Jump to content

(Խմբագիրները)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ]

Անցյալ կիրակի, ճիշտ այն միջոցին, երբ «Կավկազ» հյուրանոցում մեր խմբագիրները ոգևորված խոսում էին «ազգերի փոխադարձ համերաշխության» մասին, կլուբի դահլիճում քննվում էր այդ խմբագիրներից երկուսի «փոխադարձ ջամբազության» հարցը։

Ժողովը բազմամարդ էր և բաժանված երկու կուսակցության, որոնցից մեկի պարագլուխն էր Նապոլեոն Ամատունին։ Կորզյալ իշխանազնը օգնության էր կանչել երկու ինժեներներ Պարոն Պ. Բաբայանին և Գրիգորյանցին: Այդ ինժեներները աշխատում էին կամուրջ շինել մի անդունդի վրա, որ փորված էր ջամբազներից մեկի ոտների տակ։ Բայց կամուրջը չհաջողվեց. ջամբազը գլորվեց, իր հետ մղելով և ինժեներներին։

Ես սկզբից մինչև վերջը ներկա էի այդ տեսարանին և բոլորովին հևացած մնացի կլուբի հռետորների ճառերից։ Ժողովին պետք է նախագահեր Սենեքերիմ Արծրունին, բայց որովհետև նա շատախոսության թշնամի է և մի բնածին հակակրություն է զգում դեպի բոլոր ճառախոսները, ուստի նախագահ ընտրվեց Ղարաբազի անանուն մելիքներից մեկի թոռը։

Ինչևէ, ժողովն աղմկալի էր։ Զննվում էր այն հարցը, թե քանի որ խմբագիրները իրենք կրթել չգիտեն, ո՞վ պետք է նրանց կրթի։ Ժամանակակից գլադիատորների hովանավոր իշխան Գոգո Մորդաբանիձեն առաջարկեց այդ տեսակ խմբագիրներին ուղարկել Գլդանելիի դպրոցը, որ գտնվում է Սաղի թաղում։

Այս կատակալից առաջարկությունը, իհարկե, չընդունվեց: Երկու կուսակցություններից մեկը, հակառակ Նապոլեոնյան բանակի գոռուգոչումներին, ապացուցեց, որ Գլդանելիի դպրոցում կրթվելու պետք է ուղարկել այն խմբագրին, որ իր ախոյանի հետևից առաջինը գաղտնագողի արշավանք է գործել։ Իսկ մյուսը մեղավոր չէ. նա միայն ստիպված է եղել իրեն պաշտպանել։ Ժողովը օրինավոր համարեց այս նկատողությունը և ձայների մեծամասնությամբ վճռեց հարձակում գործող խմբագրին արտաքսել կլուբից...

Այս բոլորն ինձ վրա տխուր տպավորություն գործեց: Կլուբից տուն վերադառնալով, երկար ժամանակ ես մտածում էի. «Եթե մի լրագրի մի ինչ-որ ակնարկը ստիպեց մի մարդու հարյուրավոր կանանց շրջապատում բռունցքի ուժով պաշտպանել իր պատիվը, հապա ի՞նչ անե կտրոնակուլ Գարսոևը, որի պատիվը այսօր այնպես դատափետվում է անգութ լրագիրներից»։

Չմոռանամ ավելացնել, որ կլուբի ժողովում պատվասիրության և ազնվության մասին ամենալավ ճառ խոսողը եղավ իշխան Ամատունին։ Հաստատ աղբյուրներից տեղեկանում եմ, որ մեծապատիվ իշխանը, օգտվելով այն ազատ ժամանակից, որ ունի այժմ իր տանը, ավելի ընդարձակում է այդ ճառը տպելու համար։ Բրոշյուրի վերնագիրը կլինի «Ժամանակակից կոմս Կալիոստրոյի տրակտատը բարոյականության մասին»։

Այս անգամ ֆելիետոնս երկարացավ այնինչ դեռ գրելու շատ բան մնաց։ Հաղորդում եմ հետևյալ սասանեցուցիչ լուրը։


Ամսույս 17-ին մեր հռչակավոր տրագիկ Մատթևոս Աղայանը Սղնախում ներկայացրեց «Համլետ»-ը։ Թատրոնը ծայրե ի ծայր լիքն էր։ Ներկայացումը շատ աջող անցավ Համլետի հոր ուրվականի փոխարեն բեմի վրա երևեցավ Ագամյանի ուրվականը: Հանդիսականները սարսափած մնացին, երբ Ադամյանը խոսեց.«Լսի՛ր, լսի՛ր, լսի՛ր, որդի, խնայիր ինձ, թող ոսկորներս գոնե գերեզմանում հանգստանան»...

Հ. Գ.: Լսում եմ, որ «Արձագանքի» խմբագրությունը պրեմիա է նշանակել այն սրամիտ ընթերցողին, որ յոթն օր յոթ գիշեր Հարոյի «Նամակներ իմ բարեկամին» ֆելիետոները կարդալուց հետո մի բան կհասկանա: