...նաև Սպիտակ Եղեռն/Դամալան Փոքր Զեյթուն
Դամալան Ներքին Ջավախքի գյուղերից է, գտնվում է Ասպինձայից հինգ կիլոմետր արեւելք։ Շրջապատված էր քսանից ավելի թուրքական գյուղերով։ Գյուղն այն ժամանակ բաղկացած էր 120 ընտանիքներից...
1917 թվականի դեկտեմբերի 27-ին Ախալցխայի շրջապատումը գավառի թուրքերի կողմից իր բացասական ազդեցությունը թողեց նաեւ Դամալայի եւ նրա հարեւան գյուղերի թուրքերի հարաբերությունների վրա։ Ասպինձայի եւ շրջապատի թուրքական գյուղերի բնակիչները կապերը խզեցին դամալացիների հետ։ Հաֆիզ էֆենդու եւ Շահի աղայի գլխավորությամբ զինվելով սկսեցին զինավարժությունները եւ սպառնալիքները Դամալայի հայերի հասցեին։ Նրանք դեկտեմբերի 30-ի գիշերը գրավեցին Ասպինձայի էտապային (հանգրվանային) կետը, զինաթափեցին ռուս զինվորներին, խլեցին նրանց զենքն ու ունեցվածքը... Ասպինձան դարձրին ասպատատեղ, որտեղ ստուգում եւ թալանում էին քրիստոնյա ճանապարհորդներին, վիրավորում նրանց մարդկային եւ ազգային արժանապատվությունները։ Դամալացիները կտրվեցին արտաքին աշխարհից, նրանց սպասում էր անորոշ ու տագնապալից ապագա... Սակայն նրանք չընկճվեցին դիմեցին ինքնապաշտպանության։ Գյուղի դիրքը շատ հարմար էր ինքնապաշտպանության համար եւ կարելի է ասել՝ անառիկ, որի համար գյուղի քահանա Հակոբ Տեր-Հակոբյանը «Մշակ» թերթի (1918թ. թիվ 35) իր թղթակցության մեջ գյուղը համեմատում է Զեյթունի հետ, իսկ բանկիչներին քաջարի զեյթունցիների։ Նրա վկայությամբ ոչ միայն տղամարդիկ էին հմտորեն տիրապետում զենքին, այլեւ կանայք, ինչպես քաջարի երիտասարդ Ղարա-Մատոյի (Մարգարյան Մարտիրոս) մանկամարդ կինը, որը իր խիզախ ամուսնու հետ կողք-կողքի հերոսաբար մարտնչում էր ինքնապաշտպանության մարտիկների շարքերում։
Գյուղացիների կողմից հարգված, զինվորական գործին հմուտ, քաջ երիտասարդ Մատո (Մարտիրոս) Սահակյանի գլխավորությամբ եւ գյուղի մի խումբ աչքի ընկնող մարդկանց (Գրիգորյան Գաբրիել, Սահակյան Հովակիմ, Հակոբյան Հովհաննես, Մակարյան Անտոն, Բալոյան Ղազար, Հակոբ քահանա Տեր-Հակոբյան) աջակցությամբ 15 օրվա ընթացքում ստեղծվեց 155 քաջերից բաղկացած վաշտ։ Մարտիկների թիվը շուտով հասնում է 250 հոգու...
1918 թվականի փետրվարի 8-ին Ախալքալաքի նոր կազմավորվող հայկական գնդի վաշտերից մեկը օգնության եկավ Դամալա։ Դամալացիների ստեղծած կամավորական վաշտը զինվելու եւ հանդերձավորվելու նպատակով Մարտիրոս Սահակյանի գլխավորությամբ գնաց Ախալքալաք։ Ախալքալաքի բնակիչները եւ գավառային կոմիսար Աբգար Պայազատը սիրալիր ընդունելություն ցույց տվին նրանց։ Վաշտի նոր հրամանատար նշանակվեց ղարաբաղցի սպա Սարուխանյանը։ Վաշտը մինչեւ փետրվարի 25-ը մնաց Ախալքալաքում, համալրվեց Վերին Ջավախքի երիտասարդներով, զինվեց (թնդանոթով, գնդացիրով եւ զենքի այլ տեսակներով), հանդերձավորվեց եւ մասնակցեց մի շարք զորավարժությունների։ Իսկ երբ կազմավորվեցին Ախալքալաքի գնդի նոր վաշտեր, դամալացիների վաշտը վերադարձավ հայրենի գյուղ։
Արդեն չորրորդ ամիսն էր, որ գյուղը գիշեր-ցերեկ պաշտպանվում էր թուրքերի հարձակումներից։ Թշնամիները 10 անգամ գերազանցում էին իրենց թվաքանակով։ Գյուղի զինված ուժերի շտաբը, ինչպես պատմում է դամալացի Հակոբ Հակոբյանը (Ակոփենց Ակոն, ծնվ. 1906 թվականին), հեռախոսով կապված էր Ախալքալաքի զինված ուժերի շտաբի հետ։ Հեռախոսի լարերն անցնում էին անտառով ծառերի եւ գետնի վրայով։ Նրանք նեղն ընկնելու դեպքում հեռախոսով օգնության էին կանչում ախալքալաքցիներին։ Վաշտը տեղավորված էր գյուղի ծայրամասում։ Պահակակետեր էին ստեղծված յուրաքանչյուր հարեւան թուրքական գյուղի դիմաց։
Ապրիլի 4-ի կեսօրից հետո Դամալայի եւ թուրքական Օթա գյուղի պահակախմբերը անտառում հանդիպելով միմյանց, սկսել էին փոխհրաձգությունը։ Շուտով օթացիների պահակախմբին օգնության են հասել զինված ուժերը ինչպես Օթայի, այնպես էլ հարեւան թուրքական գյուղերի մոտ 300 մարդ։ Տեղի է ունենում անհավասար ճակատամարտ. դամալացիները ընդամենը 20 հոգի էին։ Չնայած թվական այսպիսի մեծ տարբերությանը, հայ կտրիճները չերկնչեցին, ընդհակառակը ոգեւորվելով իրենց խիզախ հրամանատար Արսեն Պետրոսյանի օրինակով, ետ շպրտեցին բազմաքանակ թուրք հրոսակներին։ Ճակատամարտը տեւեց 2 ժամ 45 րոպե։ Թշնամին տալով 8 սպանված եւ 5 վիրավոր, հեռացավ։ Հայերից միայն մեկը նահատակվեց։ Թուրքերը որոշելով վրեժ լուծել իրենց այդ ծանր ու խայտառակ պարտության համար, ավելի մեծ ուժերով հարձակվեցին Դամալայի վրա։ Կռիվներ տեղի ունեցան ապրիլի 9-10-ը։ Այդ մարտերում առանձնապես աչքի ընկան 33-ամյա խմբապետ Ղարա-Մատոն և նրա քաջարի կինը Շողանը։ Թշնամին այս անգամ էլ ծանր պարտություն կրեց, տալով մարդկային մեծաքանակ զոհեր։ Ցավոք, Դամալան նույնպես զոհեր տվեց։ Թշնամու գնդակից ընկան 5 քաջեր Ասատրյան Մամբրեն, Կերեկցյան Մուշեղը, Իսոյան Սրապը, Պետրոսյան Պոտոն և Մարգարյան Սենոն…
Ապրիլի վերջերին տեղի ունեցած Ասպինձայի ճակատամարտում դամալացիները նորից աչքի ընկան իրենց քաջությամբ։ Վրացական Խիզաբավրա գյուղի «հազարյակի», Ուսուլ-Խեչոյի խմբի և Վերին ջավախքցի կամավորների հետ միասին Դամալայի մոտ ծանր պարտության մատնեցին Ասպինձայի և շրջապատի թուրքական գյուղերի հրոսակներից կազմված մի քանի հազարանոց զինված ուժերին…
Բոլոր ժամանակներում և ամենուրեք թուրքերը նույնն են… Քաջ են, երբ դիմացինը երկնչում է, իսկ երբ հակառակորդը նրանց հարվածում է այնպես, ինչպես դամալացիները նրանք վախկոտ են։