...նաև Սպիտակ Եղեռն/Վիշապաքարերը Փարվանա լճի մոտակայքում
ՓԱՐՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ
Անդրկովկասի տարբեր վայրերում լճերի ավազաններում, ադբյուրների, ջրանցքների մոտ կանգնեցված են ձկնանման քարակոթողներ վիշապներ, որոնք կապվում են ջրի պաշտամունքի հետ։
Վիշապաքարերի վրա առաջինը ուշադրություն բեւեռեցին Ն. Մառմ ու Յու. Սմիռնովը։ Նրանք Գեղամա լեռներում հայտնաբերեցին ձկան տեսք ունեցող քարակոթողներ, որոնց մասին գրեցին ուսումնասիրություն, մեկնաբանեցին «վիշապ» բառը, տալով ճիշտ բացատրություն (Մեր նախնիները վիշապ են կոչել նաեւ մեծ ձկներին)։ Տվեցին նաեւ վիշապաքարերի մասին առասպելաբանության մեջ եղած տեղեկություններ, այդ հուշարձան-կոթողների պաշտամունքը կապեցին ջրի հետ, ինչպես նաեւ նշեցին դրանց առաջացման ժամանակը մ.թ.ա. վաղ երկաթի դարաշրջանը;
Մեզ առանձնապես հետաքրքրոդ Ջավախքի վիշապաքարերին անդրադարձել են Մ.Աբեդյանը, Գ. Ղափանցյանը, Լ. Մելիքսեթ-Բեկը եւ ուրիշ գիտնականներ։
Աբեղյանը, օրինակ, հետեւյալ կերպ է նկարագրում այդ հուշարձանները. «Ախալքալաքից հարավ կա մի արձան, որի վրա, ի միջի այլոց նկատվում են երկու թռչուն եւ երկու գլխանի մի օձ, բայց չկա ձուկ քանդակված։
Մի երկրորդ արձան գտնվում է Գանձա գյուղում, Թափարվան գետի վրա, որ Թափարվան լիճը միացնում է Թումանգյոլ լճի հետ…»։
Ըստ Գ. Դափանցյանի, Գանձայի հուշարձանի, կենտրոնական մասում կա սկավառակ եւ նրա տակ երկու թռչուն իրար դեմ կանգնած։
Մանրազնին ուսումնասիրելուց հետո նկատվում է, որ այս կոթողի վերեւի մասում իրար դեմ կանգնած երկու արագիլներից վերեւ քանդակված է ոչ թե սկավառակ, այլ ցուլի գլուխ, որի բերանից ջուր է հոսում։ Անմիջապես ցուլի գլխավերեւում կա մոտ 17-18 սմ տրամագծով անցք, որը վերեւի մասից ջարդված է եւ հեռվից թվում է, թե վիշապ ձկան բերանն է այն, սակայն ուշադիր դիտումը ցույց է տալիս, որ այդ բերանանման փոսը խիստ անմշակ է, այն առաջացել է անցքի ջարդվածքի հետեւանքով։ Քարի աջ կողքին, վերելում քանդակված է ձկան գլուխ աչքով-քթով,խռիկներով։ Ետեւի կողմից քարի ձախ մասում, երեւում են փորվածքի հետքեր մոտ 1-2 սմ խորությամբ։ Դրանից երելում է, որ քրիստոնեության շրջանում մոռացած լինելով «վիշապի» կուլտը (պաշտամունքը), ուզեցել են այն վերածել խաչի։ Սակայն անհայտ պատճառներով (գուցե քարի խիստ կարծրության հետեւանքով) հազարամյակներից եկած այդ անգնահատելի հեթանոսական հուշարձանը փրկվել է…
Եթե Գանձայի վիշապաքարը պատահաբար փրկվել է խաչ դառնալուց, ապա այդ բանը երեւի չի կարելի ասել Փոկա գյուղի մոտ Փարվանա լճի ափին գտնվող վիշապաքարի մասին, որը վերածվել է խաչի։ Այն կանգնեցված է բլրի լանջին, միջնադարյան ավերված բերդի պարսպի մոտ դրսի կողմից մոտ 4 մ դեպի արեւելք։ Խաչքարը վերցված է ծածկի տակ (հավանաբար այդ խարխուլ կառույցը վերջին տասնամյակներում է շինված, որը տեղացիները դարձրել են սրբատեղի)։ Քարի չափերը «վիշապի» են։ Երկարությունը հատակից մոտ 2.5 մ է։ Հողի մեջ քարից շատ է մնացել: Դա երեւում է նրանից, որ բլրի զառիթափ լանջը հող լցվելով հարթեցվել է ի հաշիվ հուշարձանի բարձրության, եւ դարձվել է կառույցի հատակը։
Բավականին հետաքրքիր է նաեւ Վլադիմիրովկա գյուղի մոտ գտնվող քարը: Այն լճից մոտ 1.5 կմ հարավ է գտնվում, հին գյուղատեղի ավերակների վերեւում։ Այս քարը եւս պաշտվում է։ Քարի երկարությունը գետնից 2.42 մ է, լայնությունը 1.10 մ, իսկ հաստությունը 0.45-0.50 մ։ Այն բաց վարդագույն է, խորդուբորդ ու անմշակ:
Եթե Փոկայի եւ Վլադիմիրովկայի հուշարձանները ինչ-որ չափով կասկած հարուցում են, ապա ժողովրդի կողմից Թիքքար կոչվող կոթողը, ինչպես Գանձայինը, անառարկելիորեն վիշապ է։ Այն կանգնեցված է Փարվանա լճից 2 կմ դեպի հյուսիս-արեւելք, Թիքքարի լեռնանցքում, ճանապարհի կողքին:
Վիշապ-ձկան երկարությունը 3.47 մ է գետնից մինչեւ վեր, իսկ մի զգալի մասն էլ թաղված է գետնի մեջ։ Լայնությունը 1 մետր է, հաստությունը 0.70-0.80 մ։ Վերեւում ցայտուն երեւում է գոմեշի (ցուլի) գլուխը, որի եղջյուրները երկու կողմից կռանալով համաչափորեն իջնում են ցած մինչեւ ռունգերը։ Այս հուշարձանի վրա եւս պարզորոշ երեւում է ձկան գլուխը: