Jump to content

...նաև Սպիտակ Եղեռն/Անձնական գրադարան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

«Արշալույս» 28 հունվարի 1986թ.

Թվում է, թե պետական գրադարանների լայն ցանցի պայմաններում անձնական գրադարանի կարիքը մեծ չէ։ Սակայն այդ մասնավորապես է ճիշտ։ Անձնական գրադարանը առանձնապես մտավորականի համար խիստ անհրաժեշտ է։ Չէ որ յուրաքանչյուր մասնագետ պետք է անընդհատ օրավուր, ժամ առ ժամ զբաղվի ինքնազարգացմամբ եւ միաժամանակ խորանա իր մասնագիտության բնագավառում։ Այս դեպքում էլ ավելի է մեծանում անձնական գրադարանի դերը։

Անչափ գովելի է բազմաթիվ անձնական գրադարանների առկայությունը շրջանում։ Դրանք պատկանում են բնակչության բոլոր խավերի ներկայացուցիչներին, տարբեր մասնագիտության տեր մարդկանց։ Այդ բազում գրադարաններից մեկն էլ իմ անձնական գրադարանն է, որը ստեղծել եմ քսանհինգ տարվա ընթացքում։ Գրքերիս քանակն անցնում է 2000 կտորից, որոնք ընտրված են հիմնականում ըստ իմ մասնագիտության, ոչ պատահականորեն։ Դրանք մեր ընտանիքի անբաժանելի եւ սիրված բարեկամներն են, հոգեւոր սննդի անսպառ աղբյուրը, առանց որոնց անհնար է պատկերացնել լիարժեք կյանքն ու աշխատանքը; Ինձ անգնահատելի ծառայություն է մատուցում առանձնապես իմ «գվարդիան», գրադարանիս «Մանկավարժություն», «Պատմություն», «Հայագիտություն» բաժինները իրենց ենթաբաժիններով։ Մեծ են նաեւ «Գրականագիտական», «Լեզվաբանական», «Արվեստաբանական», «Գիտահանրամատչելի», «Նշանավոր մարդիկ», «Հրապարակախոսական» եւ այլ բաժինների ու ենթաբաժինների մատուցած ծառայությունները։ Անչափ թանկ է ինձ համար հանրագիտարանային (БСЭ, ՀՍՀ) եւ բառարանային բաժինը, որտեղ կան 70 անունից ավելի բառարաններ։ Գրքերիս կեսը կազմում է Գեղարվեստական գրականությունը «Հայկական», «Արտասահմանյան», «Ռուսական» «Սովետական ժողովուրդների» բաժիններով ու ենթաբաժիններով։

Իմ գրադարանի արժեքավոր բաժիններից են նաեւ մասնագիտական 15 ամսագրերի ու թերթերի հավաքածուները, որոնք հավաքում եմ 60-ական թվականների սկզբից։

Գրադարանը կրթության ու դաստիարակության իսկական դարբնոց է երեխաների համար։ Երեք տղաներս ու անգամ 2-րդ դասարանցի աղջնակս գրքի լավագույն բարեկամներ են։ Յուրաքանչյուրն ընթերցում է իր տարիքային առանձնահատկություններին ու դպրոցական ծրագրերին համապատասխան։ Կարդացածները քննարկում ենք ընտանեկան «Գիհոն» պատի թերթում եւ հավաքներում։

Իմ գրադարանից օգտվում են նաեւ ուրիշները, ովքեր իսկապես գրքասեր են և գիտեն գրքի հետ վարվելու կանոնները; Այս հանգամանքը շեշտում եմ, որովհետեւ նման ընթերցողները դեռեւս մեծամասնություն չեն կազմում։ Կան այնպիսիք, որոնցից գիրքը ետ ստանալը անչափ դժվար է կամ ուղղակի անհնար, իսկ ոմանք էլ տարած գիրքը վերադարձնում են բզկտված վիճակում… Նման տրտունջ բազմիցս լսում եմ նաեւ իմ գործնկերներից, ուրիշներից։

Ուրախությամբ պետք է նշել, որ հարուստ անձնական գրադարան ունեցողները նեցողները մեծ թիվ են կազմում մեր շրջանում։ Նրանցից շատերին ես ճանաչում եմ անձնական շփումից եւ որպես շրջկենտրոնի գրախանութի հաճախորդ։ Նրանք աչքի են ընկնում բծախնդրորեն ու ճաշակով գրքերի ընտրություն կատարելիս, վերցնում են այն, ինչ իրենց իսկապես անհրաժեշտ է որպես գիրք, այլ ոչ թե զարդ։ Դժբախտաբար, դեռեւս քիչ չեն նաեւ այնպիսի մարդիկ, որոնք գիրքը գնում են որպես զարդ կամ կահույքի մասը կազմող չարաբաստիկ գրապահարանները դատարկ չթողնելու միտումով։ Դրա հետեւանքով բազմաթիվ արժեքավոր գրքեր իրենց իսկական հասցեատերերին չեն գտնում։ Նման «վայ-գրքասերները» չարիք են դարձել իսկական գրքասերների համար։ Հավանաբար անհրաժեշտ է գոնե գրքասերների ընկերության սկզբնական կազմակերպությունների շրջանակներում պայքար տանել գրքի նկատմամբ նման սպառողական հոգեբանության դեմ։