...նաև Սպիտակ Եղեռն/Թող զենքերը դառնան թանգարանային ցուցանմուշներ
ԹՈՂ ԶԵՆՔԵՐԸ ԴԱՌՆԱՆ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐթիվ 47,
Հայրենակն մեծ պատերազմի վայրերով կատարած մեր ընտանեկան ճանապարհորդությունը նվիրված էր սովետական ժողովրդի տարած պատմական հաղթանակի 40-ամյակին։
Նովոռոսիյսկը մեզ դիմավորեց լուսաբացին։ Առանց ժամանակ կորցնելու ուղղություն վերցրինք դեպի Մալայա Զեմլյա։ Այս փոքրիկ թերակղզում 18-րդ բանակի կողմից դեսանտի իջեցումը սկսվեց 1943 թվականի փետրվարի 3-ի գիշերը Գելենջիկից եւ փոքրիկ հողակտորը մեր զորքերի կողմից վերածվեց ստորգետնյա ամրոցի; Այստեղ քաջաբար մարտնչել են նաեւ հայորդիները, այդ թվում մեր հայրենակիցներ Ակենտ Նանյանը, Հովհաննես Համբարյանը, Հայկազ Կարապետյանը, Աղվան Ղազարյանը, Իշխան Պողոսյանը եւ ուրիշներ։
Հետաքրքիր եւ ուսանելի շատ բան էր սպասվում իմ որդիներին (նրանք երեքն էլ պիոներ են) Ղրիմում։ Հիշում են, որ այստեղ 89-րդ հայկական դիվիզիայի երեք զինվորներ (Հունան Ավետիսյանը, Ջահան Կարախանյանը, Սուրեն Առաքեյանը) արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ 1943 թվականի սեպտեմբերի 16-ին Դոլգայա լեռան գրոհի ժամանակ Հունան Ավետիսյանը մարմնով փակեց թշնամու կրակակետը կրկնելով Ալեքսանդր Մատրոսովի հերոսական սխրանքը։ Երեխաներիս տեղեկացնում եմ, որ դիվիզիայի շարքերում խիզախաբար մարտնչել են նաեւ իմ համագյուղացիները Աշոտ Խնկոյանը, Հայկազ Ջաղացպանյանը, Խաչիկ Մեհրաբյանը, Տիգրան Դուշուկյանը եւ ուրիշներ։
Հետո լինում ենք Կերչում ու Թեոդոսիայում, Սեւաստոպոլում։ Հուշարձաննե՜ր, հուշարձաննե՜ր, թանգարաննե՜ր։ Շրջում ենք, պատվանդաններին ծաղիկներ դնում, երեխաներս երկյուղածությամբ ու հետաքրքրությամբ ծանոթանում են մարտական փառքի թանգարանների ցուցանմուշներին, եւ ես մեկընդմիշտ խորհում եմ, որ թող պատերազմին ու նրա բերած արհավիրքներին գալիք սերունդները ծանոթանան թանգարանների միջոցով…
… Ճանապարհորդությունը մեզ հասցնում է Դոնի Ռոստով։ Առավոտյան գնում ենք Նոր Նախիջեւան (այժմ Ռոստովի Պրոլետարական շրջանը), ապա ուղեւորվում Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որն այժմ վերածվել է հայ եւ ռուս ժոդովուրդների բարեկամության թանգարանի։
Տասնութերորդ դարում ղրիմահայերի Դոնում վերաբնակելու ժամանակ, Նոր Նախիջեւանի մոտ հիմնադրվել են հայկական հինգ գյուղեր Չալթր, Թոփտի (Դրիմ), Մեծ Սալա, Փոքր Սալա եւ Նաիստա։
Դրանք այժմ բարգավաճել են եւ վերածվել են ութի (հիմնվել են Լենինավան, Լենինական եւ Կարմիր Ղրիմ գյուղերը)։
Թոփտի չմտած, ձորի պռնկին վեր է խոյանում մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողը մայրը իր երկու զավակներով։ Հուշարձանի ետեւում թանգարանն է, որի կիսաշրջանաձեւ սրահում փակցված են թոփտեցի 336 զոհվածների լուսանկարները (գյուղից պատերազմ են մեկնել 610 հոգի)։
Թանգարանի դիրեկտոր, տեղի միջնակարգ դպրոցի պատմության նախկին ուսուցիչ, Հայկ Պոպովյանը, բացելով մուտքի դուռը, միացնում է կոմիտասյան երաժշտությունը։ Մեղեդին տարածվում է սրահում եւ հիշողության ցավից հուզվում են ներկաները։
Այստեղ անկարող եմ չհիշել մի միջադեպ եւս, որ կատարվեց նույն գյուղում։ Գյուղամիջում հանդիպեցինք մի շատ համակրելի երիտասարդի՝ մշակույթի տան ավագ կինոմեխանիկ Մարտիրոս Բաբախանյանին։ Վերջինս, իմանալով շրջագայության նպատակը, մեզ հրավիրեց կինոդահլիճ, ուր դիտեցինք «Դոնի հողում» կինոֆիլմը։ Դա մի վավերագարական ժապավեն էր՝ նվիրված Դոնի հայության պատմական անցյալին ու լուսավոր ներկային։ Թոփտի գյուղի Ս. Լուկաշինի անվան կոլտնտեսությունը Մյասնիկյանի շրջանի առաջավոր տնտեսություններից է, տարեկան ստակում է 6 հազար տոննայից ավելի հացահատիկ, այլ գյուղմթերքներ։ Թոփտին հայրենիքին տվել է բազմաթիվ կուսակցական, զինվորական եւ արվեստի գործիչներ։ Ս. Լ. Լուկաշին, Պ. Միմոնյան («Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր), Գ. եւ Ե. Չուբարյաններ, Ի. եւ Ն. Այդինյաններ, Փ. Թերլեմեզյան, Մ. Պեգվիլանովա (Փահլեվանյան) եւ ուրիշներ։
Մեկնում ենք Մեծ Սալա։ Այս գյուղի մոտ 1941-ի նոյեմբերի 21-ին հերոսաբար ընկել են 16 խիզախ հրետանավորներ, որոնց մարտկոցի հրամանատարն էր թբիլիսահայ քաջորդի Սերգեյ Օհանյանը, կոմիսարը Սերգեյ Վավիլովը, որոնք էլ ետմահու արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։
Ծաղիկներ ենք դնում գյուղի հարավային մասում, պուրակի մեջ հրետանավորների պատվին կանգնեցված հուշակոթոդի պատվանդանին։ Պուրակից դուրս գալիս, հիվանդանոցի դռան մոտ ծանոթանում ենք մի տարեց կնոջ հետ Սիրանույշ Բոստանջյան։ Կես դար է աշխատում է հիվանդանոցում, սիրով պատմում է մեզ հրետանավորների մասին, որոնց ինքը մայրաբար ճաշ էր տանում, լվանում շորերը, կապում վերքերը…
Բերբեր-օբա Կուրգան։ Ինը տարի առաջ, հաղթանակի օրը այստեղ բացվեց Դոնի պաշտպանների հիշատակն անմահացնող հուշահամալիրը։ Ես վերստին դուրս եմ բերում ծոցատետրս ու արտագրում ազգանունները Ս. Օհանյան, Ֆ. Ահմեդով, Գ. Կորսունով, Վ. Տկաչենկո… Արտագրում եմ ու մտածում, թող գալիք բոլոր սերունդները պատերազմը ճանաչեն թանգարաններով, հուշարձաններով, կինոժապավեններով…