...նաև Սպիտակ Եղեռն/Թռեղքի հնագույն հուշարձանները
թիվ 18,
Վրացական ԽՍՀ-ում առանձնանում են Ջավախքը եւ Թռեղքը (այժմ՝ Ծալկայի շրջան) իրենց բազմաքանակ ու հազարամյակներով թվագրվող, այսպես ասած մեգալիթյան հուշարձպններով կիկլոպյան ամրոցներ, մենհիրներ, վիշապաքարեր, կուրծքքարեր, կնոջ (Մեծ Մոր) արձաններ, ծակքարեր, խաչքարեր եւ այլն։
Թռեղքում նշանավոր գիտնական Լեւոն Մելիքսեթ-Բեկը հայտնաբերել եւ իր «Մեգալիթյան կուլտուրան Վրաստանում» գրքում նկարագրել է մի շարք մենհիրներ, վիշապաքարեր եւ կնոջ (Մեծ Մոր) արձանը եւ այլն։ Թռեղքի վիշապաքարերին անդրադարձել են նաեւ Մ. Աբեղյանը, Գ. Ղափանցյանը եւ այլոք։ Վերոհիշյալ գիտնականները Շիպյակ-Սանոմեր եւ Գումբաթ գյուղերի մոտ գտնված վիշապաքարերը նմանեցնում են Գեղամա լեռներում գտնված ձկնակերպ վիշապաքարերին։ Լ. Մելիքսեթ-Բեկի կողմից նկարագրված այս երկու վիշապաքարերից բացի, վիշապներ են նաեւ Ղզլքիլիսա (Կարմրավանք) գյուղի յայլայի հուշարձանները։ Լ. Մելիքսեթ-Բեկը նկարագրել է ղրանցից յայլայի միջնադարյան եկեղեցու մոտ կանգնեցված 1,6 մ բարձրությամբ կոթողը, որպես մենհիր։ Նա նաեւ այն կարծիքին է, որ վերջինիս վերեւի մասը գագաթը, ջարդված է։
Ըստ իս, այն ոչ թե մենհիր է, այլ վիշապ, այն էլ՝ ձկնաձեւ։ Այս եզրակացության եկել եմ մանրամասն ուսումնասիրելուց հետո (սակայն առանց պեղելու...): Իմ կարծիքով, հսկա «ձուկը» կանգնեցված է ոչ թե պոչի վրա, այլ գլխիվայր... Հավանաբար ինչ-որ ժամանակ այն ընկել է (կամ գցել են), որից հետո սխալ է կանգնեցվել: Ի՞նչն է տեղիք տալիս նման ենթադրության։ Նախ, քարը լավ է մշակված, որը հատուկ չէ մենհիրներին։ Հուշարձանը նման է ձկան մարմնի։ Ներքեւում, գետնին մոտ, լայն է, վերեւում հետզհետե նեղանում է, իսկ վերջում մնացած մոտ 0.5 մ աստիճանաբար լայնանում է եւ վատ է մշակված, իսկ «գագաթը» հարթ է եւ բավականին լայն, որը, ըստ իս, արված է հուշարձանը «պոչի» վրա ապահով կանգնեցնելու համար: Այո, հեռվից մի պահ թվում է, թե իսկապես հուշարձանի գագաթը ջարդված է, ինչպես կարծում է Լ. Մելիքսեթ-Բեկը։ Բայց իրականում, ինչպես ասվեց, այդ «գագաթը» հուշարձանի «պոչն» է, ոչ թե «գլուխը»...
Այս մշակված քարակոթողի վրա անպայման կլինեն նաեւ քանդակներ, որոնք, ցավոք պետք է նշել, որ մնացել են հողի մեջ։ Նման, հազարամյակներից եկած, ջրի պաշտամունքը մարմնավորող հուշարձան կա նաեւ Ղզլքիլիսայի (Կարմրավանքի) յայլայի մոտ 3 կմ դեպի Տապաձղուրի տանող ճանապարհի ձախ եզրին: Կոթողը թաղված է հողի մեջ։ Այն քառակողմ է՝ յուրաքանչյուր կողմը մոտ 50 սմ, գագաթը հարթ է, որից 0.5 մ ցած քանդակված է ցուլի գլուխ, որի մի մասը հողի մեջ է, այն բարձրաքանդակ է: Ուրիշ քանդակներ չեն երեւում։ Հուշարձանը նման չէ որեւէ սովորական վիշապաքարի, սակայն ցուլի գլխաքանդակը ստիպում է մտածել, որ այն ավելի ուշ ժամանակների վիշապաքար է որը մշակված է երկաթե գործիքներով։
Անչափ ուշագրավ է Կարմրավանք եւ Ավրանլո գյուղերի միջեւ դաշտում կանգնեցված կնոջ երկու մետրանոց բազալտե հսկա արձանը: Կնոջ թեւերը կրծքի վրա են, որոնցով պահում է գլխաշորը, դեմքը հարթ է, աննշան նշմարվում են աչքերը, քիթ եւ բերան չեն քանդակված կամ գուցե հետագայում հողմահարվելու հետեւանքով անհետացել են: Ըստ իս, դա Մեծ Մոր (նախամոր) արձանն է, որի մոտ մեր հեթանոս նախնիները հազարամյակներ առաջ կատարելիս են եղել մոգական ծիսակատարություններ՝ կապված անձրեւ բերելու եւ ջրի պաշտամունքի հետ։ Դա, իմ կարծիքով, հնդեվրոպական ցեղերի ընդհանուր Նախամոր Անահիտ աստվածուհու արձանն է, որին այնուհետեւ շարունակել են պաշտել հայերը եւ իրանական ժողովուրդները։ Նման եւ որոշ տարբերություններով Մեծ Մոր արձաններ շատ կան Հայկական լեռնաշխարհի ուրիշ շրջաններում եւս, ինչպես նաեւ հարեւան երկրներում, օրինակ՝ Փոքր Ասիայում։ Կնոջ արձաններ գտնվել են նաեւ Միջին Ասիայում, Սիբիրի հարավում, Ուկրաինայում։ Ինչպես վիշապաքարերը (ընդհանրապես կենդանիների քանդակներով քարակոթողները), ժայռանկարները, այնպես էլ կանանց քարակոփ արձանները տարածված են այն վայրերում, որտեղով Թ. Գամկրելիձեի եւ Վ. Վ. Իվանովի նոր տեսության համաձայն, անցել են մ.թ.ա. 4-րդ հազարամյակից սկսած իրենց նախահայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից արտագաղթած հնդեվրոպական ցեղերը, որոնք եւ իրենց հետ հավանաբար սայլերով տարել են իրենց ցեղերին պատկանող պաշտամունքի (մշակույթի) հուշարձանները կամ իրենց նոր հայրենիքներում կերտել են նախահայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի տիպի հուշարձաններ։