Jump to content

(Ցենզը և մարդը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ՑԵՆԶԸ ԵՎ ՄԱՐԴԸ]

Քաղաքային խորհրդի առաջիկա ընտրությունները ամենքի միտքը կլանել են։ Մարդիկ ոչնչով չեն ուզում զբաղվել, բացի այդ ընտրություններից։ «Ժողով» ասված ախտը շարունակում է զոհեր տանել։ Վա՜յ ինձ, վա՛յ ինձ, ես էլ վերջապես վարակվեցի։ Բայց ինչպե՞ս։ Ես ուզում եմ քաղաքային ձայնավոր դառնալ։ Այո՛, բավական է, որքան ձայնս փորումս պահեցի, պե՛տք է վերջապես աշխարհ դղրդեցնեմ։

Պրոպագանդան վաղուց սկսել եմ։ Անցյալ կիրակի երեկոյան քաղաքիս «Կալիվչայա Բալկա» ասված թաղում ընտրողների ժողով կար։ Ես էլ կանչված էի։

— Կկամենա՞ք ձայնավոր լինել,— հարցրեց ինձ մի արխիվարիուս, հենց որ ներս մտա։

— Այո՛, շատ ցանկանում եմ։ Բայց ցենզ չունեմ։

— Այդ ոչինչ, կգտնենք,— պատասխանեց արիխվարիուսը,— իմ կնոջ մոր քույրը, պառավ Անաստասիան, ունե, քեզ կկարգենք խնամակալ։

Ես ուրախացա, անունս մտցրին «Կալիվշայա Բալկայի» ցուցակը։ Վազեցի մամուլի ներկայացուցիչների ժողովը, որ այնտեղ էլ աշխատեմ անունս ներս խրել։ Հավաքվել էին մոտ 20 խմբագիրներ և աշխատակիցներ, որոնցից երկուսը միայն ցենզ ունեին։ Ես հայտնեցի, որ ուզում եմ կանդիդատ գրվել։ Ինձ ուղարկեցին մյուս սենյակ, որ իմ մասին կարծիքներ հավաքեն, արդյոք արժանի՞ եմ ընտրվելու։ Հենց որ դուրս էի եկել, իսկույն ներս կանչեցին և ասացին, որ «կարծիքը» կազմվեց,— գողություն չեմ արել, արժանավոր մարդ եմ։

— Բայց ցենզ չունեմ,— այստեղ էլ կրկնեցի ես խորամանկաբար։

— Ես կգտնեմ,— ասաց հրապարակախոս Սումբուրովը:

— Իսկ դուք ունե՞ք։

— Ոչ, Սերաֆիմ Պետրովիչը խոստացել է գտնել։

— Իսկ Սերաֆիմ Պետրովիչը ունի՞։

— Ո՛չ, Արտեմ Գասպարիչը աշխատում է նրա համար գտնել, իսկ Արտեմ Գասպարիչի համար աշխատում է գտնել Յակիմ Յակիմիչը, իսկ Յակիմ Յակիմիչի համար աշխատում է Մարկիան Լուկիանիչը, իսկ Մարկիան Լուկիանիչի համար աշխատում է Սարգիս Ավագիչը, իսկ Սարգիս...

— Լավ, լավ,— ընդհատեցի ես,— ինչպես տեսնում եմ ամենքդ էլ «լյութ-լոթիներ» եք։

— Ի՞նչ ասել է «լյութ-լոթի»։

— Голыши,— թարգմանեցի ես։

«Լյութ-լոթիների» ժողովից գնացի իսկույն հաստափորների ժողովը։ Այստեղ արդեն ամենքը ցենզավորներ էին և ի՛նչ ցենզավորներ, բանկիրներ, դրամատերեր։ Սկզբում ինձ ընդունեցին արհամարհանքով։ Բայց ես մի սուտ փչեցի, ամենքը վախեցան։ Ես ասացի, որ երեք հարյուր իննսուն հինգ ընտրողներ ունեմ, որ ում ուզեմ՝ նրան պետք է ձայն տան։

Այն ժամանակ մի քանիսը Նուսնուսովին բոթեցին, որ ինձ առանց այլևայլի «ցուցակի» մեջ մտցնեն։

— Ձեր ապագա գործունեության պրոգրա՞մը,— դարձավ ինձ Նուսնուսովը։

— Առաջինը քաղաքագլուխ կընտրեմ ձեզ, իսկ վարչության անդամներ ձեր քենակալին և ձեր աներոջ որդուն։ Ի՛նչ առաջարկություն անեք — կընդունեմ, երբ որ ասեք՝ այո՛, կասեմ այո՛, երբ որ ասեք ո՛չ — կասեմ ո՛չ։ Տեղը եկած ժամանակ ղարաբաղցիների հերը կանիծեմ, տեղը եկած Ժամանակ կփառաբանեմ։ Եթե «հանգամանքները» պահանջեն՝ վաճառականների դեմ կկռվեմ, եթե ոչ — նրանց խունկ կծխեմ։ Երբ որ կասեք բուն թիֆլիսեցի պատվավոր գերդաստաններից մեկին կին կծել — համեցեք՝ գրիչս ձերը, իսկ երբ հրամայեք գովել — ձեր խոնարհ ծառան եմ։

Բավական է, դուք արժանավոր քաղաքացի և նշանավոր գործիչի ծրագիր ունեք,— ասացին ինձ չորս կողմից։— Դուք կընտրվեք։

Այսպիսով, անունս մտցրին երկրորդ ցուցակի մեջ։ Մյուս օրը երիտասարդների ժողովս էր։ Այստեղ այնքան էլ հեշտ չէր քիթս ներս խրել, բայց գնացի։

— Далой плутократию,— գոչեցի ես հենց որ ներս մտա։

— Урра!— աղաղակեցին միաձայն և ամեն կողմից ժողովականները թափվեցին վրես ինձ գրկելու։

— Մտցրեք, մտցրեք սրան էլ ցուցակի մեջ,— գոչեց մեկը, որ իսկի ինքն էլ չգիտեր՝ ես ինչ պտուղ եմ։ Պրինցիպյանը «կատեգորիչեսկիյ» առաջարկեց «вопрось-ը бокомь» դնել՝ կամենու՞մ եմ ընտրվել։ Ես պատասխանեցի, թե այո, կամենում եմ։ Բայց անողոքներից մեկը, հոնքերը խոժոռացնելով դարձավ ինձ․

— Պարզիր ծրագիրդ։

— Էլեկտրական լուսավորություն Խարփուխում, քարափում, Սաղում, Հավլաբարում և Կոլոլ թաղում։ Շոգեշարժ գնացքներով երկաթուղի Օրթաճալից մինչև Վերա։ Քսանուչորս պահապան Թիֆլիսի քսանուչորս հայ եկեղեցիների գանձարանների վրա․․․

— Այդ քաղաքային գործ չէ, քաղաքային չէ․․․

— Ներեցեք, շարունակեմ․․․ նոր ջանք Հավչալից, անտառներ Մթածմինդայի և Մախաթի սարերում․․․

— Բրա՛վո։

— Այգիներ քաղաքի բոլոր անկյուններում, բարակներ ժամանակավոր բարոյական և մտավոր հիվանդների համար։ Այնտեղ կուղարկենք բոլոր խավարամիտներին։

— Մի զույգ լապտեր «Արձագանքի» և «Նոր-դարի» խմբագրատների առաջ։

— Այդ ինչու՞․․․ — Որ ներս մտնողներն ու դուրս եկողները լավ տեսնեն իրարու․․․

— Աֆերիմ, աֆերիմ,— ընդհատեցին խոսքս,— գոհ ենք, գոհ ենք մտցնել Մաղքոսին մերայինների ցուցակի մեջ: Բայց, նախքան անունս մտցնելը, Ժողովականներից մեկը, որ շատ խոհեմ մարդ էր» խոսք խնդրեց։

— Պարոններ,— ասաց նա քաղցր ժպտալով,— շատ լավ եք անում պ. Մաղքոսին ինտելիգենցիայի ցանկն եք մտցնում, բայց, այսուամենայնիվ, պետք է այն էլ ասած... Ուզում էի հարցը լուծված համարել, но тем не менее, օրինակի համար, նրա անունը մի քանի ցուցակների մեջ կա, այսինքն իմն էլ կա, որովհետև ես․․․ Բայց իսկապես ասած, համենայն դեպս շատ արժանավոր է, но во всяком случае․.. Համաձայն եմ․․․

Ես ճառախոսին ծափահարեցի անկեղծ սրտով, և անունս մտավ ցանկի մեջ։ Սակայն այստեղ էլ ցենզի մասին հարց բարձրացավ։ Քսանուվեց ընտրելիներից մոտ սանուհինգը ցենզ չունեին, ես էլ քսանուվեցերորդը եղա։ Բայց հույս կա, որ ամենքս անտեր որբեր գտնենք։