...նաև Սպիտակ Եղեռն/Զորի Զորյանը՝ «Քաղաքի գործունյա և քաջ պահապանը»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թշնամու դեմ՝ ուս ուսի (Ախալքալաքի ինքնապաշտպանությունը) Զորի Զորյանը՝ «Քաղաքի գործունյա և քաջ պահապանը»

Արտյուշ Սանոսյան

Դամալան Փոքր Զեյթուն
ԶՈՐԻ ԶՈՐՅԱՆԸ՝
«ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾՈՒՆՅԱ ԵՎ ՔԱՋ ՊԱՀԱՊԱՆԸ»
«Ուրբաթ»,

թիվ 15,

27 հուլիսի 1990թ.

Ախալցխայի «Շարժում» թերթի 1917թ. նոյեմբերի 26-ի թիվ 29-ում կարդում ենք. «Ամսույս 24-ին տեղեկություն ստացվեց, որ նորընտիր քաղաքագլուխ դաշնակցական Զորի Զորյանը գալու է տեղս...»։ Այնուհետեւ նկարագրվում է, թե ինչպես Ախալցխայի ամբողջ հասարակությունը քաղաքային դպրոցի նվագախմբի նվագակցությամբ, համքարական եւ Հ. Հ. Դաշնակցության դրոշներով դիմավորելու էր գնացել Թիֆլիսից ժամանող Զորյանին մինչեւ հին քաղաքամասի վերջը...

Ախալցխացիները դիմավորելու էին գնացել տակավին 31 տարեկան երիտասարդին, իհարկե, առանց գուշակելու, թե ապագա ինչպիսի մեծ քաղաքագլուխ եւ քաղաքագետ է գալիս իրենց քաղաքի, ինչպես եւ ամբողջ գավառի քրիստոնյաների (հայերի, վրացիների, ռուսների եւ այլոց), հրեաների ճակատագիրը տնօրինելու հայության համար, մասնավորապես Ախալցխայի հայության համար, այդ ծանր ժամանակներում...

Ըստ Երվանդ Սիմոնյանի վկայության («Դեմքեր եւ դեպքեր» հուշագրություն) Զորի Նավասարդի Զորյանը ծնվել է 1886թ., Թիֆլիսում: Հայրը Ցղնայից էր, զոկ, մայրը Եփեմիան, Թիֆլիսում էր ծնվել, իր ժամանակի ամենախելոք եւ կրթված կանանցից էր։ Զորին ավարտել էր գիմնազիան Թիֆլիսում, ընդունվել պոլիտեխնիկում։ Սակայն հոր մահից հետո, նյութական միջոցների սղության պատճառով, բուհը չի կարողանում ավարտել։

Ստալինյան բռնատիրության տարիներին Զ. Զորյանը եւս աքսորվում է եւ աքսորավայրից երեք տարի անց Թբիլիսի է վերադառնում ատամները թափված... Նա զարմացած դիմում է կնոջը, որը նույնպես աքսորից էր վերադարձլ, թե ինչպե՞ս է ինքը դիմացել այն տանջանքներին... Զորին 1943թ. Թբիլիսիում ավտովթարից զոհվում է...

Զորի Զորյանը դեռ ընդամնեը մեկ ամիս էր, որ վարում էր Ախալցխայի քաղաքագլխի պատասխանատու պաշտոնը, երբ կտրուկ կերպով գավառում սրվեցին ազգամիջյան հարաբերությունները: Գավառի թուրքերը, որ կազմում էին բնակչության վաթսուն տոկոսից ավելին, ոչ առանց Թուրքիայի դրդման ու հրահրման, ոչ առանց Անդրկովկասի թուրքերի (ադրբեջ.) Թիֆլիսի թուրք ազգային խորհրդի աջակցության, 1917թ. դեկտեմբերի 27-ին 15 հազար զինված մարդկանցով շրջապատեցին Ախալցխան եւ պահանջեցին քաղաքը իրենց հանձնել, որպեսզի դարձնեն այն իրենց ապագա կանտոնի (ինքնավարություն) կենտրոնը։ Մեսխեթի թուրքերի պարագլուխ Օմար էֆենդին քաղաքի ղեկավարների հետ բանակցության ժամանակ հայտարարեց, որ իրենք հայերից պահանջ չունեն, իրենց հաշիվը վրացիների հետ է... Զ. Զորյանը, որն առաջին քայլերն էր կատարում որպես քաղաքագլուխ եւ որպես քաղաքագետ, միանգամայն ճիշտ կողմնորոշվեց եւ մերժեց Մեսխեթի թուրքերի պահանջը քաղաք մտնել: Նրա գլխավորությպմբ անմիջապես կազմակերպվեց քաղաքի ինքնապաշտպանության գվարդիա եւ հմուտ ու փորձված հրամանատարների ղեկավարությամբ ուղարկվեց քաղաքից դուրս դիրքեր բռնելու...

Մութ ուժերը, սրելու համար լարվածությունը, նոր սադրանք էին սարքել՝ երկու սպանված թուրքեր էին գցել Ախալքալաքի ճանապարհին նրանց սպանության մեջ մեղադրելով հայերին (ծանոթ սցենար է, չէ՞...)։

Չնայած ստեղծված նման ծայրահեղ իրավիճակին, Զորյանը կարողացավ այնքան ճկուն ու նրբորեն կազմակերպել բանակցությունների ընթացքը թուրքերի հետ, որ մինչեւ իր պահանջով Կովկասի կոմիսարիատից ներկայացուցիչներ ժամանեցին Ախալցխա...

Կարճ ժամանակամիջոցում բանակցությունների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նախապատրաստման ընթացքում Զորյանի հեղինակությունն այնքան էր բարձրացել, որ հունվարի 27-ին նորընտիր Ազգային խորհրդի նիստում նրան միաձայն ընտրեցին Ախալցխայի գավառի հայոց ազգային խորհրդի նախագահ։

Նա Ախալցխայում հունվարին տեղի ունեցած ազգամիջյան խորհրդի նիստերում կատարում էր կոնստրուկտիվ առաջարկություններ հակառակորդ կողմերին հաշտեցնելու եւ գավառում խաղաղություն հաստատելու համար, գտնելով, որ այդ տեղական նշանակության միջադեպերը կարող են արագորեն կրել համաանդրկովկասյան բնույթ (չէր սխալվում...)։ Զորյանը բանակցություններին զուգահեռ «փայտը ձեռից չէր գցում...» գիտենալով, որ գործ ունի թուրքերի հետ, որոնց երբեք չի կարԵլի հավատալ ու վստահել…

Նրա անմիջական ջանքերով հունվարի 28-ին ստեղծվեց հայկական գումարտակ…

Ախալցխայի գավառում (Մեսխեթում) իրավիճակը կարգավորելու համար Զ. Զորյանը նորանոր քայլերի էր դիմում, ինչպես, օրինակ, փետրվարի 22-ին նրա անմիջական նախաձեռնությամբ Ախալցխայում հրավիրված ազգամիջյան խորհրդի նոր նիստը, որտեղ ներկայացրեց գավառի ծանր վիճակը անիշխանություն, ավազակություններ թուրքերի կողմից եւ այլն, ու հասավ նրան, որ ժողովը որոշեց այդ հարցը դնել նաեւ փետրվարի 26-ին Աբասթումանում տեղի ունենալի թուրքերի համագումարում։

Երբ մարտի 6-ին Ածդուրում (Ածկուր) դարանակալած թուրքերի ոհմակը հանկարծակի համագարկերով թաքստոցներից սպանեց 9 և վիրավորեց 7 հայ անմեղ զինվորականների, Զորյանի գլխավորությամբ քաղաքի վարչությունը միանգամայն ճիշտ որոշում կայացրեց քաղաքում գտնված 200 թուրք գյուղացիների եւ պաշտոնյաների կյանքն ապահովելու համար նրանց առանձնացնել ապահով շենքի մեջ…

Միաժամանակ քաղաքի թուրքական մզկիթը, որը դեռեւս 1917թ. դեկտեմբերի 29-ից պաշտպանվում էր քաղաքային վարչության կոմից, Զ. Զորյանի առաջարկությամբ վերցվեց հատուկ հսկողության տակ քրիստոնյաների հնարավոր պատասխան գործունեություններից կամ թշնամիների պրվոկացիաներից պաշտպանելու համար…

Հետագա դեպքերն ու իրագործությունները ցույց տվեցին, ապացուցեցին, որ Ախալցխայի քաղաքային վարչությունն ու Հայոց ազգային խորհուրդը Զ. Զորյանի գլխավորությամբ, ճիշտ, խելացի ու հեռատես քաղաքականություն էին վարում։

Ածղուրի թուրքերը շատ էին անհանգստացած Ախալցխայում գտնվող ցեղակիցների ճակատագրով։ Նրանք այդ մասին անընդհատ զանգում էին Զորյանին եւ խոստանում Աբասթումանի ու Ածղուրի հայերի ել վրացիների փոխանակում վերոհիշյալ թուրքերի հետ։ Քաղաքի վարչությունն ու Հայոց ազգային խորհուրդը թուրքերին անվտանգ դուրս հանեցին քաղաքից, սակայն թուրքերը իրենց սովորության համաձայն դրժեցին խոստումը եւ չազատեցին Աբասթումանի եւ Ածղուրի հայերին ու վրացիներին։ Թուրքերի այս խաբեությունը հաստատում է նաև մուսավաթական կուսակցության ներկայացուցիչ Ալի Ասար Նաջաֆովը («Շարժում» 1918թ. թիվ 20)։

Հայերն ստիպված կալանեցին մի քանի տասնյակ թուրքերի և Զորի Զորյանին հաջողվեց մարտի 30-ին նրանց փոխանակել վերոհիշյալ բնակավայրերի հայրենակիցների հետ:

Զ. Զորյանը մի շատ դժվարին արգելք ևս կարողացավ հաջողությամբ հաղթահարել։ Սեյմի մարտի 7-ի հրամանով ազգային գնդերը չպետք է ենթարկվեին ազգային խորհուրդներին, որը խիստ կխճճեր ու կբարդացներ ինքնապաշտպանության գործը։ Դրա համար Զորյանը բոլոր ջանքերը գործի դնելով կարողացավ նրբորեն խույս տալ այդ հրամանի կատարումից տեղական զինվորական իշխանությունների ներկայացուցիչ գեներալ Մակաևի (Մաղաշվիլի) հետ առանց փչացնելու հարաբերությունները…

«Ախալցխայի քաղաքային վարչությունը հայտնում է ի գիտություն Ախալցխայի ընկերներին և քաղաքացիներին, որ չարամիտ մարդիկ Ախալցխայի քաղաքացի հրեաների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող զանազան վրդովեցուցիչ լուրեր են տարածում…

…Խնդրում ենք, չհավատաք դրանց և պահպանեք քաղաքի համար այնքան կարևոր կարգն ու հանգստությունը»։

Այս հայտարարությունը Զ. Զորյանի և քաղաքային վարչության մյուս անդամների ստորագրությամբ, մենք կարդում ենք «Շարժում» թերթի 1918թ. թիվ 31-ում։

Ի՞նչ լուրեր էին դրանք։

Ահա դրանք հրեաները մեծ քանակությամբ վիրակապեր են տանում թուրք գյուղերը, հրեաները պատրաստվում են քաղաքի կամուրջն այրել, հրեաների մեջ լրտեսներ կան և այլն:

Ի պատիվ քաղաքի հայության պիտի ասել, որ քաղաքային վարչության ու անձամբ Զորյանի գլխավորությամբ, այդ տարածվող ստահոդ լուրերն ընդունվում էին որպես սադրանք քաղաքի հայերին ու հրեաներին միմյանց դեմ հանելու միտումով։

Զ. Զորյանը արհամարհելով դժվարությունները, վտանգը, միայնակ կամ գործընկերների ուղեկցությամբ գիշեր-ցերեկ շրջում էր ինքնապաշտպանության դիրքերում, սահմանամերձ գյուղերում, անձամբ ծանոթանում իրադրությանը և հոգում բնակչության և զինվորների կարիքները… Նա չուներ անձնական շահ։ Ապրում էր բնակչության միջին ապրելակերպից վատ: Երբեք ձեռքը չէր խոթում ինքնապաշտպանության «գրպանը» և ենթականերին էլ թույլ չէր տալիս։ Դրա համար էլ մարդիկ հավատում էին նրան, որը փաստորեն իրենով մարմնավորել էր ինքնապաշտպանության շարժումը, եւ գնում էին նրա ետեւից, երբեք չկասկածելով նրա եւ շարժման ազնվությանը...

Ժողովուրդը (ոչ միայն հայերը) պաշտում էր նրան եւ ինքնապաշտպանության բոլոր հաջողությունները իրավացիորեն կապում նրա անվան հետ:

Այս կապակցությամբ տեղին կլինի մեջբերել «Շարժում» թերթում (1918թ. թիվ 23) տպագրված մի շատ հուզիչ թղթակցություն.

«Հարգելի ընկեր «Շարժումի» խմբագիր.

Մեր քաղաքի գործունյա եւ քաջ պահապան քաղաքագլուխ Զ. Զորյանի անվան նվիրում եմ 100 ռ. հօգուտ Ածղուրում ընկած նահատակ մարտիկների չքավոր ընտանիքների։

Ոմն ախալցխացի»։

Նվիրատուն անունը չի գրում, նրա համար կարեւոր չէ իր ես-ը... Կարեւորը ընդհանուր գործն է... Այսպես, մարդիկ բոլորը Զորյանի այդ պաշտելի անձնավորության նման ուրացել էին իրենց անձը...

Ահա այս մեծ հավատի, ազնվության, անկեղծության, արդարության, ճշմարտության զգացմունքներն էին, որ համախմբել էին Ախալցխայի ոչ միայն հայերին, այլեւ վրացիներին, հրեաներին, ռուսներին եւ դարձրել բռունցք... Դրա շնորհիվ էր, որ ինքնապաշտպանությունը հաղթեց...

Այսօր էլ Մեսխեթում եւ Ջավախքում Զ. Զորյանի մասին խոսում են խորին ակնածանքով, խոսում են այնպես կարծես իրենց ժամանակակիցն է եւ ապրում է կողքերին... Լեգենդ է նա։ Նրա վեհաշունչ կերպարը փոխանցվում է սերնդե սերունդ։

Քաջարի ախլցխացիների երախտապարտ սերունդները, իմ կարծիքով, արժանին հատուցած կլինեն այդ մեծ մարդուն (որը, ինչպես գրում է Ե. Սիմոնյանը, իր խելացի քաղաքականությամբ փրկեց քաղաքը եւ շրջանի բնակչությունը կոտորածից, այն էլ երկու անգամ 1918 եւ 1921 թվերին...), եթե նրա հուշարձանը կանգնեցնեն քաղաքում եւ նրա անվամբ կոչեն դպրոցներ ու փողոցներ... Ճիշտ կլինի Ախալցխայում վերականգնել այն փողոցի անունը որը դեռեւս 1918թ. ժողովուրդը կոչել էր Զ. Զորյանի անունով։