Օջախի երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Մութ ու խավար իմ հայրենիք...» Օջախի երգը

Հովհաննես Թումանյան

«Ինչո՞ւ էդպես ինձ մոռացար...»


ՕՋԱԽԻ ԵՐԳԸ


Քեֆ անենք, տղերք— այս պետք է մնա.
Ապրենք պարերով, խաղով ու թառով,
Կյանքներս թող միշտ այսպես անց կենա,
Թեկուզ և պակաս մի քանի տարով։

Գնանք մեր ջահել սըրտի ետևից,
Ուր կուզե տանի— մին է մեզ համար․
Նա էլ մեզ նըման հոգնել է ցավից,
Ուզում է հարբել մոլի, խելագար։

Իդեալներ ունենք— փակած պադվալում,

Ո՞վ գիտի՝ այն էլ մըկները կերան,
Հույսեր ունեինք, տենչեր ունեինք—
Իրար ետևից մաշվեցին կորան։

Էլ ընչի՞ հսկենք, ընչի՞ց վախենանք,
Ամեն բան անցավ իզուր, անկատար,

Գոնե մեր սըրտի ետևից գնանք,
Նա էլ մեզ նման այս կյանքում օտար...

Զարկեցեք թառին, թող գինին հոսի,
Պատերը դողան մեր ծափ-ծիծաղից,
Թող դըրսից նայող հիմարը ասի—

Այս մարդիկ չունեն ո՛չ խելք, ո՛չ թախիծ։


1900