Jump to content

Օ՜, եթե այնտեղ…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օ՜, եթե այնտեղ…

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Օ՜, եթե այնտեղ…


Օ՜, եթե այնտեղ, ամպերից վերև,
Պահում է հոգին յուր սերն հարատև.
Եթե մահից հետ, իրավ, պիտի մենք
Սիրած սրտերին նորից հանդիպենք.
Ա՜խ, հապա որչա՜փ քաղցր է վերանալ
Այն անհայտ աշխարհ, հանգչի՜լ, մահանա՜լ,
Թողնել երկրային վիշտ, թախիծ անվերջ
Եվ սուզվել հավերժ պայծառ լուսո մեջ։
Մեզ համար չէ այն. երբ մահվան ժամին
Դողում ենք կանգնած անդունդի ծայրին.
Եվ ամուր կպչում կյանքի շղթայից.
Չենք թողում վերջին օղակը ձեռից։
Ես երջանիկ եմ այն վառ ցնորքով,
Որ ապրելու եմ մի հավերժ կյանքով
Եվ մի ա՛յլ հոգի՝ անվե՜րջ սիրելի,
Իմ անմահության հաղորդ կըլինի…