...նաև Սպիտակ Եղեռն/Գանձա գնանք՝ Տերյանով լեցուն
19 հուլիսի 1983թ.
Մոտենում է տերյանական պոեզիայի օրը, որին անհամբերությամբ են սպասում մեծ բանաստեղծի քերթության եւ ընդհանրապես պոեզիայի երկրպագուները։ Գանձայի լեռնային գեղատեսիլ բնության մեջ անցկացվող հուլիսյան այդ կիրակին մարդկանց հնարավորություն է ընձեռում նորից ու նորից ապրելու եւ շնչելու Տերյանով, իրենց հոգիները նորովի լցնելու վեհաշունչ ու կախարդիչ արվեստի գանձերով։
Սակայն, ցավոք, այդ օրը բոլոր Գանձա մեկնողները չէ, որ գալիս են բանաստեղծի ստեղծագործությամբ համակված։ Բազմահազարանոց բազմության մեջ քիչ չեն լինում նաեւ նրանք, ովքեր տոնահանդեսին են մասնակցում պարզապես ուրիշներին հետեւելով, ուղղակի որպես պասսիվ դիտողներ։
Իմ կարծիքով, այդ օրը յուրաքանչյուր ոք Գանձա պետք է գնա ինչ-որ չափով Տերյան կարդացած ու նրա առանձին բանաստեղծություններ անգիր արած։
Ավելի լավ եւ հետաքրքիր կլիներ, եթե պոեզիայի օրվա նախօրյակից արդեն Գանձայում կազմակերպվեին ասմունքների մրցույթներ, բարձրախոսներից հնչեն Տերյանի բանաստեղծությունները, նրա խոսքերով գրված երգերը։
Տոնախմբությունը պետք է որ զարդարեն նաեւ հայկական շուրջպարերը։
Կարճ այդ օրերը պետք է վերածվեն իսկական պոեզիայի օրերի։
Դե, ուրեմն, Գանձա գնանք Տերյանը մեր էության մեջ։