...նաև Սպիտակ Եղեռն/Դպրոցի սահմանական եղանակը
ԴՊՐՈՑԻ
ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԸ
թիվ 8,
8 ապրիլի 1995թ.1. Ըստ իս, մեր դպրոցը, ինչպես աշխարհի համարյա բոլոր երկրներինը, պետք է լինի պետական։ Սակայն չի բացառվում նաեւ մասնավոր դպրոցների գոյությունը։ Դպրոցը պետք է լինի եռաստիճան.
1. Առաջինը (տարրական) 1-4-րդ դասարաններ,
2. Երկրորդը՝ (միջին դպրոց) 5-8-րդ դասարաններ,
3. Երրորդը՝ (ավագ դպրոց) 9-10-րդ դասարաններ։
Ավագ դպրոցի կառուցվածքը հետեւյալն է.
ա. Արհեստագործական (պրոֆտեխուսումնարաններ), պատվիրատուները գործարաններն են, ֆաբրիկաները եւ այլ ձեռնարկություններ, որոնք էլ ֆինանսավորում են իրենց համար մասնագետ-բանվորներ պատրաստող համապատասխան դպրոցներին...
բ. Ընդհանուր.
1. Հումանիտար առարկաների (լեզու եւ գրականություն, պատմություն, իրավունք, արվեստաբանություն եւ այլն).
2. Ֆիգիկա-մաթեմատիկական առարկաների (ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա...).
3. Բնագիտական առարկաների (ֆիզիկա եւ աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն...):
II. Փորձը ցույց է տվել, որ աշակերտների բացարձակ մեծամասնությունը տանը գիրք չի բացում... Շատ քիչ են այն ծնողները, որոնք ժամանակ են հատկացնում իրենց երեխաներով զբաղվելու համար: Իսկ մեծամասնությունը, բնականաբար, չի կարող օգնել երեխաներին ինտելեկտուալ ցածր հնարավորությունների պատճառով...
Ուստի, այնպես պետք է կազմակերպել ուսուցման գործընթացը, որ աշակերտը դասերը սովորի դասարանում եւ անհրաժեշտության դեպքում կրկնի տանը։
1. Այս նպատակով յուրաքանչյուր առարկայի նույն օրը պետք է հատկացնել 2-3 դասաժամ (յուրաքանչյուր օր դասարանում դասավանդել 2-3 առարկա)։ Այդ ժամերի ընթացքում աշակերտները կաշխատեն դասագրքի վրա ուսուցչի օգնությամբ։ Ուսուցիչը հարցերի միջոցով եւ պատմել հարցնելով, կստուգի յուրացումը եւ կգնահատի։ Այդ ընթացքում ուսուցիչը հնարավորություն կունենա կատարելու անհատական աշխատանք դժվար յուրացնող աշակերտների հետ...
2. Ուսուցչի լավագույն օգնականները ուսուցման գործընթացում հաջող կազմված ծրագրերն ու դասագրքերն են։ Դասագրքերում յուրաքանչյուր թեմա շարադրել նվազագույն գիտելիքների եւ առավելագույն գիտելիքների համար առանձին-առանձին։ Նվազագույն գիտելիքները, որոնք պարտադիր են բոլոր աշակերտների համար, գնահատել 5 բալային սիստեմով, իսկ առավելագույնը՝ 10 բալային սիստեմով։
III. Դպրոցի գլխավոր դեմքը ուսուցիչն է... Դպրոցը բարձրորակ ուսուցիչներով ապահովելու եւ դպրոցից ստիպված հեռացած լավ ուսուցիչներին վերադարձնելու համար միակ միջոցը նրանց բարձր աշխատավարձով վարձատրելն է (ի դեպ, ԱՄՆ-ում եւ ուրիշ շատ երկրներում ուսուցչի աշխատավարձը ամենաբարձրներից է եւ այն մոտենում է օդաչուների եւ հանքափորների աշխատավարձին)։ Ուսուցիչներին շահագրգռելու եւ նրանց աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է նրանց վարձատրել ըստ իրենց կատարած աշխատանքի վերջնական արդյունքի: Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին կրթության նախարարության, շրջժողկրթբաժնի եւ դպրոցի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի ներկայությամբ դասարաններում անցկացնել քննություններ եւ աշակերտների առաջադիմության համապատասխան նշանակել ուսուցչի հաջորդ տարվա աշխատավարձը (կամ նվազագույն, կամ միջին, կամ առավելագույն...)։
Սրա շնորհիվ ուսուցչի գլխին այլեւս չի զգացվի հսկիչների եռաստիճան հսկա բուրգի կարիքը... Յետեւաբար, դպրոցներում պետք է թողնել միայն տնօրենի եւ մեկ հաշվապահի հաստիքներ։ Մնացած տասնյակ հաստիքների հաշվին բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը...
Շրջանային ժողկրթբաժիններում թողնել միայն բաժնի վարիչի, գործավար-քարտուղարի, մեկ տեսուչի եւ մեկ մեթոդիստի հաստիքներ...
Վերացնելով Ուսուցիչների կատարելագործման եւ վերաորակավորման հանրապետական ինստիտուտը, նրա բազայի վրա կարելի կլինի ստեղծել մի քանի հանրապետական նշանակության ուսուցիչների կատարելագործման օրինակելի դպրոցներ, որոնց առաջավոր փորձը ուսումնասիրելով կկատարելագործվեն հանրապետության ուսուցիչները...
Անշուշտ, բարեփոխված լավ դպրոցը կնպաստի մեր երիտասարդ պետության կայացմանը։