Jump to content

(Բ) - Անակնկալ վախճան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գևորգ Մարզպետունի (Բ - Անակնկալ վախճան)
Բ
ԱՆԱԿՆԿԱԼ ՎԱԽՃԱՆ

Աշոտ արքայի բանակը, որ գլխավորապես կազմված էր եգերացոց թագավորի հեծելազորից, հետզհետե մոտենում էր հայոց սահմանին։ Նրա հառաջապահ գնդերը հասել էին արդեն այն հովտին, ուր վերջանում էին Սևորդյաց անտառները և ուր կարկաչահոս Խրամը, յուր ծոցն առնելով Ձորոգետի վտակը, թափվում էր հանդարտահոս Կուրի մեջ։

Այստեղ, գետի ափին բանակած՝ նրանք զբաղված էին մոտալուտ հարձակման պատրաստությամբ։ Մի քանի օր էր ինչ Զորոգետի կուսական անտառները մերկանում էին իրանց բազմամյա զարդերից։ Հինավուրց մայրիներն ու կաղամախիները սրաբերան տապարների հարվածներին չդիմանալով՝ ահագին ճարճատմամբ խոնարհում, ընկնում էին, ինչպես մեռնող հսկաներ և իրանց ծանրամարմին բուների տակ ճնշում ու ջարդում մատաղ ծառերն ու ընձյուղները։ Մոտակա գյուղերից հավաքած եզանց լուծերով շարունակ դեպի Կուրի ափն էին կրում հսկայական գերաններ։ Այդտեղ լաստագործ եգերացիք ուռենու դալար ոստերից հյուսած լախտերով կապկպում, միացնում էին այդ գերանները և նրանցից մեծամեծ լաստեր կազմելով՝ գետն իջեցնում։

Երբ լաստերի թիվը մի քանի տասնյակների հասավ, լաստավարներն սկսան միացնել այդ բոլորը պարաններով և հետզհետե դեպի հանդիպակաց ափը մղել։

Այսպիսով լաստ լաստի միացնելով և ամենը միասին գետափի վրա ցցած բիրերին կապելով՝ կազմեցին մի ապահով կամուրջ, որի վրայով հեծելազորն սկսավ հետզհետե հայկական սահմանն անցնել։

Շուտով հասավ և Աշոտ թագավորը եգերացոց վերջապահ գնդերով։ Միջօրյա հանգստությունից հետ նա հանդես արավ յուր զորքերին։

Մի քանի հազարից կազմված հեծելախմբերը բռնեցին գետափի ուղղությամբ ձգվող դաշտավայրը բազմաթիվ շարքերով, որոնցից յուրաքանչյուրին առաջնորդում էր մի իշխանազն զորավար։

Այդտեղ էին եգերացիք, խաղտիացիք, քուրյալցիք, մկրելցիք, ապազցիք և Ճորոխի ձորահովտում բնակվող քաջերը։ Նրանց միացել էին նաև Տայոց նահանգի հայ հեծելախմբերը։ Այսպիսով թագավորն առաջնորդում էր մի հզոր բանակի, որին, ըստ երևույթին, չպիտի կարենային դիմադրել ապստամբները։ Դրանք բոլորն էլ հուժկու, հաղթանդամ և քաջամարտիկ զորականներ էին, ամենքն էլ հագած երկաթե զրահներ և պաշտպանված երկաթագամ լանջապաններով, թիկնապահ տախտակներով, խոշոր և ահարկու սաղավարտներով և երկաթե դիմակալներով։ Նրանք զինված էին միաժամանակ թե՛ աշտեներով ու սվիններով, որոնց հեռվից ձգում էին թշնամու վրա, և թե՛ երկար նիզակներով, որոնցով կռվում էին հակառակորդի հետ՝ մոտ եղած ժամանակ։ Ունեին թեթե վահաններ և ծանր, քառակուսի ասպարներ․ զինված էին սրերով և վաղակավորներով։ Կային և նետաձիգ գնդեր, որոնք կռվում էին լայնալիճ աղեղներով և թունավոր նետերով։

Հանդես կազմելով զորքին յուր սահմանի վրա, թագավորը կամեցավ հավաստիանալ, թե արդյոք այդ հեծելազորը յուր արտաքին կազմության և ահարկու տեսքին համեմատ ունի՞ նաև ռազմական հմտություն և կարո՞ղ է ուտիացոց ու սևորդյաց զորությունն ընկճել։

Տեղի ունեցող փորձերը համոզեցին թագավորին՝ թե եգերացիք արժանի էին իրանց հռչակին։ Նա ուրախ էր, որ ափխազաց այդ տոհմական թշնամիներով պիտի կարողանար կրկին մի խրատական դաս տալ Բեր իշխանին, որ Ափխազիայից եկել էր Ուտիք՝ յուր ապստամբ իշխաններին օգնելու համար։

Սակայն չնայելով այս բոլորին, չնայելով և այն հաջողությանը, որին հանդիպեց արքան եգերացոց երկրում՝ ստանալով նրա թագավորից օգնական զորք այնպիսի մի ժամանակ, երբ ինքը մնացել էր մենակ և կարոտ զորավոր բարեկամի օգնության, այսուամենայնիվ, մի ներքին տխրություն ճնշում էր նրա սիրտը։

Այն միտքը, թե ինքը մտնում է յուր երկիրը օտար զորքերով, և մտնում է յուրայինների դեմ կռվելու համար, տանջում էր նրան սաստիկ։ Բացի հայ զորաց կոտորածը, որ տեղի պիտի ունենար անշուշտ թե՛ հաղթության և թե՛ պարտության դեպքում և որի մասին մտածելն անգամ վիշտ էր պատճառում նրան, թագավորը ճնշվում էր նաև ամոթից, այն մասին՝ որ ինքը մենակ էր, որ յուր մոտ չկային գեթ մի քանի հայ իշխաններ, որոնք յուր վանանդացի թիկնապահների հետ միասին արքայական շքախումբը կազմեին։ Նա ամաչում էր եգերացի իշխաններից և նույնիսկ նրանց զորքերից։ Բայց աշխատում էր միշտ ուրախ երևալ և դեմքի վրա ժպիտ ունենալ։

Թագավորին անհանգստացնում էր նաև այն միտքը, թե ինչո՞ւ մինչև այն Մարզպետունին չերևաց։ Ի՞նչ դրության մեջ էր արդյոք երկիրը․ նոր խռովություն հո չէ՞ փրթել մի տեղ կամ որևէ հարձակում չէ՞ եղել յուր բերդերի վրա։

Զորահանդեսը վերջացնելուց և վրանը վերադառնալուց ետ՝ թագավորն զբաղված էր այս մտքերով, երբ յուր բարապանը, որ վանանդացի հավատարիմներից մինն էր, ներս մտնելով՝ հայտնեց Գևորգ Մարզպետունու գալուստը։

Թագավորն ուրախությունից վեր թռավ տեղից, կարծես մի նոր և մեծ զորություն օգնության հասավ իրան վտանգի վայրկենին։

— Ո՞ւր է, կանչիր այստեղ, — հրամայեց նա իսկույն և ուրախ անհանգստությամբ սկսավ անցուդարձ անել վրանում։

Մարզպետունին ներս մտավ և ողջունեց արքային խոնարհությամբ։ Վերջինս, սակայն, գրկեց նրան ինչպես շատ տարիներից ի վեր չտեսած յուր մի սիրելուն։

— Ոչ ոք յուր կյանքում այսպես տենչանոք չէ սպասել քեզ, իշխան, ինչպես որ այժմ սպասում էի ես, — ասաց թագավորը ժպտալով։ -Որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ․ մենա՞կ ես, թե զորք ունիս հետդ․ ի՞նչ են անում ապստամբները, ի՞նչ դրության մեջ են մեր գավառները․․․ — իրար հետևից սկսավ հարցեր անել թագավորը և ապա, նստելով բազմոցի վրա՝ իշխանին էլ առաջարկեց նստելու։ -Անշուշտ հոգնած ես, շո՛ւնչ առ, հանգստացիր, հետո կխոսես, — հարեց նա, բայց առանց յուր հարցական հայացքը իշխանից հեռացնելու։

— Այստեղ եկել եմ միայնակ, մեծափառ տեր, — պատասխանեց Մարզպետունին, աթոռակի վրա նստելով․ — միակ թիկնապահս Աղստևից վերադարձրի Գարդման՝ Վահրամ բերդակալը յուր վանանդացի հավատարիմներով այստեղ հրավիրելու համար․

— Ինչպե՞ս․ Վահրամ բերդակա՞լը, — ընդհատեց թագավորը անհանգստությամբ․ — ինչպե՞ս կարող է նա գալ այստեղ, ո՞ւմ պիտի հանձնե Գարդմանը․ չէ՞ որ Սևադան նստած է այնտեղ յուր դղյակում և կարող է մեքենայություններ նյութել․․․

Մարզպետունին սկսավ այնուհետև մանրամասն պատմել թագավորին յուր ճանապարհորդության պատմությունը՝ սկսած այն օրից, որ ինքը գարդմանացոց ձորում բաժանվել էր արքայից, մինչև այն վայրկյանը, որ վերադարձավ նորեն նրա մոտ։

Նա նկարագրեց երկրի դրությունը այնպես, ինչպես որ տեսել էր․ հայտնեց Սևադա իշխանին և Ցլիկ-Ամրամին արած յուր այցելությունը, նրա նպատակը, տեղեկություններ տվավ ապստամբության արտաքին շարժառիթների, նրա ծավալման և ապստամբների ունեցած ուժի և ռազմական ծրագրերի մասին։

Միով բանիվ՝ հաղորդեց թագավորին այն ամենը, ինչ որ կարևոր էր նրան գիտենալ յուր առաջիկա արշավանքը հաջողությամբ պսակելու կամ վերահաս վտանգներից խուսափելու համար։ Բայց չհայտնեց նրան ոչինչ՝ ապստամբության ներքին շարժառիթների մասին։

Թագավորն ուշադրությամբ լսում էր իշխանին, առանց սակայն ամենափոքր դժգոհության նշույլ երևցնելու յուր դեմքի վրա։ Նա լսում էր այդ ամենն այնպես, ինչպես կլսեր ամեն մի սովորական և երկրի դժբախտության հետ ոչ մի կապ չունեցող պատմություն։

Բայց նրա ներսը հանգիստ չէր։ Իշխանը թեպետ չհայտնեց նրան Սևադայի կամ Ամրամի իրան հայտնած գաղտնիքները, բայց թագավորը գուշակում էր, որ Մարզպետունին գիտե անշուշտ մի բան այդ գաղտնիքներից, և որ նա խնամքով ծածկում էր այդ իրանից։

Երբ վերջինս ավարտեց յուր պատմությունը, թագավորը վեր կացավ տեղից և սկսավ լուռ անցուդարձ անել վրանի մեջ։ Նրան հայտնի էին Ամրամի ապստամբության իսկական պատճառները, բայց հայտնի չէր այն, թե Մարզպետունին ի՞նչ չափ է ծանոթ այդ պատճառներին։ Ուստի ինքնիրան մտածում էր, թե արդյոք խոսե՞ այդ մասին իշխանի հետ, բանա՞ նրա առաջ հին վերքերը և դիմե՞ նրա մտերմական օգնությանը՝ այդ վերքերը սպեղանիով ծածկելու համար, թե անվթար պահպանե դեռ յուր արքայական վեհությունը․․․

Առաջին դեպքում նա կունենար մի հավատարիմ խորհրդական, որ կօգներ իրան տագնապի ժամանակ թե՛ գործով և թե՛ խորհուրդներով․ իսկ երկրորդ դեպքում՝ նա ազատ կլիներ այն մտատանջությունից, թե նվաստացրել է իրան յուր ստորադրյալ մի պաշտոնյայի առաջ։

Նա հպարտ էր և անընկճելի։ Նա կարող էր կործանվել, բայց կուրանա՞լ — երբե՛ք․ այդ պատճառով յուր երկար մտածություններից հետո նա եկավ դարձյալ այն որոշման, որի վրա էր և այդ մտածություններից առաջ, այն է՝ չխոսել գաղտնիքների մասին ոչինչ և աներկյուղ դիմավորել յուր ճակատագրին․․․

— Եվ այդպես․ մենք ուրեմն վաղ առավոտ ճանապարհ կընկնենք դեպի Աղստև, — խոսեց թագավորը իշխանի հետ։ -Եթե ապստամբները չեն կամենում հոգնեցնել իրանց, պետք է այդ նեղությունը մենք հանձն առնենք։ Իմ հեծելազորը կարող է կռիվ մղել նաև հոգնած ժամանակ։ — Բայց և այնպես, պետք է խուսափել գաղտնի կամ անսպաս հարձակման ենթարկվելուց, անհրաժեշտ է հետամուտներ ուղարկել թշնամու շարժումը դիտելու համար, — նկատեց Մարզպետունին։

— Իմ հետամուտները վաղուց արդեն ապստամբների բանակումն են։ Նրանցից երկուսը երեք օր առաջ եկան և հայտնեցին, որ Ամրամի ծակամուտներն սպասում են ինձ Կողբա ջրի մոտ, Կուրի շամբուտներում։ Այդ պատճառով էլ բանակը ես այս կողմից անցրի։ Տակավին Աղստև չհասած՝ ինձ լուր կբերեն մյուսները թշնամու վերջին դիտավորության մասին։

— Պատերազմի համար ի՞նչ ծրագիր ունի կազմած արքան, — հարցրեց իշխանը։

— Հարձակողական։ Ճակատել անկարելի է, — պատասխանեց թագավորը։ -Այդ պատճառով էլ պետք է խույս տալ լեռնավայրում թշնամուն պատահելուց։

Մեր հեծելազորն անշուշտ կհաղթանակե, եթե պատերազմե արձակ դաշտի վրա։

Նույն օրը ևեթ թագավորը խորհրդի հրավիրեց եգերացի իշխաններին և նրանց ու Մարզպետունու հետ միասին որոշեց հետևյալ առավոտն իսկ առաջ վարել բանակը դեպի Աղստև։

Եվ այդպես էլ արին։ Հետևյալ օրը, դեռ կեսօր չեղած, արքայական զորքն անցավ Կողբա ջուրը և հանգիստ առավ մերձակա լեռան ստորոտում։ Այդտեղ հանդիպեց արքային Վահրամ սեպուհը յուր վանանդացի հավատարիմներով։ Նա հայտնեց, թե թշնամին հեռի է իրանցից միայն երկու ժամվա ճանապարհ, և թե նա սպասում է արքային երեք կետերի վրա։ Այսինքն՝ բանակի մի բաժինը բռնել է Աղստևի արևմտյան հովիտը, արքայական զորքի հարձակումը յուր վրա դարձնելու համար․ երկրորդ բաժինը ծածկվել է Կուրի մերձակա շամբուտներում․ իսկ երրորդը՝ հանդիպակաց լեռան անտառներում։ Եվ այդ այն նպատակով, որ երբ արքայական բանակը ընդհարվի առաջին բաժնի հետ, մյուս երկուսը հասնեն հետևից և շրջապատեն նրան չորս կողմից։

Սեպուհի բերած տեղեկությունները հաստատեցին նաև արքայի հետամուտները։

Նորից խորհուրդ կայացավ թագավորի մոտ։ Վերջինս առաջարկեց զորապետներին խորամանկության դիմել թշնամուն յուր թաքստից հանելու համար, այսինքն՝ ետ նահանջել մի քանի ասպարեզ, ցույց տալու համար թե իբր արքան կամենում է անցնել Ուտիք հակառակ ճանապարհով։ Այս միջոցը կստիպեր ապստամբներին ձգել իրանց դիրքերը և հետևել թագավորին։

Այն ժամանակ արքայական զորքը նորեն կդառնար և կհարձակվեր նրանց վրա։ Այդ անսպաս հարձակումը կշփոթեր թշնամուն և կստիպեր նրանց փախչել։

Այս խորհրդին հավանեցին ամենքը, բայց բարվոք համարեցին նահանջը հետաձգել մի օր, որպեսզի, եթե հեծելազորն ստիպված լիներ հանկարծ վերադառնալու և հարձակում գործելու, գոնե հոգնած չլիներ և կարողանար զորեղ դիմադրության թափն ընկճել։

Բայց որովհետև լեռան ստորոտը, ուր այդ միջոցին հանգստանում էր զորքը, զուրկ էր անակնկալ հարձակման ժամանակ պաշտպանվելու հարմարությունից, ուստի որոշեցին անցնել մոտակա կիրճը և գիշերել լեռան լանջին գտնվող ընդարձակ, բայց ավերակ մի բերդի մեջ։

Այդ բերդը, որ «Ավերակ» անունը կրում է վաղ ժամանակներից ի վեր և որը երկրի իշխաններից ոչ ոք չէր նորոգում ռազմական անհարմար դիրք ունենալու պատճառով, ընկած էր Կողբա լեռան լայնալանջ ոստերից մեկի վրա և գրավում էր ընդարձակ տարածություն։ Նրա կիսավեր պարիսպներն ու աշտարակները, որոնք տխուր տպավորություն էին անում տեսնողի վրա, տակավին պարունակում էին իրանց մեջ բազմաթիվ տներ ու մարտկոցներ, որոնք կարող էին պիտանի լինել բնակության համար։ Բայց որովհետև թշնամու սուրն անխնա մաշել էր մի օր այդտեղի բնակիչներին, ոստի ոչ ոք այլևս բնակություն չէր հաստատում այնտեղ, վախենալով բերդի փակված դրությունից։ Նրա ետևից աստիճանաբար բարձրանում էին կոհակավոր լեռները, որոնք ճանապարհ չունեին իրանց վրա և հետևապես անմատչելի էին թե՛ ետևից դարանող թշնամուն և թե՛ բերդից դուրս փախչել ուզողին։ Իսկ առաջից ձգվում էր մի անջրդի խորաձոր, որ ծածկված էր թավուտներով, ժայռերով ու խորափիտներով։ Այդ ձորը մտնելու և բերդը բարձրանալու միակ ճանապարհը երկու ցածուն լեռների կիրճն էր, դեպի որը դիմում էր թագավորը, իշխանների ընկերակցությամբ, որպեսզի զորքի համար գիշերային կայան որոնի։

Ավերակ բերդը տեսնելուն պես եգերացի իշխաններն ամենաապահով տեղը համարեցին այն, մտածելով մանավանդ, որ բերդի շինությունները կպատսպարեին իրանց աշնանային գիշերվա ցրտից։ Մարզպետունին ու Վահրամ սեպուհն, ընդհակառակը, վտանգավոր էին համարում այդտեղ գիշերելը, առարկելով, թե թշնամին կարող է գիշերանց գալ և կրճի բերանը փակելով՝ բանտարկել իրանց բերդի նամ նույնիսկ ձորի մեջ։

Թագավորը համամիտ էր յուր հավատարիմների հետ․ բայց կամենալով շնորհ անել օտար զինակիցներին և դրանով նրանց ինքնասիրությունը գգվել, մանավանդ որ չէր կարծում, թե թշնամին կարող է գիշերանց յուր դիրքերը ձգել և իրանց դեմ արշավել, համաձայնեցավ եգերացի իշխանների հետ։

Սեպուհն ու Մարզպետունին չհակառակեցին արքային, բայց մի գաղտնի երկյուղ սկսավ անհանգստացնել նրանց։

Երեկոյան դեմ հեծելազորը, հետզհետե կիրճը մտնելով, սկսավ դեպի ավերակ բերդը բարձրանալ։ Այդտեղ հասավ և թագավորը յուր և եգերացի իշխաններով։ Կրճի բերանում թողեցին պահանորդների մի խումբ, որ անքուն պիտի հսկեր գիշերը և թշնամու մոտենալը նկատելուն պես իմաց տար իշխաններին։

Քիչ ժամանակից հետ ավերակ բերդը կենդանություն առավ։ Ամեն կողմը սկսան կրակներ վառել, խարույկներ բորբոքել, իսկ զորքը յուր ձիանը դարմանելուց հետո սկսավ արքայի նվիրած ոչխարները փողատել։ Պատերազմի նախատոնքը համեղ ընթրիքով կատարելու հրամանը տվել էր ինքը թագավորը։

Բացի այդ, նա կարգադրել էր, որ իշխանները յուր հետ միասին վայելեն ընթրիքը։ Նա ուրախ տրամադրության մեջ էր․ և այդ հանգամանքը համարում էր մոտալուտ հաջողության նշան։

Անցան ընթրիքի և զվարճության ժամերը․ կրակները մարեցին, և թագավորից սկսած մինչև վերջին զորականը ամենքն էլ քնո գիրկը մտան։ Անքուն էին միայն դետ կարգված պահապանները և թագավորի թիկնապահներից նրանք, որոնք հերթով պահապանություն էին անում արքայի վրանին։

Ավերակ բերդի շուրջը խոր լռություն էր տիրում։ Միայն կուրն սպառող ձիաների փռնչոցը կամ միմյանց ընդհարվող նժույգների խրխնջյունն էր, որ մերթ ընդ մերթ ընդհատում էր այդ լռությունը։

Քուն չէր մոտենում, սակայն, իշխան Մարզպետունու աչքերին։ Սկզբում, արդարև, նա մի փոքր նիրհեց։ Բայց կռվող ձիաների մի աղմուկից արթնանալով, այլևս չկարողացավ քնել։ Իշխանին անհանգստացնում էր տակավին այն կասկածը, որ զորքի ավերակ բերդում գիշերելու պատճառով պաշարել էր նրան։ Նա վախենում էր ապստամբների անակնկալ հարձակումից, և այդ երկյուղն անտեղի չէր։ Արձակ դաշտի մեջ, արդարև, ապստամբները չէին վնասիլ արքայական բանակին, բայց խորափիտներով ու գահավեժներով պատած այս բերդի մեջ նրանք կարող էին պաշարել այդ զորքը և չարաչար հարվածել նրան։

Երկար այս ու այն կողմը շրջվելուց ետ, իշխանը վեր կացավ տեղից և այծենակաճը վրան առնելով՝ դուրս եկավ ցածուն տնակից, որի մեջ պառկած էր ինքը։ Եզնիկը նույնպես, որ գտնվում էր նրա մոտ, վեր թռավ տեղից և հետևեց իշխանին։

— Ո՞ւր, տեր իմ, — հարցրեց նա՝ աչքերը տրորելով։

— Անհանգիստ եմ, Եզնիկ, քնել չկարողացա․ կամենում եմ դեպի ձորի բերանն իջնել, — ասաց իշխանը։

— Ինձ ևս թույլ տուր հետևել քեզ։

— Չէ, այս երկու օրը դու բավական հոգնեցար, պառկի՛ր և հանգստացիր․ վաղը շատ գործ ունիս կատարելու, — ասաց իշխանը։

— Ո՛չ, տեր իմ, ես այլևս հոգնած չեմ․ թույլ տուր ինձ հետևել քեզ։

Իշխանը չընդդիմացավ, և նրանք միասին դուրս գնացին տնակից։

Աշնանային ցուրտ գիշեր էր․ բայց երկինքը պարզ էր և աստեղազարդ, լուսինը հանդարտ սահում էր երկնակամարի վրա և յուր արծաթյա շողերով պայծառ լուսավորում շրջակա լեռները, ժայռերն ու գահավեժները և լայնադիր բերդի կիսավեր շինությունները, որոնք այդ րոպեին իրանց տխուր լռությամբ ներկայացնում էին մի խորհրդավոր և երկյուղ ազդող տեսարան։

Բերդի ներսն ու դուրսը խումբ-խումբ պառկած էին զորքերը, այծենակաճների մեջ փաթաթված և գլուխները պայուսակների կամ թամբերի վրա դրած։ Ձիաները նույնպես խմբերով կամ զատ-զատ կապված՝ սպառում էին իրանց կուրը ախորժանոք․ իսկ պահապանները երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակների առաջ և կամ ձորալանջի զառիվայրի վրա, որտեղից անցնում էր կիրճը տանող ճանապարհը։ Հեռավոր ավերակների միջից լսվում էր բուի կռիչքը, որ այդ խաղաղական ժամին ծանր տպավորություն էր անում արթուն եղողների վրա։

Իշխանն ու Եզնիկն անցան քնած խմբի միջից կամացուկ քայլերով։ Արթնացողներ չեղան, միայն պահապաններից մի քանիսը ձայն տվին հեռվից և պատասխան առնելով՝ լռեցին։ Բանակատեղից անցնելով՝ խորաձորն իջան նրանք։

— Շա՞տ պիտի հեռանանք բանակից, տեր իմ, — հարցրեց Եզնիկը։

— Ո՛չ, կերթանք կրճի բերանը և կվերադառնանք, — պատասխանեց իշխանը․ — կամենում եմ ասել, թե մեր պահապանները հսկո՞ւմ են կրճին, թե քնած են արդեն։

Այս խոսքերը դեռ չէր ավարտել Մարզպետունին, երբ հանկարծ կրճի կողմից հրհրոցի մի աղմուկ լսվեցավ։

— Այս ի՞նչ է․ կարծես պահապանները կռվում են, — ասաց իշխանը և կանգ առավ։

— Դեպի մեզ հեծյալներ են գալիս, տեր իմ․ ովքե՞ր են սրանք, — կասկածավոր եղանակով հարցրեց Եզնիկը։

Եվ իրավ, այդ վայրկյանին հեծյալների մի խումբ սրարշավ դեպի խորաձորը խուժեց։

— Մեր պահապաններն են, — ասաց իշխանը և մի հանկարծահաս երկյուղ ցնցեց նրան։

— Ուրեմն թշնամին մոտենում է, — գուշակեց թիկնապահը։

Իշխանը չպատասխանեց, այլ դեպի հեծյալները հառաջանալով՝ բարձր ձայնով հարցրեց․

— Պահապաննե՛ր, ո՞ւր եք դիմում։

— Թշնամին այստեղ, մեր առջևն է, տեր, — պատասխանեց պահապանների պետը և կանգ առավ իշխանի առաջ։

— Թշնամի՞ն, — հարցրեց իշխանը, կարծես չհավատալով յուր ականջներին կամ կամենալով ուրիշ բան լսել բոթաբեր զորականից։

— Այո՛, թշնամին, — կրկնեց վերջինս․ — նրա գնդերը կրճի մուտքը փակեցին։

Իշխանն ասես կայծակնահար եղավ։ Նրա կասկածները մարմին էին առել։

— Ինչպե՞ս հասան նրանք այդտեղ, մի՞թե ավելի վաղ չկարողացաք նկատել, որ լուր տայիք մեզ, — հարցրեց իշխանը վայրկենական լռությունից հետ։

— Ո՛չ, տեր իմ, դաշտի վրա մենք չտեսանք նրանց։

— Ինչպե՞ս թե չտեսաք, ուրեմն երկնքի՞ց իջան։

— Ճիշտ որ երկնքից։ Կրճի բերանը փակող լեռան բարձունքից խուժեցին։

Իշխանը մնաց շվարած։

— Շտապենք զորքը ոտի կանգնեցնել, տեր իմ, — կամացուկ ձայնով ասաց Եզնիկը։

— Ավելորդ է․ ապստամբները այս կողմը չեն անցնել․ նրանք մեր անզգուշությունը չունին, — նկատեց Մարզպետունին և հանդարտ քայլերով հետ դարձավ դեպի բերդը։

Եվ արդարև՝ փախստական պահապաններին հալածողներ չեղան։ Ամրամի զորքը շատացել էր կրճի բերանը փակելով։ Նա այժմ կարող էր նստել այդտեղ հանգիստ կերպով և սպասել հակառակորդի անձնատուր լինելուն։

Գևորգ իշխանը, հասնելով թագավորի վրանին, կանգ առավ այդտեղ։ Նա չէր վստահանում մտնել և արթնացնել նրան։

«Սևադայի գուշակությունը կատարվեց, — մտածում էր ինքն իրան Մարզպետունին, — աստված այս անգամ պատժեց հանցավորին, իզուր էինք մենք աշխատում փախչել նրա բարկությունից, այդ բարկությունը հասավ և մատնեց մեզ թշնամուն․․․»։

Բայց պահանորդ խմբի քայլատրոփը զարթեցրեց զորականներից շատերին։ Թշնամու գալստյան լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամեն կողմ և մի քանի վայրկենի մեջ ոտքի հանեց թե՛ զորքերին և թե՛ զորավարներին։

Աղմուկն ու շշուկը զարթեցրեց նաև թագավորին։ Այդ ժամանակ ահա ներս մտավ Գևորգ իշխանը և հայտնեց նրան տխուր նորությունը։

— Ի զե՜ն ուրեմն․․․ — գոչեց թագավորը և վեր թռավ տեղից։ Նա շտապով ծածկեց սաղավարտը և սուրն ածելով՝ կամեցավ դուրս թռչել։

— Իզուր է շտապելդ, տեր արքա, թշնամին չէ հառաջանում դեպի մեզ․ նա նստած է կրճի բերանում․ — հանգիստ ձայնով ասաց իշխանը։

— Ի՞նչ եղանակով ես խոսում, Մարզպետունի իշխան, քնո մե՞ջ ես դեռ, — նկատեց թագավորը՝ հավատարմի դանդաղկոտությունը տեսնելով։

— Չեմ քնել բնավ և չէի կարող քնել, ես այս դժբախտությանն սպասում էի ամեն վայրկյան։

— Ի՞նչ դժբախտություն․․․ Առաջի՞ն անգամն ենք հարձակման հանդիպում։

— Ո՛չ, տեր արքա, բայց մեր այժմյան դիրքը․․․

— Դատարկ խոսքեր են,-ընդհատեց թագավորը, չկամենալով որևէ դիտողություն լսել յուր ընտրած դիրքի մասին,-գնա՛ հայտնիր իշխաններին պատրաստվել իսկույն հարձակման։

Իշխանն անխոս դուրս գնաց վրանից և հայտնեց պետերին արքայի հրամանը։

Մի քանի վայրկյանում զորքը պատրաստվեցավ։ Բայց ի՞նչ հարձակում կարող էր գործել հեծելազորը այդ զառիվայրների վրա կամ խորափիտների մեջ։ Նրան հարկավոր էր ընդարձակ դաշտ, լայնադիր ճակատ․ մինչդեռ նա յուր առաջ ուներ միայն մի խորաձոր և մի փակված կիրճ։

Իշխաններն ու զորքի պետերն եկան թագավորի մոտ խորհրդի։

— Հարձակումն անհրաժեշտ է, չպետք է հանգստանալ ու ժամանակ տալ թշնամուն, — ասաց թագավորն իշխաններին։ — Եթե վաղվան սպասենք, ապստամբները լեռան բարձրությունները կգրավեն և մեզ երկու կողմից կպաշարեն։ Այն ժամանակ կռվելն ավելի կդժվարանա։

— Մենք անծանոթ ենք մեր այժմյան դիրքին ու շրջականերին, — ասացին եգերացի իշխանները, — հետևապես գիշերանց թշնամու դեմ գնալ չենք կարող։ Թողեք առավոտը բացվի, այնուհետև կգործենք, ինչ որ բարվոք կհամարեք։ Այժմյանից, սակայն, կարող ենք հետազոտել մեր շուրջը, որպեսզի լույսը բացվելուց գործել սկսենք։

Գևորգ իշխանն ու Վահրամ սեպուհը նույնպես այդ կարծիքին էին․ թագավորն ստիպված էր զիջանել իշխանների պահանջին՝ անօգուտ կոտորած չանելու համար։

Բայց որոշվեցավ, որ Վահրամ սեպուհն ու եգերացի մի իշխան գնան իսկույն իրանց թիկնապահներով շրջակա դիրքերը հետազոտելու։ Եթե դաշտը ելնելու ճանապարհ գտնվեր, ուրեմն կհանեին զորքն այդտեղից և այդպիսով վտանգը կհեռացվեր․ իսկ եթե ճանապարհ չգտնվեր, այնուհետև պիտի կռվեին՝ պաշարման չենթարկվելու համար։

Արևելքը հազիվ սկսել էր շառագունել, երբ Վահրամն ու եգերացի իշխանը վերադարձան իրանց թիկնապահներով և հայտնեցին թագավորին ու իշխաններին հետազոտության արդյունքը։

— Մենք փակված ենք ամեն կողմից, — ասաց սեպուհը, — այս դիմացի լեռը չունի յուր վրա ոչ մի անցք․ եթե մենք ինքներս ճանապարհ բանանք՝ թավուտը կտրտելով, դարձյալ հեծելազորն անցնել չէ կարող, որովհետև լեռան հետևի ստորոտը ծածկված է ժայռերով ու խոխոմներով։ Մեր ետքից բարձրացող այս բլուրները նույնպես խափանում են ճանապարհը, ըստ որում հետզհետե բարձրանալով՝ միանում են ուրիշ լեռների հետ։ Միակ ելքը այն կրճիցն է, որի առաջը բռնած է թշնամին։ Մեզ մնում է նետաձիգների գունդը հանել կրճի բարձրությունների վրա և այդտեղից, անընդհատ նետաձգությամբ, վանել ճանապարհը փակողներին։ Գուցե այս միջոցով հնար ունենանք թշնամու շարքերը շփոթել և մի քանի գունդ հեծելազոր դաշտը դուրս հանել․․․

— Բայց դրա համար օրեր են հարկավոր, — ընդհատեց սեպուհին նրան ընկերակցող իշխանը։

— Ամբողջ շաբաթով կարող ենք նետաձիգներին պարապեցնել այդտեղ, — նկատեց թագավորը, — մենք նետերի մեծ պաշար ունինք։

— Այո՛, տեր, նետերի պաշար ունինք, — կրկնեց իշխանը, — բայց ջուր չունինք։

— Ինչպե՞ս թե ջուր չունինք։

— Այո՛, այդպես է,-հաստատեց սեպուհը, — այս շրջականերում չկա ո՛չ առու և ո՛չ աղբյուր։ Միակ վտակը, որից զորքը ջուր առավ երեկ, կրճի բերանից դեպի այս խորաձորն է իջնում, իսկ նրա ընթացքը թշնամին արդեն դեպի դաշտն է շրջել։

— Անկարելի է, որ այս լեռներում ուրիշ ջուր չգտնենք, — կրկնեց թագավորը։

— Ամեն կողմը շրջեցինք, ամեն տեղ պտրտեցինք, մինչև անգամ անձրևաջուր չտեսանք, — պատասխանեց եգերացի իշխանը։

— Ուրեմն կորած ենք․․․ — գոչեցին միաբերան նրա ընկերները։

Թագավորը շվարած սկսավ յուր շուրջը նայել։

— Ինչ պիտի անենք, տեր, — հարցվեց երիտասարդ եգերացիներից մինը։

— Ա՛յն, ինչ որ պարտավոր ենք, — պատասխանեց թագավորը խաղաղ ձայնով։

— Բայց ի՞նչ ենք պարտավոր, — կրկնեց երիտասարդ իշխանը։

— Հայերն այսպիսի դեպքում կռվում են․․․ եգերացիք չգիտեմ, թե ի՛նչ են անում․․․ նկատեց թագավորը, կամենալով կշտամբել անժույժ երիտասարդին։

— Ոչ մի ազգի հեծելազոր, ո՛վ արքա, չի կռվում լեռների լանջին կամ ձորակների մեջ, — պատասխանեց եգերացիների առաջնորդը, կամենալով յուր ընկերների պատիվը պաշտպանել։

Թագավորը չպատասխանեց նրան, այլ դառնալով Մարզպետունի իշխանին և Վահրամ սեպուհին՝ հրամայեց․

— Գնացեք և մի խմբեցեք այս վայրկենին բոլոր վանանդացիներին և Տայոց հեծյալներին․ ասացեք, որ թագավորը պիտի առաջնորդե նրանց և թե մի քանի վայրկենից մենք պիտի հարձակվենք մեզ պաշարող ապստամբների վրա։

Իշխանն ու սեպուհը դուրս գնացին իսկույն, իսկ եգերացի պետերը մնացին կանգնած։

Թագավորը մի քանի վայրկյան լուռ անցուդարձ արավ նրանց առաջ և ապա առաջնորդ իշխանին դառնալով՝ ասաց․

— Կոստանդին թագավորն ինձ ուղեկցելիս հայտնեց, թե եգերացի իշխանների մեջ ամենից ընտիր և ամենից քաջարի անձինքներին է զինակից կարգել ինձ և թե ամենից աներկյուղ զորագնդերն է հանձնել այդ քաջերի ձեռքը։ Ես չեմ պահանջում, որ դուք ինձ օգնեք այս ծանր վայրկենին․ կյանքը թանկ պարգև է, ինչպե՞ս կարող եք վտանգի ենթարկել նրան․․․ Բայց պահանջում եմ, որ ձեր աշխարհը վերադառնալուց հետո հայտնեք քաջազն արքային, թե յուր իշխանները հայոց ապստամբների դեմ ճակատել չկարողացան․․․ Այդքանով արդեն Կոստանդին թագավորը կարող է յուր իշխանների քաջության չափը որոշել։

Այս ասելով թագավորը դուրս գնաց վրանից։ Եգերացի իշխանների վրա ծանր ազդեցություն արին այդ խոսքերը։ Նրանք շվարած նայում էին միմյանց՝ առանց խոսել կամ տրտունջ հայտնել կարողանալու։

— Այս անպատվությունը մենք պիտի տանե՞նք․․․ — հարցրեց վերջապես երիտասարդ իշխաններից մինը իրանց առաջնորդին։

— Ո՛վ չի կարող տանել, պիտի վերցնե յուր գունդը և հետևե հայոց թագավորին, — ծանրությամբ նկատեց առաջնորդը։

Բայց ոչ ոք չպատասխանեց նրան, որովհետև այդպիսի հանդուգն ձեռնարկության ոչ ոք էլ չէր կամենում մասնակցել։

Իսկ Աշոտ արքան վրանից ելնելով՝ պատրաստ գտավ արդեն վանանդացոց և տայոց քաջերին, որոնց գլուխ էին անցել Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը։

Թագավորն աշտանակեց իսկույն յուր օդապարիկ նժույգը և առաջ անցնելով՝ բարձր ձայնով գոչեց․

— Քաջե՛ր, ո՞վ է կամենում ձեզանից կռվել և մեռնել թագավորի հետ միասին։

— Մենք ամենքս․․․ — գոռացին միաբերան հայ կտրիճները և նրանց ձայնի արձագանքը որոտաց հեռավոր լեռներում։

— Օ՛ն, ուրեմն, հառա՜ջ, — գոչեց թագավորը և սուրը հանելով դիմեց թշնամու կողմը։

Հեծելազորը հետևեց նրան։

Ապստամբներից մի խումբ հառաջացել էր արդեն մինչև ձորի բեանը և դիտում էր հեռվից արքայական բանակի շարժումը։ Երբ նա՝ հեծյալների այս գունդը տեսավ, սկսավ դեպի կրճի ներսը նահանջել։

Թագավորը յուր զորքով հասավ նրա ետևից ինչպես մի փոթորիկ և ընդհարվեցավ հետը, կրճի մեջտեղը։ Արքայի նպատակն էր հանկարծակի բերելով՝ փախուստ դարձնել այդ խումբը և այդպիսով շփոթել կրճի բերանը փակող զորքերին։ Վանանդացիք ու տայքցիք կռվել սկսան կատաղաբար։ Նրանք ձիաներով կոխկռտում և երկար նիզակներով շամփրոտում էին անզոր հետևակներին, որոնք կռվում էին միայն կարճ սրերով։ Ընդհարումը տևեց հազիվ կես ժամ, որովհետև արքայականների հարձակումն այնպես անակնկալ և բախումն այնքան զորավոր էր, որ ապստամբների խումբը երկար դիմադրել չկարողացավ։ Մի քանի տասնյակ զոհեր տալուց հետո նա թիկունքը դարձրեց և փախավ։ Արքայականները հաղթական աղաղակով սկսան հալածել նրանց։

Թվում էր, թե բախտը ժպտում է թագավորին։ Կրճի բերանը հասնելուց՝ փախստականները դեպի լեռան լանջերը ցրվեցան։ Արքայի հեծելազորն ընկավ նոր հանդիպող գնդերի վրա, որոնք արդեն շփոթված էին թե՛ փախստականների և թե՛ հալածողների աղաղակից, և սկսավ սաստկապես հարվածել նրանց։ Ընդհարումը երկար չէր տևելու, այդ գնդերը նույնպես փախուստ պիտի տային՝ մաքրելով կիրճը արքայական զորքի առաջ․ բայց հանկարծ հասան այդտեղ սեպուհ Ցլիկ-Ամրամը և Գարդմանա Դավիթ իշխանը, նստած ամեհի նժույգների վրա և շրջապատված մինը կատաղի սևորդիներով և մյուսը՝ հզոր գարդմանացիներով, որոնք և վայրկենապես կռվի կերպարանքը փոխեցին։ Ամրամ սեպուհը խրախույս կարդաց յուր քաջերին և սուսերամերկ ու սրարշավ ընկավ արքայական զորքի վրա։ Նրա ձայնը որոտում էր կրճի մեջ ինչպես գարնանազայր հեղեղի շառաչ և այդ ձայնին հետևում էր բազմամբոխ զորքի աղաղակը։ Նույնպիսի հզոր գոչյունով խրախուսել սկսան իրանց գնդերին թագավորն ու Մարզպետունի իշխանը, և մարտիկները երկու կողմից սկսան ընդհարվել նոր ուժով և ավելի կատաղաբար։

Գնդերից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին։ Արքայականներն աշխատում էին վանել հակառակորդներին կրճի միջից, իսկ վերջինները ճգնում էին ետ մղել նրանց դեպի խորաձորը։

Այդպիսով միմյանց դեմ խիզախելով և շարունակ անձուկ կրճի մեջ խառնվելով՝ փակվում էր հեծելազորի ճանապարհը։ Արքայականների դրությունը ծանրանում էր․ նրանք հարձակվել չէին կարողանում և իրանց շուրջը զեռող հետևակների դեմ մարտնչելու համար ստիպված էին ձգել երկարաբուն նիզակները և կռվել միայն սրերով։ Այս դրության մեջ դարձյալ նրանք աննահանջ խիզախում էին ապստամբների դեմ։ Եվ չնայելով, որ վերջինների թիվը հետզհետե աճում և իրանցը, ընդհակառակը, նվազում էր, այսուամենայնիվ արքայականները կանգնած էին այդ հզոր հեղեղի առաջ ինչպես անսասան մի հողաթումբ և կռվում էին հուսահատ կատաղությամբ։

Բայց հանկարծ աջակողմյան լեռնալանջից սկսավ տեղալ նրանց վրա նետերի սաստիկ մի տարափ։

Այդ ափխազցիների գործն էր։ Բեր իշխանը, տեսնելով արքայականների համառ դիմադրությունը և այն կոտորածը, որ նրանք անում էին նիզակակից զորքի մեջ, հանեց լեռնալանջի վրա յուր նետաձիգ զորագունդը և սկսավ այդտեղից հարվածել նրանց նետերով։ Եվ որովհետև նրանք աջ կողմից էին հարվածում, ուստի արքայականները ասպարափակ անելու հնար չունենալով (ըստ որում աջ ձեռքով սուրն էին կրում և ձախով ասպարը)՝ մնացին երկու կրակի մեջ։ Թագավորը տեսավ յուր հավատարիմ զորագնդի հուսահատ դրությունը, չափեց նրա և հակառակորդի անհավասար ուժը և, անօգուտ համարելով յուրայինների դիմադրությունը, կանչեց Մարզպետունի իշխանին և հրամայեց նրան «նահանջի» փող հնչեցնել։

Այդ հրամանը կարծես կայծակի հարված տվավ քաջ իշխանին։ Այն մարդը, որ միշտ աշխատում էր եղբայրասպան կռիվներն արգելել, այժմ այլևս նահանջի մասին չէր ուզում լսել, պատերազմի աղմուկն ու արյան գոլորշին արբեցրել էին նրա հոգին։ Այդ վայրկենին նա չէր մտածում, թե կռվում է եղբայրների դեմ, այլ թե՝ պատժում է ապստամբներին, գահի և հայրենիքի թշնամիներին։ Ուստի որքան էլ յուր գունդը նվազ, որքան էլ հակառակորդը զորավոր, այսուամենայնիվ նրա անպարտելի հոգին չէր ընկճվում թվի մեծության առաջ։ Նա պաշտպանում էր յուր թագավորին, հայոց գահի վեհ պայազատին, ևւ այդ միտքն արդեն բավական էր, որ նրա սրտում առյուծ դարաներ։ Բայց երբ թագավորը հրամայեց նահանջել, նրա մարմնով տհաճության դող անցավ, հզոր բազուկը կարկամեց և արյունոտ սուրը կախվեցավ նրա ձեռքում ինչպես մի անզոր գործիք․․․ Նա մի ծանր հոգվոց հանեց, որ նման էր ավելի խուլ մռնչյունի, և հեծյալների ետևն անցնելով՝ հնչեցնել տվավ նահանջի փողը։

Արքայական զորքն սկսավ նահանջել, բայց քայլ առ քայլ և առանց թիկունք դարձնելու։ Երբ նրանք ձորամեջը հասան, նկատեցին, որ եգերացիք իջնում էին բերդից իրանց օգնելու համար։ Նիզակակից իշխանները թագավորի սկզբի հաջողությունը տեսնելով, որոշել էին վերջապես կատարել իրանց զինակցական պարտքը։ Բայց երբ արքայական զորքի նահանջը տեսան, կանգ առան լեռնալանջի վրա։

Այս հանգամանքը պատճառ եղավ, որ ապստամբները երկյուղ կրելով եգերացիների հարձակումից, հետ քաշվեցան կռվից, և արքայական գունդը, որ բավական նվազել էր, բանակատեղը դարձավ առանց դժվարության։

— Մենք գալիս ենք ձեզ օգնելու, տեր արքա, — ասաց եգերացիների առաջնորդը, երբ թագավորը լեռնալանջը հասավ։

— Իզուր նեղություն պիտի կրեիք, իշխան․ եգերացի քաջերի համար կռվելու տեղ չէր լինիլ կրճում, — պատասխանեց թագավորը դառնությամբ։

— Բայց մենք մեր պարտքը պիտի կատարեինք։ Մենք ուշացանք միայն մեր գնդերը կարգավորելու պատճառով։

— Եվ դուք ուշանալով անօգուտ գործ չարիք, դուք փրկեցիք ձեր զորքի պատիվը՝ հեռացնելով նրան մեր ամոթահար պարտության մասնակցելու դժբախտությունից։

Այս ասելով թագավորը հեռացավ իշխանից՝ հեգնական ժպիտը շրթունքներին։

Առաջնորդ եգերացին նայեց նրա հետևից վայրենի հայացքով և կարի զայրացած՝ յուր վրանը դարձավ։

Բաժանման ոգին, որ հետևում է, առհասարակ, ամեն անհաջողության, լուծել էր արդեն թագավորի և յուր նիզակակիցների միությունը։ Եգերացի իշխանները, որոնք սկզբում սիրով անսալով Կոստանդին թագավորի հրամանին՝ եկել էին Աշոտ արքային օգնելու, և այդ արել էին ոչ միայն երկու ազգերի դաշնակցությունը հարգելու մտոք, այլև փայլուն հաղթություն և հարուստ ավար ձեռք բերելու հուսով, այժմ արդեն հուսահատ և սրտաբեկ քաշվել էին իրանց առաջնորդի վրանը և խորհում էին բաժանման կամ փախուստի վրա։

Եվ ուրիշ ի՞նչ կարող էին մտածել այդ օտարականները, քանի որ նրանց հրապուրողը եղել էր ո՛չ թե հայոց գահը անսասան պահելու նախանձախնդրությունը (որ չէր էլ կարող լինել), այլ լոկ անձնական շահը, ավարներով հարստանալու ցանկությունը։ Բայց շահու և ավարի փոխարեն այժմ սասանում էր նրանց անխուսափելի կոտորած կամ սովատանջ մահ։ Բացի այդ, զորքի մեջ նույնպես սկսվել էր տրտունջ։ Թեպետ նրանք ունեին մի քանի օրվա ուտեստ և կարող էին տանել մի շաբաթվա պաշարման, բայց վատթարն այն էր, որ ջուր չունեին։ Ծարավը հետզհետե տանջում էր թե՛ իրանց և թե՛ ձիաներին։ Այդ ծանրության տոկալ չէր կարող զորականը։

Այս պատճառով, ահա, գունդագունդ գալիս, խռնվում էին նրանք իշխանական կացարանների առաջ և պահանջում՝ յուր կամ հրաման տան իրանց զինաթափ լինելու և բանակից հեռանալու և կամ հնար ցույց տան ջուր հայթայթելու։

Երկար խորհրդակցությունից հետո եգերացոց իշխանապետը որոշեց դիմել թագավորին և խնդրել նրանից, որ գործելու ճանապարհ ցույց տա իրանց։

Նա վերցրեց ընկեր իշխաններին և նրանց հետ միասին մտավ թագավորի վրանը հենց այն միջոցին, երբ վերջինս նստած յուր երկու հավատարիմների, այն է՝ Գևորգ Մարզպետունու և Վահրամ սեպուհի հետ, խորհուրդ էր անում։

— Զորքի մեջ, տեր արքա, սկսվել է տրտունջ, որ հետզհետե ավելանում և սպառնական կերպարանք է առնում, ինչպե՞ս կհրամայեք գործել դրա դեմ,-հարցրեց իշխանապետը թագավորին։

— Անշուշտ տրտնջում են եգերացի զորականները, այնպես չէ՞,-հարցրեց թագավորը։

— Այո՛, տեր արքա։

— Ի՞նչ է նրանց պահանջը։

— Ամենահասարակ, ամենաբնական պահանջ։

— Այսի՞նքն։

— Ջուր են խնդրում, տեր արքա, և կամ․․․

— Եվ կամ ի՞նչ։

— Եվ կամ հրաման, որ զենքերնին հանձնեն թշնամուն և ազատ ելնեն այս բանտից։

Թագավորը յուր հայացքը սևեռեց իշխանապետի աչքերին և մի վայրկյան լուռ նայելուց հետ ասաց․

— Զորքի պահանջն անբնական է և անարդար։

— Ինչպե՞ս, տեր արքա․ մի՞թե մարդիկ իրավունք չունին ջուր խմելու, — հարցրեց իշխանապետն այնպիսի մի ժպիտով, որի մեջ նշմարվում էր և՛ զարմանք, և՛ հեգնություն։

— Ո՛չ,-պատասխանեց թագավորը խիստ ձայնո՛վ։

Իշխանները աչքերնին սևեռեցին արքայի վրա։

— Գուցե ձեզ զարմացնում է իմ պատասխանը, — ասաց թագավորը, — բայց ես զարմանալի ոչինչ չասացի։ Ո՛վ որ անջրդի տեղը ջուր է պահանջում, անբնական պահանջ է անում, ո՛վ որ զինաթափության գնով ազատություն է որոնում, կարի նվաստագույն գործ է կատարում։

— Ի՞նչ անենք ուրեմն․ կոտորվի՞նք․ ավելի լավ չէ՞ նվաստանալ՝ քան մեռնել։

— Ո՛չ, ավելի լավ է մեռնել, քան նվաստանալ, — պատասխանեց թագավորը ծանրությամբ։

Մի վայրկյան լռություն տիրեց։ Արքայի պատասխանը տպավորություն արավ իշխանապետի վրա․ նա գլուխը կախեց և սկսավ մտածել։

Բայց իշխանների խմբից առաջ անցավ մի երիտասարդ և խոսեց․

— Տեր արքա, զինվորականը նվաստանում է ոչ միայն այն ժամանակ, երբ միայն թերանում է քաջության մեջ, այլև այն ժամանակ, երբ թերանում է անկեղծության մեջ։ Ուստի աղաչում եմ չվշտանալ՝ եթե համարձակվեմ անկեղծորեն խոստովանել մի ճշմարտություն, որի ծածկելը, ըստ իմ կարծյաց, հավասար է դավաճանության։

— Խոսի՛ր, — ասաց թագավորը։

— Մենք եկել ենք քեզ օգնելու մեր արքայի հրամանով և մեր պարտքը կկատարեինք, եթե հնար ունենայինք։ Բայց բախտը կամ գուցե մեր անհեռատեսությունը փակել է մեզ այժմ մի գառագղի մեջ, որից ազատվելու ոչ մի հնար չունինք։ Ծարավը տանջում է բազմամբոխ զորքին, թշնամու սուրը սպանում է ամենքին։ Կռվել չենք կարող, որովհետև ասպարեզ չկա․ ելնել չենք կարող, զի ճանապարհ չունինք․ իսկ մեռնել մենք, իհարկե, չենք կամենում։ Ի՞նչ է մնում մեզ անել՝ եթե ոչ զինաթափ լինել և փրկել մեր անձը մեր ընտանյաց համար․․․

— Փրկել ուրեմն անպատվության գնո՞վ, — ընդհատեց թագավորը իշխանին։

— Դրանից մեզ անպատվություն չի կարող հասնել։ Մենք հյուր ենք ձեր երկրում և պիտի կռվեինք ձեր մեծափառության համար։ Հետևապես, ո՛չ հաջողության փառքը և ո՛չ պարտության վնասը մեզ չի վերաբերում։

— Ուրե՛մն․․․

— Ուրեմն կա՛մ պիտի ճանապարհ ցույց տաք մեզ՝ մեր պատվավոր պարտքը կատարել կարողանալու համար և կա՛մ պիտի համաձայնիք մեզ հետ զենքերը թշնամուն հանձնելու։

Թագավորը հառեց աչքերը երիտասարդ իշխանի վրա և ապա սկսավ յուր շուրջը դիտել։ Ամենքը լուռ էին և սպասում էին նրա պատասխանին։

— Դուք եկել եք այստեղ ձեր թագավորի հրամանով և եգերական դրոշակով, — սկսավ խոսել արքան մեղմ ու հանգիստ ձայնով։ — Եկել եք հայոց թագավորին օգնելու, համաձայն ձեր թագավորի և իմ հանգուցյալ հոր կռած դաշնադրության։ Հետևապես, կատարելով ձեր պարտքը, պիտի ապացուցանեք, թե գիտեք ձեզ հարգել․ և, ընդհակառակը, փախուստ տալով այստեղից, պիտի անպատվեք ձեր թագավորին և արատավորեք եգերական դրոշակը։ Այս է իմ կարծիքը ձեր առաջադրության մասին։ Իսկ գալով նրան, թե արդյոք ես, հայոց թագավորս, կարո՞ղ եմ համաձայնել ձեզ հետ թշնամուն իմ զենքը հանձնելու, կասեմ, որ անկարող եմ։ Աշոտ թագավորը շատ այսպիսի անհաջողությանց է հանդիպել, շատ անգամ է թշնամիներով ու դավաճաններով պաշարվել, բայց երբեք և ոչ իսկ մի վայրկյան չէ մտածել, թե պիտի անձնատուր լինի թշնամուն։ Ես կարող եմ սուրը ձեռքիս և աշտեները կրծքումս ընկնել և մեռնել, բայց նվաստանալ և զենք հանձնել թշնամուն, երբե՛ք։ Դուք պաշարման ժամանակ մտածում եք ձեր կյանքն ազատելու, իսկ ես՝ իմ պատիվը փրկելու վրա։ Ինչպես տեսնում եք, մենք տարբեր նպատակների ենք ձգտում։ Հետևապես չպիտի խանգարենք միմյանց։ Երբ մարդ կամենում է ընկնել, անկարելի է կանգուն պահել նրան։ Դուք այս վայրկենից իսկ ազատ եք ձեր որոշման մեջ։ Հայոց թագավորն ունի դեռ մի քանի տասնյակ քաջեր, որոնց հետ միասին կարող է մեռնել։ Բայց երբ դուք ողջամբ ձեր երկիրը հասնեք, հայտնեցեք անպատճառ ձեր կանանց ու որդվոց, որ ձեր կյանքը գնել եք ձեր զենքերի գնով։ Այդ նորությունն, անշուշտ, հաճույք կպատճառե եգերացի տիկնանց։

— Տեր արքա, դու նախատում ես քո զինակիցներին․․․ — վրդովված նկատեց եգերացի իշխանապետը։

— Դուք որ անձնատուր լինելու վրա եք մտածում, իմ զինակիցը լինել չեք կարող։

— Ուրեմն և չենք, լինիլ,-զայրացած պատասխանեց իշխանապետը և դառնալով ընկերներին՝ ասաց․ — իշխաններ, հուսահատ զորականը մեզ է սպասում, գնանք մեր վերջին պարտքը կատարելու։

Այս ասելով նա սառնությամբ ողջունեց թագավորին և առաջ անցավ։ Ընկերները հետևեցին նրան։

Թագավորը, որ ուշադրություն չդարձրեց ո՛չ իշխանապետի վերջին խոսքերին և ո՛չ իշխանների ողջունին, աչքերը վրանի անկյունին հառած՝ խորասուզվել էր մի ինչ-որ մտածության մեջ։ Երբ նա, զգաց, թե վրանում լռություն է տիրում, դարձավ յուր իշխաններին և ասաց․

— Այո՛, եգերացիները կփրկեն իրանց։ Ով որ հանձն է առնում նվաստությունը, նա ձեռք կբերե և այն բարիքը, որ գերադասում է պատվից։ Բայց դուք ի՞նչ եք մտածում հայ զորականի մասին։

— Նա պատրաստ է կռվել մինչև վերջին շունչը, — ասաց Վահրամ սեպուհը, — պետք է միայն առաջնորդել նրան։

— Մենք նրան կառաջնորդենք․ բայց ի՞նչ շահ այդ կռվից, — նկատեց Մարզպետունի իշխանը, — մերոնք այնքան սակավաթիվ են, որ թշնամին մի քանի վայրկենում կջնջե նրանց։ — Ասում ես, որ պատրաստ են մինչև վերջին շունչը կռվե՞լ, — հարցրեց թագավորը։

— Այո՛, տեր, — պատասխանեց սեպուհը։

— Պետք է ուրեմն օգուտ քաղել այդ պատրաստակամությունից։ Այս գիշեր մենք ամենախիստ թափով կընկնենք թշնամու վրա։

— Ընդհարմա՞ն դիտումով, — հարցրեց սեպուհը զարմացած։

— Ո՛չ, բանակը ճեղքելու և անցնելու նպատակով։

Իշխանի դեմքը պայծառացավ։ Փրկության այդ միջոցը, արդարև, ամենահեշտը և պատվավորն էր։ Մարզպետունին նույնպես համակիր էր այդ մտքին։ Պետք էր միայն գաղտնի կերպով պատրաստվել, որպեսզի եգերացիք արգելք չլինեին իրանց։

Թագավորի հրամանով իշխանները դուրս գնացին, որպեսզի հավատարիմներին հարկ եղած հրահանգները տան։

Երեկոյան դեմ մի քանի եգերացի գնդեր բերդի պարիսպներից իջնելով՝ դեպի խորաձորն իջան։ Այդ շարժումը Գևորգ իշխանի ուշադրությունը գրավեց։ «Ուրեմն համաձայնություն է կայացել թշնամու և եգերացիների մեջ», մտածեց նա ինքն իրան՝ ենթադրելով, թե վերջինները, երևի, սկսում են արդեն թշնամու բանակն իջնել։

Դեռ այս մտքի մեջ էր նա, երբ Եզնիկը մոտենալով իրան՝ շշնջալով ասաց․

— Տե՛ր իմ, եգերացոց իշխանները դավաճանության խորհուրդ են հղացել, պետք է աշխատել թագավորին փրկել։

— Ի՞նչ խորհուրդ, Եզնիկ, — հարցրեց իշխանը վախենալով։

— Պայման են դրել Ցլիկ Ամրամի հետ, որ թագավորին բռնեն և նրա ձեռը հանձնեն։ Իսկ Ամրամը դրա փոխարեն խոստացել է արձակել եգերացիներին առանց զինաթափ անելու։

— Ինչպե՞ս իմացար այդ լուրը։

— Խորաձորն իջնող գնդերի ամեն մի զորականն այդ գիտե։ Իշխանները նրանց պատվեր են տվել՝ հսկել կրճի անցքերին ամենայն զգուշությամբ, սպառնալով, որ եթե թագավորը ձեռքից հանեն, այլևս այս բանտից ողջ չպիտի ելնեն։

Այժմ իրանք, զորականները, ամեն հնար գործ պիտի դնեն մեր ճանապարհը փակելու, որպեսզի իրանց խոստացված ազատությունը չկորցնեն։

Եզնիկի բերած նորությունը ծանր մտահոգություն պատճառեց արքայի հավատարմին։ Նա պարզ տեսավ, որ փրկության ամեն հույս կորել է, ուստի նորեն Սևադայի խոսքերը հիշեց․

— Նա ասաց, որ այս անգամ աստված պիտի պատժե հանցավորին, ահա՛ նրա գուշակությունը կատարվեցավ։ Մի՞թե թշվառ մահկանացուն կարող է հավիտենականի բարկությունից փախչել․․․

Այս մտածմունքներով նա գնաց Վահրամ սեպուհի մոտ և նրա հետ միասին արքայի վրանը մտավ՝ այս տխուր նորությունը նրան հայտնելու։

Բայց ո՛րքան մեծ եղավ իշխանի զարմանքը, երբ թագավորն այդ նորությունը լսելուց հետ անհոգ կերպով ծիծաղեց։

— Այդ թշվառականն, ուրեմն, իմ արյանն է ծարավի, — ասաց նա հանգիստ ձայնով։ — Վաղուց ճանաչում եմ ես Ցլիկ-Ամրամին․ նա փառասիրություն չունի, ուրեմն և չէր կարող փառասիրական նպատակով ապստամբել յուր թագավորից։ Նրան հարկավոր է անշուշտ իմ անձը․․․ Այժմ ուրեմն հանելուկը լուծվում է։

— Քո ա՞նձը, տեր արքա, ի՞նչ թշնամություն ունի Ամրամը քո անձի հետ, — զարմացած հարցրեց Վահրամ սեպուհը։

Թագավորը կարծես շփոթվեցավ։ Նա զգաց յուր խոսքերի անպատեհությունը և աշխատեց խույս տալ բացատրություններից։

— Այդպես ուրեմն, մեր փոքրիկ գունդը նույնպես փրկված է։ Ինձանից հետո թշնամին հանգիստ կթողնե թե՛ նրան և թե՛ եգերացիներին, — ասաց թագավորը, առանց Վահրամի հարցին պատասխանելու;

Գևորգ իշխանը թագավորի խոսքը չհասկացավ, ուստի խնդրեց բացատրել իրան, թե ի՞նչ է կամենում անել։

— Այս գիշեր ես պիտի հեռանամ այստեղից, — ասաց թագավորը։

— Դո՞ւ, միայնա՞կ, — հարցրեց իշխանը։

— Այո՛։

— Ի՞նչ ճանապարհով։

— Եգերացոց պահանորդ գնդերի և թշնամու բանակի միջով։

Սեպուհն ու իշխանը զարմացած աչքերնին հառեցին թագավորի վրա։

— Պիտի հասկացնեմ եգերացոց ու սևորդյաց իշխաններին, որ Աշոտ Երկաթին բռնելն ու Ցլիկ-Ամրամին հանձնելն իրանց ուժից վեր գործ է։

Իշխանի սիրտն ուրախացավ, իսկ սեպուհի խոշոր դեմքի վրա փայլեց գոհության ժպիտ։

— Ես մինչև այժմ հավատարիմների ապահովության համար էի մտածում, — շարունակեց թագավորը, — բայց այժմ տեսնում եմ, որ հենց իմ անձն է եղել նրանց վտանգողը։ Ես, ուրեմն, կհեռանամ այստեղից, որպեսզի ձեր ճանապարհի արգելքը վերացվի։

— Դու հեռացիր միայն քո թանկագին անձը փրկելու համար, որովհետև աշխարհը սպասում է յուր թագավորին։ Իսկ մենք կարող ենք մինչև անգամ մեռնել, հայոց երկիրը շատ բան չի կորցնի, եթե մահ հասնե մեզ, — ասաց սեպուհը անկեղծորեն։

— Բայց հայոց թագավորը կկորցնե․․․ — հարեց իսկույն արքան։

Հասավ երեկոն։ Թագավորի դիտավորությունը հայտնի էր միայն Մարզպետունի իշխանին և Վահրամ սեպուհին։ Արքայի տված հրահանգի համաձայն նրանք կանչեցին իրանց մոտ թագավորի թիկնապահներից երկու երիտասարդների, որոնց հավատարմության ու քաջության վրա վստահություն ուներ ինքը թագավորը և հրամայեցին նրանց պատրաստ լինել թագավորին հետևելու։

Երբ մութը կոխեց, և գիշերվա մի քանի ժամերն անցան, թագավորն ելավ յուր վրանից՝ ոտից գլուխ պողպատով զրահավորված։ Երկու քաջամարտիկ թիկնապահները, որոնք նույնպես զրահավորված էին երկաթով, մոտեցրին արքային յուր ամեհի նժույգը։

Թագավորը քսանամյա երիտասարդի թեթևությամբ թռավ ձիու վրա, թիկնապահները նույնպես աշտանակեցին իրանց նժույգները։

Պետք է անցնենք ինչպես փոթորիկ։ Ո՛չ մարդ և ո՛չ դև չպիտի մեզ դիմադրե։ Գնդերը պիտի ճեղքենք, վաշտերը կոխոտենք, կանգնածը գլորենք․․․ Մի քառորդ ժամից հետ նուրի հովտում պիտի լինինք․․․ — հրամայեց թագավորը և սուրը հանելով՝, Օն ուրեմն, քաջերսե, գոչեց ցած ձայնով և նժույգի կողերը խթելով՝ թռավ դեպի զառիվայրը։

Թիկնապահները սրարշավ հետևեցին նրան։

Մի քանի վայրկենից հետ երեք հեծյալներն անհայտացան խավարի մեջ։

Արքայի բախտից երկինքն ամպամած էր և լուսինն անհայտացած։ Հեռվից ոչ ոք չէր կարող նշմարել նրանց։

Ձորակի մեջ միայն ձիաների քայլատրոփը զարթեցրեց պահանորդ եգերացիներին, որոնք, խմբովին հեծյալների առաջը բռնեցին։ Բայց թագավորի նժույգը և ահարկու սրի հարվածները ճեղքեցին խումբը, իսկ թիկնապահների գոռոցը և նիզակների թափը ցրեցին դիմադրողներին։ Հանդիպող շարքերից անցան նրանք ինչպես հողմ և մտան կրճի բերանը։ Եգերացիք նոր իմանալով, որ իրանց գունդը ճեղքողը ինքը թագավորն էր, սկսան վայրենի աղաղակով նրա հետևից ընկնել։ Թագավորը և յուր թիկնապահները նույնպես սկսան գոռալ, երբ հասան ապստամբների գնդերին։ Վերջիններս հանկարծակի գալով այս բազմատեսակ աղաղակներից, կարծեցին, թե եգերացիք են հարձակվում իրանց վրա․ ուստի շփոթված և իրար կոխկրտելով՝ սկսան դեպի բանակը փախչել։

Թագավորն օգուտ քաղեց այդ խառնակությունից։ Թիկնապահների հետ միասին աջ ու ձախ հարվածելով և հորձանքի նման հանդիպակացները խորտակելով՝ կտրեց անցավ նա կրճի բոլոր երկարությունը, ճեղքեց վերջին պահանորդ խումբը և ընդարձակ դաշտը դուրս գալով՝ նույնիսկ Ամրամի բանակի առջևից սլացավ ինչպես կայծակ և անհայտացավ հովտի մթության մեջ։

Հազիվ մի ժամից հետ հայտնի եղավ ապստամբներին թագավորի փախուստը։ Սևորդյաց և եգերացոց իշխանները մնացին ամոթահար, իսկ Ցլիկ-Ամրամը և ափխազաց Բեր իշխանը զայրույթից գրեթե կատաղեցին։

Հետևյալ առավոտ ապստամբների զորքը խուժեց դեպի ավերակ բերդը։ Եգերացիներից խլեցին նրանց բոլոր զենքերը և միայն ձիաներն իրանց տալով՝ արձակեցին։ Իսկ սակավաթիվ հայ հեծյալներին ձեռնամուխ չեղան, որովհետև Գևորգ Մարզպետունին և Վահրամ սեպուհը խնդրեցին Ամրամին՝ թշնամաբար չվարվել յուր եղբայրակիցների հետ։ Ամրամը, թեպետ թագավորի դեմ զայրացած, այսուամենայնիվ, հարգեց նրա իշխանների խնդիրը և նրանցից բաժանվեց առանց գժտության։