝ մովրովի դուռը, իսկ Մուքեն մի քանի ձիավորով ընկավ սարեսար, անցավ սահմանը։

Գյումրի նստած մովրովը մղդսի Կյուրեղի համար հարկ եղած թղթերը գրեց, ուղարկեց Երևան, այնտեղից էլ ուղարկեցին Թիֆլիս, որպեսզի կարգադրություն անեն, էրզրումի կոնսուլին իմացնեն, որպեսզի Ղարս գրեն և գողը փնտրել տան։ Մովրովի գրասենյակի գրագիրները և թարգմանները էգուց կգան, մյուս օր կգա քու թղթերի պատասխանը,—ասում էին մղդսի Կյուրեղին և բերած փայլուն բաջաղլիները և ցոլուն մանեթները մեկ-մեկ կուլ տալիս։ Խեղճ մարդ, լեզու չէր հասկանում, որ անձամբ գլխավորից կտրական պատասխան ստանար, գնար յուր գյուղը, իսկ գրասենյակի դռան քաղցած սպասավորները, десяток-ուց սկսած մինչև սեկրետարը թեթևացնում էին մղդսի Կյուրեղի գրպանը։

— Աղբե՛ր, ես խո ձիու և հինգ-տասը կովի դարդը չեմ, աստված տվել, չէ խնայել, էլի տեղը կա, էլի կարող եմ ավելացնել, բայց ինձ սպանում է այս արարքը, այն քնձռոտ Եղիկը, որ փչես կգլորի, մեկ զարկես ոսկորները կփշրի, նա իմ տնից ու դռնից մալ փախցնե՜։ Այս տարածը ոչինչ, ապա թե որ գործի պոչը բաց թողնես, էգուց էլի նույն խաղը պիտի խաղա իմ գլխին։

— Մի՛ վախենալ, մղդսի ամի, մովրովը այնպես թուղթ է գրել, որ Ղարսի փաշան սատանի ծակից էլ գտնել կտա ու կուղարկի քու մալն էլ, քու գողն էլ։ Երբ ձեռքերս անցնի Եղիկը, այն ժամանակ դու տես ինչ դատաստան անել կտա պստի դիլբանդը նրա գլխուն։ Դու այսօր ինձ մի բաջաղլու տուր, մեկ անգամ նշանածիս ուրախացնեմ, քեզ ուրախացնելը՝ այս իմ վզիս պարտքը։


ԺԳ

Մուքեն երեք-չորս օր ման եկավ Շիրակում, իրենց ծանոթ բոլոր գյուղերը ամեն տեղի անցքերը հարցուփորձ արավ, լսեց և հուսահատ ետ դարձավ։ Ճանապարհին նա մտածում էր, թե ի՞նչ ասե գյուղում յուր ընկերներին, եթե իրեն ծաղրածության առարկա դարձնեն։ Վերջապես գլխիկոր ձին առաջ էր քշում մոլորածի պես և չէր իմանում ինչ ընթացք բռնել։ Որպեսզի դատարկաձեռն ետ դառնալը չնկատեն գյուղացիք և չծաղրեն նրա անկարողությունը, նա իրիկվան դեմ մտավ թուրքի Ղարաքիլիսա և իջավ իրենց ծանոթ և պարտական մեշադի Մահմեդ Ալու տունը։ Մինչև կեսգիշեր նա խոսում էր նրանց հետ այդ օրերը պատահած արկածների մասին, իսկ նրանք գովում էին այն ճարպիկ երիտասարդներին, որոնք կարողանում էին հեռվից գնալ և գողանալ ընտիր նժույգներ, ուժեղ եզներ, կաթնասուն կովեր և այլն։ Գյուղացիք առանց քաշվելու և առանց ուշադրություն դարձնելու մեշադի Մահմեդ Ալու զայրացկոտ ունքերին ու մռութներին՝ գովում էին Եղիկի քաջասրտությունը, որը կարողացել էր ֆարաշը փախցնել։

Մեջգիշերին Մուքեն զինվեցավ, ձին նստավ և դիմեց իրենց գյուղը․ ճանապարհին մինչև Արփաչայի ափը նրան ընկերացավ մեշադի Մահմեդ Ալու կրտսեր որդին՝ Հասանը։ Արփաչայը անցնելուց հետո շնորհակալություն տվեց, և Հասանը վերադարձավ։ Դեռ շատ չէր հեռացած Արփաչայից, Մուքեն լսեց մի ձիու արագընթաց քայլերի ձայնը, որը Արփաչայի մեջ կանգնեց ջուր խմելու։ Մուքեն կարծեց, որ ղաչախչի թարաքամ է, զգուշանալու համար ճանապարհից դուրս եկավ և կազակների մարգերի գլուխը մի թումբի ետևն անցավ։ Քիչ հետո ձին անցավ ջուրը և արագ քայլերով ճանապարհն ուղղեց դեպի Ղարաքիլիսա։ Թեև գիշերը մութն էր, ամպապատ, ոչինչ չէր կարելի տեսնել, բայց Մուքեն նրա քայլերի ձայնից հասկացավ, որ ձին բեռնավորված չէր։ Գուցե, մտածեց, իրեն էին հետևում, գուցե Եղիկն էր, գուցե… Այնքան մտատանջության մեջ ընկավ, որ երկյուղից չէր համարձակվում հետևել։ Վերջապես սիրտ առավ, մտածելով, որ իրենց գյուղի սահմանումն էր գտնվում և նստած ձին իրեն ամեն դեպքում կարող էր օգնել, առաջ գնալ։ Ձին ուղղվեց գյուղ և գնաց կանգնեց մղդսի Կյուրեղենց դռան առաջ։ Այնտեղ հասավ Մուքեն էլ և ֆարաշը առանց թամբքի, կտրտած սանձով, արյուն-քրտինքի մեջ կորած գտնելով՝ ապշած մնաց։ Բայց իսկույն ուրախությամբ լցվեցավ և սիրտը հրճվանքով զեղված, դուռը սկսեց արագ-արագ բախել։ Գյուղի շները ամեն կողմից հաչոցը գցել էին և նրանց որոտման ձայնը զարթեցրել էր շատերին։ Պետո ամին ճրագը ձեռքը դուրս եկավ և Մուքեի ձայնը լսելուց հետո դուռը բացեց։ Դուռ-դրացի իսկույն թափվեցին և ամեն կողմից հարցնում էին Մուքեից, թե ինչպես կարողացավ ֆարաշը ետ բերել։ Մուքեն առիթից օգուտ քաղեց և հավատացրեց, որ Եղիկին պատահել էր մթանը, Քյուրակ-դարայում սպանել, ձին առել ու վերադարձել։

Թեև շատերը չէին հավատում ստախոս ու դնդրոշ Մուքեին, բայց ֆարաշի ներկայությունը մասամբ ստիպում էր հավատալու նրա խոսքերին։

— Ախպեր,— ասում էր մեկը,— թե ես Եղիկին գիտեմ, նա հոգին բերանը դրան ձի չէր տալ։

— Տո՛, ախպե՛ր,— ասում էր մի ուրիշը,— դա ի՞նչ թվանք գցող է, որ Եղիկին զարկեր, վար գցեր ու ձին ձեռքից խլեր:

— Ախպե՛ր, թե ես ճանաչում եմ Եղիկին, դա նրա գյուլի առաջից գլուխը պրծցնողը չէր, բայց մի բան կա…

— Տնաշեններ,— ասում էր մի ուրիշը,— գնանք քնենք, վախենաք էգուց էսօր բանը չպարզվի՞։ Ստի մենզիլը (տարածություն, երկայնություն) կարճ է, շուտ կհայտնվի։

Եղիկի արարքը շատերին ուրախացրել էր ներքուստ։ Վերջապես մղդսի Կյուրեղին վնասված տեսել էին, իսկ այս դեպքը շատ դուր չեկավ։

Մուքեի մայրը առաջ եկավ, յուր ղոչաղ որդու ճակատը պաչեց։ Ներս տարին, ձիերին հանգստացրին, խոտ, գարի տվին, և մինչև լույս հանգստություն չտվին տանեցիք և բարեկամները Մուքեին։ Օրվա կեղծ հերոսն էր և ամենքը ուզում էին արկածի պատմության հետ իսկությամբ ծանոթանալ։

Լուրը հասավ Ասլիին։ Նրա մեծ եղբայրը լսել և տուն դարձել, պատմում էր հորը Մուքեի արկածը։ Ասլին, որ գյուղում պատահած աղաղակներից զարթնել էր, էլ չէր քնել, եղբոր տուն վերադառնալուց հետո ծածուկ մոտեցել էր լսելու հոր և եղբոր խոսակցությունը։ Եղիկի մահվան պատմությանը թեև նա չհավատաց, բայց տխրությամբ լցված գնաց պառկեց և սկսեց անկողնի մեջ անձայն լալ և աղի արտասուքով բարձը թրջել։ Նախազգում էր, որ յուր սիրելուն վտանգ էր սպառնում և այդ վտանգի առաջն առնելու ճար չուներ։ Հորը հաղթելը հեշտ էր, բայց մեծ եղբայրն ավելի զորավոր էր, ավելի ազդեցություն կարող էր բանեցնել հոր վրա և մտադրությունը գլուխ բերել։ Գալո քեհյեն թեև չէր համոզվում որդու խոսքերով, բայց չէր էլ հերքում նրա ասածները։

Այնքան անկողնում լաց էր եղել, այնքան հեկեկացել էր և այնքան տանջվել, որ թմրել, քնել, մնացել էր։ Արշալույսին, երբ նրա ընկերները բանի-գործի էին, երբ նրան փնտրում էին ոչխար կթողները, մայրը մտավ քիլայը և նրան քնած գտավ։ Քնած տեղը անդադար նա տնքում էր և հառաչում։ Թշվառ մայրը զգաց, որ մի ցավ ուներ աղջիկը, նրան չզարթեցրեց և հարսներին ու թոռներին հրամայեց նրա պարտականությունները կատարել։ Տրտնջում էին հարսները սկեսուրի դատաստանի վրա, հայացքներով իրենց դժգոհությունը հայտնում էին ամուսիններին, որոնք թեև անտեղյակ գործից, հայհոյում էին իրենց կանանց։

Երբ ամեն մարդ յուր բանի-գործին էր, պառավն էլ թոնդիրը վառել, պղնձով ջուրը դրել, խմորի տաշտը մոտեցրել էր օրական հացը թխելու համար, մինչև թոնդրի իջնելը, հարսի գալը, գրդնակն սկսելը, կրկին մտավ աղջկա մոտ և բռնելով նրա դաստակը, ասաց․

— Ասլի ջան, աղջիկս, ի՞նչ ունես, վե՛ր կաց։

Ասլին իսկույն թռավ, ելավ հագավ․ «Բան չկա, մայրիկ» ասելով գնաց յուր գործին։ Բայց մայրը նրա գունատ դեմքը նկատած լինելով, թեև գնաց հացը թխելու, միայն անվերջ մտածում էր Ասլիի վրա։


ԺԴ


Մղդսի Կյուրեղը Մուքեին ֆարաշի հետ դառնալու խաբարը առնելուն պես արդեն զզված լինելով գրագիրների ձեռքից, վերադարձավ գյուղ։ Աչքի լույսի եկան ամեն կողմից, և Գալո քեհյեն էլ շտապեց ուրախակցություն հայտնելու։ Մղդսի Կյուրեղը վերադարձին հետը մի տկճոր քիշմիշի արաղ էր բերել. եկող գնացողին շահեց, պատվեց, անխնա խմում էին հյուրերը։ Ուրախությունն ու խմիչքը հարբեցրել էր մղդսի Կյուրեղին, և նա արտահայտում էր ամեն թասին յուր անչափ ուրախությունը։

— Այս թասն էլ, Գալո քեհյա ջա՛ն, քու ազիզ աղբերության կենացը, քեզ պես դրկից, քեզ պես բարեկամ և տանս լավը կամեցող չունիմ այս գյուղում։ Քեզ համար դրած է այս օջախը, ես չեմ տանտերը, դու ես, քեհյա ջա՛ն, հրամայե՛, թող հրամանը կատարվի։ Բայց չէ, ես կհրամայեմ, այսօր իմ ուրախությունը մեծ է․ ձեր շնորհիվ, ձեզ պես բարեկամների կամեցողությամբ իմ կորուստը վերադարձավ։ Ֆարաշը քեզ փեշքյաշ, Պետո, տար քյոհլանը կապե քեհյենց ախոռը, մի ձին ի՞նչ է որ, ես խո ձիու դարդը չէի, ես ձախորդության դարդն էի, էն էլ, փառք աստուծո, դեպի բարին փոխվեց։ Պետոք, Մատո, մի ոչխար մորթե, մատաղ արա, մենք էլ կուտենք. թե՛զ, դանակդ սրե՛։

— Մղդսի ապա՛ր, ֆարաշը ես տանեմ քեհյենց տունը,— ասաց Մուքեն կակազելով։

— Հա՛, որդի, տա՛ր, դու տա՛ր, քու ձեռքով փեշքյաշ արա քու ախպերացուին, ախոռը կապիր ու արի։

— Չէ ախպե՛ր, չէ՛, շնորհակալ եմ, ձին տիրոջը փեշքյաշ։ Թող Մուքայելը բարով վայելե, մուրազն առնե, տունը աչքի առաջ պահե, որ միշտ հիշե, որ տան դուշմանի հախից ինչպես պետք է գալ։

— Մի՛ խոսիլ, Գալո քեհյա, կցավիմ, մի՛ դեմ կենալ, բաշխածը բաշխած է, վերջացած է, տար, որդի, տար կապի՛ր։

— Մուքո, մի՛ տանիլ, ախպեր, տե՛ղը կապիր, դու ինձ լսիր, հայրդ ինձ բաշխեց, ես էլ քեզ եմ բաշխում,— ասաց մոտենալով Գալո քեհյան։

— Տա՛ր, ասում եմ քեզ,— ձայնը ավելի բարձրացնելով մոտեցավ մղդսի Կյուրեղը,— տա՛ր կապիր, ետ արի։

— Ախպեր ջան, ինչի ես ամաչացնում Մուքեյին, դու տեղը կապիր, դու ինձ լսիր,— ասաց ու քաշեց, գրկելով ներս տարավ մղդսի Կյուրեղին Գալո քեհյեն։

Մուքեն, երևակայական հաղթությունից հետո, ուզում էր մտնել Գալո քեհյենց տունը, Ասլիի աչքին երևնալու, նրա ուշքը գրավելու հույսով, բայց հանգամանքը չնպաստեց, ցանկությունը անկատար փորը մնաց։

Մղդսի Բյուրեղը քիշմիշի արաղով հետզհետե տաքացրեց գյուղի բոլոր քեհյաների գլուխները, մատաղները եփվեցան, խորոված, խաշած բաժանեցին, մինչև իրիկուն քեֆ արին։ Մղդսին Գալո քեհյին աջ կողմը նստեցրած, ամեն մի լավ պատառը կիսում էր նրա հետ և ամեն մի թասին մի-մի խոսք էր գցում, նրա հետ ժառանգական բարեկամությամբ կապված լինելու ցանկությունը արտահայտելով։ Գալո քեհյեն հասկանում էր նրա մտադրությունը, բայց փախչելու, ազատվելու հույս չուներ։ Սեղանից հետո, երբ արդեն հավաքել էին ամեն բան, մղդսի Կյուրեղը ասաց,

— Ախպրտա՛նք, ես ուզում եմ քեֆը առաջ տանել, մինչև իրիկուն մեր տանը քեֆ արինք։ Արեք այստեղից էլ գիշերս երթանք ախպորս՝ Գալո քեհյրի տունը, շարունակենք մեր ուրախությունը։

— Երթա՚նք, երթա՛նք,— ձայն տվին ամեն կողմից։

— Արա՛ղ, ախպեր, դեռ մեր տկճորը կիսատած չի լինիլ, չորս օր էլ որ խմենք, չի պարպիլ, հինգ վեդրո բան է. քաղաք մարդ ուղարկելուց ավելի լավ է մենք շալակենք տկճորը, հետներս տանենք։ Գիտեմ թե, Գալո քեհյա ջան, մեր մեջ իմ ու քու չպիտի լինի․ քյոհլանս չընդունեցիր, արաղս պիտի ընդունես…

— Կընդունի՛, կընդունի՛,— աղաղակում էին ամեն կողմից։

— Տղերք, մաշալեքը վառեցեք։

Քսանի չափ միջահասակ և հասակավոր համբաներ՝ շրջապատած մղդսի Կյուրեղին և Գալո քեհյին, դիմեցին վերջինիս տունը։ Նրանց առաջից և կողքերից չորս-հինգ մաշալլաներ, վառած, երեխեքը տանում էին։ Արդեն մի երկու ճարպիկ տղա վազել, ժամանակին հյուրերի գալուստը իմացրել էին քեհյի մեծ որդուն՝ Թոմասին։ Երբ մոտեցան անկոչ հյուրերը քեհյենց դռանը, Թոմասը հրամայեց մորթել մի գեր ոչխար։ Նրա առատասրտությունը գովեց մղդսի Կյուրեղը և եղբոր՝ Պետոյի, ականջին ասաց, որ գնա ֆարաշը Մուքեի հետ ուղարկե քեհյենց տունը։ Սա մի կաշառք էր, որ տալիս էր մղդսին Թոմասին, գիտենալով, որ նրա կամքից կախված էր ամեն բան։

Օդան նստած, ուրախությունները շարունակած միջոցին Թոմասի ու Մուքեի վեճի ձայնը հասավ Գալո քեհյի և մղդսի Կյուրեղի ականջը։ Գալո քեհյեն երբ ուզում էր դուրս գնալ, մղդսի Կյուրեղը նրա թևից բռնեց ու նստեցրեց քովը ասելով.

— Ախպե՛ր, նստի՛ր, քեզ ի՞նչ։

Այս միջոցին ներս մտավ մի երեխա և քեհյի ականջին մի քանի խոսք ասաց։

— Ախր, ինչի՞ այդպես բան եք անում, մղդսի, ֆարաշն ինչի՞ են բերել։

— Այդ քու գործը չէ, ես բաշխել եմ Թոմասին։

Ճարահատյալ Թոմասը ախոռը կապեց քյոհլանը և եկավ շնորհակալությունը հայտնեց։ Հետզհետե հրավիրյալները շատանում էին։ Այդ միջոցին Կարնի գաղթական աղաներից և սարրաֆներից մի քանիսը ապրում էին Ղարաքիլիսա։ Գյումրին քաղաք դեռ չէր դարձած․ նրանց էլ հրավիրեցին։ Սրանց հետ եկան սազանդարները, որոնք իրենց երգերով և նվագածությամբ ավելի բորբոքեցին այդ ուրախությունը։

Այս միջոցին ուրախության լրումը պահանջեց մղդսի Կյուրեղը. նա խնդրեց Գալո քեհյի աղջկա ձեռքը յուր որդու Մուքեի, համար։ Երկար ձևական խնդրվածքներից հետո համոզեցին հորը և Ասլիին նշանեցին Մուքեի հետ։ Տեր Մլեն, որ սեղանակիցների թվումն էր, նշանը օրհնեց, և հանդիսականների հետ մինչև լույս շարունակեցին ուրախությունը։

ԺԵ

Ասլին նշանդրեքից հետո սկսեց օրեցօր մաշվել։ Նա քանի որ Եղիկին հիշում էր, աչքերը մթնում էին, կրակ էին կտրում և անընդհատ հառաչանքներով աշխատում էր մի կերպ սիրտը հովացնել։ Բայց զուր, ոչ մի րոպե ցերեկը Եղիկի պատկերը չէր հեռանում նրա մտապատկերներից և ո՛չ քնած ժամանակը երազից։ Հերիքնազը՝ պառավ մայրը, տեսնում էր աղջկա մաշվելը, բայց անճարացած էր՝ ոչ մարդուն կրնար խոսք հասկացնել, ոչ էլ տղին։

— Ա՜յ կնիկ, ի՞նչ ես ասում, ինչ, ուզում ես, որ գդակս վար դնե՞մ, թքածս լիզե՞մ, ասեմ կնիկս համաձայն չէ։ «Աղջիկս մղդսի Կյուրեղի տղին չի՛ առնում», ասում էր ամեն անգամ Գալո քեհյեն, երբ Հերիքնազը մի կերպ բացատրում էր աղջկա վիճակը։ Ի՞նչ է, ուզում ես, որ ողջ Շյորագյալում ծամոն դառնամ, ամենքը թքեն իմ երեսին, որ այդպիսի անկոտրում աղջիկ եմ մեծացրել, իմ օջախի անունը հողի հետ հավասարեցնեմ, աշխարհ խոսի, թե՝ հերը տվեց, աղջիկը չառա՞վ։

Հերիքնազը լռում էր և ուրիշ պատասխան չէր գտնում, միայն ասում էր միշտ, առանց պատասխանը լսելու.

—Քեզ ո՜վ ասաց այդքան շուտ իմ աղջիկը նշանել։

Գալո քեհյեն ավելի խոսակցության չբռնվելու համար երեսը առնում փախչում էր, բայց իսկապես նրա սրտովն էլ չէր Մուքեի նման փեսա ունենալը. նամանավանդ, որ նա էլ շատ բարեսիրտ մարդ էր, աղջկան այդ դրությամբ նկատելիս սիրտը կտրտվում էր։ Բայց որ խոստացել էր այն համբաների, կարնեցի աղաների և քահանայի ներկայությամբ, խո չէ՞ր կարող խոստումը ետ առնել։

—Աղջի՛կս,— ասում էր Հերիքնազը շատ անգամ գաղտնի, նրա արտասվելը նկատելով,— լացով մեռելը կառողջանա՞, մեռելի ետևից կընկնեն, կմեռնեն։ Խելքի արի, քու հայրդ, քու եղբայրդ, ես, մի թե քու գեշը կուզենք։ Մոռացի՛ր ամեն բան և ծնողներիդ օրհնանքը ստացիր։

Ասլին լռում էր և մի կերպ երեսը պահում մորը չպատասխանելու համար։ Ոայց յուրաքանչյուր անցած օրը նրա իրանից մի-մի շապիկ հաստություն տանում էր, գույնը թառամում, երեսը թոշնում, աչքերը կարմրում ու կծկվում, նվազում էին։ Որպես նշանված աղջիկ, տանից էլ քիչ էր դուրս գալիս, որով ավելի գույնը սկսեց դեղնել և այտերի վարդագույնը թափվել։ Նրա բարձր հասակը, երկար վիզը, առույգ կազմվածքը, խրոխտ հայացքը, սև ու հրացայտ աչքերը, սաթի նման մինչև ծնկները հասնող մաղերն էլ այն գրավիչ տպավորությունը չէին թողնում, էլ ամեն րոպե չէր լսվում նրա քաղցր ձայնը, յուր ճկուն և ոլորուն ելևէջներով. նրա յայլիներով էլ չէին պարում գյուղի հարս ու աղջիկները, նա միայն առանձնության մեջ վիճակն էր ողբում աղիողորմ մանիներով, որոնց հազարը միանգամից իրար ետևից շարում, ասում էր, հառաչում, հեկեկում և վայր ընկնում մեռելի նման անձայն, անզգա։

Թեև լաց էր լինում, թեև սգում էր, բայց Ասլիի հավատալը չէր գալիս, որ եղիկը մեռած լինի, որ յուր առյուծասիրտ և այնքան արագաշարժ Եղիկը գնդրշկած Մուքեի գնդակից մեռած լինի։ Այդ հույսը նրան քաջալերում էր ապրելու, մի օր Եղիկին կրկին հասնելու տենչանքով։ Եկավ վերջապես որոշված շաբաթ գիշերը, հասավ որոշված ժամը, բայց Եղիկը չեկավ, չեկավ, թեև մինչև լույս անքուն և անհանգիստ, սրտատրոփ սպասեց նրան Ասլին։ Այս թեև բավական մեծ հարված էր, բայց նա խոստացել էր շաբաթ կամ կիրակի գիշեր գալ, հետևապես սպասեց և հետևյալ գիչորը։ Իսկ Եղիկը, ինչպես տեսավ ընթերցողը, այդ պայմանավորյալ գիշերը անցկացրեց Մեդեդ բեգի ախոռում շղթայակապ, հառաչանքներով, այնպես, ինչպես նրան սպասողը։

Իսկ այդ գիշերն էլ անցկացնելուց հետո Ասլիին տիրեց մի տեսակ հուսահատություն․ նա եզրակացնում էր, որ Եղիկը կամ մեռած էր կամ մի փորձանքի մեջ, որ չվերադարձավ խոստացյալ ժամանակին։ Երկու դեպքն էլ մահացու էր Ասլիի համար, որովհետև եթե մեռած էր, իրեն էլ ի՞նչ հարկավոր էր կյանքը, մի՞թե Եղիկի թշնամուն, նրան սպանող կարծվածին գգվելու, գուրգուրելու և հաճոյանալու համար։ Եթե փորձանքումն էր, շուտով դարձյալ մեռնելու էր, որովհետև ո՞վ պիտի օգներ նրա նման թշվառ և անտեր մարդուն, ո՞վ պիտի պաշտպաներ, ո՞վ պիտի փրկեր։

Այս մտքերը նրան սկսեցին օրեցօր սաստիկ մաշել՝ նա մահվան դիմողի նման աշխատում էր ավելի շատ ժամանակ անցկացնել այն սիրելի վայրերում, որտեղ երկար ժամանակ էր անկացրել յուր սիրեկանի հետ․ ավելի շատ մնալ այն քիլարում, որը եղել էր նրանց առանձնարանը, որպեսզի մեռնելուց առաջ մի կարոտն առնի, հագենա և այնպես գնա, մտնի սև հող։ Գալո քեհյենց քիլարը դարձել էր նրան ննջարան, առանձնարան, ամեն բան։ Թեև անկողնում չէր, թեև ֆիզիկապես ցավ չուներ Ասլին, բայց հոգով տկար էր, սրտով, մտքով հիվանդ։ Դարերից ավելի երկարացավ այդ քսան օրը Ասլիի համար․ այդ օրերում շղթայակապ բանտարկյալ Եղիկը ավելի երջանիկ էր, քան թե Ասլին արդեն սկսում էր կասկածել, որ էլ հավիտյան վերադառնալու չէր յուր Եղիկը։ Երազներով էր միայն մխիթարվում, որոնք միշտ իրեն խաբում էին։

Վերջապես, մի գիշեր լուսամուտի տախտակի բացվելը նկատեց Ասլին, ճչաց, բայց կարծում էր դարձյալ երազ է։ Վայրկենական արագությամբ իջավ Եղիկը, գրկեց նրան, բայց նա ուրախությունից ուշագնաց մնաց նրա կրծքի վրա։

ԺԶ

Մինչդեռ մութ քիլարում Եղիկը աշխատում էր մի կերպ սթափեցնել Ասլիին, պառավ Հերիքնազը, որ աղջկա այս տանջանքների շրջանում քունը բոլորովին կորցրել էր, խարխափելով ներս մտավ։ Թեև Եղիկի համար այդտեղ մթնումը, երրորդ անձի ներս մտնելը կյանքի և մահու խնդիր էր, բայց նա իրեն անձը մոռացած՝ գոռաց.

— Մի թաս սառը ջուր բեր։

Պառավը ցնորածի նման ետ վազեց, խոհանոցի միջով անցնելիս այնքան ուշքը գլխին չէր, որ կոխելով անցավ հատակի վրա պառկած երեխաների վրայով, որոնցից մանրները ցավից զարթնեցին և սկսեցին բարձր ձայնով լալ։ Երեխաների ձայնը զարթեցրեց նրանց ծնողներին, որոնք հետաքրքրվեցան լացի պատճառն իմանալու։ Պառավը մի կերպ ջուրը հասցրեց Եղիկին, առանց բացատրություն տալու որդիներին և հարսներին։ Քայց Թոմասի կնիկը երեխաներին քնեցնելու պատրվակով վեր կացավ, որոնց դեռ չհանգստա ցրած մոտեցավ քիլարի դռանը, լրտեսելու սկեսրոջ և տալի արարքը։ Քիչ հետո մարդուն էլ կանչեց։

Պառավը, առանց իմանալու, թե ո՞վ էր աղջկա մոտ եկողը, մթնումը կատարում էր նրա բոլոր հրամանները, նա օգնում էր աղջկան և չէր կարող երևակայել անգամ, որ երդիկից մտած մարդ կար քիլարում։ Ասլին վերջապես սթափվեցավ և, առանց գիտենալու մոր ներկայությունը՝ կակազեց.

— Եղի՛կ, դո՞ւ ես, խո երազում չե՞մ…

— Ո՛չ, ո՛չ, տե՛ս, ջուրը թրջեց քոլ շորերը. լսու՞մ ես իմ ձայնը։ Ասլին երազներով այնքան խաբվել էր այդ օրերը, որ համոզվելու համար զգուշությամբ շփեց Եղիկի վիգը, գլուխը և երեսը։ Հերիքնազը լուռ, ապշած, շվարած մնաց ել էր, չէր իմանում ինչ անել։

— Եղի՛կ, տա՛ր ինձ, Եղի՛կ, ազատի՛ր ինձ,— ասաց հառաչելով Ասլին,— այս անխիղճներն ուզում են ինձ քեզանից խլել, դնդրշկածի ճանկը գցել։ Եղի՛կ, փրկիր ինձ…

Եղիկի անընդհատ կրկնությունը սթափեցրեց պառավին, որը մոտեցավ, գրկեց աղջկան, մի կողմ քաշելով ասաց.

— Տո՛, տղա, տո՛, շան տղա, դուրս ելի՛ր, կորի՛ր, գնա իմ դռնից, թե չէ քեզ կտոր-կտոր կանեն իմ տղերքը։

— Քալա ջա՛ն, թող քու տղերքը ինձ կտոր–կտոր անեն,— ասաց Եղիկը, — քու տղերքը ինձ մորթեն, քերթեն, ետև իրենց քույրը մուրազի ձեռքից խլեն, տան դնդրոշկած Մուքեին։

— Ձենդ կտրե, նա իմ փեսեն է, դուրս կորի՛ր, հիմի կկանչեմ Թոմասիս ու Բարսեղիս, լեշդ փռել կտամ, դո՛ւրս կորիր, — ասաց, դուրս գալով, տանելով գրկում նվաղած աղջկան։

— Գո՛ղ ավազակի տղա՛, տղե՚րք, ելե՛ք, Բարսե՚ղ, Մարկո'ս, Մուրա՛դ, Համբո', գող կա՝ ելե՛ք, ելե՛ք,— աղաղակը բարձրացրեց Թոմասը և սկսեց շորերը հագնել։ Մինչև նրանք աբեթը և կայծաքարը գտան, Եղիկը տանիք բարձրացավ և ոլորվելով մյուս փողոցն անցավ, ձին նստավ, զենքերը քննեց և պատրաստվեց դիմադրելու յուր վրա հարձակվելու պատրաստվողներին։ Ողջ գյուղը զարթեց այդ աղաղակից՝ շների ոռնոցն ու հաչոցը ոտքի հանեց բոլորին, և կես ժամ չանցած քեհյի և մղդսու բարեկամ երիտասարդներից երեսուն ձիավոր սկսեցին հալածել Եղիկին։ Երբ ձիավորները մոտեցան Արփաչային՝ սկսեցին գնդակներ արձակել Եղիկի ետևից և իրենց բարձրացրած աղմուկը լսելով, սահմանապահ կազակները մոտեցան նրանց և իմանալով պատճառը՝ նրանց հետ ութ֊տասը կազակ էլ միացած, անցան սահմանը և, մի քանի ժամ զուր չարչարվելուց հետո, դատարկաձեռն վերադարձան։

ԺԷ

Լուսադեմին Եղիկը անցավ Ալաջա սարի լանջքերի վրա ոչխար արածացնող քրդերի մոտից։ Սաստիկ հոգնած էր և սոված։ Ղոզլուճի մոտ առաջի պատահած երիտասարդ հովիվին ճանաչեց, որը յուր նախորդ տիրոջ որդին էր։ Վերջինս մերժեց նրա խնդիրքը, չուզեց նրան կաթ և հաց տալ, դեռ մի քանի նախատական խոսքեր ասելուց հետ «մուրտառ֊գյավուր» տիտղոսն էլ Եղիկի երեսովը տվեց։

— Կթանները քու՞կդ են,— հարցրեց հեգնությամբ Եղիկը,— թե՞ հորդ։

— Իմ հորս է, Դահար բեգինն է,— պատասխանեց գոռոզությամբ։

Քիչ անցնելուց հետո ետ դարձավ հովիվը և ավելացրեց.

— Ինչի՞ ես մուրացկանություն անում, ինչի՞ թողիր մեր գառները ու փախար, ծույլ կենդանի, գիտես թե չե՞մ ճանաչում քեզ, արի նորից գառները արածեցրու և' հաց, և' վարձք ստացիր։ Չես ամաչում, ջահել տղա ես, բայց, ինչպես ասել եմ, երեսիցդ երևում է, որ մթրուբ (մուրացկանի սերունդ) ես։

— Ես ո՛չ ծույլ եմ, ո՛չ էլ մուրացկան։ Անցորդ եմ սոված, որին ոչ ոք չի խնայում մի փոր հաց… Ի՞նչ է, ուզում ես, որ գամ դարձյալ երկու տարի ծառայեմ ձեր դռանը մի փոր հացով, հախս էլ կտրեք, վռնդե՞ք։

— Ասա՛ խաբեբա եմ։

— Զենդ կտրե՛ , մի՛ ինձ բորբոքիլ…

— Թե չէ․․.— ասաց հեգնությամբ քուրդը։

— Պատրաստվիր, ես չեմ ուզում անզեն մարդու վրա զենք բարձրացնել,— ասաց Եղիկը և ղարաբինի բերանը բարձրացրեց։

— Կորոնիր, գյավուրք ինձ վրա տվեց, կորոնիր, հասեք,— սկսեց գոռալ քուրդը։— Հեռվից երկու հովիվներ իրենց մահակներով վազեցին օգնության Դահար բեգի որդուն։ Մեկը մի քարի կողք անցավ և հրացանի փողը ուղղեց, որը Եղիկի կողքովն անցավ, Եղիկը, առանց ձիուց իջնելու, հրացանը ուղղեց և քարի ետև անցածի ուղեղը ցրվեց։ Մյուս քուրդը սկսեց վազել դեպի չադրները։ Եղիկը մինչև մի գնդակ էլ նրան հասցնելը, ետևից Դահար բեգի որդուն ուրիշ երկու քրդեր էլ օգնության հասան, որոնք ղարաբինաներով հարձակվեցին Եղիկի վրա։ Ետ դարձավ Եղիկը և, ղարաբինան դատարկելով, գետին փռեց բեգի որդուն։ Այս որ տեսան օգնության եկող քրդերը, սկսեցին փախչել։ Եղիկը, ավելի մեծ խմբից չշրջապատվելու համար, նրանց հետևեց, բայց անկարելի էր շեշխանա թվանքը լցնել․ փողը տաքացել էր, վտանգավոր էր իսկույն երրորդ անգամ լցնելը։ Մինչև հրացանի սառչելը նրանք բարձրացան Ալաջի գագաթը, երկյուղից մինչև կեսօր այնտեղ պահվտեցան։

Եղիկը Դահար բեգի որդու ղավալը առավ և եղանակ ածելով հինգ հովվի կթանը հավաքեց, որոնց թիվը երեք հարյուրի մոտ էր, առաջը խառնեց և քշեց Տիկորի կողքից, անցավ իջավ ուղիղ Ծբնի։ Մթան ժամանակ նա այդտեղից բարձրացավ դեպի Յաղլուճա և այնտեղ յանլա գնացող հայերին բաժանեց ոչխարը կիսովի պահելու։ Այնտեղ գիշերը չկարողանալով հանգստանալ, ելավ հեծավ ձին, քշեց դեպի Քերս։

— Ա՛յ տղերք,— ասաց նրա գնալուց հետո ծբնեցի տերտերը,— այս մարդը խելառ էր, գող էր, կթան ոչխարը առանց գառի որտեղի՞ց բերեց ու ցրվեց քյասումի (կտրվածքով)։

— Բան չունի՛ս, տերտեր, ամեն խեղճ տուն իրեն համար հինգ-տասը կթան ունի, նրանց գառներով դրանք էլ կկթվեն, թող աղքատ մարդիկ շահվին։

— Բան չեմ ասում, բայց․․․

— Երևի քեզ քիչ տվեց․․․

— Չէ, դուն էլ, Գոգոր ամի, մենք մերը շա՞տ շահեցինք, բայց ես վախենում եմ, որ էգուց կթանների տերերը գան ու մերն էլ հետը ետ տանեն։

— Ո՞վ գիտե, ո՞վ կարող է ճանաչել, գիշերս ամենքն էլ կխուզեն, էգուց քառասուն սատանա գա, չի ճանաչիլ նրանց։

— Աստված տա այդպես լինի, բայց վախենում եմ․․․

— Ես ու դու թե բան չխոսենք, վախենալու ոչինչ չի լինի․ ամենից մեծ վախը մեր լեզվիցն է,— ասաց խոսքը կտրելով Գոգոր ամին։

— Գիտե՞ք ինչ կա, տերտեր,— մեջ մտավ մի ուրիշ ծերուկ,— այդ մարդու նստած ձին գիտես, թե մեր Մատո քեհյի իլխից փախցրած ձին է։

— Ես հավատացած եմ, որ այդ մարդը էլ ետ չի՛ գալ,— կրկնեց մի ուրիշը։

— Էհ, լավ կշինեք մեր տունը, «գիտես թե», «ինչի՞ մնաց», «վախենում եմ», «ես հավատացած եմ»․․․ Թողե՛ք, աստված սիրեք, այդպիսի ենթադրությունները, գործերիդ աշեցեք,− ասաց նեղացած Գոգոր ամին։− Չի՛ գալ գլուխը քարը, թե չի գալ, մենք վնաս խո չե՞նք ունենալ։ Փառք աստծու, մեր երեսուն աղքատ տանը ամեն մեկին տասը-տասը կթան բաժանեց. էլ ի՞նչ կուզեք։ Գիտեմ, ձեր քեֆով կլիներ, եթե բոլոր ոչխարը ձեր երեքին տար ու գնար… բայց իշտահներիդ պրան ջարդեցեք, մարդը արդար դատաստան տեսավ։ Չտես մարդ եք, ի՞նչ պիտի լինի, փորերումդ մի գաղտնիք չեք կարող թաղել։ Այնքան ծակաչք եք, այնքան նախանձ, որ էգուց գնացող-եկող քուրդին ու թուրքին այսօրվա բաժանած կթանի մասին կխոսեք, ձեր արմանքն ու զարմանքը ցույց տալով։

− Գոգոր ամին լավ է ասում,− մեջ մտավ մեկը,− բերաններդ սրբեցեք, տներդ քաշվեցեք։ Մի անգամ էլ փորձեցեք գաղտնիքը փորերումդ պահել, տեսնեք խո չի՞ ծակվի, թափվի։

Սարը փախած երկու քուրդ հովիվները երկյուղից այնտեղից դուրս չեկան մինչև իրիկուն։ Գիշերը մթանը գնացին իրենց վրանները, և որպեսզի ընկերներից ու մեծերից չնախատվին՝ խաբեցին, որ տասը-քսան ձիավոր թյարաքամա իրենց հետ կռվել, ընկերներին գնդակահարարել և ոչխարն էլ քշել տարել էին դեպի Չըլդըր։ Քուրդերը հավաքվեցան, խորհրդի նստան և ձիավորներ հանեցին դեպի Չըլդըր, բողոքեցին փաշային ու ղայմաղամին, բայց ոչխարի հետքը չգտան։

Ծբնեցիք մ արսեցին կթանները։

ԺԸ

Ծբնու յայլեցիք դեռ չէին ցրվել, հանկարծ մի աղմուկ բարձրացավ և տասնի չափ ձիավորներով Մադո քեհյի տղան՝ Վարդգեսը, մտավ յայլա։ Բոլորը շրջապատեցին նրան, և նա, առանց ձիուց իջնելու հարցրեց.

− Տերտեր, մի ձիավոր չոբան այստեղ է եկել, ո՞ւր է։

− Որդի՛, Վարդգե՛ս,− ասաց տերտերը,− մի ինչ֊որ չոբան չոբան յուր կթանները բերեց քյասումով բաժանեց ու գնաց։

— Ո՞ր կողմը գնաց։

— Չգիտեմ, բայց կես ժամ հազիվ կա նրա գնալը։

— Ո՞ւմ բաժանեց կթանը։

— Խեղճերուն, որոնք չունեին, ասաց չունևորներին տամ, որ լավ պահեն ապրանքս։

— Ի՞նչ ձի էր նստել, տեսա՞ր։

— Բաց կապույտ ձի էր, լավ չաշեցի։

— Վարդգես ջան,— մեջ մտավ մի գյուղացի,— գիտես, թե ձեր քյոհլանն էր։

— Տեսաք ու չբռնեցի՛ք նրան, ինձ իմաց շտվի՛ք։ Իմացա՛, իմացա՛, տերտեր, դո՛ւ եղել ես յաթաղ (իջևան պահպանող), ամեն գող քեզ մոտ է վար գալիս։ Գյուղացու էլ բերանը կապելու համար տունգլուխ տասը-տասը կթան ես բաժանում։ Էգուց Մեդեդ բեգին դու պատասխան տուր։ Տղե՛րք, քշեցեք, հալբաթ տեսնող չեղա՞վ, որ կողմը գնաց։

— Մութ գիշեր, ո՞վ է իմանում, բայց այդ խոսքերդ լավ միտքդ պահե, գնա ձիդ տանողի ետևից, բայց մի՛ մոռանալ, որ ասածներդ հաստատելու ես,— ասաց տերտերն ու հեռացավ։

— Քեզ հետ Մեդեդ բեգի քով կխոսիմ, տերտեր։ Տղե՛րք, քշեցեք,— ասաց ու առաջ անցավ Վարդգեսը։

— Մեդեդ բեգեր շատ է տեսել տերտերն ու Ծբնին. դու գնա նրա ոտքերը լիզե, տեսնենք կարո՞ղ է առանց ինձ հորդ միշտ քեհյա պահել, որ դու էլ բրդբրդաաս։ Գնացե՛ք տներդ, թե մեկը մի խոսք կասե, ասեք տերտերն առավ ոչխարը, մեզ պահ տվեց։

— Աստված կարգիդ հաստատ պահե, տերտեր ջան,— ասաց մի ծերուկ,— դու որ մեզ հովվես, հովանավորես, էլ մեր ի՞նչը կպակսի։

Վարդգեսը յուր ձիաներով ճանապարհի հովիվների մոտից անցնելիս հարցնում էր՝ խո չէի՞ն տեսել ձիավոր։

— Վարդգես ախպեր,— ասաց մի զռչեցի հովիվ,— նոր մի ձիավոր Բվիկի կողմը գնաց։

— Բվի՛կ,— ասաց ու գոռաց,— տղե՛րք, քշեցե՛ք, բռնենք այդ անիծածին։

Ղաթար-ղալա ավերակների մոտ նրանք հասան Եղիկին։ Վերջինս, հասկանալով, որ իրեն են հետևում, մտավ ավերակների մեջ և ձիուց իջնելով նրան մի պատի ետև կապեց, ինքը հրացանը առած անցավ մի ուրիշ պատի տակ և մթնումը բավական դիտելուց և նրանց բարձրացրած աղմուկը լսելուց հետո նկատեց, որ խմբով, մեծ արագությամբ գնում են ճանապարհով։

— Տղե՛րք,— գոռում էր Վարդգեսը,— հասեք, շտապեցե՛ք հասնենք։

— Կհասնեք,— գռռաց Եղիկը և հրացանը դատարկեց։

— Վա՜յ,— գոռաց մեկը, ընկավ ձիուց։ Մի քանիսը նրան շրջապա տեցին։ Վարդգեսի խումբը շվարեց և չկարողացավ իմանալ, թե որ կողմից եկավ գնդակը։ Մինչ նրանք շփոթության մեջ էին, Եղիկը սառեցրեց, լցրեց թվանքը և տեղը փոխելով, երկրորդ գնդակը արձակեց իրեն հետքը փնտրող մի ուրիշ խմբի մեջ։

— Վա՜յ, մեռա՜,— գոռաց մի ուրիշն ընկնելով։

— Տղե՛րք, այդ գյուլլեն ուրիշ տեղից եկավ,— ասաց մի ուրիշը,— այս խարաբում շատ մարդ կա, փախչենք։

Եղիկը տեղը փոխեց և կրակեց լեզգու փշտովը, որը նույնպես վիրավորեց մի երրորդի։

— Կրակեցե՛ք,— գոռաց Վարդգեսը։ Չորս հրացանավորներ միասին կրակեցին, և գնդակները թաղվեցան Ղաթար-ղալայի ավերակների որմերի մեջ։ Եղիկի ուզածն այդ էր. նրանք հրացանները մինչև կրկին անգամ լցնելը, նա կարող էր չորս կրակ էլ անել, ուստի համարձակ գոռաց.

— Մի՛ վախենաք, վախկոտներ, ձեր դեմ մի՛ հայ է, ձեր տասը ձիավորի դեմ գնողը ղարաքիլիսեցի Եղիկն է։

— Տղերք, վրա տվեք,— գոռաց դարձյալ Վարդգեսը,— տո՛ մեր մշակն է, տո այն սատկած Եղիկն է, ձայնից ճանաչեցի, վրա տվեք։

— Տղոց արյունը մի՛ մտնիլ, դու առաջ արի, Մատո քեհյի տղա, մի՛ թուլանալ, քու դեմ կանգնած է այն մշակը, որի մի տարվա հախը կուլ տվիր,— ասաց և հրացանը ուղղեց Վարդգեսի կողմը։ Վարդգեսը հրացանը դատարկելու չմնաց, ձեռքից ընկավ, ինքն էլ ձիուց վայր ընկավ։ Մի ուրիշ քաջասիրտն առաշ անցավ և գոռաց.

— Թե ղոչաղ ես, դուրս արի, խարաբաների ետևից անսիրտ կնկտիքն են կռվում։

— Քսան հոգով մի ասլանի դեմ էլ որ դուրս գան, նա էլ կփնտրե իրեն համար մի ապահով անկյուն,— ասաց, և երբ պատասխանում էր առաջինը, հրացանի գնդակը նրան էլ գլորեց։

— Տղե՛րք,— գոռաց մի ուրիշը, որ մինչև այդ ժամանակ նախկին ընկնողի քովն էր,— դարձե՛ք, ետ դարձե՛ք,— և ինքը ձին մտրակեց։

— Ջիերդ թողե՛ք, թե չէ ո՛չ մեկդ չեք ազաավիլ իմ գյուլլուլից,– գոռաց Եղիկը։

— Արի տա՛ր,— գոռաց փախչողներից մեկը։

Եղիկը մի գնդակ էլ հասցրեց։ Նրանց խումբը մեծ էր, մեկն ու մեկին հասնում էր գնդակը։

— Քշեցեք, տղերք, քշեցե՛ք, մի՛ վախենաք,— գոռում էին իրար սիրտ տալով և փախչում մնացյալ երեքը, առանց ետևները մտիկ տալու։

Եղիկը ձիերը հավաքեց, իրար կապկպեց, մեռածների զենքերն ու զարդերը նրանց վրա բարձեց, առաջը խառնեց և մինչև արշալույս մտավ Քերս, առանց դժվարության գնաց մտավ Միրզայի տունը՝ շրաղացի մոտ։

ԺԹ

Եղիկը, գիշերը սաստիկ հոգնած լինելով, ընկավ և խորդալով քնեց։ Կեսօրից մի երկու ժամ անցնելուց հետո նա դարձյալ խռկում էր։ Միրզան ջրաղացի ներքնատանը որդու հետ երկար աշխատանքով հազիվ կարողացան մի կերպ թաքցնել ու ծածկել Եղիկի բերած զենքերն ու զարդերը, իսկ ախոռի երդիկը լավ կապել էին, որ եթե հանկարծ մարդ ներս մտներ, ոչինչ չնկատեր։ Ողջ օրը հսկում էր Միրզան ճանապարհները և ամեն անցորդ նրա սիրտը խռովեցնում էր, հազար ու մի կասկածներ բարձրացնելով։ Նախկին վաճառական չարչին մտքովը հաշվում էր ձիերի գինը, զենքերի արժեքը և նրանց վրա գտնված ոսկու և արծաթի կշիռը, նրանց վաճառելու եղանակը, ձեռք բերելիք դրամը և դրանով ձեռնարկելիք նոր-նոր գործերը, որոնք խոստանում Էին մի քիչ բարվոքված ապագա։ Միրզան անհամբեր սպասում էր գիշերվա գալուն, բայց արեգակը համառվել, ծանր Էր հեռանում, Մելոն՝ վաճառականի որդին, զենքերով Էր զբաղված, նա արդեն նրանց միջից ամենաընտիրները իրեն բաժին Էր դուրս բերում և երևակայում Էր դրանցով զարդարված, գլուխը գույնզգույն աղլուխներով կապված քոլոլ դրած, ձեռքին երկար նիզակ, քյոհլանը տակին, սարերի և ձորերի մեջ ազատ, ինքնիշխան և քուրդն ու զաբիթը (ոստիկան) առաջը խոնարհած։ Սա երևակայությամբ գնում Էր Բիթլիզ և պատրաստվում Էր հոր տունը քանդող բեգերից և էֆենդիներից վրեժ լուծելու։

Այդ միջոցին հեռվից երևցան երեք ձիավոր հայեր, որոնք ուղղակի դիմեցին գյուղ՝ քեհյի տունը։ Միրզան դողում Էր, նրա կյանքը մազից Էր կախված, բավական Էր, որ նրա տունը մեկը քններ այդ ժամին, բավական Էր, որ ջրաղացում աղացողները լսեին մի որևէ ձիու ոտնաձայն կամ խրխնշոց։ Բարեբախտաբար ջրաղաց եկողներից ոչ ոք չէր հեռանում յուր ցորենի կամ ալյուրի պարկի մոտից, իսկ աղորիքների բարձրացրած աղմուկը խլացնում էր նրանց, ուրիշ ձայն լսելու անկարող էին։

— Տո՛, տղա՛ Մելո, գնա քեհյենց տուն, տես այս ձիավորներն ինչ կխոսին,― ասաց Միրզան որդուն և ուղարկեց լրտեսելու. Մելոն սլացավ։ Հինգ վայրկյան չանցած նա մտավ քեհյի օդեն, երբ դեռ նոր էին ձիուց ցած գալիս ճանապարհորդները։

— Բարի հաջողում, խե՛ր է, բարի հրամեցեք,— ասելով քեհյեն վեր հրամցուց ձիավորների առաջնորդին։

— Խերն ու չարը աստված գիտե, քեհյա ջան, ո՞վ գիտե։

իրիկունը մի մեծ փորձանք է պատահել. մեր մի քանի տղերքն ընկել են, մեկ-երկուսը գլուխները հազիվ են ազատել։

− Ձիավորները առավոտ մեզ էլ իմացուցին, բայց տեղով չհասկացանք, թե ի՞նչ բան է։

− Մի ինչ որ ավազակ, մեր Մատո քեհյենց անցած տարվա մշակը, մի նիհար, կարճ, քոռ, սատկած լակոտ փախել է ուռուսի հողից, ընկել է սարեսար, գյուղեգյուղ, չարած փչությունը չմնաց։

− Ախր մեկ ասա՛, ի՞նչ է արել։

− Երեկ մեր տղերքը տեսել են նրա տակը խնամուս՝ Մատո քեհյի, քյոհլանը, որը սրանից ութ-տասն օր առաջ իլխից փախցրած է եղել. ընկել են ետևը, բերել նեղն են գցել Ղաթար-ղալայի մոտ։ Անիծածը մի աչք ունի, բայց որ մթնումն էլ է տեսնում, մեկ-մեկ վեց-յոթ մարդ կոտորել թողել է, քեհյի տղեն՝ Վարդգեսը, ընկել է։ Ողջ գեղը սուգ ու շիվան է ընկել, անիծում են ամենքը մեր քեհյին, որ իրենց տղերանց մեռնելու պատճառ է դարձել։

− Ո՞վ է այդ ղոչաղը, թե հոգիդ սիրես։

− Մի լպուզ լակոտ. տեսնե՛ս, երեսը չես թքի, ձեռքդ վրան բարձրացնես՝ հոգին կտա։ Մի քաղցած խոզարածի մեկը։ Տո՜, մարդս էլ մարդ լինի, տղամարդու շնորհք ունենա, ցավ չի գալ։ Եղիկ է անունը, բայց Քոռ-Եղիկ են կանչում։

− Հերիք չէր մինչև օրս եղած ղաչաղները, թարաքյամաները, քրդերն ու բեգզադաները, այդ էլ ավելացավ։

− Այդպես սատկած մի ղաչաղ, այն էլ հա՛յ… Տո՛, թե դա մի կատարյալ տղամարդ լիներ, աշխարհ պիտի քանդեր։

− Սխալ ես, խնամի Ասատուր, դու միշտ վախեցի՛ր կույրերից, կաղերից, չոլախներից, կուզերից, քաչալներից… այդպիսի մարդիկ հազար անգամ ավելի ճարպիկ են, քան քու սովորական տեսքով մարդիկը։

− Այս կողմերը, խնամի, այսօր եկող կամ այդպիսի ձիավորի տեսնող, կամ ձիաներ բերող չե՞ք իմացել։

− Ոչի՛նչ, ո՛չ մի բան։ Դու խո գիտես, Քերսում մի ճնճղուկ էլ որ թռչի, խաբարը իմ ականջին իսկույն կհասնի։ Ուղիղ է, ես մեր տան կտուրին եմ միշտ նստած լինում, բայց յոթ սարից այն կողմը քրդերի չադրաներում ի՛նչ էլ որ պաաահի, իսկույն իմանում եմ։

— Ոսկի ճնճղուկ ունիմ, ինձ խաբար է բերում։ Ձեր գեղը այս խաբարը չիմացած, ես արդեն ամեն բանից տեղյակ էի։ Էգուց կամ մեկել օր ինձ տեղեկություն կբերեն, թե որտեղ են ձեր նժույգները, եթե ռուսի մեջ չանցնին։ Տղե՛րք, Հաց բերեք խնամիներուն։

Մինչ տղերքը պատրաստվում էին սեղանը սարքելու, Մելոն լուրը տեղ հասցրեց։ Միրզան որ լսեց, երկյուղից շրթունքները ճաքեցան. նա գժվում էր մտածելով։ Մելոն ուրախ էր և նախանձում էր իրենց բարերար փոքրահասակ, կույր ու վտիտ Եղիկի վրա։ Ողջ գյուղը նրա արկածներն էր խոսում. ամեն բերան նրան էր գովում, ամեն տեղ հետաքրքրվում էին այդ հարցով, որ հանդգնել էր քրդերին գնգակահար անել, կթան ոչխարները հափշտակել, հայերին բաժանել, կապված ախոռներից բխոված քյոհլաններ փախցնել, յուր անունով սարսափ գցել։ Մելոն խո դեռ շատ բան էլ էր լսել, նա գիտեր եղիկի հովիվ ժամանակ պատահած արկածները, կրած զրկանքները։

Ի

― Եղի՛կ տխպեր, ինձ էլ հետդ տանես, ես զզվել եմ, էլ չեմ ուզում տանը նստել,― ասաց Մելոն իրիկվա հացից հետո, երբ առանձնացած նստած էին։ Եղիկն էլ նույն պահուն մտածում էր յուր մենակության մասին և չէր իմանում ինչպես ճար գտնել։ Մելոյի խոսքերը նրա մեջ նոր մտքեր ծնեցին, բայց նա կասկածում էր պատանու վրա, որը դեռ տասնութ տարեկան էր։ Նա շվարած մնաց, չէր իմանում ինչ պատասխանել։

― Մի՛ վախենալ, Մելոն վախկոտ չէ, երեխա չէ, այսպես ապրելը չապրելուց ավելի վատ է ինձ համար։

Եղիկը՝ խորասուզված, կարծես բոլորովին չլսեց այս վերջին խոսքերը, Մելոն՝ աչքերը հառած նրա երեսին, պատասխանի էին սպասում։

— Այս սրտիս վրա այնքան վերքեր կան, այնքան խոցեր կան, որ երեք հարյուր տարի էլ դեղ անեն՝ չի բուժվիլ․ միա՛յն սարն ու թվանքը կհովացնեն, կհանգստացնեն։ Տա՛ր ինձ քեզ հետ, հետո լավ կճանաչես Մելոյին։ Այնքան լացով ու հառաչանքով ողջ գիշերներ քաղցած եմ անցկացրել, պատառոտած շորերով գիշերները բաց օդում սրա - նրա մարագում կամ հավանոցում այնքան զնգզնգացել եմ, այնքան ծխաններից եմ իջել մի փոր հացի համար, որ ամեն նեղությունների դիմանալու սովորել եմ. մարդու բեռ չեմ դառնալ, ո՛չ հարստանալու աչք ունիմ, ո՛չ էլ փաշա դառնալու եմ. մեկ այս բորբոքված սրտիս կրակը մարեմ, նրանից հետո մեռնելը մեծ դարդ չէ։

Եղիկը ապուշ - ապուշ նայում էր Մելոյի երեսին և չէր կարողանում պատասխանել։ Նա լսածները և յուր ծրագիրը կազմելու հետ էր։ Մելոն էլ լռեց և մտքովը զայրանում էր անգամ, որ Եղիկը իրեն արհամարհում էր, իրեն խակ տղի տեղ էր դնում։ Բայց բարկությունից երկար չկարողացավ զսպել ինքն - իրեն, ասաց վրդովված.

— Ինչի՞ չես պատասխանում, Եղիկ ախպեր, կասկածու՞մ ես ինձ վրա։

— Ո՛չ կասկածում եմ, ո՛չ էլ մերժում քո խնդիրքը, ուզում ես՝ կարող ես գալ. դու ինձ բեռ չես դառնալ։ Բայց թո՛ղ ինձ, ես դեռ քիչ էլ մտածեմ։

Մելոն ուրախությունից գրկեց նրան, այնպես սեղմեց կրծքին, որ կարծես յուր պաշտած սիրականը լիներ, որի կարոտը յոթ տարի քաշելիս լիներ։ Եղիկին թեև Միրզան յուր վշտերը պատմել էր, բայց նա նկարագրել էր յուր տեսակետով՝ փողերի, մյուլքերի և այգեստանների կորուստն էր ողբացել, որոնցից իրենց զրկել էր մի անգութ ղադի, բայց Մելոյի խոսքերից երևում էր, որ դեռ շատ նեղ օրեր էլ տեսած էին եղել, որոնք այնքան չէին վրդովել ոսկեպաշտ չարչուն։

— Ի՞նչ է դիտավորությունդ, ինչի՞ ես այդքան ուզում ինձ հետ գալ,— ասաց Եղիկը քիչ հետո։

— Ես մի ժամ առաջ լսեցի քեհյի օդայում, թե ինչպես էին խոսում քո քաջությունների մասին, ինչպես էին ծաղրում այն սուտ բեգերին, որոնք ոչխարը թողել փախել էին քու առաջից: Իմացա, թե դու ինչպես վրեժդ լուծում ես թշնամիներից։ Ինձ էլ այդ է հարկավոր, ե՛ս էլ, մե՛նք էլ ունենք թշնամիներ, մի օր, մի ժամ ֆրսանդ ընկներ ձեռքս, Ջավո բեգին, Աբդուլլահ էֆենդուն և Բեքիր աղայի արյունները խմեի, նրանց տղերքն էլ մեր օրը՝ քաղցած, մերկ, ուրիշների դռները գցեի, հետո մեռնեի։

— Այդ մարդիկը ձեզ ի՞նչ են արել։

— Հորս, պապիս, հավիս օջախները քանդել են, մեզ բոլոր կարողությունից զրկել… թողել ենք մեր պապերու գերեզմանները, մեր տներն ու մեր այգիք, եկել ընկել ենք Ղարս ողորմություն մուրալու։ Դեռ հելե…

— Ուրիշ էլ ի՞նչ։

— Չասվելու, չխոսվելու շատ ու շատ բան, որոնք քեզ ճանապարհին կասեմ։ Ողջ հայ, թուրք նախանձում էին մեր ունեցածին, հորս ապրանքների քարավանների մեկ ծայրը Տրապիզոն էր, մեկը՝ Թավրիզ, մեր սուրիները Հալեբ ու Շամ էին, նախիրները՝ Ղայսարի ու Անդյուրի… այդ բոլորը տարան, այդ բոլորի մ՛ասին երբեք էլ չեմ մտածում, բայց երբ միտքս է գալիս մորս գխուն խաղացած խաղերը, ինձ տված տանջանքները…

Եղիկը դառն մտածությունների մեջ ընկավ, նա զգաց, որ Մելոն էլ եթե ոչ իրեն չափ, գոնե իրեն նման տանջված էր և անհաշտ թշնամի էր էֆենդիների, աղաների, բեգերի, որոնք թունավորել էին չարչու ընտանիքի կյանքը։

— Ա՜խ, մեկ Բիթլիզ ընկնեինք, մեկ ես այդ անօրեններին ձեռքովս կտրատեի, նրանից հետո…

— Լա՛վ, Մելո, մի վախենալ, քանի որ հաստատապես միտքդ դրել ես վրեժդ լուծել, կհասնես նպատակիդ, այդ մասին խոսելդ գործը կխանգարե։ Գործողը գործը կկատարե, անելիքը չի խոսի։ Ձիերը պատրաստ են, թամբքերը զարկ, զենքերից լավերը ջոկե քեզ համար, կեսգիշերին ճանապարհ ընկնենք։

ԻԱ

Երեք օր հետո Եղիկն ու Մելոն Էրզրումում ձիերը ծախելուց հետո ճանապարհ ընկան Հասան-ղալայի վրայով դեպի Ալաշկերտ։ Ուրախ գնում էր Մելոն, նա ըղձալի ասպարեզի վրա էր կանգնած. զարդարվել էր Էրզրումում ձեռք բերած զենքերով ու շորերով և ազատ դաշտերում, ձորերում ու սարերի վրա մտրակում էր ձին։

Եղիկը մտախոհ նրան էր հետևում։ Ոչ մի բան նրա աչքից չէր հեռացնում Ասլիին. գիշեր-ցերեկ Ասլիի մոտ էր։ Ո՞ւր տաներ Ասլիին. Քերսում նրան արդեն կարող էին մատնել, Շյորագյալում նրան բոլորը ճանաչում էին. ո՞ւր գնար, որ կարողանար երևակայած խաղաղ կյանքը գտնել։ Այս մտածմունքները ժամերով նրան տանջում էին և ապահով կյանքի մի ապահով անկյուն նա չէր գտնում աշխարհում, ամեն տեղ երևակայում էր հարստահարողներ, կեղեքիչներ և թշվառի վարձը կուլ տվողներ։

Նա չէր կարող գողանալով ապրել, նա չէր ցանկանում ուրիշի վաստակածը հափշտակել, նա գիտեր, թե որքան ցավալի է աշխատողի համար յուր ամեն մի կոպեկից զրկվելը, նա գիտեր, թե ինչ անտանելի վիշտ է դատողի համար տեսնել յուր դառն աշխատության ձեռք բերած բարիքներով իրեն կողոպտողի արած շռայլությունները, զեխությունները։ Այդ կասկածները յուր կաշու վրա էր փորձել և այդ վերքերի սպիները սրտի վրա թարախոտվում, մաղձոտվում էին։ Քսանևհինգ տարեկան էր, քսանհինգ տարին էլ տանջանքով ու զրկանքով էր անցկացրել, յոթ տարեկան հասակում վարձով ծառայության էր մտել, տասնևութ տարի ուրիշի դռանն էր ծառայել, տիրոջ՝ իրեն վարձողի դարդ էր քաշել ու միշտ զրկվել, անարգվել, հառաչել և ցանկացած վայելքների կարոտը քաշել։ Եղիկը մտածում էր՝ ինչպե՞ս ապրել այնպիսի դրացիների հետ, որոնք գիշեր-ցերեկ աչք ունեին մեկը մյուսի ստացվածքի վրա, իրար շողոքորթում էին, ոտքերը լիզում, օրական հազար անգամ երդվում իրենց անկեղծ բարեկամության մասին մեկը մյուսի համար կյանքերը զոհելու պատրաստակամություն էին ցույց տալիս, բայց ամեն րոպե պատրաստվում էին իրար գլուխ փշրելու, փորը թափելու և արյունը ծծելու, պատեհ առիթ ձեռք ձգելուն պես։

Նա, որ ո՛չ ՛կարող էր շողոքորթել, ո՛չ խաբել, ո՛չ էլ զրկել, ինչպե՛՞ս յոլա երթար այդպիսի դրացիների հետ։ Այս մտածություններից երբեմն-երբեմն նրան սթափեցնում էին Մելոյի գնդակները, որոնք որոտալով գլորում էին այս ու այն կողմը զանազան որսեր։

Ո՞ւր էր գնում Եղիկը, ինքն էլ չգիտեր, միայն նրա բոլոր մտածմունքները կենտրոնացած էին Ասլիով, որը մագնիսի նման իրեն էր քաշում։ Էրզրումից նրա համար դարձյալ նոր– նոր զարդեր ու շորեր էր առել, դրանք մտածում էր մի կերպ տեղ հասցնել։ Բայց չէր կարողանում վճռել հեռացնելու Ասլիին հոր բնակարանից, որտեղ խղճալին ալեկոծված նավի նման տատանվում, ծփում էր ամեն ժամ ապառաժների բախվելու զարհուրելի երկյուղից։

Երբ Ալաշկերտի գյուղն անցան, մտան Գելի ձոր, նրանք պատահեցան մի հիսուն ձիուց բաղկացած քարավանի, որը Տրապիզոնից ապրանք էր տեղափոխում Պարսկաստան։ Ամենանեղ կիրճում նրանք իրար դիմավորեցին։

— Բարի հաջողում,— ասաց Եղիկը, ձին առաջ քշելով ղաթրջի բաշուն (քարավանապետին)։

— Աստծու բարին,— պատասխանեց ղաթրջի բաշին,— ձեզ էլ բարի հաջողում։

Երբ քսան քայլի չափ հեռացան, Մելոն ասաց Եղիկին. — Նա՛ է։

— Ո՞վ է։

— Այն փուչ Օսման-Ղավազը, որ միանալով Ջավո բեդի, Բեքիր աղայի հետ, մեր հարյուր բեռ ապրանքը կուլ տվեց և սուտ վկաներով հաստատեց, որ իրեն կողոպտել են։

— Ի՞նչ անենք։

— Զոհի փոխարեն զո՛հ, կողոպտենք ապրանքը։

— Գուցե ապրանքը թշվառ և բարի մարդկանց է պատկանում որոնք հավիտյան կտանջվեն, եթե կորցնեն այս կարողությունը: Բայց գուցե սխալվում ես, լավ տեսա՞ր:

— Մի՞թե քեզ չեմ ճանաչիլ, եթե սրանից տասը տարի էլ անցնի: Կուզե՞ս խոսեցնեմ:

Մելոն ետ դարձավ, մոտեցավ ղաթրջուն։

— Օսման-Ղավազ,— ասաց,— այս ապրանքը մերը խո չէ՞։

— Ես քեզ չեմ ճանաչում․ ապրանքը Հյուսեին Ալի խանինն է, Իրանի ենք գնում։ Որտեղի՞ց եք, ո՞վ եք դուք, աղա՛։

— Որ չես ճանաչում, էլ ինչի՞ ասեմ, մի՞թե մեր ապրանքը ավելի քիչ անգամ եք կրել, քան թե Հյուսեին Ալի խանինը,- ասաց ձին մտրակելով։

Ծանոթս գալիս եք, բայց չեմ հիշում,- պատասխանեց ղաթրջին, որի բառերը հազիվ թե լսեց Մելոն։

— Եղիկ,— ասաց մոտենալով Մելոն,— ապրանքը Թավրիզեցի Հյուսեին Ալի խանինն է եղել։ Ճանաչու՞մ ես այդ մարդուն։

— Լսել եմ։ Մի ժամանակ ղաչաղ-ավազակ է եղել Գյանջայում, Ղարաբաղում։ Հարստացել, փախել է Թավրիզ, թյուջեր (վաճառական) ու խան է դարձել։ Ձիդ քշե, գնանք Յուչքիլիսեի (ս․ Հովհաննես) վանքը անցնենք, բարձրանանք Դիադինու ետևը՝ ձորի մեջ, ճանապարհները կտրենք։

Օսման- Ղավազը, զինված ձիավորները տեսնելիս, սկզբում քիչ-քիչ կասկածեցավ, բայց երբ նկատեց և իմացավ նրանց հայ և մանավանդ վաճառական լինելը՝ աներկյուղ առաջ գնաց։ Հետինքը անցել էր, երբ քարավանը սկսեց մտնել ձորը։ Ղաթրջի բաշին՝ Օսման-Ղավազը, պաշարով բեռնավորված ձիու վրա նստած, հրացանը ուսին, չիբուխը ծխելով առաջ էր վարում քարավանը, երբ Մելոյի գնդակը նրա գլուխը ցրվելով ձիուց վար գլորեց։

Գոռում-գոչյուն ընկավ տասնի չափ սեիսներու (ձիադարման) և ծառաներու մե․ քարավանը ակամա կանգնեց։ Ծառաներից ո՛րը լավ էր համարում ճանապարհը շարունակելը, ո՛րը փախչելը և լուռ տանելը Դիադին, ո՛րը միացած կռիվ մղելը․ վերջապես ծառաներից մեկը քաջություն ունեցավ տիրոջ ձին նստել և ետ քշել Դիադին, օգնության կանչելու հույսով։ Մելոն ժայռի ետևից մի երկրորդ գնդակով գլորեց՝ այդ արիասիրտ ծառային էլ։ Ծառաները բոլորովին թուլացան, երբ իրենց ընկերն էլ գլորվեց։

— Որքան զենք որ ունիք, բերեք թափեցեք ջուրը,— գոռաց Եղիկը,— եթե չեք ցանկանում բոլորդ էլ կոտորվել։

Իսկույն զենքերը թափեցին վտակը։

— Քարավանի գլուխը դարձրեք դեպի Սարիբեգ,— հրամայեց Եղիկը երկու ծառաների, իսկ մնացյալներին մտցրեց վտակը և ջուրը լցրած զենքերը դուրս հանելով դրեց բեռների վրա։ Հետո մտցրեց նրանց ապառաժի մեջ մի այր, բոսորի ձեռքերը կապկպեցին, թողին և այրի բերանը մեծ քարով ծածկելուց հետո գնացին, մեջգիշերին մտան Սարիբեգ։

Այդտեղ Եղիկի մի ծանոթ ընկերը, որ ղաչաղլի էր (կոնտրաբանտիստ), մեծ ուրախությամբ ընդունեց նրանց, ձիերը և ապրանքը ապահով տեղ տեղավորելուց հետո խոստացավ նրանց օգնել՝ գյուղի մի քանի ուրիշ երիտասարդների միջոցով ապրանքը անցկացնել ռուսի հողը։

ԻԲ

Ի՞նչ ասել կուզի, որ Եղիկը իշխանավայել առատությամբ վարձատրեց ոչ միայն իրեն օգնող, ապրանքը ռուսաց սահմանն անցկացնող երիտասարդներին, այլ գյուղի բոլոր աղքատ, թշվառ և կարոտ դասակարգը անխնա լիացավ ավարի առատությունով։ Իգդիրում հայտնի մի ծանոթի տանը ապրանքները տեղավորելուց հետո մի մասը երկու ձիաբեռ ընտիր կտորները բարձած՝ Եղիկը երեք ընկերներով դիմեց դեպի Գյոկչա։ Եղիկը սովորած էր մեծամեծների դռներում ծառայելիս կաշառելու ձևերը։ Նա մի համեստ հարկի տակ իջևանելուց հետո ապրանքից մի-մի խալաթացու ընտիր կերպասներ Հին-Բայազետի աղաներին փեշքյաշ տարավ և միջոցներ ձեռք առավ ոչ միայն նրանց հայացքին հաճոյանալու, այլ մինչև անգամ նրանց շրթունքները քաղցրացնելով, իրեն գործիք և զենք շինեց։

— Ա՜յ աղա, դու որտեղի՞ց ես,— հարցրեց այդ հին հաջի աղաներից մինը, որն իրեն ամիրաների, մելիքների ժառանգն էր համարում և արդեն ազնվականների մատյաններում էր արձանագրել տվել յուր տոհմանունը, Հին Հայաստանի իշխանական անուններից մինը Հայոց պատմությունից գողանալով։

— Քեզ ծառա՛,— ասաց Եղիկը,— Հին-Բայազետից, Մրտոյենց Սգոյի տղան եմ։

— Հա՛ն, գիտեմ որ այս թայ մարդ չես, շենք, շնորհք, մարդավարություն հասկացող էլ որտեղ՞ց, եթե ոչ Բայազետից։ Է՛հ, ի՞նչ կա, ի՞նչ չկա մեր Բայազետում, հաջո՞ղ եք, լա՞վ եք։

— Լա՛վ, փա՛ռք աստծու, ամմա անօրեններից ազատվելիք չունենք։ Տունս էլ լավ էր, տեղս էլ, գործս էլ, բայց ի՞նչ օգուտ, Շեյխ Սլոյի հետ թշնամացա, քանդեց, ավերեց, թե չփախչեի՝ տնով-տեղով ինձ կործանելու էր։

— Աստված անիծե այդ անօրեններին, լավ ես արել։ Ես քեզ այստեղ կամերալ գրել կտամ, եղիր մեզի ժողովուրդ, պրծիր, հետո, թե կուզե՛ս, էլի գնա Բայազետ, առուտուրդ արա՛, բայց երբ պասպորտ ունենաս, քու շվաքիդ չեն կարող մոտենալ։

— Իմ էլ խնդիրքս այդ է, հաջի աղա՛։

— Լա՛վ, լա՛վ, այդ հեշտ է, անունդ ի՞նչ է։

— Ղազա՛ր, քեզ ծառա։

— Ղազար ջան, այսօր ես պիտի մովրովի քով երթամ, դու միամիտ եղի՛ր, քեզ կազատեմ։

— Սեպե թե, հաջի աղա՛, ինձ եսիրութունից ես գնում ազատում։

— Դու մի՛ վախենալ, ինչ որ պետք է, աղան խո մեռած չէ, իրեն ժողովրդին ինչի՞ պիտի թողնի տանջվի։ Հա՛, ասիր ապրանք ես բերել ծախելու:

— Հրամմեր ես, աղա՛, քիչ բան, մի չորս հակ ֆրանկի ապրանք։

− Դու միտք ունիս այստեղ խանո՞ւթ բանալ, թե…

− Ո՛չ, իմ ի՞նչ բանս է, աղա ջան, այստեղ ձեզ պես աղաների առաջ ոտք ձգել… այնպես բոլորը միասին միտք ունիմ թողնել մի տեղ ծախելու։

− Լա՛վ է, ես մեր Բաղդոյին կասեմ թող գին դնեն, վերցնեն։

− Աման, աղա ջան, մարդ չիմանա, մաքսից փախցրած եմ, գլխիս փորձանք չբերեն,− ասաց Եղիկը ավելի հրապուրելու համար աղային։

− Ձայնդ կտրի՛ր, չարն ու բարին ես նո՞ր եմ սովորելու։ Դու քու բանիդ գնա, դու էլ իմս ես, ապրանքդ էլ… Ես խո քու երկու ղուռուշ-հարյուր փարայիդ վնաս կթողնե՞մ հասցնեն։ Ամբողջ կայքս կկորցնեմ, չեմ թողնի, որ իմ շվաքումս թառիդ թռչնի մի փետուրը թափվի։ Գնա, գնա բանիդ և հանգիստ կաց։

Քիչ հետո Եղիկը Բաղդասար աղայի հետ գնաց Հաջի աղայի խանութը, որտեղ կամաց-կամաց ցուցակ կազմեցին, և երկու հազար մանեթից ավելի արժեք ունեցող ապրանքը հինգ հարյուր մանեթով տվեց։ Հաջի աղան այնքան բարի եղավ, որ երկու հարյուր մանեթը կանխիկ վճարեց, իսկ երեք հարյուր մանեթին էլ վեց ամիս ժամանակ որոշեցին։ Բայց սրա փոխարեն Եղիկը գյոկչեցի գրվեց և դրանից հետո ամեն տեղ սկսան նրան գյոկչեցի Ղազար կանչել։

Երբ այդ բոլորը կարգի դրեց Եղիկը, մնացյալ ապրանքներից մի մասն էլ Իգդիրից Երևան փոխադրեց, ծախեց և մի հազար ռուբլի կանխիկ փող ձեռք ձգելով, Մելոյի հետ Երևանից քշեցին ձիերը, Ապարաններով երկու օրում հասան Ղարաքիլիսա։

Մինչ այդ՝ Եղոն քարավանից վեր առած ավարի մի քառորդն անգամ չէր բաժանել, այնինչ դրանով հարյուր մարդու բախտավորել էր, մի քանի վաճառականների մեծ-մեծ պատառներ էր նվիրել, համարյա գիտությամբ և գրպանում բացի հազար ռուբլուց մի երկու երեք հարյուր ռուբլու ոսկի-գոհար, մարգարիտ ուներ, որը նշանածին՝ Ասլիին, էր տանում, բացի հագուստի համար վեր առած ատլասն ու խասը, ընտիր ոսկեթել դիպակները։ Երկու նժույգ էին նստած Եղիկն ու Մելոն, երկուսն էլ լավ զինված թարաքյամի կարգ ու սարքով, զենքով ու զրահով։

Գիշեր էր, երբ նրանք հասան Ղարաքիլիսա. ձիերից իջան խրամատում, և Մելոն ձիերի հետ այստեղ մնաց, իսկ Եղոն վազեց դեպի Գալո քեհյենց տան կողմը։ Մութ գիշեր էր, աշնանային ցուրտը թեև զգալի էր, բայց Եղոն ներսից այրվում էր, ցուրտը նրան երբ կազդեր։ Մոտեցավ սովորական կտուրին, վերցրեց տախտակը և սողալով վար իջավ: Բայց սիրեկանին՝ Ասլիին, չգտավ այնտեղ, ոչ էլ անկողին կար այնտեղ տարածված։ Եղիկը մնաց շվարած, նա լսել էր, որ նշանել էին Ասլիին դնդրշկած Մուքեի հետ, բայց հարսանիքը պիտի բարեկենդանին անեին, յոթ շաբաթները չմտած աղջիկը խո չէի՞ն տանիլ։ Մոտեցավ դռանը, որ մտնի տուն (խոհանոց), բայց դուռը դրսից կողպած էր։

Նախորդ դեպքից հետո Թոմասը՝ Ասլիի եղբայրը, այլևս չէր թողնում, որ Ասլին քիլարում քնի և քիլարի դռանը պինդ ախ էր զարկել տվել ապահովության համար։ Եղիկը գիտեր, որ չէր կարելի որևէ աղմուկ բարձրացնել, հակառակ դեպքում տնեցիք կզարթնեին, և նա ոչ միայն չէր կարող Ասլիին փախցնել, այլ նրան տեսնելու էլ չէր արժանանալ։ Նա տան ամեն ծակը-ճյուղը ճանաչում էր իրենց տան նման. իսկույն դուրս եկավ և իջավ մեծ ախոռը, որտեղից ուղղվեցավ Գալո քեհյի ննջարանը, համոզված լինելով, որ ծնողները իրենց աղջկան իրենց սենյակից դուրս չէին թողնիլ։ Նրա ենթադրությունը սխալ չէր։ Ասլին այն սենյակումն էր։ Դուռը սովորաբար բաց էր, բայց ծերուկն ու պառավը արդեն վաղուց իրենց հանգիստ քունը կորցրած էին։ Եղիկի պատից իջնելը և բարձրացրած աղմուկը լսեցին, բայց կարծելով, որ մատակ գոմեշները իրենց եղջյուրները խփեցին պատերին, տեղերից անգամ չշարժվեցան։ Եղիկը թաթերի վրա առաջ գնաց, սողալով ներս մտավ, մթնումը միակ աչքը չռեց և ոտքով շփելով Ասլիի անկողինը, գտավ։ Եղիկը գիտեր, որ ծերուկն ու պառավը իրենց սովորական տեղը ցմահ չէին փոխիլ, ուրեմն շնչառության հետևելով յուր շունչը խեղդելով, հասավ Ասլիի մոտ։

Խեղճ կույսը քնած էր, գուցե երազում էր։ Հույսը կտրած, արդեն իրեն գերեզմանի ճանապարհին մոտեցած էր զգում կույր-կտրիճի սիրուհին։ Մոլորվել էր Եղիկը. մի սովորականից բարձր աղմուկ, պառավները կարող էին իսկույն սթափվել, իսկ այդպիսի տարտամ դրություն անտանելի էր։ Ալևորի հանգստությունը կարծես կտրված էր. նա անդադար հազում էր, իսկ յուրաքանչյուր հազի ձայնը շնչասպառ էր անում Եղիկին։ Պառավը խռկում էր, խռմփում, նրանից շատ երկյուղ չկար։ Քիչ խաղաղելուց հետո Եղիկը կամաց շրթունքները մոտեցրեց և մի համբույր դրոշմեց Ասլիի ճակատին։ Անմեղ հրեշտակ, բոլորովին չիմացավ էլ։ Գուցե երազեց, և երազում երջանկությունը գոնե վայելելու տենչով չէր ցանկանում սթափվել։ Խորասուզված սիրահարը աներկյուղ երկրորդ համբույրը դրոշմեց։ Բայց խեղճ աղջիկն ամբողջ օրը այնքան էր հոգս քաշել, այնքան էր չարչարվել և այնքան սգացել յուր վիճակը, որ բոլորովին չզգաց։

Դողդողալով կամաց կողքը հրեց և ձեռքը կրծքին դրեց. բայց զուր, տարբերություն չարավ. նա անվրդով շարունակում էր յուր քունը, յուր հանգստությունը։ Քիչ մտածելուց հետո Եղիկը յուր դաշույնի արծաթյա սառը պատյանը դրեց Ասլիի կրծքի վրա, որը սրսփալով վեր թռավ և «վա՜յ, օ՛ձ, վա՜յ, օ՛ձ կա» — գոռգոռաց։ Եղիկը մինչև նրա ականջում «մի՛ վախենալ, ես եմ» փսրտալը, ծերուկ Գալո քեհյեն անկողնից վեր կենալով ասաց.

— Ա՜յ կնիկ, քուքուրդն ո՞ւր ես դրել, ա՛յ կնիկ։

— Մարդու չես թողնի դադարի,— ասաց պառավը տրտնջալով,— էլի չիբուխիդ համար քունս կտրեցիր։

— Կնի՛կ, քուքուրդը, ձայնդ կտրիր, աղջիկը գոռում է, օձ կա, ինչ կա, դու քուքուրդի տեղն ասա՛։

— Օջախի թարեքի վրա է, ձեռքդ երկարացրու, վե՛ր առ։

Մինչ այդ, Եղիկը դուրս թռավ ախոռը և անմիջապես, երբ Գալո քեհյեն լուցկին խփեց ու վառեց, նա բարձրացավ կտուրը մրմնջալով: Որտեղի՞ց այդ գյուտը հնարեցին ֆրանգները, որ իսկույն լուսավորում է և չի թույլ տալիս մարդկանց մթնումը իրենց գործերը տեսնելու։

Ասլին շատ ցավեց, բայց արդեն ուշ էր. հայրը ճրագը վառելուց հետո ասաց.

— Ի՞նչ կա, աղջիկս, ի՞նչ կա, Ասլի ջան։

— Բան չկա, տա՛ցու, բան չկա,— կակազեց դողղողալով Ասլին, բայց դեմքն արդեն ցույց էր տալիս, որ տարօրինակ դեպք էր պատահել։

— Ի՞նչ օձ էիր գոռում, ի՞նչ էիր ասում։

— Բան չկա, երազումս էր, տացու, վախեցա և զարթնեցի։

Բայց ծերուկը չհանգստացավ, նա ճրագը ձեռքը դուրս եկավ ախոռը, բակը, հյուրանոցը, ամեն կողմը քննեց, երբ ոչինչ չնկատեց, սկսեց ավելի ուշադրությամբ կտուրի լուսամուտները քննել։ Եղիկը շտապել էր և ախոռի կտուրի լուսամուտի տախտակը ծուռն էր դրել։ Գալո քեհյեն իսկույն հասկացավ բանն ինչումն է ու գոռաց.

— Ասլի, այն շան կաթ ծծածը խո չէ՞ր:

— Ի՞նչ ես ասում, տացու։

— Եղիկը խո չէ՞ր քեզ զարթեցնողը,— ասաց Ասլիին մոտենալով և երբ նկատեց Եղիկի թողած կապոցով գոհարն ու ապրանքը, կանչեց.— Աղա Թոմաս, Բարսեղ, տո՛ ելե՛ք տո բարձրացե՛ք, տո՛ աբուռներս տարավ էս նյուսյուբաթը, տո հասեք, է՜,— աղմուկը գցեց ծերուկը, և մի քանի վայրկյան հետո ողջ գյուղը զարթնեց։ Ընկան Եղիկի ետև, որը ձիով, ո՛րը հետի, շներն սկսեցին հալածել, բայց Եղիկը Մելոյի հետ նստան ձիերն ու դիմեցին դեպի Մոլլա-Մուսա, լույսը չբացված անցան Զռչին և կեսօրին մտան Քերս՝ Միրզի ջրաղացը, հանգստացան։

ԻԳ

Հետևյալ առավոտ վաղ ձիեր նստան Եղիկն ու Մելոն և ճանապարհ ընկան։ Մութնուլույսը դեռ չէր զանազանվում։ Մելոն հետևում էր Եղիկին, բայց թե առաջնորդի միտքը ո՞ր կողմն էր, նրան հայտնի չէր։

— Գիտե՞ս, Եղհկ աղբեր, ի՛նչ կա,— ասաց Մելոն։

— Ի՞նչ,– ասաց մտախոհ Եղիկը։

— Իմ ձիս չի քայլում, քուկդ էլ մի բանի նման չէ. մեզ լավ խաբեցին անօրենները։ Բեռկիրը քյոհլանի տեղ տվին մեզ։ Ես այն ժամանակ զգացի, բայց միջամտելն ինձ չէր վերաբերում։

— Դու գիտես ես չճանաչեցի՞. խոսելու ժամանակ չկար։ Ի՞նչ ես վախենում, կարծես այսօր լավ ձիաներ ձեռք չբերենք։ Դու առաջ գնա։

Մի ժամանակ երկու ձիավորներն էլ լուռ առաջ էին գնում, երկուսն էլ մտախոհ, ծրագիրներ էին պատրաստում։ Արշալույսին նրանք անցան Յաղլուճան, բարձրացան Լաջի-վելի սարահարթը, երբ նոր արեգակը ճառագայթները հորիզոնից սկսեց արձակել։

Երկուսն էլ մտախոհ, յորղա ձիերը տակները, քշում էին արագ-արագ։ Եղիկը երկար-բարակ դիտելուց հետո հեոուն, սարի ստորոտում արածող ջոկը, ասաց.

— Մելո, քանի՞ մարդ ես նկատում իլխիի քով։

— Ո՞ր իլխիի,— ասաց Մելոն, աչքերը չորս կողմ հածելով։

— Ա՛յ, այն սարի տակը,— ասաց մատով նշան տալով Եղիկը։

— Էյ այն Մեդեդ բեգի իլխին է, կաշի կքերթե, հետո Շյորագյալի տերը։ Զգույշ պետք է լինել, այդպիսի կծանների պոչը կոխելու չէ։

— Երեխա ես, դեռ չգիտե՞ս թե իմ նպատակս ինչ է, ես ինչ մտքի եմ ծառայում։ Քշե՜, քշե՜ գնանք։

Ջոկին չմոտեցած, Եղիկը հրացանը լցրեց և ուղղեց ջոկի պահապաններից մեկի վրա, որն իսկույն ընկավ։ Երկրորդ պահապանը ընկերոջ վրեժը լուծելու և կյանքը փրկելու հույսով անցավ մի քարի ետև և գնդակն ուղղեց Եղիկի վրա, բայց գնդակը նրա կողքով անցավ։ Մելոն, նկատած լինելով ջոկի պահապանի քարի ետև պահվելը, հրացանը պատրաստեց և երբ վերջինս լցնում էր կրկին անգամ դատարկելու, արձակեց, որի գնդակը ցրվեց պահապանի ուղեղը։ Մնացած երկու պահապանները այդ նկատելով խույս տվին և պահվեցին։ Իսկ Եղիկը հարձակվեց նրանց վրա և մեկի ականջները կտրելով՝ ասաց.

— Գնա՜, Մեդեդ բեգիդ ասա, որ Քոռ-Եղիկը նրա իլխից երկու քյոհլանի պետք ունենալով, եկավ ջոկեց և տարավ, փոխարենը երկու ձի թողնելով։

Իսկույն երկու ընտիր նժույգներ ջոկեցին և իրենց ձիերի սարքը նրանց վրա դնելով, հեծան, ճանապարհ ընկան դեպի Չրփլի, որտեղից ջուրը զարկելով անցան ռուսաց սահմանը՝ արևը մայր մտնելուց քիչ հետո։ Ձիերն ընտիր էին և օրվա մեծագույն մասը Ղոշավանքի ձորում արածել էին, այնպես որ Եղիկը որոշեց այդ իրիկուն ևս հարձակվել Գալո քեհյի վրա և Ասլիին փախցնել:

— Անխոհեմ է մտադրությունդ,— ասաց Մելոն,— երկու գիշեր առաջ դուրս եկանք մենք Ղարաքիլիսայից անպատվությամբ, ուզում ես կրկին անպատվվելու գնա՞նք։

— Առավոտյան էլ եթե քու խոսքով գնայի, Մեդեդ բեգի իլխիից ձի չէինք դուրս բերելու, բայց տեսա՞ր ինչ քյոհլաններ ձեռք բերինք։

— Բերելը բերինք և ես վստահ էի բերելու մասին, միայն հետևանքը վատ է. այժմ Մեդեդ բեգը կատաղեց քեզ վրա։ Եթե մի օր ճանկն ընկնես՝ խեղդել կտա։

— Եթե կընկնեմ, թող խեղդել տա,— ասաց Եղիկը ձին մտրակելով,— գնանք։

Նրանք ուղղվեցին Ղարաքիլիսա և մեջգիշերին հասան գյուղի սահմանը։ Մելոյի սրտովը չէր, բայց Եղիկի կամքից դուրս գալ երբեք չէր էլ ցանկանում։ Հասան ավելի մոտ և երբ ուզում էին դեպի խրամատը ծռվել, մի քանի տեղից շներն սկսեցին հաչել։

— Հավա՜ր, հասա՜ն, օգնեցեք, Եղիկը վրա տվեց, հասեք, յաման հասեք, տղա՜ք, հասե՜ք,— քառասուն տեղից ձայն դուրս եկավ։ Գյուղացիք գիշերվա պահապաններ էին դրել Եղիկի ահից, և նրանք իսկույն ողջ գյուղը ոտքի հանեցին։

Երկու հոգով գյուղի վրա տալ և հարյուրից ավելի զինված, պատրաստված մարդկանց դեմ դնելը խելքի բան չէր. նրանց ճանկից փախչել ազատվելն էլ մեծ շնորհք էր։ Մութ գիշերը նպաստեց, և Եղիկը այնպես վարժվել էր խրամատի անցքերի հետ, որտեղ ինչ քար լինելը գիտեր և դրա համաձայն առաջ էր վարում ձին, իսկ նժույգները իրենց հատուկ ընդունակությամբ այնպես սահեցան, թռան, անցան, որ ոչ մի ձիավոր նրանց առաջը կտրել չկարողացավ: Մթնումը մի քանի գնդակներ արձակեցին ղարաքիլիսեցիք, բայց ապարդյուն, միայն աղաղակը սաստկացրին այն գնդակները և ստիպեցին Եղիկին շուտով հեռանալ։ Երբ արդեն հանդը դուրս եկան, Եղիկը շուռ եկավ և մի գնդակ ուղղեց գյուղացիներին, հուսալով, որ դրանով հրավիրե գյուղացոց իրեն հետևելու, բայց նրա ցանկացածը չեղավ, գյուղացիք շեմքից դուրս չեկան։ Արդեն նրա գնդակի գիշերը գործած հրաշքների մասին առասպելներ էին պատմում Շիրակի բոլոր գյուղերում։

Զուր քիչ դեսուդեն տատանվելուց հետո Եղիկը դեպի Ապարաններն ուղղեց յուր ձիու գլուխը։ Արևածագին նրանք հասան Բաշ-Ապարան և ուղղվեցին դեպի Աշտարակ ու Իգդիր։ Արդեն ունեցած-չունեցածը ցրվել էր Եղիկը, որը Միրզային էր տվել առևտուրը կարգի բերելու համար, որն էլ մահուդ և ընտիր ապրանքների ծախսից ստացած գումարները քիչ-քիչ հավաքելով, պատրաստում էր մի ուժեղ հարձակումով առնել ու փախցնել Ասլիին։

Բայց կրակն առել ու բորբոքում էր Գալո քեհյին և մղդսի Կյուրեղին։ Նրանք շվարել մնացել էին այս անզուսպ ղաչաղի ձեռքին։ Գիտեին, համոզված էին, որ Ասլիի պատճառով իրենց հանգիստ չէր թողնելու Եղիկը, և անպատճառ մեծ-մեծ վտանգների էին ենթարկվելու։ Գալոն զղջացել էր, որ աղջկա կամքին հակառակ, կնոջ խոսքը կոտրելով, որդուն՝ Թոմասին, հետևելով մեծ փորձանքի մեջ էր գցել իր օջախը, բայց արդեն ուշ էր… տերտերը նշանն աշխարհի առաջ օրհնելուց հետո ինչպե՞ս կարելի էր գեղի մեջ, դաշտի մեջ խաղք ու խայտառակ լինել, տված էր ու պրծած… Թող այս աղջիկն էլ զոհ գնար հոր անունի ու նամուսի համար։ Բայց այնքան աղջկա համար չէր մտածում, որքան խորհում էր տան գլխին գալիք որևէ փորձանքի համար, Եղիկն ու նրա կույր գնդակը հանկարծ կարող էին Գալո քեհյի տան սյուներից մեկն ու մեկի գլորել, սարի նման կտրիճ որդիներից մեկը կարող էր նրա անգութ վրեժին զոհ դառնալ և հավիտյան իրեն սգի, հարսներին, թոռներին ողբի և թշվառության մատնել։ Մղդսի Կյուրեղն էլ պակաս չէր տանջվում, նա համոզվեց, որ Ասլին իրեն տան հարս չի դառնալ, դեռ ո՞վ գիտե, գուլպայի քանդուցքի նման յուր այնքան տարվա աշխատած կարողությունը ետ պիտի քանդե։ Նա էլ մտածում էր, որ սխալ էր այդ իրեն արած քայլը, օձի պոչը կոխելու չէր, բայց բանը բանից անց էր կացել, արդեն Եղիկին սրտից էր խոցել, այժմ պետք էր պաշտպանության մասին մտածել։ Գյուղի ջահիլները շատ ուրախ էին Եղիկի արարքի մասին, ոչ ոքի սրտովը չէր, որ Ասլիի նման մարալ աղջիկը դնդրշկած Մուքեի բաժին դառնա և ամենքի աչքը նրա վրա էր, իսկ Եղիկի նման ղոչաղին շատ չէին տեսնում։

Բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե Ասլիի սրտում ի՞նչ էր կատարվում։ Խեղճ աղջիկը վայ էր կարդում յուր գլխին, որ երկու անգամ իրեն քնածության պատճառով խանգարել էր Եղիկի ձեռնարկությունը։ Դրանից հետո էլ զգաստ էր, ցավը, մտածությունը նրան ստիպել էին, որ ուշքը հավաքե. վիշտը կորցրել էր նրա քունը, նա գիշերները արտասվալի աչքերով լուսացնում էր, հալվելով, մաշվելով, բայց ուշ էր՝ տունը, տեղը, ամեն կողմը ամրացրել էին, պահապան շներով դուռ ու երդիկ ապահովել, իրենք էլ տնով-տեղով աչք ու ականջ էին դարձել, որ սևերես չմնան դուռ-դրկցի առաջ։ Եվ այս բոլորի մասին տեղեկություն էին հասցրել Եղիկին, այնպես որ այլևս այդպիսի հարձակումից օգուտ չլինելը նա հասկացել էր։

Ասլիի սերը օրեցօր բորբոքվել էր, օրեցօր նրա առաջ ավելի հզորացել էր յուր սիրեկանը և բարձրացել։ Եղիկի արարքների պատմությունը գյուղից գյուղ, գավառից գավառ, ամեն տեղ տարածվել էր, ամեն ախոռի օդայում, ամեն եկեղեցու բակում ու ամեն կալի մեջ, որտեղ որ գյուղացիք հավաքվեին, քաղաքացիք բոլորվեին, Եղիկի արարքները մեջտեղ կգար։ Սրախոսները, շաղակրատները ամեն մինը մի-մի հավելվածով և զարդարանքներով կսկսեր պատմել։

— Աղա՛ ջան, անցած օրը անիրավը մտել էր Մեդեդ բեգի իլխիի մեջ,— ասում էր Գյումրի ղայֆախանում աղաներից մեկը,— սրան կհավանե՞ս, թե նրան, մեկ ժամ ջոկել–ջոկջկել, հինգ-տասը քյոհլան է դուրս բերել, որ ամեն մեկի գինը երկու-երեք հարյուր մանեթ, ախպերն ախպորը չի տալ։ Ութ֊տասը մարդ զարկել, կոտորել, անցել է։

— Տո՛, մարդն էլ մարդ լինի՛, մի աչք ունի, էն էլ թքնես կքոռանա, վրան հալ չկա, փչես գետին կընկնի, բռնած գործերը… արմանք ու զարմանք է աշխարհի բաները:

ԻԴ

Գնում էին երկու ձիավորներ՝ Եղիկն ու Մելոն, Աշտարակից դեպի Օշական։ Հանկարծ ձորում նրանց առաջը կտրեցին երկու ձիավորներ, որոնցից մինը կանչեց։

— Զենքերդ թափեցե՜ք, թե չեք ուզում գյուլլուլա պաղեցնել։

— Արի՛ տար,— գոռաց Եղիկը, անվրդով ճանապարհը շարունակելով,— թե քաջ ես՝ առաջ անցիր, մի՛ մեկ կողմը քաշված կանգնիլ տմարդու նման։

— Առաջ մի՛ գաք, թե չէ Եղիկի գյուլլեն զուր չի անցնիր:

— Ախպե՜ր, թե դու Եղիկն ես, հանձնվում ենք,— խղճալի կերպով պատասխանեց Եղիկը և կանգնեց, ծիծաղը չկարողանալով զսպել։

— Եղի՛կ ախպե՛ր, լավ է, քու անունով քեզ ուզում են վախեցնել,— ասաց Մելոն։

— Լավ է, թող շարունակեն, հիմի որտեղ ինչ ավազակություն, մարդասպանություն կատարվի՝ Եղիկի անունը կխոսվի:

— Դեռ շա՞տ եք մեզ սպասեցնելու,— ասաց կեղծ Եղիկը,— զենքերդ, զարդերդ թափեցեք։

— Ա՜յ ղոչաղ, դու շատ ես լեզվիդ տալիս, առաջ արի, ահա այս գնդակը քու գդակիդ, գլուխդ մեղք է, ջահել ես, կարելի է մեծանաս, պետքական մարդ դառնաս։ Եվ իրավի, Եղիկի գնդակը կեղծ Եղիկի փափախը իսկույն ծակեց ու անցավ։ Մինչ նա ծխի մեջ կոլորված, հանկարծակիի եկած ուզում էր հրացանը ուղղել, Մելոն գոռաց շտապ-շտապ:

— Տղա՜, մեղք ես, տղա՜, զենքերդ թափե, արի անձնատուր եղիր Եղիկին։

Սրա վրա ձիավորը վար իջեցրեց թվանքը, թևերը թուլացան և մյուս ընկերը պատասխանեց.

— Լոռիից Եղիկին գտնելու ենք եկել, նրա գերին ենք, հանձնվում ենք։ Եղիկը թող մեզ առաջնորդե, կուզե յուր ձեռքովն սպանե։

— Մոտ արե՛ք, մի՛ վախենաք,— գոռաց Եղիկը և գրկեց, համբուրեց նրանց։

Լոռեցիք մոտեցան, Եղիկի խումբը ուժեղացավ, չորս հոգի դարձան։ Չորսն էլ գլխներից անցած, չորսն էլ վրեժի ծարավ, չորսն էլ հաստահարված, հալածված, զրկված և անարգված: Բոլորի սիրտը միևնույն կրակով էր բորբոքվել։

Լոռեցիների մեծի անունը Գրիգոր էր, փոքրինը Մոսո, երկուսն էլ դսեղցի էին։ Երբ ծանոթացան և ընկերական դաշն ուխտեցին, Եղիկն ասաց.

— Տղերք, ձիերդ քշեցեք, մինչև Իգդիր դեռ շատ ճանապարհ ունենք, գնանք, դեռ գործեր շատ ունենք։ Այնպես էին գնում, կարծես անցած սարերն այդ խմբերն ստեղծած լինեին, իսկ դաշտերը իրենց սեփականությունը, իրենց հարկատուները լինեին։ Սլանում էին սրաթև թռչունի նման և ամեհի երիվարները որքան գնում էին, կարծես էլ ավելի բորբոքված առաջ անցնել էին փափագում։ Եղիկն անչափ ուրախ էր, արդեն խումբը պատրաստ էր, նպատակը իրագործելու սկզբնավորությունն էր, կատարելագործության ծրագիր էր պատրաստում։ Իրիկվան դեմ Իգդիրի մոտերքին պատահեցին մի քանի հայ գյուղացիների վիրավորված, արյունաշաղախ. գնում էին մովրովի մոտ։

— Ա՜յ տղերք, էդ ի՞նչ է պատահել,— ասաց Եղիկը գյուղացիներին։

— Վա՛յ, ես քեզ մատաղ, Ղազար ախպեր (այդ սահմանում Եղիկին գյոկչեցի անունով էին ճանաչում), ոչխարս քրդերը տարան, անցկացրին օսմանլիի կողմը, ինչքան դեմ ընկանք՝ հնար չեղավ, երկու էլ ղազախի սպանեցին։

ափիցերն էլ չթողեց անցնենք օսմանլիի կողմը, թուղթ գրեց, տվեց, ահա տանում ենք մովրովին, ինքն էլ գիր գրեց իրեն մեծավորին։

— Ամոթ չէ՜, գետին չմտա՜ք, որ թողիք քրդերին ձեր կթանը տանելու, անաբուռ մարդիկ եք, գլխներիդ կարծես կնկա լաչակ գցած լինիք։

— Ղազար ախպեր, արդար է խոսքդ, բայց ի՞նչ օգուտ, ուշ իմացանք, ուշ հասանք… մեկ էլ որ անօրենները առանց արգելքի անցան իրենց սահմանը, բայց մեր ղազախի մեծն չթողեց անցնելու, թե չէ կբերեինք։

— Լա՛վ, լա՜վ, հասեք, ուշ է, շտապեցեք։ Եղիկը ձին քշեց, նրան հետևեցին ընկերները, անցան։ Նույն գիշերը Եղիկը չկարողացավ քնել։ Ամբողջ գիշերը բորբոքված մտածում էր և ծրագրում։ Մեջգիշերին ասաց. Մելո՜, Մոսո՜, ելեք ձիաների գարին կախեցեք։ Դեռ երկու ժամ լուսանալուն մնացած՝ ճանապարհ ընկան և արշալույսին անցան Պալակցիս լճի մոտով։ Այն հրաշալիքներով զարդարված լեռներն ու լեռնագագաթները իրենց ձագարով արևագալի ժամանակները սքանչացնում էին անցորդին իրենց գույնզգույն տեսարաններով, բայց Եղիկը բոլորովին ուրիշ բանով էր հրապուրված։ Սահմանը շրջվելուց հետո արդեն քրդական սև վրանները և քարուքանդ խարաբաները նկատվեցան։ Աշուն էր, բայց մեղմ եղանակներին դեռ ոչխարն ու կթանը սարի միջին լանջերում, տեղ-տեղ ձորակներում ու արևի կողերում հանդարտ արածում էին։ Հովիվները հարյուրներով առաջները խառնած՝ իրենց հոտերին մագլցեցնում էին քարափներից, ապառաժներից և հասցնում ճարակ եղած տեղերը։

Արդեն խաշները դուրս հանած էին, երբ որ Եղիկի խումբը դարիվար էր իջնում։ Նախկին փորձառու հովիվը, աչքերը շուրջն ածելուց հետո, ձիու գլուխը դարձրեց, որին անմռունչ հետևեցին ընկերները։ Կես ժամ հետո արդեն երկու հազար քայլ հեռավորության վրա կանգնած էին մի ընտիր հոտի մոտ, որը հինգ-վեց հարյուր գլուխ կթանից էր կազմված։ Եղիկը գիտեր, որ քուրդը մինչև ուժ չտեսնի, չի զիջանիլ. այդ պատճառով ռով մի գնդակ ուղղեց հովիվի մահակին, որը ձեռքից ընկավ:

Հովիվը փոխանակ անձնատուր լինելու, հրացանը ձեռքն առավ և ընկերներին օգնության կանչեց։ Գրիգորը, որպեսզի յուր ճարտարությունը ցույց տա, ասաց.

— Իմ թվանքս պատրաստ է. մինչև քու լցնելդ, քրդին գլորեմ, միջոց չունենա շարժվելու,— առանց պատասխանի սպասելու արձակեց։ Քուրդը գլորվեց, ընկերը սկսեց գոռալ.

— Աղա , մի սպանեք, ես ձեր ստրուկն եմ,— ու անձնատուր լինելու նշան ցույց տվեց։ Եղիկը մոտեցավ, անշնչացածի շվին առավ և սկսեց նվագել ու ոչխարը հավաքել. քուրդը մնաց շվարած, կարծեց, որ Եղիկը քուրդ է ու ասաց քրդերեն.

— Տունդ շինվի, կասկանցի Փրդո բեգի եղբորն սպանեցիր, շուտ արա հեռացիր, թե չէ հիմի կասկանցիները կթափվին, ու դու գլուխդ չես ազատիլ նրանց ձեռքից։

— Հա քու կասկանցիներդ էլ կոտորվին, հայդարանցիներդ էլ։ Զենքերդ տուր։

— Այնպես մաքուր քրդերեն էր խոսում Եղիկը, որ քուրդը մնաց շվարած. չէր կարողանում բացատրել, թե ինչպես մի քուրդ՝ մի քուրդ էլլիքի բեգի եղբորն սպանելուց հետո, լույս ցերեկով նրա ապրանքն էլ ուզում էր քշել տանել։

— Ահա զենքերս, բայց կուռո, լավ բան չես անում,- ասաց տատանվելով հովիվի օգնականը։ Զենքերն առնելուց հետո ասաց.

— Դե՜հ, ոչխարը բարձրացրու դեպի սարը։

— Քուրդը հնազանդվեց։ Մոսոն նրա հետ սկսավ բարձրանալ, իսկ Եղիկը ընկերներով գառների հոտի ետևից գնաց։ Առանց ընդդիմադրության դառներն էլ հանձնեցին, և Եղիկը շվին առած, ձիու վրայից ածելով հավաքեց բոլորին և կամաց-կամաց հասավ ոչխարին։ Երբ արդեն բավական հեռացան, ասաց քրդի հովիվին.

— Մոտ արի։— Քուրդը հնազանդվեցավ։

— Դե՛հ, այժմ գնա, քու կասկանցիներիդ, քու հայդարանցիներիդ բեգերին ու ադաներին, օջախներին ու շեյխերին պատմիր, թե մի հայ՝ Քոռ-Եղիկը, նրանց կթանն ու գառները տարավ։ Այս նրանց խրատ, ուրիշ անգամ մեր սահմանը չգան ու մեր ժողովրդին վնաս չհասցնեն։

— Աղա ջան, բեգը մեղք չունի, այդ անօրեն Սլոն էր ձեր ոչխարները բերողը։

— Դու խաբարը տար, թող Սլոյին ու Մլոյին խելքի բերեն, մեր ապրանքին չմոտենան։ Դե՜հ, բարի ճանապարհ։

Երբ նրանք ուրախ-ուրախ մոտենում էին սահմանին, հանկարծ նկատեցին ձիավորների մի մեծ խումբ, որոնք շտապում էին իրենց հասնելու։ Եղիկը անտարբեր սկսեց ավելի դանդաղ շարժվել, ոչխարն արածեցնելով բարձրացնել։ Քրդերը մոտեցան, այնպես որ գնդակ կարելի էր հասցնել։

— Ժամանակն է,— ասաց Գրիգորը,— դառնանք։

— Սպասիր, թող էլ մոտենան։

Քրդերը պատրաստության մեջ էին և զարմացած էին մնացել, որ չորս հոգին քառասուն ձիավորին մարդատեղ չէին դնում։ Վերջապես ավելի երկյուղից, քան թե մի ուրիշ բանի դրդված, նրանք գոռացին.

— Այդ ո՞ւր եք տանում Փրդո բեգի կթանը, տմարդինե՜ր, անզեն հովիվին ինչի՞ սպանեցիք։

— Սուտ եք ասում,— գոռաց Եղիկը,– ահա Փրդո բեգի եղբոր թվանքը, որն ավար առա։

Մինչ այս՝ մի գնդակ հասցրին քրդերը, Եղիկը ձին մեղա առաջ քշելով՝ ինքը ետ դարձավ ձիու վրա և մի գնդակ ուղղեր քրդի ձիավորների առաջնորդին, որը իսկույն գլորվեց։ Գրիգորը չուզեց ետ մնալ և մի գնդակ էլ նա հասցրեց, որ տապալեց մի երկրորդին։ Քրդերը քսան-երեսուն գնդակ իրար ետևի արձակեցին, բայց բոլորը զուր անցան։ Մինչ այս՝ Եղիկը ոչխարը շվիով առաջ էր քշում, ինքն էլ թիկունքը ձիու կողմը, երեսը քրդերին դարձրած, կամաց-կամաց առաջ էր գնում։ Մինչ քրդերի երկրորդ անգամ շեշխանաները լցնելը, չորս ընկերները նորից կրակեցին, և երեք մարդ նորից գլորվեցինք Քրդերը պատասխանեցին, բայց միայն Մոսոյի ձիու գլուխը կերան, իսկ մնացյալները ազատ ձեռքները տարան լագզու փշտովներին։ Թվանքները նորից լցնել չէր կարելի, պետք էր մի քանի րոպե սպասել։ Քրդերի մեջ վլվլոցն ընկավ, յոթ հոգի, այն էլ առաջավորները, ընկել էին։ Նրանք կանգնեցին։ Եղիկը առաջ էր գնում անընդհատ ընկերների և հոտի հետ։

Քրդերը երկար չհամբերեցին, մի քանիսը դիակների մոտ մնացին, մյուսները կատաղած առաջ ընկան։ Մոսոն ոտով էր գնում, դեռ զենքերն էլ շալակը։ Նա մի քարի ետև անցավ և հրացանը ուղղեց եկողներից մեկի վրա, որի անակնկալ ընկնելու վրա քրդերը թուլացան։ Մինչ այդ Եղիկն ընկերների հետ մի-մի գնդակ էլ արձակեց, որը քրդերին հուսահատեցրեց։ Երեք քրդեր նորից ընկան, այնինչ նրանց և ոչ մի գնդակը նպատակին չհասավ։ Տղերքն այնպես արագ էին շարժվում, այնպես այս ու այն կողմն էին ձգձգում, որ քրդերը շվարեցան։

— Հրացաններդ լցրեք,— ասաց Եղիկը,— նրանց միտքը մոտենալ և սրի կռիվ սկսելն է։ Պատրա՛ստ կացեք, սրի կըռվում մենք նրանց չենք կարող հաղթել, նրանք շատվոր են։

Մինչ այդ քարի ետևից Մոսոն մի ուրիշի էլ գլորեց, որը սարսափ ազդեց քրդերի մեջ։ Նրանք կարծեցին, թե շատվոր են ապաստանած՝ քարերի մեջ։ Քրդերը կանգնեցին, ո՛չ առաջ էին կարողանում գնալ, ո՛չ ետև, երկյուղն ու ամոթը կռվում էր նրանց մեջ, բոլորը կփախչեին, եթե մեկը մյուսից չամաչեր, և ոչ ոք առաջին փախչողը չէր ուզում լինել։ Մի գնդակ էլ արձակեին քրդերի բազմությանը՝ մեկն ու մեկին դիպչում էր, այնինչ հայերը, երեք հոգի և ցրված, խույս էին տալիս նրանց նշաններից։ Իսկ վերջին գնդակների վրա քրդերը սկսեցին փախչելու պատրաստություն տեսնել։ Արդեն քրդերը ընկնողներին իրենց ձիերի վրա էին դնում կապում։ Հրացանները մի-մի անգամ ևս լցրին, պատրաստ ձեռքերին հեռանում էին։

— Գրիգո՛ր, Մոսոն առանց ձիի ինչպե՞ս պիտի գա, նրան ձի է պետք,— ասաց Եղիկը։

— Հավատացե՛ք, ես ձեզ հետ չեմ դառնալ,— ասաց Գրիգորը,— պետք է Մոսոյի համար մի ձի վեր առնել քրդերից։ Այսքան վառոդն ու գնդակը մուֆթա խո չէ՞ր։

— Մելո՛, դու կամաց-կամաց ոչխարը առաջ տար, շ— ասաց Եղիկը։

— Հավատա, ես ոչխարի հետ գլուխ չեմ կարող դնել,— ասաց Մելոն,— այդ իմ բանը չէ։

— Մոսո՛, արի ոչխարը դու քշե,— ասաց Գրիգորը,— ոչխար շատ ես արածացրել, այդ քու փեշակն է։

Ճարահատյալ Մոսոն ոչխարն սկսեց քշել, իսկ երեք ընկերները ետ դարձան։ Քրդերի ձիավորների մի մասը փախել, առաջ էր անցել, մյուս մասը սպանվածներին էր տանում: Սարսափելի էր կացությունը. նրանք, որոնց հետ կարելի էր ազատ կռվել, փախել էին, իսկ դիակներով բեռնավորվածներին ձեռք տալը տմարդություն էր։ Եղիկը, քիչ մտածելուց հետո, քրդերեն գոռաց.

— Մի ձի փոխ տվե՛ք, մեր ընկերներից մեկն առանց ձիու մնաց։ Պարտքս լինի մի ուրիշ անգամ նրա փոխարեն ձեզ երեք ձի վերադարձնեմ։

Քրդերը մնացին շվարած, չէին իմանում ի՞նչ պատասխան տալ։

— Ես ձեզ վրա գնդակ արձակողը չեմ. դուք առաջին անգամ եթե գնդակ չարձակեիք, այդ զոհերը չէիք տալ։ Մարդկությունով մեզ մի ձի տվեք մեր ձիու փոխարեն։

— Արի տար,— գոռաց քրդերից մեկը։

— Փախչողները դուք եք, հետևաբար, մեր ծառայությունն էլ պիտի կատարեք, բերեք մեզ մոտ։

Քրդերը բավական վիճելուց հետո մի ձի ետ դարձրին, որին Գրիգորը մոտեցավ, բռնեց և ետևից քաշելով բերեց։

— Մարդավարի, քաջի վայել, թե որ մարդ տեսնեք, գնացե՛ք և այնպես խաբարը տարեք Փրդո բեգին։ Ասեք մի կույր հայ էր ձեզ հալածողը։

Իրիկնադեմին, երբ ոչխարը մոտեցրին սահմանին, ղազախները հակառակեցան, չէին ուզում ընդունել սահմանից ներս։ Եղիկը ձին առաջ քշեց, գնաց ղազախների զորականի մոտ, ասաց.

— Երեկվա քրդերի տարած, փախցրած ապրանքն է, գնացինք բերինք, խնդրում եմ թույլ տաք ներս անցկացնելու։

— Որ այդպես է, ապրի՛ք, անցկացրե՛ք։ Բայց երբ զորականը նկատեց հինգ-վեց հարյուր կթանը իրենց գառներով, ասաց.

— Երկրացի, լավ տոկոսով եք վերադարձրել, վաթսուն ոչխարի փոխարեն վեց հարյուր, ապրիք, լավ է, թող այդ անօրենները խելքի գան և մեր սահմանին չմոտենան։ Դեռ ես նրանց փաշային կախել պիտի տամ, նրանք իմ երկու կազակիս երեկ սպանեցին։


ԻԵ

Երբ ոչխարը տեղավորեցին, ցրվեցին պրծան, Եղիկի իգդիրցի բարեկամն ասաց.

— Ղազարը ապրանքի նմուշները ճանաչել է, քեզ փնտրել է տալիս։

Հետևյալ առավոտ Եղիկը ընկերներով անցավ օսմանցու սահմանը և այնտեղից քշեց դեպի Ալաշկերտ։ Ճանապարհին ամեն տեղ մեկի կարողությունը կողոպտելով, անճարին հասցնելով, երկու շաբաթ սարսափ տարածեց Ալաշկերտում և Բասենում։ Վերջապես հոգնած, դադրած, նամանավանդ Ասլիին կարոտած մտավ Արաքսի ձորը և գիշերով հասան Քերս, Միրզի ջրաղացը: Այդ ապաստանում երկար հանգստանալ չէր կարելի. գիշերը քիչ քնելուց հետո դուրս եկան դեպի Շիրակ։ Երբ բարձրացան Ալաշի կողքերը, նրանց պատահեց մի ծերուկ, որ գալիս էր Թախտից և պիտի անցներ Արփաչայը։ Ծերուկը ողորմելի պարկ ուներ ուսին և մի նեցուկ գավազան, Եղիկը հետաքրքրվեց, թշվառի վիճակը ուզեց իմանալ։

— Ափի, որտեղի՞ց ես,— հարցրեց։

— Աստված էլ կորցրել է իմ դավթարս, գիտե՞մ որտեղից եմ. մի ժամանակ արզրումցի էի, հետո ախլցխացի դարձա, հիմի էլ եկել Գյումրի ենք ապրում։

— Որտեղի՞ց ես գալիս,— ասաց Եղիկը։

— Արզրումից գնում եմ Գյումրի։

— Ինչպես երևում է, ընտանիքդ մե՞ծ է:

— Աստված տվել, չէ խնայել, յոթ աղջիկ ունեմ, գնում եմ մեծին կարգելու։

— Էրզրումից փող շատ բերած կլինի՞ս, ափ…

— Քանդվի այն Արզրումը, ինչպես քանդվել է, հարյուր քեսա առնելիք ունեմ, քսան ղուրուշ չկարողացա ստանալ. ունեցած-չունեցածս էլ թողի, գնում եմ խայտառակ, չեմ իմանում ի՞նչ երեսով դուրս պիտի գամ մանր ու խոշորիս առաջ։

Մինչ այդ Եղիկը քսակը հանեց և երկնցուց ծերուկին, ասելով.

— Աստված մեծ է, ի՞նչ ես շատ դարդ անում, կհասցնե։

— Աստված մեկին հազար վարձատրե,— ասաց ծերուկը լացակումած, ձեռքն երկնցուց և քիչ էր մնում Եղիկի ձեռքը համբուրե, բայց նա չթողեց։

— Է՛հ, ուրիշ ի՞նչ կա, ի՞նչ չկա,— ասաց Եղիկը ծերուկից բան իմանալու մտքով։

— Կռվի տարին օսմանցու զորքին հարյուր բեռն Երևանու բրինձ տվի, տասն անգամ փաշաների մոտ գնացի և փողիցս գոնե մի ողորմություն անգամ չստացա։ Բանակի հրամանատարի մուրհակն եմ ներկայացնում, ինձ ասում են՝ գնա, նրանից ստացի, ես այն գոռբեգյոռի թաղած տեղն անգամ չգիտեի, որ մի գնայի և սիրտս հովցնեի։

— Ուրիշ ի՞նչ են խոսում, կռիվ խո չկա՞։

— Այդպես բան չկա, բայց չեմ իմանում, թե ինչի՞ Սթամբոլից Ղարս փող են ղրկում, մի ծածուկ բան կա, բայց ևս չհասկացա։

— Ինչի՞ց իմացար, որ փող են բերելու Ղարս

— Պարտեզում հիսուն ձիավոր սպասում են, որ Արզրումից եկող չափարին առնեն տանեն: Դեռ խոսք եղավ, թե մի ինչ-որ ղաչաղ Է դուրս ընկել Եղիկ անունով, նրանից վախենում են, այդ պատճառով Էլ պատրաստություն են տեսել վաղօրոք։

Այս որ լսեց Եղիկը՝ փառավորվեցավ, և ընկերները ժպտացին։

— Ափո,— ասաց Եղիկը,— ի՞նչ տամ, որ ինձի տաս օսմանցու բանակի փաշայի հարյուր բեռն բրնձի մուրհակը։

— Որդի՛, ինչի՞ս է պետք, ա՛ռ քեզի. ո՛չ հաց կտա, ո՛չ ջուր:

— Քու ինչի՞ն է պետք, ես փաշաների հետ գործ ունիմ, հաշիվներ ունիմ մաքրելու, կարելի է պետք գա։

Եղիկը մուրհակը ծալեց, գրպանը դրեց և աչքով արավ Մելոյին, որը հարյուր մանեթ փող տվեց ծերուկին, և Եղիկը մնաց բարով անելով ծերուկին, ետ դարձան դեպի Թախթ։ Եղիկը նպատակը չհայտնեց ընկերներին, բայց նրանք նկատեցին, որ հոգեկան ծանր մտածմունքի մեջ էր իրենց առաջնորդը։ Երբ Սուբաթանի մոտով, Յահնիների կողքից անցան, հեռվից երկու ձիավոր նկատեցին, որոնք Ղարսից էին գալիս։ Եղիկը ընկերներով մի կողմ քաշվեցավ, Մոսոյին ճանապարհի վրա թողեց, որ լրտեսե անցորդներին։ Ճանապարհորդները գյուղականներ էին, որոնք ռուսների սահմանի մարդիկ էին, Ղարսից բան-ման առել, վերադառնում էին դեպի իրենց բնակավայրերը։ Երբ սովորական հարց֊բարևները վերջացրին՝

— Ո՞ւր եք գնում,— հարցրեց Մոսոն։

— Այն կողմը, Արփաչայից դենը, — պատասխանեցին։— Մեր գյուղում այս կիրակի հարսանիք կա, քիչ ռոմ, շաքար, ային-օյին ենք տանում։

— Խե՞ր է, ի՞նչ հարսանիք է։

— Մեր գյուղի Համփան՝ Քեհյի աղջկան, Ասլիին՝ Եղիկի նշանածին, տանում է յուր տուն։ Ախ Եղիկ, որտե՞ղ ես։

Մոսոն նկատեց, որ դրանք Եղիկի բարեկամ տղերք էին, բայց չէր իմանում ինչպե՞ս վարվի։ Քիչ մտածելուց հետո՝

— Արեք գնանք Եղիկի մոտ,— ասաց Մոսոն, և ճանապարհորդները, թեև տատանվելով, վախենալով, հետևեցին Մոսոյին, բայց երբ հեռվից նկատեցին Եղիկին՝ հանգստացան։ Նրանք գյուղական ընկեր տղերք էին և Եղիկի հետ միասին մեծացած. վստահ էին, որ նրանից իրենց վնաս չի հասնիլ, իսկ տեսնել այդ հերոս դարձած ընկերին, վաղուց փափագում էին։

Եղիկը փաթաթվեց նրանց, կարծես հարազատ եղբայրները լինեին… Խեղճը սրտակցից, հարազատից գաղափար չուներ, ինքը մոր մինուճարն էր, հայրն էլ մամի մինուճարն էր եղել։ Բոլոր գյուղական բարեկամ-ծանոթներին շատ բարև ուղարկեց, և ինքը մնաց մոլորված։ Չգիտեր՝ դառնար դեպի Ղարաքիլիսա, թե շարունակեր յուր ուղին։

— Գրիգոր, այսօր ի՞նչ օր է,— հարցրեց նա։

— Հինգշաբթի,— ասաց Գրիգորը։

— Լավ է,— ասաց,— քշեցեք ձիաներդ դեպի Պարտեզ։

Նույն գիշերը հասան, բայց գյուղ չմտան, այլ առաջ գնացին դեպի անտառ։ Մինչև լույս անտառի խորքում կրակ վառեցին ու հանգստացան։ Լուսադեմին ճանապարհի նշանավոր կետերում զետեղվելուց հետո կարևոր հրամաններ տվեց ընկերներին Եղիկը և բարձրացավ Հարամ֊Վարդանի բարձունքներից դիտելու ճանապարհների անցուդարձը։ Երկար չսպասեցին. սնանկ վաճառականի ասածն ուղիղ էր և Արզրումից մասնավոր չափարը (սուրհանդակ) մեծ ձիավորների խմբով գալիս էր։ Եղիկը ետ դարձավ և ընկերներին հավաքելով անտառում մի կիրճի մեջ, որոշ տեղերում իրենց դիրքը բռնած նստան։ Բավական ժամանակ անցնելուց հետո առաջավոր երեք ձիավորներ եկան անցան, որոնց հետևում էին երկու հազար քայլ հեռու ևս երեք ձիավոր։ Սրանց թույլ տվին անցնելու։ Իսկ սրանից քառորդ ժամ հետո եկան մոտ երեսուն ձիավորներ, ծանր քայլերով, հետները չորս ջորի, բեռնավորված փողով։ Եղիկը նշանը տվեց, և չորս գնդակները չորս գլխավորների գլորեցին։ Առանց սպասելու չորս էլ փշտովի գնդակ արձակեցին, որոնք նույնպես իրենց զոհերն ունեցան։ Չափարների գլխավորների գլորվելուց հետո արդեն հետևողները շվարեցան։ Ահագին անտառ, ծառերի միջից գալիս է գնդակը, ո՞վ գիտե, որտեղ են ապաստանած և քանի՛ հոգի են։ Մի քանի գնդակ արձակեցին չափարները, բայց զուր, ծառերի բներում մնացին այդ գնդակները։ Գրությունը սոսկալի էր։ Եղիկը երկրորդ, երրորդ անգամ լցրեց հրացանը և ամեն անգամ ճարպիկ ձիավորների վրա էր ուղղում գնդակը։ Գրիգորը, Մելոն ու Մոսոն նույնպես կրակ դարձած, իրար ետևից կարկուտի նման գնդակ թափեցին չափարի ձիավորների վրա, այնպես որ սրանք կարծեցին, թե անտառում առնվազն քսան-երեսուն մարդ է թաքնված։ Դրանից հետո մի քանի գնդակ էլ հասցրին ջորիներին, որոնք թավալվեցան իրենց գանձով։ Ճար չկար, միայն փախուստը կարող էր չափարի ձիավորներին փրկել. այդպես էլ արին, բայց Եղիկի և ընկերների գնդակները նրանց չէին թողնում խույս տալով մահից ազատվելու։

— Երեք հոգի մնացին սատկած ջորիների գլխին,— ասաց Եղիկը:

— Այդ ջորիների բեռները բարձեցեք ձեր ձիաներին, եթե մեռնիլ չեք ուզում։

Իսկույն հրամանը կատարեցին։

— Դե՛հ, ձեր զենքերը թափեցեք այդտեղ և բեռնավորված ձիերը քշեցեք այս կողմը։

Այդ էլ կատարեցին, և երբ բավական հեռացան, ասաց Եղիկը.

— Այս օրդու մյուչյուրի (բանակի հրամանատար) սերքին տարեք Ղարս, փաշային տվեք և ասեք կռվի տարին զորքին տրված հարյուր բեռն բրնձի փողը եկավ տարավ Քոռ-Եղիկը։ Այս սպանություններն էլ նրա համար կատարվեցին, որ փաշաները, տասը տարի է հարյուր անգամ նրանց խնդիր տրվեց, և չկատարեցին աղքատի, թշվառի խնդիրը։ Թող ուրիշ անգամ ժողովրդին չկողոպտեն և անմեղների կոտորածի պատճառ դառնան։

Չափարները ետ դարձան հետի, իսկ Եղիկը և յուր ընկերները Սողանլու անտառների խորքերից առաջ գնացին դեպի Փանակի կողմերը, որտեղ երեք ձիաբեռն ոսկին թաղելուց հետո մի ձիաբեռը լցրին մաս-մաս չորս ձիու խուրջինները և Գյոլայի անտառով Արդահանի վրայով դիմեցին դեպի Ախալքալաք։ Կիրակի առավոտ Ախալքալաքից դուրս եկան, եղանակը ամպամած էր, և երբեմն մանր ձյուն էր բրդում, երբեմն էլ քամին մոլորեցնում էր։ Արիա լճի մոտ քիչ մնաց նրանք մոլորվեին. ճանապարհից արդեն դուրս էին ընկել։ Վերջապես զանգերու ժամանակ հազիվ հասան Շիշթափա։ Թեև նոյեմբերի սկիզբն էր, բայց Գուգարքի սարերն ու սարահարթերը հոկտեմբերից ծածկվում են սպիտակ սավանով։ Ձիաներին հարկավոր էր կեր տալ։ Իջան, գյուղ մտան և մի երկու ժամ ձիերին կերակրելուց և երեքն էլ հանգստանալուց հետո, երբ մութը լավ ընկած էր, դուրս եկան։ Աշնանային մառախլապատ մութ գիշեր և երկար ճանապարհ, հազիվ մեջգիշերին նրանք հասան Գյումրի։

— Տղե՛րք, քշեցե՛ք,— ասաց Եղիկը,— քշեցեք, թե չէ հարսը տարավ մղդսի Կյուրեղը։ Եվ ուղիղ։ Հարսանիքը բռնել էին այդ գիշեր։ Ողջ Ղարաքիլիսան հավաքվել էր մղդսի Կյուրեղենց տունը. էլ դափ, էլ զուռնա, էլ դահալ, էլ մեյ, ձայն֊ձայնի էին տվել, երկինքը թնդացնում։ Մղդսի Կյուրեղը արզրումցի աղաներին էլ էր կանչել, որոնց համար սազ-քյամանչա չէ, աշղներ ու ասողներ, մի խոսքով՝ իրար էին խառնվել։

Մինչև էրզրումցի աղաներին քառասուն տեսակ կերակրով, աշբազով ու չերեզբազով (խոհարար և կարկանդակագործ) մանր ու բարակ հյուրասիրել էր մղդսի Կյուրեղը, մինչև ահագին բազմություն գյուղացիներին կշտացրել էր, մինչև խնամոնց և խաչախպոր-դասին շահել էր, արդեն կեսգիշերն անցել էր։ Մինչև դուրս եկան, մինչև հասան խնամոնց տունը, մի ժամ էլ այդտեղ կորցրին։ Ասլին էլ մի ժամ ավելի տանջեց տալցուներին և ներցուներին, որոնց հազար ու մի տանջանքով, մոր, քրոջ, հարսի և մորաքրոջ աղջիկներին հազիվ զիջավ և մի կերպ հագնվեցավ հարսանեկան զարդերը։ Լաց էր լինում, մռնչում էր, կատաղում էր Ասլին, բայց ճար չուներ։

— Մենք էլ նազ անելով ենք հագել այդ շորերը, մենք էլ հագել ենք, բայց երկու օրից հետո ոչ միայն մոռացել, այլ անչափ ուրախացել ենք,— ասում էին ազգական տիկինները։

Վերջապես Ասլին, երկար մտածելուց հետո, վճռեց մտքումը՝ պսակվել, գնալ մղդսի Կյուրեղենց տունը, բայց ո՛չ նրանց հարս դառնալ, ո՛չ Մուքեին կնիկ։ Նա համոզված էր, որ երբեք Եղիկը իրեն չէր մոռանալու և թողնելու ուրիշի դռանը։

Էլի փողերը հնչվեցան, էլի դուրս եկավ հարսնևորը, և թագավորն ու թագուհին թափորով կողք-կողքի գնացին եկեղեցի: Մուքեն երանության մեջ էր զգում իրեն, իսկ Ասլին չարչարանքի։ Շատ հույս ուներ Ասլին, որ մինչև եկեղեցի մտնելը մի ճար կհասնի, բայց զուր։ Երբ երգերն սկսեցին, երբ տերտերն Ասլու ձեռքը հանձնեց Մուքեին, սարսռաց խեղճ կույսը, բայց ակամա ձեռքը բաց չէր թողնում Մուքեն։

— Աչքալույս, հա, աչքալույս,— գոռում էին ամեն կողմից։ Թափորը ետ շարժվեց. դուրս եկան եկեղեցուց և նույն եղանակով սկսեցին դիմել մղդսի Կյուրեղենց տունը։ Հանկարծ երկու, երեք, չորս փշտովի կրակ իրար ետևից։ Բոլորը կարծեցին, թե հարսնևորներն են, ջիրիդ խաղացող ձիավորները: Ասլին ցնցվեց, զգաց, հոտ առավ, որ մի բան պիտի կատարվեր, բայց սաստիկ զայրացել էր, որ այնքան ուշացել էր:

Մեկ էլ գոռացին.

— Եղի՜կը, Եղի՜կը, զենք առե՛ք, հասե՛ք, օգնեցե՚ք…— Մելոն մի քանի բուռ ոսկի սփռեց հարսնևորներին։ Հարսնևորները խառնվեցան, վազեցին ոսկին ժողովելու, տակնուվրա եղան։ Եղիկը ձին քշեց, Ասլիի թևից բռնելն ու թարքը գցելը մեկ եղավ։ Ձին մտրակեց ու առաջ անցավ։ Գրիգորը, Մոսոն ու Մելոն նրա քամակից հեռացան։ Գրիգորը գոռում էր.

— Գյուլլա պաղեցնող չկա՛, հրամեցե՛ք։

Մելոն կանչում էր. ոսկի՜ ժողվողներ, եկե՛ք, թալան է:

Բայց ուշ էր։

Երրորդ օրը Եղիկը յուր Գյոկչայի տանն էր՝ Ասլիի հետ։

1898 թ.